Ջուլիան Ասանժ. ճշմարտության գողը

15.04.2019, Քննադատ

Lրագրող, կինոքննադատ

Արդեն դասագրքային դարձած պատմությունն ասում է, որ 1971-ին Պուլիցերյան մրցանակակիր լրագրող Նիլ Շիհանը՝ Պենտագոնի նախկին անձնուրաց աշխատակից Դենիել Էլսբերգի ձեռքից ստանալով վիետնամական պատերազմի՝ ԱՄՆ կողմից հրահրված լինելու մասին հույժ գաղտնի փաստաթղթերը, շտապեց դրանք ներկայացնել հարազատ թերթի՝ Նյու Յորք Թայմզի, խմբագրություն: 

Ամերիկայի գլխավոր պարբերականներից մեկի խմբագրակազմը գումարեց մի քանի ժամ տևած հրատապ ժողով, որի ընթացքում խմբագրական կոլեգիան քննարկեց ոչ այնքան փաստաթղթերի վավերականությունն ու ճշմարտացիությունը, որքան այդ ճշմարտության  հրապարակման ցավոտ «հայելային էֆեկտը», որտեղ պատկերված հայրենիքը մեկ վայրկյանում դարձավ ագրեսոր, գերագույն հրամանատար ու պետության խորհրդանիշ նախագահը՝ դահիճ, պետական վարկանիշը՝ ճղճիմ, իսկ համազգային գիտակցությունը՝ մեղապարտ:

Որոշումը ծանր էր, բայց այդուամենայնիվ ընդունվեց ու հաջորդ իսկ օրվա վաղ առավոտյան դեպի յուրաքանչյուր ամերիկացու տուն ճանապարհ ընկավ սրտակեղեք ու հոգեմաշ Ճշմարտությունը՝ ամոթից կուչ եկած նյույորքյան փոստատար հեծանիվների դիմակողովներում:

Դրանից գրեթե կես դար անց, ապրիլի 12-ին՝ օրենքի բիրտ ակցաններում ճերմակած, բայց դիմադրության կոչը շուրթերին, Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից դեպի դատարանի նստարան, ճաղերի հետև կամ գուցե մահվան ճիրան ուղևորվեց 21-րդ դարի ամենաիրարամերժ, բայց անխափան խոսափողը, սկզբնաղբյուրից արբեցողը՝ Ջուլիան Ասանժը… ճշմարտության գողը:

«Մարդը» և «Ազատությունը» բազմիցս են կարգվել առաջնային արժեքներ, ինչը, օրինակ, դժվար է ասել «ճշմարտության» մասին, որը չնայած միշտ էլ եղել է թվացյալ «կարևոր», «առաջնային», «անհրաժեշտ», բայց միշտ էլ ունեցել է իր հարաբերական լինելու կողմերը, ինչի վկայությունն է «դառը սուտ» - «քաղցր ճշմարտություն» ռեբուսը, որը «հավի և ձվի» պատմության նման փոխանցվում է սերնդից սերունդ, կոնտեքստից կոնտեքստ խաթարելու հեղհեղուկ աքսիոմը, թե՝ «ճիշտը մեկն է» կամ «ճիշտը մնում է ճիշտ»։

Այս կոնֆլիկտի կիզակետային օրինակը Ասանժն է ու Wikileaks-ը, որը ոչ միայն փորձում էր ամբողջ աշխարհի համար քողազատել ճշմարտությունը, այլև շատ սուր կերպով արդիականացնել ճշմարտության դիսկուրսը՝ ստիպելով նորից ու նորից կատարել այդ ցավոտ հարցադրումը, թե արդյոք մենք պատրաստ ենք ճշմարտության։

Պարզվեց, որ ո՛չ, նորից ու նորից՝ ոչ։

Մենք պատրաստ ենք լինել ճշմարտության սպառողը, բայց ոչ երբեք՝ նրա տերը, չէ՞ որ տեր լինելն այս դեպքում ենթադրում է ինքնահայեցում, արժեհամակարգի փոփոխության ճիգ, պատասխանատվության բեռ, վերջիվերջո, ապաշխարանք, մինչդեռ սպառելը ընթադրում է մոնիտոր, փափուկ նստատեղ և բարձր տրամադրություն։

Ո՞վ կկանգնի Ասանժի կողքին, բացի ակցիոնիստական ստվար խավից և քաղաքական դիվիդենտներ վաստակող հակաամերիկյան ուժերից։

Կլինեն արդյո՞ք լրագրողները ընդվզման առաջին շարքում, այն լրատվամիջոցները, որոնք ի տարբերություն 71-ի Նյու Յորք Թայմսի՝ արդեն ոչ թե քննարկում էին հրապարակման փաստը, այլ տարիներ շարունակ սրտի և վարկանիշի թրթիռով սպասում էին WikiLeaks-ի նորանոր բացահայտումներին։

Ենթադրելի է, որ ոչ։ Մի քանի պարզ ու բարդ պատճառներով։ Նախ՝ մեդիա միավորումներից շատերը չեն դիտարկում Ասանժին լրագրության տիրույթում, այլ տեսնում են ագրեգատորի, որն ընդամենը կատարում է ներբեռնում-վերբեռնում մեխանիկական գործողությունը։

Պատահական չէ, որ WikiLeaks-ը ոչ թե ներկայացնում էր 4-րդ իշխանությունը, այլ մեկ ուրիշը՝ 5-րդը:

Եվ այդ երկուսը չէին կարող ունենալ փոխադարձ անմնացորդ նվիրում, քանի որ 4-րդը կա՛մ ապահովում է իշխանության լեգիտիմությունը, կա՛մ հակադրվում՝ մեկ այլ իշխանությանը առաջնաբեմ բերելու նպատակով, իսկ 5-րդը եկել էր կասկածի տակ դնելու ոչ միայն առաջին, երկրորդ և երրորդ իշխանությունների լեգիտիմությունը, այլ նաև 4-րդինը, որը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել իշխանական կամ «ստվերային իշխանական» հովանուց։

Մեդիայի, արդարադատության և առհասարակ՝ մարդկության ձեռքերում հիմա որպես սառը զենք տրված է «շեշտ» կետադրական նշանը, որով Ասանժին, ի վերջո, կկարգենք «ճշմարտության գո՛ղ», վախենալով կարգել՝ «գող՝ ճշմարտությա՛ն»:

Մեկին, ում հաջողվեց բովանդակությունը վերջնականապես վեր դասել ֆորմայից՝ բյուրեղացնելով անքակտելի, ճկման կամ տեղահանման ոչ ենթակա միակ մոնումենտի՝ դոկումենտի, մատուցումը:

Հակառակ մատուցման դեպքում ի հայտ է գալիս «հեղինակային միջամտությունը», ինչի արդյունքում, եթե փորձենք արտահայտել ստեղծված հարաբերականությունը ծայրահեղ երգիծական կերպով, ապա կստացվի, որ «4-րդ իշխանությունը մատուցում է 100 տոկոսանոց սուտ, որի ուղիղ կեսը չի համապատասխանում իրականությանը»։

5-րդ իշխանության լծակների բացակայության դեպքում, 4-րդում մատուցված ճշմարտությունը նմանվում  է Էկվադորի դեսպանատան արտաքին պատերին, որոնց Ասանժը նմանեցնում էր կոպերի ետնամասին, որոնց մենք անընդհատ նայում ենք, բայց այդպես էլ չենք տեսնում:

Կարծես արդարադատության շուրթերով խոսեց «մեռած պոետների հասարակության» իրավաբան Թոդ Հենդերսոնը՝ պնդելով, որ «ճշմարտությունը կարճ վերմակ է, որի տակ ձեր ոտքերը միշտ սառչում են: Դուք կարող եք այն ձգել կամ շրջել, բայց այն ձեզ երբեք չի հերիքելու»:

Արդյունքում՝ մենք կարող ենք վերմակը քաշել, ծածկելով դրանով գոնե մեր ամոթխած դեմքը, բայց չենք անի, որովհետև սառցե դարաշրջանից ի վեր մենք ամեն գնով չենք ուզում մրսել…

Կարեն Ավետիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?