2012.07.23,

Քննադատ

Վճարում են քիչ, պահանջում են շատ

Այօրվա մեդիա դաշտի որակյալ նյութերի պակասը Հայաստանում շատերը պայմանավորում են նրանով, որ լրագրողները լավ չեն վարձատրվում, ինչն էլ ստիպում է այդ մասնագիտության տեր մարդկանց «կաշվից դուրս գալ»` միանգամից մի քանի տեղ աշխատելով: Իսկ փողի հետեւից դես ու դեն ընկնելը չի նպաստում պատշաճ մակարդակի նյութերի պատրաստմանը:

Լրագրողի վարձատրության մասին պատկերացում կազմելու համար ուսումնասիրենք աշխատանքի շուկայի առաջարկները։ Կայքերից մեկում տեղադրված հայտարարությունում, օրինակ, նշված է, որ ռուսալեզու ամսագիրը պահանջում է խմբագիր, աշխատանքը գրեթե ամեն օր է (բացի կիրակիից), աշխատավարձը` 100 հազար դրամ (ճիշտն ասած՝ առաջին անգամ եմ հանդիպում, որ խմբագրին այդքան քիչ վճարեն):

Մյուս կայքում գրված է, որ պահանջվում են փորձառու, բանիմաց լրագրողներ, բայց երբ հարցնում ես վարձատրության մասին, պատասխանը շատ մշուշոտ է` ամսագիր է, վճարում են ամեն մի նյութի համար 10-ից 20 հազար դրամ, իսկ եթե կոմերցիոն հոդված լինի` 5 հազար դրամ: Դե արի ու իմացիր՝ երբ կարող են գրված նյութը կոմերցիոն համարել, իսկ երբ` ոչ: Պարզ է, որ այդ գումարով տղամարդիկ չեն կարող ընտանիք պահել: 

Այդ իսկ պատճառով էլ լրագրության դաշտում մեծամասամբ կանայք են աշխատում, ընդ որում՝ երիտասարդ: Իսկ երիտասարդ լրագրողուհիները չեն շտապում իրենց աշխատանքի որակը բարձրացնել, քանի որ հասկանում են, որ, միեւնույն է, ավելի մեծ գումար չեն ստանա: Լրագրողները մի ասուլիսից մյուսին են վազում, ապա շտապում գրասենյակ, արագ ու սխալներով նյութեր գրում, որոնք արտատպվում են բազմաթիվ այլ ԶԼՄ-ների կողմից։ 

Եւ այսպես ինչ գումարներ են վաստակում մեր մեդիա ճակատի մարտիկները: 

Ըստ մեր անցկացրած հարցումների՝ լրագրողների միջին աշխատավարձը կազմում է Ռադիո «Վան»-ում, Հանրային ռադիոյում 150-180 հազար դրամ, «Արմնյուզում»` 200 հազար դրամ, «Երկիր-Մեդիա»-ում` 80-100 հազար դրամ, «Շանթ»-ում` 150-250 հազար դրամ, «Հայկական ժամանակ» թերթում` 120 հազար դրամ, «Երկիր» թերթում` 100-150 հազար դրամ, 7 or.am կայքում` 100 հազար դրամ, news.am-ում` 150 հազար դրամ:

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, լրագրող տղամարդիկ Գերմանիայի արեւմուտքում ամսական վաստակում են միջինը 4321 եվրո, իսկ արեւելքում՝ 3892 եվրո (կանայք ավելի պակաս են ստանում՝ 3808 եվրո): 

Արեւմտյան զարգացած պետությունների հետ չհամամետվելու համար տեսնեք, թե ինչպես են վարձատրվում լրագրողները հարեւան պետություններում: Ադրբեջանում միջին աշխատավարձը կազմում է 300 մանաթ (մոտ 380 դոլար), Ռուսատանում եւ Ղազախստանում` 900 դոլար, Ուկրաինայում` 654 դոլար: Միայն 

Վրաստանում է, որ մեդիա դաշտի աշխատակիցները մեզանից վատ են վաստակում, մանավանդ տպագիր մամուլի (ամսական 120-180 դոլար):

Աշխատանքի շուկան ուսումնասիրող Career Cast կայքի հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ում լրագրողի արհեստը աշխատավարձի, աշխատանքի պայմանների, սթրեսի, նոր աշխատանք փնտրելու տեսանկյունից 200 մասնագիտությունների շարքում գրավում է ոչ նախանձելի 196-րդ տեղը: Բայց դա, իհարկե, չի խանգարում, որ Ամերիկայում լրագրողների տարեկան եկամուտը կազմի 35 հազար դոլար:  

Լրագրողի մասնագիտության հեղինակության որոշակի անկումը շուկայի փորձագետները կապում են նրա հետ, որ ինտերնետի դարում տպագիր լրատվամիջոցի եւ ամենօրյա լուրերի թողարկման անհրաժեշտությունը էականորեն նվազել է: 

Լրագրողի մասնագիտությունը թեեւ գրավիչ ու արկածախնդիր է, սակայն վտանգավորներից մեկն է համարվում (հիշենք մեդիա ներկայացուցիչների վրա կատարված հարձակումները): Եւ հետո լրագրողի աշխատաժամը ֆիքսված չէ: Միայն մենք գիտենք՝ քանի գիշերներ ենք լուսացրել խմբագրությունում՝ սպասվող հոդվածները գրելու համար:

Բացի այդ՝ լրագրողի ուղեղի աշխատանքը չի դադարում գործել նույնիսկ աշխատանքի ավարտից հետո. պետք է մտածել նոր թեմաների ու ապագա նյութերի մասին, տեղյակ լինել ամեն նոր զարգացումից: Էլ չեմ ասում, որ լրագրողները խոցելի են սթրեսների տեսանկյունից: 

Տիգրան Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *