Կապանցի լրագրողն իր եւ գործընկերների աշխատանքի առանձնահատկությունների մասին

20.03.2012, Նյուսրում

Մենք, կապանցի լրագրողներս, մեր ամենօրյա աշխատանքում տարբեր խնդիրների ու դժվարությունների ենք հանդիպում:  Պատճառները բազմաթիվ են: Քաղաքը փոքր է եւ  ոչ միշտ կան համապատասխան փորձագետներ: Երեւանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող Սյունիքի մարզկենտրոնում բնակիչները հիմնականում անտարբեր են եւ սովորաբար խուսափում են լրագրողների հետ շփվել: Պաշտոնյաների ու պետական կառույցների ներկայացուցիչների մի մասն էլ շատ դժվարությամբ է տեղեկատվություն տրամադրում լրագրողներին:

Ինքս մի շարք լրատվամիջոցների հետ եմ աշխատել: 2009թ.-ից Սյունիքի մարզում  «Առավոտի», վերջերս նաեւ «Երկիրի» թղթակիցն եմ:   Հանդիպել եմ եւ՛ լրագրողների հետ նորմալ աշխատող, եւ՛ լրագրողի հետ աշխատելու ձեւ չիմացող, Տեղեկատվության ազատության մասին օրենքն անտեսող պաշտոնյաների:

Նկատել եմ, որ երբ փոքր քաղաքում տարբեր կարգի խնդիրներ ես ունենում, երբ սուր թեմաների ես անդրադառնում, այս կամ այն պաշտոնյաների կամ կառույցի գործուենության մասին ես գրում: Երբեմն քեզ չեն հրավիրում այս կամ այն միջոցառումը լուսաբանելու, երկրորդ կամ երրորդ անգամ տեղեկատվություն տրամադրել հրաժարվում են: Լինում են դեպքեր, երբ զանգահարում եւ ասում են «այսինչ բանը չգրես» կամ ինչու՞ ես նման բան գրել:

Ասեմ նաեւ, որ օրինակ «Հայջրմուղկոյուղուն» բազմիցս եմ քննադատել, անորակ կամ վատ աշխատանքի մասին գրել, բայց այդ կառույցը շարունակում է մեծ սիրով անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել ինձ, ինչը չէի ասի ոստիկանության, քննչական մարմինների, Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի մասին:

Կապանում լրագրողի աշխատանքի առանձնահատկությունների մասին զրուցեցի նաեւ գործընկերներիս հետ եւ ներկայացնում եմ նրանց կածիքները:

«Արմենպրես» լրատվական գործակալության Սյունիքի մարզի թղթակից Գոհար Իսախանյանը նկատել է, որ Կապանում լրագրողների հետ դեռեւս դժվար են համագործակցում քննչական կամ դատական մարմինների,  Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀԷՑ-ի ներկայացուցիչները: «Դժվարությունների հանդիպում եմ հիմնականում օպերատիվ տեղեկատվություններ պատրաստելիս: Նման դեպքերում մարդիկ, պաշտոնյաները հաճախ խուսափում են պատասխանել անգամ ամենասովորական հարցերին»,- ասում է Գոհարը:

Նա շատ հաճախ դիմում է գրավոր հարցեր ուղարկելու օգնությանը, օգտագործում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը:
 
Կապանի «Սոսի» հեռուստաընկերության լրագրող Հասմիկ Թովմասյանը իր աշխատանքային 16 տարիների ընթացքում բազմաթիվ դժվարությունների է հանդիպել, այդ թվում նաեւ 220բախումների այս կամ այն պաշտոնյաների հետ:  Հիշում է, որ նախկին քաղաքապետի մասին քննադատական ռեպորտաժը եթեր հեռարձակելուց հետո իրենց հեռուստաընկերությանը չթույլատրեցին շահագործել մալուխային  հեռուստացանցը: 

Հասմիկը նյութեր պատրաստելիս գրեթե միշտ բազմակողմանի կարծիքների պակաս է ունենում: «Փոքր քաղաքում, մարզում ապրող մասնագետները ոչ միշտ են ցանկանում իրարամերժ կարծիքներ հայտնել:  Բացի այդ բնակիչներն են անտարբեր,  կամ էլ շատերը  չեն համարձակվում բողոքել այս կամ այն կառույցից` շատ լավ գիտակցելով, որ կրկին ստիպված պետք է բախեն նույն այդ դռները»,- պատմում է Հասմիկը:

«Առաջին լրատվականի» թղթակից Նելլի Միրզախանյանն  աշխատանքային խոչընդոտների գրեթե չի հանդիպում: Ասում է, որ իրեն հանձնարարված թեմաներն առանց լուրջ դժվարությունների է պատրաստում: 221Համագործակցությունը լավ է ստացվում ինֆորմացիա տրամադրող աղբյուրների հետ, միակ դժվարությունն իր թղթակցելու 2 տարիների ընթացքում, եղել է մեկ տարի առաջ մարզպետարանից տեղեկատվություն վերցնելիս;

«Սյունյաց երկիր» մարզային թերթի լրագրող Վահրամ Օրբելյանը նույնպես չի հիշում դեպք, որ իրեն տեղեկատվություն տրամադրած չլինեն: «Միակ դժվարությունը ոստիկանությունից տեղեկատվություն վերցնելն է: Պատասխանատուներն ասում են, որ ներքին կանոնակարգ կա, պետք է վերադասից թույլտվություն լինի ինֆորմացիա տրամադրելու համար»,-ասում է լրագրողը:

Վահրամը 27 տարի է տպագիր մամուլում է եւ նկատել է՝ Սովետական տարիներին, օրինակ տրանսպորտի հարցը լրագրողի համար ավելի դժվար էր լուծվում:  «Այն ժամանակ առավոտյան ժամը 6-ին արթանում էի, որ ժամը 7-ին Տանձավեր գյուղ գնացող ավտոբուսով հնարավոր լինի գյուղ հասնել»,- ասում է նա: Հիմա լրագրողը նյութեր պատրաստելու համար գյուղեր է մեկնում խմբագրության ավտոմեքենայով եւ շատ գոհ է դրանից:

Մերի Սողոմոնյան, Կապան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?