2017.05.30,

Քննադատ

Լրագրողը պետք է գիտակցի, որ հաքերների հատուկ թիրախ է

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Արդյո՞ք լրագրողն ունի տեղեկատվական անվտանգության խնդիր և իր տեղեկատվության պաշտպանությանը պետք է ավելի լուրջ վերաբերվի, քան «հասարակ» քաղաքացին։ Հաճախ հենց լրագրողներից լսում եմ կարծիք, որ իրենք առանձնապես գաղտնի տեղեկատվություն ու թաքցնելու բան չունեն։

Հիմնական սխալը սկսվում է այն ժամանակ, երբ «տեղեկատվության պաշտպանություն» ասելով, հասկանում են զուտ գաղտնի տեղեկատվության պաշտպանություն։

Հասկանալի է, որ խիստ սակավաթիվ է այն լրագրողների շրջանակը, որ նմանատիպ տեսակետ ունի։ Սակայն կան բազմաթիվ դեպքեր, երբ լրագրողի դեմ կիբեր հարձակումը կարող է վնասել ոչ միայն իրեն, այլև այլ անձանց և կազմակերպություններին։ Կարելի է մոտավորապես նշել այն խոցելի ուղղությունները, որոնք կարևոր են գրեթե բոլոր լրագրողների համար․

ա․ Լրագրողը գրեթե միշտ ունենում է աղբյուրներ, որոնք ցանկանում են անանուն մնալ։

Իհարկե, Հայաստանում սեփական աղբյուրների օգտագործման ծավալը, մեղմ ասած, չափազանցված է։ Բայց իրականում անանուն աղբյուրներ կան ու պետք է պաշտպանված լինեն ուժային կառույցների, անհատ չինովնիկների, կորպորացիաների ուշադրությունից։ Իսկ եթե լրագրողի մոտից տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսք, ապա դա կարող է հանգեցնել աղբյուրի բացահայտմանը։

բ․ Միջին վիճակագրական լրագրողն անընդհատ հաղորդակցվում է բազմաթիվ անձանց հետ, որոնք արդեն իսկ հանդիսանում են փակ կամ գաղտնի տեղեկատվության կրող։ Օրինակ պատգամավորները։ Եթե լրագրողի կոմունիկացիաները պաշտպանված չեն, ապա նա կարող է հանդիսանալ տեղեկատվական արտահոսքի աղբյուր երրորդ կողմի համար։

գ․ Շարունակելով նախորդ միտքը, ասենք, որ լրագրողը կարող է հանդիսանալ միջնորդող օղակ այլ անձանց վրա հարձակման համար։ Օրինակ, եթե լրագրողի համակարգիչը խոցելի է, ապա հարձակման ենթարկվելու դեպքում լրագրողի էլեկտրոնային փոստի բովանդակությանը կսկսի տիրապետել չարագործը։

Ինչից հետո կկարողանա լրագրողի անունից ուղարկել վիրուսային ծրագրեր պարունակող նամակ բարձրաստիճան պաշտոնյային։ Հաշվի առնելով, որ լրագրողն ու պաշտոնյան մինչ այդ երկար նամակագրական կապ են ունեցել, կարելի է ենթադրել, որ պաշտոնյան առանց երկմտելու կբացի նման նամակը, քանի որ աղբյուրն իր համար վստահելի է։ Որպես հետևանք, պաշտոնյայի համակարգչից կկատարվի գաղտնի տեղեկատվության արտահոսք, իսկ մեղավորը կլինի լրագրողը։ Թեկուզև, ակամա մեղավորը:

դ․ Ամենաբարդը գիտակցելն է, որ դառնում ես զգայուն տեղեկատվության կրող։ Լրագրողը կարող է խմբագրությունում լինել կամավոր, հետո անցնել մշտական աշխատանքի։ Եվ ինչ-որ պահից կսկսի տիրապետել տեղեկատվությանը, որն արդեն պետք է պաշտպանվի։ Եվ այդ անցումային պահը դժվար է գիտակցել: Հիմնականում այն պարզ է դառնում արտահոսքից հետո, երբ արդեն ուշ է։

Նմանատիպ օրինակները շատ են։ Կարևոր է հասկանալ, որ այսօր միջին վիճակագրական լրագրողը կարող է լինել թիրախ ոչ միայն պետական ուժային կառույցների ու այլ երկրների պետական հաքերային խմբերի համար։ Այսօր հաքերային հարձակումների հնարավորություններ ունեն մեծ կոռպորացիաները։

Ավելին, կա հաքերային ծառայությունների մեծ սև շուկա: Եվ այդ ծառայությունների վարձակալությունը դառնում է մատչելի նույնիսկ անհատների համար։ Այսինքն, լրագրողի կամ խմբագրության դեմ հաքերային հարձակում կարող է իրականացնել ոչ միայն զայրացած չինովնիկը, այլև տեսականորեն նույնսիկ խանդոտ ամուսինը։

Չի բացառվում, որ հարձակումը խմբագրության վրա կարող է իրականացվել զուտ գումար շորթելու նպատակով։ Օրինակ, եթե խմբագրության ներքին ցանցում հայտնվի կրիպտովիրուս ու գաղտնագրի բոլոր ֆայլերը, դրանց վերադարձի համար մեծ գումար կպահանջվի։

Մեկ անզգույշ լրագրող կարող է տասնյակ մարդկանց հազարավոր դոլարների վնաս տալ։ Էլ չասած, որ խմբագրության աշխատանքը կաթվածահար կլինի։

Իսկ պատճառը կլինի միայն այն, որ լրագրողը շատ համեստ էր և չէր համարում իրեն կարևոր մարդ, որի վրա կարելի է հաքերային հարձակում կազմակերպել։

Այնպես որ, մի խաբվեք։ Եթե լրագրող եք, ապա հաստատ ինչ-որ մի տեղ մի հաքեր փորձում է ձեզ կոտրել։ Ու լավ է, եթե նա միակն է։

 

Սամվել Մարտիրոսյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *