Գոյություն չունեցող կյանք

23.02.2012, Քննադատ

Գրող

Գաղտնիք չէ, որ Հայաստանում կյանքը չափից ավելի է  քաղաքականացված: Քաղաքականությունից են խոսում տաքսիներում ու ավտոբուսներում, բակերում ու Ազգային ժողովում,  խմբագրություններում ու տոնավաճառներում, առողջարաններում ու հիվանդանոցներում, փողոցներում ու տներում, մի խոսքով` ամենուր: 

Քաղաքականությունից են խոսում տղամարդիկ ու կանայք, ջահելներն  ու  ծերերը, լրագրողներն ու առեւտրականները, մտավորականներն ու բոմժերը, քրեականներն ու օրինավորները, կուսակցականներն ու անկուսակցականները, մի խոսքով` բոլորը:                 

Հետաքրքիրն այն է, որ, չնայած Հայաստանում կյանքը չափից ավելի է  քաղաքականացված, եւ չնայած քաղաքականությունից խոսում են ամենուր, եւ չնայած քաղաքականությունից խոսում են բոլորըայդուհանդերձ, քաղաքականությունից խոսողների խոսքում հենց  քաղաքականությունն է բացակայում, ընդ որում` քաղաքականությունն  ամենից ավելի բացակայում է հենց քաղաքական գործիչների ու  կուսակցականների խոսքի մեջ, եւ ամենից ավելի` հենց Ազգային  ժողովում:

Երկու տասնամյակների մեր քաղաքականացված կյանքը ցույց տվեց, որ  մեր պատգամավորներն ընդամենը կոճակներ սեղմողներ են եւ լավագույն  դեպքերում իրենց հասանելիք կոճակներն են սեղմում: Նրանք իրենք էլ են հասկանում, որ մեր հույժ քաղաքականացված կյանքում պատգամավորներից մեծ բան չի կախված:

Դա նաեւ լրագրողներն են  տեսնում ու հասկանում, եւ հատկապես լավ են հասկանում էն լրագրողները, որոնք, Ազգային ժողովին կցված լինելով, համարյա չեն  բացակայում Ազգային ժողովի նիստերից՝ ի տարբերություն շատ ու շատ  պատգամավորների:

Բայց, հասկանալով հանդերձ, որ մեր երկրում կարեւորագույն հարցերն ամենեւին էլ Ազգային ժողովում ու պատգամավորների ցանկությամբ չեն որոշվում, մեր լրագրողները, ու մանավանդ մեր թերթերի լրագրողները, մեր թերթերի էջերը հնարավորինս լցոնում են մեր պատգամավորներից հատկապես վատերի վարքուբարքով ու ժարգոնախոսությամբ, եւ, չնայած  մեր խորհրդարանում կարեւոր, էական ու մանավանդ քաղաքական  իրադարձություններ գրեթե տեղի չեն ունենում, մեր օրաթերթերի բոլոր համարներն անխտիր լցված են մեր Ազգային ժողովի անհետաքրքիրբովանդակազուրկ ու գրեթե գոյություն չունեցող կյանքով, ինչպես նաեւ  մեր ապաքաղաքական պատգամավորների հետ բովանդակազուրկ, մակերեսային ու ապաքաղաքական հարցազրույցներով, ինչպես նաեւ  փուչ ու մտացածին խնդիրներով, որոնք անձամբ լրագրողների համառ  ջանքերով են հրատապություն ստանում, ընդ որում` հնարավորինս տեւականորեն:

Օրինակ՝ արդեն տարուց ավելի է` մեր լրագրողները մոլեռանդորեն հետաքրքրվում են, թե ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն ինչպե՞ս են մասնակցելու Ազգային ժողովի ընտրություններին՝ միասնակա՞ն ցուցակովթե՞ առանձին-առանձին: Գրեթե ամեն օր տարբեր թերթերում էդ հարցը բարձրացնում են եւ գրեթե ամեն օր էդ հարցի սպառիչ պատասխանը չեն  ստանում:

Ինչո՞ւ չեն ստանում: Որովհետեւ չեն ուզում ստանալ: Եթե ուզեին էդ հարցի վերջնական պատասխանն ստանալ, էդ հարցով ոչ թե  տվյալ կուսակցությունների երրորդ ու չորրորդ դեմքերին կդիմեին, այլ  անմիջապես առաջին դեմքերին: Իսկ ինչու՞ առաջին դեմքերին չեն  դիմում: Որովհետեւ, կրկնում ենք, չեն ուզում էդ հարցի սպառիչ ու  վերջնական պատասխանն ստանալ: Իսկ  ինչու՞  չեն ուզում: Որովհետեւ եթե էդ հարցի վերջնական պատասխանն ստանան, էլ հաջորդ օրերին  գրելու թեմա ու նյութ չեն ունենա:    

Մի խոսքով՝ ամեն ինչից զգացվում է, որ մեր լրագրողներին մեր Ազգային ժողովի մթնոլորտն ու թոհուբոհը շատ է դուր գալիս: Եվ հեչ  պատահական չէ, որ մեր լրագրողներից շատերը լրջորեն տրամադրվել են պատգամավոր դառնալ: Հո ամբողջ կյանքում լրագրող չեն մնա: Իսկ պատգամավոր, համաձայնվեք, կարելի է: Մանավանդ` ամբողջ կյանքում:  

Բայց սա, իհարկե, միանգամայն այլ թեմա է:   

                                                                                                                           Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?