Լրագրողը եւ գիտությունը կամ անմեղսունակության կանխավարկած

09.10.2012, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

Վերջին մի քանի շաբաթը Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանը զարմացրին հասարակությանը տարբեր ոլորտներում առկա չարաշահումները վերացնելուն ուղղված խստություններով, որոնք լայնորեն լուսաբանվեցին ԶԼՄ-ների կողմից։ Խստություններից վերջինը վերաբերում էր հաշմանդամների ու սոցծառայության հարաբերություններին։

 Սոցիալական ոլորտի, մասնավորապես անապահով երեխաների մասին Ուսուցչի օրվա առթիվ խոսեց նաեւ Սերժ Սարգսյանը։ Հետեւելով ԶԼՄ-ների անդրադարձներին` ես մտածեցի, որ իմ երբեմնի գործընկեր լրագրողներին անհրաժեշտ է տիրապետել որոշ գիտական իմացությունների կամ թարմացնել դրանք, եթե ժամանակին ունեցել են, որպեսզի մեր իրականության համար կարեւոր մի շարք իրողություններ արձանագրեն։ 

Լրագրողը եւ լեզվաբանությունը 

Լրագրողին դժվար է լեզվական նրբություններին ուշադրություն դարձնել, երբ Ազգային ժողովի պատգամավորը կարող է իրեն դիմել «Հեսա կտամ` չանեդ կջարդեմ, մի նկարի... Չէ, չեմ ուզում, հերդ ա ուզում, գնա հորդ նկարի» բառերով։ Կամ երբ հայտնի ու սիրված ( ՜ ) օլիգարխներից մեկը հանրային ու հանպատրաստից ելույթներում հազվադեպ է նախադասությունն ավարտում այն առարկայով, որից սկսել էր, այսինքն՝ չի պահպանում դպրոցական ձեւակերպման պահանջը՝ ըստ որի նախադասությունը պետք է ամփոփ միտք արտահայտի։

Ճիշտ է՝ եթե նա (լրագրողը) համբերությամբ զինվի, հնարավոր է, որ փոփոխություն կատարվի դեպի լավը։ Զորօրինակ՝ հիշյալ օլիգարխն սկսել է թղթից ավելի սահուն կարդալ, իսկ նախադասություններն էլ, որոնք ելույթից ելույթ կրկնվում են եւ ձեւով ու բովանդակությամբ հայկական ավանդական կենացի են նման, հաճախ ավարտում է։

Բայց եթե նրանք (լրագրողները) համբերությամբ չզինվեն, քանի որ հնարավոր է, որ քաղաքական գործիչների ինքնակրթությունն այդպես էլ պահանջված արդյունքը չտա, ես կուզենայի, որ արհեստավարժությունը չկորցնելու համար ուշադրություն դարձնեն լեզվաբանական մի երեւույթի, որը կոչվում է էվֆեմիզմ*։

Ի վերջո, լեզվական նրբությունները երբեմն ավելին են ասում հայտնի գործչի կամ երկրի քաղաքական իրավիճակի մասին, քան աչք ծակող անգրագիտությունը։

Բերեմ օրինակ. մեծ հետաքրքրությամբ հետեւում էի, թե վարչապետն ինչպես քարը քարին չէր թողնում Սոցապ նախարարություն կատարած այցելության ժամանակ։ Ինչպես էր նա հայտնում իր զարհուրանքը, թե ինչ դժվարությունների է բախվում տարեկան 65 հազար հաշմանդամ, երբ նրանց պետք է թոշակավորվել կամ վերահաստատել հաշմանդամության կարգը նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում, ինչը պարզել էր անձամբ վարչապետի վերահսկողության ծառայության պետը...

Տեղում աշխատանքից ազատեցին բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին։ Զարհուրած վարչապետը շարունակ կրկնում էր, որ հաշմանդամները «վճարել են»... Անտեղյակ (ասենք` սփյուռքահայ) հեռուստադիտողը կարող էր կարծել, թե խոսքը ինչ-որ պետական տուրքի մասին է, եւ չէր հասկանա, թե ինչի համար գործից հանեցին էն մարդուն։ Բայց տեղյակ (այսինքն` հայաստանյան) հեռուստադիտողը գիտի, որ խոսքը ԿԱՇԱՌՔԻ մասին է։

Իսկ ինչու՞ է վարչապետը զբաղվում էվֆեմիզմով, այսինքն՝ օգտագործում շատ ավելի մեղմ բառ, քան ենթադրում է տվյալ երեւույթը։ Որովհետեւ հայաստանցիները չե՞ն հավատա, որ այս իշխանության մեջ կա միամիտ նախարար, որի ենթակաները կաշառք վերցնեն, իսկ ինքը չիմանա ու իր բաժինը չվերցնի։ Որովհետեւ հայաստանցիները չե՞ն հավատա նաեւ, որ նախարարը կաշառք վերցնի ու վերեւ չտա (միգուցե չճշտելով, թե փողի որ մասն է հաշմանդամներից ստացվել)։

Ուրեմն, ուշիմ լրագրողը կարող է վերլուծական մի նյութի մեջ հանգել այն եզրակացության, որ վարչապետը զբաղվում է էվֆեմիզմով, քանի որ ինչ բառ էլ արտաբերի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատանքի եղանակները բնութագրելիս, դա ուղիղ գծով իրեն է վերաբերում, եւ նա գերադասում է, որ «կաշառքի» փոխարեն հնչի «վճարը»։

Լրագրողի համար վերլուծության հետաքրքիր նյութ է նաեւ «էլ» (նույնպես) բառի օգտագործումը Սերժ Սարգսյանի կողմից։ Խոսելով այն մասին, որ լավ սովորող երեխան չպետք է դուրս մնա բուհից, եթե ի վիճակի չէ ուսման վարձը վճարել՝ նա հայտարարեց, որ «անապահով ընտանիքների երեխաներն էլ են մեր երեխաները»։ Այսինքն՝ «մեր» երեխաները ապահովվածներն են, բայց անապահովները` նույնպես։

Լրագրողի առաջ խնդիր է դրվում. եթե Հայաստանում, որպես Սահմանադրության կողմից սոցիալական հռչակված պետության, երեխաների երեսուն տոկոսից ավելին անապահով է, ի՞նչ խավ է ներկայացնում երկրի ղեկավարը, որ մեծահոգաբար զբաղվում է նրանց հոգսերով։ Բուրժուազիայի։ Իսկ ինչպե՞ս է ձեւավորվել այդ բուրժուազիան եւ ի՞նչ կարգախոսներ է ունեցել, որ եկել է իշխանության, արդյո՞ք բուրժուական։

Լրագրողը եւ թվաբանությունը

Սոցապ նախարարության հանդիպման ժամանակ վարչապետն անհանգստություն արտահայտեց նաեւ, թե ինչ են մտածել այդ 65 հազար հաշմանդամներն իշխանության մասին, երբ իրենցից «վճար» են ուզել։ Ճիշտ է վարչապետի անհանգստությունը, հենց դա էլ մտածել են իշխանության մասին, ինչ ինքը կարծում է։ Միայն թե` մի քիչ ավելի վատ... մի քիչ էլ... ու ավելի թունդ բառերով... մի քիչ էլ ու` վերջ...

Միայն թե էստեղ դեռ լրագրողները կարիք ունեն թվաբանության, որից պետք է որ ուժեղ լինի նաեւ վարչապետը։ Եթե տարեկան 65 հազար հաշմանդամ է վերոհիշյալ կարծիքը իշխանության մասին կազմում, ինչքա՞ն մարդ կանի դա չորս տարում։ 260 հազար։ Ճիշտ է։ Բայց Հայաստանում էդքան հաշմանդամ չկա, էստեղ լրագրողը պետք է օգտվի վիճակագրական տվյալներից. կա 172.4 հազար հաշմանդամ, ուղղակի նրանցից 65 հազարն է տարեկան գործ ունենում Սոցապ նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հետ։

Թվաբանության ծառայությունից շարունակելով օգտվել՝ կարող ենք հաշվել, թե քանի չափահաս մարդու է հայտնի, թե ինչ են անում հայ պաշտոնյաները հայ հաշմանդամների հետ։ Եթե յուրաքանչյուր հաշմանդամի գումարենք միջինը եւս 3-ական հոգի, որպես ընտանիքի անդամներ, ու բազմապատկենք դա 172.4 հազարով, կստացվի մոտ 690 հազար։ Հիմա համեմատենք միայն մի նախարարության գծով ստացված այդ թիվը Հայաստանի ընտրողների թվի հետ` 2 միլիոն 486 հազար...

Ուրեմն, չորս նախարարության աշխատանքը լիուլի բավական է եղել, որ ոչ մի ընտրող չցանկանար, որ իշխանությունը վերարտադրվի։ Իսկ նախարությունների թիվը կառավարությունում 18-ն է։ Այս թվաբանությունից հետո լրագրողներն ու վարչապետը հավանաբար կհանգեն այն եզրակացությանը, թե

ա) հայ ժողովուրդը մազոխիստ է եւ սիրում է վատ իշխանություն ունենալ...

Հոդվածի հեղինակի կողմից ողջունվում են այլ վարկածները։

Վերջաբան կամ Անմեղսունակության կանխավարկած

Անմեղության կանխավարկածը պահանջում է նաեւ ենթադրել, որ ոչ իրար հաջորդած նախարարները, ոչ վարչապետը տարիներ շարունակ չեն իմացել, թե ինչ է կատարվում իրենց ղեկավարած ոլորտներում։ Այդ դեպքում լրագրող բարեկամներիս խորհուրդ կտայի զբաղվել նաեւ իրավագիտությամբ եւ, հանուն հայրենի երկրի ներքին հանդարտության, հասնել այն բանին, որ քրեական օրենսգրքում հոդված ավելացվի Անմեղսունակության կանխավարկածի մասին։

էվֆեմիզմ*- մեղմասություն

Վահրամ Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?