2012.03.10,

Քննադատ

Հանգիստ խղճի հեռուստալրատվությունը

Երբ ես «Հայլուրում» էի աշխատում, նորանշանակ տնօրեն Սամվել Ֆարմանյանին մի հարց էր մտահոգում՝ ինչպե՞ս բարձրացնել մեր բանակի հեղինակությունը: Որքան բանակում շատանում էին սպանություններն ու ինքնասպանությունները, այնքան նա ավելի էր ուզում օր առաջ բարձրացնել բանակի հեղինակությունը: Ի վերջո ինձ ուղարկեց Սիսիանի զորամաս տեղի՝ հատուկ «Հայլուրի» համար բեմականացված բարոյահոգեբանական բարի մթնոլորտը լուսաբանելու համար: «Մեր «Հայլուրի» տղերքն են»,-զորամաս թողնելիս իմ ու օպերատորի մասին ասում էր հրամանատարի տեղակալը: 

Անկեղծ ասած, ռեպորտաժն անտանելի ստացվեց, թեպետ՝ առանց դիտավորության: Նկարահանումների վերջում զորամասի հրամանատարի տեղակալը զինվորներին հավաքեց քաղպարապմունքի սենյակում եւ նրանց բառացիորեն ասաց հետեւյալը. «Եթե ուզում եք ձեր աչքի տակ կապույտ չլինի, եթե ուզում եք կենդանի վերադառնալ տուն, ձեզ խելոք պահեք»: Սամվել Ֆարմանյանը ծիծաղում էր, երբ ժողովի ժամանակ այս դրվագը պատմեցի: Հիմա նա անձամբ զբաղված է (պատրաստվում է մեծամասնականով պատգամավորի թեկնածու առաջադրվել Նոր Նորքի ընտրատարածքում) հայկական ֆուտբոլի հեղինակության բարձրացմամբ: «Ես չեմ պատկերացնում՝ ինչի՞ց պիտի Հանրային հեռուստաընկերությունն ավելի շատ խոսի, քան մեր հավաքականի հաջողությունից»,-Հ1-ի մարտի 9-ի «Լրացուցիչ ժամանակ» ֆուտբոլային հաղորդմանն ասաց Սամվել Ֆարմանյանը:

Մարտի 9-ին մեր առաջատար հեռուստալուրերը պատմում էին Լոնդոնի ռազմավարական միջազգային հետազոտությունների ինստիտուտի մի զեկույցի մասին, ըստ որի չնայած ահռելի ծախսերին, ադրբեջանական բանակի մարտունակությունը զիջում է հայկականին: «Առաջին լրատվականը» շատ չծանրացավ զեկույցի վրա, բայց ասաց այն, ինչ անհրաժեշտ էր «մեր բանակի բարձր հեղինակությունը» ցույց տալու համար: «Արմնյուզը» զրուցել էր ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ եւ համոզվել՝ ադրբեջանցիները զիջում են մեզ: 

Հիմա ահա թե ինչ: Ի՞նչ կապ ունի անգլիացիների զեկույցը մեր զինված ուժերի մարտունակության հետ, եթե բանակում բարոյական մթնոլորտի խնդիր կա: Ի՞նչ կապ ունի՝ եթե բարոյական կողմին չես անդրադառնում: Հայտարարում ես, որ մենք մարտունակ ենք ու լռում մնացածի մասին, ինչպես խոսում ես կեղծված ընտրությունների մասին, բայց Բելոռուսում: Ո՞վ չի կարող խոսեցնել Դավիթ Ջամալյանին: Դուք գնացեք եւ անկախ փորձագետների հետ խոսեք: Գնացեք եւ մարտունակության մասին խոսեք էն զինվորի հետ, որը զորամասում է, հնարավոր է, որ դա նրա վերջին զրույցն է՝ անկախ նրանից՝ նա կփառաբանի՞, թե կփնովի մեր բանակի մարտունակությունը: Բայց քանի որ դա անհնար է, բարոյական մի ճանապարհ կա՝ մի խոսեք բանակի մարտունակության մասին, մի մտեք ոլորտներ, որտեղ ձեզ դարանակալում է ուրիշների հանցավոր անգործությունը, քանի որ մտնելու պահից ի վեր դա ձեր հանցավոր անգործությունն է: Ես գոնե դրա տակ մտել եմ: 

Ես գիտեմ, որ «մարտունակի» մեջ «բարոյականն» էլ կա եւ անգլիացիները դա էլ են հաշվի առել: «Հայկական ռազմական հայեցակարգը մեծապես կրում է ռուսական մտածողության ազդեցությունը»,-սա մեր բանակի բարոյական կազմակերպվածության գնահատականն է: Լրագրողը փաստը պատճենահանողը չէ, նրան լսում են նաեւ սպանված զինվորների մայրերը, որոնք չեն մխիթարվում, ինչպես աստվածաշնչյան Ռաքելը: Անգլիացիները կարող են բարոյականն էլ կշռել ու դուք այդ կշռից էլ պիտի խոսեք: Ու եթե կշռեիք, կպարզեիք, որ անգլիացիներին խորթ են սպանությունների եւ ինքնասպանությունների այն պատճառները, որոնցով խաղաղ պայմաններում զոհվել են մեր զինվորները: հետեւաբար նրանց իմացած «մարտունակի» մեջ նրանց իմացած «բարոյականը» չկա:

«Պետք է հավատանք, որ շարունակենք փոխել»,-փետրվարի 18-ին Երկրապահների համագումարում ասաց Սերժ Սարգսյանը: Լրագրողը չգիտի, թե ինչին հավատա, որպեսզի բան փոխվի: Նա գիտի, որ իշխանությունը հերթական ընտրություններում պատրաստվում է վերարտադրվել, որպեսզի նյութական կորուստներ չունենա: Եվ երբ փորձում է «խուրդել» երկրի ղեկավարի բառերը, ստացվում է հակառակը: Հեռուստադաշտի բոլոր վերադասավորումները որակական ոչինչ չփոխեցին: Բոլորն էլ շատ արագ հասկացան՝ անհանգիստ լրագրողը չի կարող եթերում ասել այն, ինչ ասում է: Հանգիստ խղճով հեռուստալրագրող լինել հնարավոր չէ: Հայտնի ֆիլմի «պորտաբույծի» հայտնի խոսքը՝ եթե ես կանգնեցի, դու կնստես, լրագրող-իշխանություն կամ լրագրող-կոռումպացված պաշտոնյա հարաբերությունների մասին է: Եթե հեռուստալրագրությունն իրեն թափ տվեց, նրանք կնստեն: Իրեն թափ չտված հեռուստալրագրողը՝ Գալյա ալ-Միսրատին, հայտնվեց այնտեղ, որտեղ պիտի լիներ իր անփոխարինելի առաջնորդը՝ Մուամմար Քադդաֆին, բանտում: 

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *