Լրագրության կրթության բացը լրացնում են մասնավոր դպրոցները

18.10.2017, Նյուսրում

Լրագրող

Բուհերի լրագրողական բաժինների դիմորդների պակաս չկա, ինչը վկայում է, որ լրագրողական կրթության հանդեպ հետաքրքրությունը պահպանվում է:

Մեծ պահանջարկ ունեն նաև հաղորդավարների պատրաստման մասնավոր դպրոցները, որտեղով էլ անցնում է դեպի հեռուսատեսություն տանող կարճ ճանապարհներից մեկը:

Երկարատև ուսուցման ուղի անցնելու փոխարեն այդ դպրոցներում դիմորդներին առաջարկում են մի քանի ամսում սովորել հիմնական անհրաժեշտ գիտելիքները: Իսկ դասընթացի ավարտին լավագույններին խոստանում են աշխատանք:

Իհարկե, դա գրավիչ խոստում է աշխատաշուկայում իրենց տեղը գտնել ցանկացող երիտասարդների համար: Եվ անգամ «ոչ լավագույնները» կարող են աշխատանք գտնել օնլայն տարածքում օգտագործել իրենց մուլտիմեդիա հմտությունները: Ի վերջո, դրանց տիրապետելու համար երկար ժամանակ հարկավոր չէ, պարզապես պետք է կիրառել ու ինքնակրթվել:

Այս դպրոցներում գրավոր տեքստն առանցքային չէ, շեշտադրությունը եթերում հնչող խոսքի տեխնիկան է, աշխատանքը տեսախցիկի հետ, հարցազրույց վարելու առանձնահատկությունները և այլն:

Դպրոցներից մի քանիսը տարիների պատմություն ունեն և հաջողությամբ աշխատում են՝ շնորհիվ այն բանի, որ «օգտագործում» են եթերից մեզ հայտնի դեմքերի: Հնարավոր է, որ հայտնիները չունեն մասնագիտական կրթություն, բայց միևնույն է, երիտասարդները ոգևորվում և ուզում են ընդօրինակել նրանց: Սեփական փորձը դառնում է այն առանցքը, որով աշխատում են այդ դպրոցները:

Հավանաբար հետաքրքիր է լսել, թե ինչ դժվարություններ են հաղթահարում և ինչպես են սխալվում հայտնիները՝ հեռուստատեսություն մուտք գործելու համար:

Նման կրթական հաստատությունների դասավանդման որակն ու շուկայում պահանջարկը հասկանալու համար անդրադարձել ենք հին և նոր մի շարք դպրոցների:

Երկու տարվա ծրագրով և բազմաթիվ ուղղություններով մագիստրոսական ծրագիր է առաջարկում «Mass media» գիտակրթական կենտրոնը: Այն Երևանի պետական համալսարանի և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համատեղ նախագիծն է:

Կենտրոնը պատրաստում է հեռուստատեսային և ռադիոյի ոլորտների մասնագետների: Յուրաքանչյուր ծրագրում (հաղորդավարական գործ, օպերատորական գործ, ռեժիսուրա, կառավարում, պրոդյուսինգ) կարող է սովորել առավելագույնը 10 ուսանող: Նման սահմանափակումը թերևս արվել է ուսանողների մեծ մասին աշխատանքով ապահովելու նպատակով:

Կենտրոնում վստահ են, որ ծրագրի ավարտին ուսանողները կարող են առանց լրացուցիչ վերապատրաստման աշխատել և համապատասխանել հեռուստատեսության և ռադիոյի պրոֆեսիոնալ չափանիշներին:

Սկսնակների համար բավականին գրավիչ առաջարկ է անում «Պանարմենիան մեդիա դպրոցը»: Լավագույն ուսանողներն, ըստ խոստման, հնարավորություն կունենան աշխատելու «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի ընկերություններում: Հայաստանի ամենամեծ մեդիակազմակերպությունը ընդունում է, որ թարմ և նոր գաղափարներ ունեցող աշխատողների կարիք կա: Եվ պատրաստ է ինքը պատրաստել ու հղկել նրանց:

Ընկերությունն օգտագործում է իր մասնագետներին, տարածքը, տեխնիկական հնարավորությունը հաստատվելու նաև լրագրողական կրթության բնագավառում:  Դատելով ուսանողների հոսքից՝ այս դպրոցի պահանջարկը կպահպանվի:

Ոլորտում հներից է Սուսաննա Ալեքսանյանի «Հեռուստառադիոհաղորդավարների դպրոցը»,  որտեղ դասավանդում են «խոսքի տեխնիկա, մշակույթ, եթեր վարելու վարպետություն, իմիջ, աշխատանք տեսախցիկի և միկրոֆոնի հետ, լրագրության հիմունքներ, հրապարակային խոսք» և այլն:

Այս դպրոցը թեև հներից է, սակայն մեծ մասսայականություն չի վայելում, ինչը հաստատում է նաև տնօրենը: Դասավանդվող առարկաների բավականին երկար ցանկը չի վերանայվում, տպավորություն է, որ այս դպրոցը դեռ փորձում է իր տեղն ու նպատակը գտնել:

«1998 թվականին համարձակորեն մտանք դաշտ՝ փորձելով կոտրել սովետական շրջանի ոճն ու անցնել արևմտյան փորձին: Մենք ուզում էինք, որ մարդը փողոցից եթեր դուրս չգա, այլ որոշակի գիտելիքներ ունենա: Այն, ինչ արեցինք, պահանջարկ չունեցավ, բայց տարածվեց դաշտի վրա, մոտեցումները կիրառվեցին»,-պատմում Սուսաննա Ալեքսանյանը, որը երկար տարիներ աշխատել է որպես հաղորդավար:

Նրա խոսքով, այսօրվա երիտասարդներն ավելի շատ են ուզում տիրապետել հրապարակային խոսքին և իմիջ ստեղծելու հնարքներին, քան տասը տարի առաջ: «Այն առարկաները, որոնք դասավանդում ենք մեր դպրոցում, անգամ ներառված չեն բուհական ծրագրում, խոսքը եթերի էթիկայի, տեսախցիկի հետ վարվեցողության և այլ հմտությունների մասին է»,-ասում է նա:

Ոլորտում հայտնի է Աբել Աբելյանի «Abelyan Art School»-ը, որն առաջարկում է հաղորդավարության, ռեժիսուրայի, օպերատորության, մոնտաժի դասընթացներ: Աբելյանի դպրոցը մոտ տասը տարվա պատմություն ունի, բայց իրականում նման է խմբակի (ընդունելությունը սկսվում է 15 տարեկանից):

Բարձր դասարանների աշակերտները հնարավորություն են ունենում աշխատել տեսախցիկի հետ, հասկանալ մոնտաժի նրբությունները, փորձնական աշխատանքներ անել: Կարծես, դպրոցն օգնում է կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում և հող պատրաստում այլ հաստատությունում ուսումը շարունակելու համար:

Աբելյանի դպրոցում մեծ դեր են հատկացնում պրակտիկ մասին՝ նկարահանումներին:

Մեկ այլ նախագիծ է միջազգային «Mass Media» կենտրոնի «Մեդիա» հաղորդավարական-լրագրողական ստուդիան, որն ունի վերապատրաստման և ուսուցման ծրագիր հեռուստա-ռադիո ոլորտի մասնագետների համար: Ինչպես մյուսների դեպքում, այստեղ ևս կարևորում են դասավանդողների հեղինակությունն ու փորձառությունը: «Մեդիա» հաղորդավարական դպրոցի առավելությունն այն է, որ ծանոթ ուղղություններից բացի կարելի է սովորել «սոցիալական մեդիա և բլոգերինգ, անցել անգլերենի պարապմունքներ»:

Անհատների ստեղծած լրագրողական դպրոցներում հոսքն այդքան էլ մեծ չէ, քանի որ այստեղ խոստումները շատ չեն: Դպրոցների հիմնադիրները, որոնք հեռուստաալիքներում են աշխատում, հիմնականում ուսանողների հետ պրակտիկ աշխատանքներ են կատարում իրենց հեռուստաընկերություններում:

Քիչ դեպքերում է, որ դպրոցներն ունենում են իրենց տեխնիկան, հիմնականում անձի հեղինակություն է այստեղ կարևորվում: Դիմորդները հեղինակության գործոնով են ընտրում նաև Գայանե Փայտյանի «TV իդեալ» հաղորդավարների և լրագրողների  մասնագիտացված դպրոց-ստուդիան: Այստեղ ուսուցանում են խոսքի տեխնիկա, կեցվածք, էթիկա և շփման կուլտուրա, գրավոր մտքի և բանավոր խոսքի զարգացում:

Ամենաերիտասարդն ու թարմը «GO LIVE!»-ն է: Այստեղ էլ հիմնական ուղղություններից բացի (լրագրություն, հաղորդավարություն, խոսքի վարպետություն, աշխատանք տեքստի հետ, աշխատանք տեսախցիկի հետ), կարևորում են ժամանակի ճիշտ կոորդինացումն ու աշխատանքի կազմակերպումը:

«Վստահաբար կարող եմ ասել, որ այսօր բուհերը տալիս են շատ լավ տեսական, բայց ոչ պրակտիկ գիտելիքներ: Մեր դասընթացներին հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես բուհն ավարտած մարդիկ: Նրանք պատրաստ են յուրացնել պրակտիկ գիտելիքներ, միայն թե դասընթացի ավարտին աշխատանքային առաջարկ ստանան»,-ասում է նախաձեռնության համահեղինակ Աելիտա Չիլինգարյանը:

Կարճաժամկետ ու գործնական ուսուցում առաջարկող դպրոցները պահանջարկի հատուկ ուսումնասիրություն չեն անում, բայց տարեցտարի ավելանում է:

Նկատվում է, որ լրագրության հանդեպ հետաքրքրությունը հիմնականում սահմանափակվում է հեռուստատեսային ոլորտով ու անպայման եթերում երևալու նպատակով:

Գայանե Ասրյան

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?