Երբ լրագրողը դառնում է «մեր քուրը», «զավոդ»-ն էլ այլեւս բիզնես չէ

06.12.2012, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ԱԺ միջանցքի բազմոցին նստած հանպատրաստից ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ ու միանգամից հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում։ Մանավանդ, որ այդ բազմոցային զրույցը նկարահանել ու լայն դիտման է դրել «Ազատություն» ռադիոկայանի կայքը։

Զրույցը շատ ուշագրավ էր երկու առումներով։ Նախ՝ այն հախուռն ու աբսուրդային էր որպես լրագրողական աշխատանք, քանի որ լրագրողներն իրար հերթ չտալով՝ պատգամավորին գամել էին բազմոցին թիկնակին ու արագորերն հարցեր էին ուղղում այստեղից-այնտեղից՝ շաքարավազի ներկրումից, աշխարհի վերջի մոտալուտ գալստից, մենաշնորհային հանձնաժողովից ու Դուբայ մեկնելու մտադրությունից։

Իհարկե մեր իրականության մեջ կան մարդիկ (հիմնականում մեծահարուստներն ու բարձրաստիճան պաշտոնյաները կամ էլ՝ միաժամանակ երկուսը), որոնց ցանկացած խոսքը մեդիան հաճույքով է մեջբերում, քանի որ այդ անձնավորությունները սովորաբար այնքան էլ ուսյալ ու հանրային շփումներում հմտացած չեն (նրանց գործը ստվերն է), որ կարողանան քողարկել իրենց երբեմն ծայրաստիճան պարզունակ մտքերը։

Եւ լրագրողները լավ հասկանում են, որ բավական է նման մարդկանց «բռնեցնել» ու «խոսեցնել», որպեսզի անպայման գրելու բան ստացվի։ Անգամ եթե դիկտոֆոնի ու խցիկի առջեւ հայտնված հերոսը ոչ մի կարեւոր բան չասի, նա միեւնույն է իր սրտի խորքից ու մշուշոտ անցյալից «խոսուն» ու ցնցող մի միտք կհանրայնացնի։ Պարզապես պետք է համառ գտնվել ու թույլ չտալ ենթադրյալ նյութի հերոսին լռել կամ խուսափել հարցերից։


ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները քաջ գիտակցելով դա՝ արեցին այն, ինչը թերեւս իրենցից պահանջում են լրատվամիջոցների գլխավորները. ամեն գնով եւ շատ արագ «թեժ» բառապաշարով «թեժ» մտքեր հանեցին պատգամավորից։

Լրագրողական նման աշխատանքը կարելի է կոչել որս։ Ընդ որում՝ խաղի (որսի) կանոնները շատ հստակ են՝ այդ տարածքում ոչ զոհ կա, ոչ էլ որսորդ։ Զոհը ցանկացած պահի ինքն է որսորդ դառնում, իսկ իրեն որսորդ հռչակածը՝ զոհաբերվում է հանուն որսի հայրենանվեր ու վեհ գաղափարի։

Եթե ԱԺ պատգամավորը լրագրողին դիմում է «դու»-ով (նաեւ՝ «ազիզ ջան»-ով, «մեր քույրիկ»-ով ու «ցավդ տանեմ»-ով), իսկ լրագրողներն էլ դա նորմալ դիմելաձեւ են համարում ու շարունակում են իրենց գործն անել, ուրեմն իրենք են դառնում մեծ որսի զոհը։ Ակամա են դառնում ու մեծ պատրաստակամությամբ, քանի որ աշխատանքային այլ դաշտ պարզապես չկա։

Այդ որսի կանոնները հստակեցրել են ոչ թե լրագրողները (հիմնականում երիտասարդ աղջիկները), այլ ավելի վերեւներում նստած մեդիա քաղաքականություն մշակողները։ Երբ գրեթե բոլոր մեդիա հարթակներից ՀՀ նախագահը ՀՀ առողջապահության նախարարին «դու»-ով ու կարճացված, հեշտացված անունով  է դիմում (բոլորս հիշում ենք, որ Սերժ Սարգսյանը Դերենիկ Դումանյանին ասաց «Իսկ դու, Դերո...»), ինչո՞ւ պիտի այդ քայլից փորձի խուսափել ՀՀ շարքային պատգամավորը։

Նա չի խուսափի, ընդհակառակը՝ առավել կսրի պսեւդոմտերմիկ, իսկ իրականում՝ աչք ու ականջ ծակող, տնավարի շփման կաննոները։ Մանավանդ, որ իրեն էլ է դա հարկավոր, այդպես պատգամավորը լեգիտիմացնում ու ամրապնդում է «ազիզ» հարաբերությունները։ Ի դեպ՝ եթե Սամվել Ալեքսանյանին այս զրույցը տհաճ լիներ, նրան բավական կլիներ ընդամենը վեր կենալ տեղից, քանի որ փռված տեղից ուղղահայաց դիրք ընդունող մարդը միանգամից փոխում է իր ներկայանալիության աստիճանը։ Դառնում է ոչ թե «մեր քույրիկի» հետ փափուկ բազմոցին խոսող անձ, այլ՝ ԱԺ-ում որոշակի գործ անել ցանկացող պատգամավոր։

Բայց նա հաճույքով խոսում է «ազիզ» ու «քույրիկ» լրագրողների հետ, իսկ լրագրողներն էլ ոչ միայն չեն ընդդիմանաում, այլ ջանասիրաբար սատարում են այդ «ազիզ» գործին։ Քիչ է մնում իրենք էլ ասեին՝ Սամո ջան... Թերեւս, մյուս անգամ կասեն։ Իսկ ինչո՞ւ ոչ, եթե շփման այդ մոդելը օրինակելի են դարձնում բարձրաստիճան (ավելի բարձր չի լինում) ծառայողները։

Այս տեսաճեպազրույցը շատ կարեւոր բացահայտում արեց, որը սակայն փոքր-ինչ ստվերում մնաց։ Լրագրողների ինքնաբուխ ու երբեմն ծիծաղելի հարցերի արդյունքում ԱԺ պատգամավորն ասաց, որ «զավոդ ունի», որի մեջ «հարյուր միլիոնից ավել փող է դրել»։ Իսկ հետո խնդալով ավարտեց իր միտքը. «Ես բիզնես չունեմ»։

Այս պահից արդեն լրագրողների գործը (վա՞տ թե՞ լավ, պրոֆեսիոնա՞լ թե՞ դիլետանտական) ավարտված է։ Գործի պիտի անցնեն այլ մարմիններն ու այլ մասնագետները։ Ի վերջո, լրագրողներից զատ այլ կարեւոր օղակներ կան։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?