2015.09.08,

Խաչմերուկ

Օրինակ, արցախյան մեդիայում «Լռե՞լ, թե՞ չլռել»-ը հարց չէ

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Գործընկերս՝ Աննա Իսրայելյանը, Ֆեյսբուքում քննարկման էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի «Մամուլը պետք է կարողանա լռել, եթե դա է պահանջում հայրենիքի շահը» պնդումը: Աթանեսյանը այս նախադասությունն օգտագործել էր «Առավոտ»-ի հետ զրույցում «Սա, պարոնայք-ընկերներ, պա-տե-րազմ է» հոդվածում:
 
Վահրամ Աթանեսյանը հարցազրույցում մամուլին լռեցնելու միտքը շարունակում է «Իշխանությունը պետք է ունենա մամուլին լռեցնելու բարոյական իրավունք, որովհետեւ նա երկրի, պետության իշխանությունն է, պետք է այդպիսին լինի» նախադասությամբ, իսկ մինչեւ այդ առաջարկում է զորավարժությունների ժամանակ լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողների կամուֆլյաժ հագցնել, տանել Տավուշ եւ կանգնեցնել խրամատներում:
 
Հոդվածը Աննա Իսրայելյանի ֆեյսբուքյան էջում մանրամասն ու բազմակարծիք քննարկվեց:

Ես հոդվածի մի սկզբնական ելակետային հանգամանքին եմ ուշադրություն հրավիրում՝ մամուլի լռելու թեզն առաջարկող Վահրամ Աթանեսյանը երկար ժամանակ աշխատել է Ստեփանակերտում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լրագրողների համար «հանուն հայրենիքի լռելու» խնդիր ընդհանրապես չկա: Այդ հարցը միանշանակ պատասխան ունի՝ լռել: Ինքնագրաքննության մակարդակն այնտեղ շատ բարձր է:
 
Ինքնագրաքննության մասին պնդումն անում եմ, քանի որ 2014թ.-ի սկզբին ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լրատվամիջոցների մասին մի ֆիլմ եմ նկարել եւ զրուցել եմ տեղացի լրագրողների հետ: Գրեթե բոլորը հակամարտության եւ բանակի հարցերում լրագրողի ինքնասահմանափակմանը վերաբերվում էին որպես բնական երեւույթի:

Ներկայացնում եմ հատվածներ ժամանակին արված հարցազրույցներից:

Վարդգես Բաղրյան, ԼՂՀ ԱԺ պատգամավոր

«Միշտ կողմ լինելով խոսքի ազատությանը` միաժամանակ գտնում եմ, որ առհասարակ լրագրողի մոտ նաեւ պիտի լինի այդ ներքին ցենզուրան: Ինքը պիտի իմանա, խոսքս կոնկրետ հիմնախնդրի (Ղարաբաղյան) մասին է, ինչ կարելի է ասել եւ ինչ չի կարելի ասել: Ինչը օգուտ կբերի եւ ինչը վնաս կբերի»:

«Իմ կարծիքով` կան բաներ, որ նույնիսկ մենք նկատում ենք բանակում, չպիտի բարձրաձայնենք, որովհետեւ սրա մասին լսում է նաեւ մեր հակառակորդը, եկեք մենք մեր ներսում ասենք»:

Լուսինե Ավանեսյան, Արցախի Հանրային հեռուստատեսության «Օրը» լրատվական ծրագրի լրագրող

«Եթե խոսքը սահմանի վերաբերյալ է, ապա այդտեղ լրագրողն ու քաղաքացին երեւի թե նույն դիրքում են»:

«Հատկապես, որ այս բոլոր նյութերը լինում են համացանցում, ապա ունես դու այդ գրաքննությունը, որովհետեւ մեր սյուժեներից ադրբեջանական կողմը հանում է այն, ինչ ձեռնտու է իրեն»:

«Այստեղ ադրբեջանական ալիքները նայում ենք ու մենք մեր կադրերը տեսնում ենք եթերում, մենք մեր ասածի հակընդդեմ մեկնաբանությունը տեսնում ենք: Այսինքն` նման նյութեր անելիս ինչ-որ տեղ մտածում ես, որ էնքան անթերի պետք է լինի, որ չկարողանան քո խոսքը քո հայրենիքի դեմ օգտագործել»:

Արա Վանյան, Արցախի Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ, «Դիտակետ» հաղորդաշարի հեղինակ

«Երեւի թե այդ ինքնասահմանափակման գործընթացը գոյություն ունի բոլորի մեջ, սակայն կոնկրետ այս աշխատանքը կատարելու ընթացքում դա գալիս հասնում է որոշակի աստիճանի, որովհետեւ արցախցի լրագրողը գործում է պատերազմական գոտուց ընդամենը 50, 40, 60 կմ այս կողմ, նա տեսնում է պատերազմի վերսկսման վտանգը ու այդ հոխորտացող թշնամուն դիմակայելու անհրաժեշտությունը, երբեք չի կարող մտածել իր աշխատանքի շնորհիվ այստեղ որեւէ ապակառուցողական գործընթաց առաջացնելուն նպաստել եւ կարծում եմ` դա ավելի շատ գալիս է ներքին մղումներից, քան որեւէ սահմանափակումներից»:

Սվետլանա Խաչատրյան, «Ազատ Արցախ»-ի լրագրող

«Եթե ասեմ խիստ սահմանափակումներ կան, ճիշտ չի լինի, պարզապես յուրաքանչյուրիս մեջ այդ սահմանափակումը նստած է՝ արդյո՞ք պետք է փակագծերը ամբողջությամբ բացել, արդյո՞ք պետք է ավելի սուր լինել, արդյո՞ք մենք դրանով չենք վտանգում, արդյո՞ք ամեն ինչ ճիշտ ասելը ավելի ճիշտ կլինի, թե որոշ չափով լեզուն սեղմելը: Վերեւից, ճիշտն ասած, ոչ մեկն էլ չի պարտադրում այդպես լինել»:

Տիգրան Գրիգորյան, քաղաքական վերլուծաբան

«Եթե օբյեկտիվ նայենք իրականությանը, պետք է նշենք, որ մեդիա դաշտ Ղարաբաղում գրեթե գոյություն չունի: Գոյություն ունեն պետական լրատվամիջոցներ` ի դեմս Արցախի պետական հեռուստատեսության, Արցախի պետական ռադիոյի, որոնք ավելի ճիշտ կլիներ անվանել պրոպագանդիստական մեքենաներ ինչ-որ կամ լրատվամիջոցներ»:

«Ինքնագրաքննությունը ոչ միայն լրագրողների մոտ է, այլ նաեւ սոցիալական ցանցերի օգտատերերի մոտ: Շատ դեպքերում վտանգ անգամ չկա, բայց մարդիկ մտածում են՝ էս գրեմ կարող է խնդիրներ ունենամ: Իրականում չեմ կարծում խնդիր ունենան: Կան մարդիկ, որ գրում են եւ խնդիրներ չեն ունենում»:

Գեղամ Բաղդասարյան «Անալիտիկոն» հանդեսի խմբագիր

«Գրոտեսկային վիճակ է ավելի շատ: Մեր ցանկացած պետական լրատվամիջոցի աշխատակցի եթե հարցնես ինչ-որ բան, անպայման կխոսի ինքնագրաքննության մասին, եւ ֆանտաստիկ նախադասություն են ասում, որ մարդ ուղղակի ուզում է գժվի: Ասում են` այո, խոսքի ազատություն, բայց խոսքի ազատությունը պի՞տի ունենա սահման: Ընդ որում` ոչ էնքան էությունն է այդ նախադասության, որքան հռետորությունը, որքան այն տոնը, որով արտաբերվում է այդ նախադասությունը: Սպառնալից: Եթե այդ պահին մեկը մատ թափ տա, միանգամայն համահունչ կլինի նախադասության բուն էությանը»:

Այս կարծիքները մեջբերելով չեմ պնդում, որ Հայաստանում Ադրբեջանի հետ հակամարտության հարցում լրատվամիջոցների ազատության սահմանափաման կողմնակիցներ չկան: Կան, եւ նրանք շատ են:

Ներկայացրածս պատկերը, թերեւս, այդպիսին է, քանի որ Արցախում իրոք հասարակություն է, որ ապրել է պատերազմը եւ ապրում է իրական արտաքին վտանգի պայմաններում:

Պրոյեկտե՞լ արցախյան լրատվամիջոցների փորձը Հայաստանում: Ես նման առաջարկին դեմ եմ: Քանի դեռ պատերազմ եւ օրենքով հաստատված գրաքննություն չկա, լռելու մասին կարծիքները անտեղին են:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *