Անվճար բուժօգնություն իշեմիկ կաթվածով հիվանդների համար

Անվճար բուժօգնություն իշեմիկ կաթվածով հիվանդների համար

Ի՞նչ է պատահել։

2019թ․ փետրվարի 1-ից գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների (ինսուլտ) թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունները դարձել են անվճար։

Բուժօգնությունը բոլո՞ր դեպքերում է անվճար։

Անվճար է, եթե քաղաքացու մոտ ախտորոշվում է «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված», գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 0-24 ժամերի ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը, և եթե քաղաքացին չունի թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումներ:

 
Ինչպե՞ս է տեղեկացվում քաղաքացին բուժօգնությունն անվճար է, թե ոչ։

Դա նշվում է իրազեկման թերթիկում, որը ներառում է տեղեկություն անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակների, առողջական վիճակի և հնարավոր բարդությունների մասին:

Իրազեկման թերթիկը տրամադրում է Կաթվածի համապարփակ կենտրոնը՝ զննում իրականացնելուց հետո:

Իրազեկման թերթիկը ստորագրելուց հետո անհապաղ սկսվում են բուժական միջամտությունները:

 
Քանի՞ կաթվածի համապարփակ կենտրոն կա։

Դրանք երկուսն են ` Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 1 հիվանդանոցը  և «Էրեբունի» բժշկական կենտրոնը։ 

 
Տարեկան քանի՞ քաղաքացու է հնարավոր անվճար ծառայություններ մատուցել և ինչքա՞ն գումար է նախատեսված այդ նպատակով։

Շուրջ 250 քաղաքացու է հնարավոր անվճար ծառայություններ մատուցել, ինչի համար նախատեսված է տարեկան 400 մլն դրամ։

 
Եթե պացիենտը անվճար է բուժում ստանում, հնարավո՞ր է, որ նրանից գումար պահանջեն և ո՞ր դեպքերում։

Եթե քաղաքացին ընդգրկվում է ծրագրում, ապա բոլոր հետազոտությունները և բուժական միջոցառումները` թրոմբոլիտիկ բուժումը և մեխանիկական թրոմբէկտոմիան անվճար են:

 
Ի՞նչ է մտնում անվճար բուժօգնության մեջ։

Անվճար բուժօգնության մեջ մտնում է․

  • հիվանդին հիվանդասենյակով ապահովելը,
  • մասնագիտացված խորհրդատվությունները,
  • լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, վիրահատությունները,
  • վիրահատական և ֆիքսող միջոցները,
  • բուժական միջամտությունները,
  • դեղերով ապահովումը,
  • թթվածնի և բժշկության մեջ կիրառվող այլ գազերի օգտագործումը,  ֆիզիոթերապևտիկ բուժումը,
  • հիվանդի խնամքի ապահովումը՝ միջին և կրտսեր բուժական անձնակազմի կողմից:
 
Հիվանդանոցից դուրս գրվելուց պացիենտը վճարո՞ւմ է հետագա հետազոտությունների համար, թե՞ ոչ։

Հետվիրահատական շրջանի որոշ ծառայություններ անվճար են:

Հետվիրահատական վերահսկումը անցկացնում է Կաթվածի համապարփակ կենտրոնի նյարդաբանը, որը մեկական անվճար զննում է անում պացիենտի դուրս գրման  1-ին, 6-րդ, 12-րդ ամիսներին:

Հսկողությունը ընդգրկում է.

  • կլինիկական զննում
  • մի շարք հետազոտություններ
  • դեղորայքային բուժման շտկում
  • ըստ ցուցումների՝ լոգոպեդի, վերականգնողական մասնագետի  խորհրդատվություն
  • ամբուլատոր բուժում