Առցանց լրատվությունն իրանահայ համայնքում այլընտրանք է ավանդական լրատվամիջոցներին

21.06.2012, Նյուսրում

Իրանի հայ համայնքում ավանդական լրատվամիջոցներին զուգահեռ վերջին տարիներին ակտիվ աշխատում են օնլայն լրատվական կայքերը:

70-80 հազար անդամ ունեցող համայնքում հայերենով  լրատվություն հաղորդող առաջին կայքը iranahayer.com-ն է եղել: Այն գործում է 2008թ.-ից: Ստեղծվել է Թեհրանում, սակայն այսօր գործում է Երեւանից: Պատճառն այն է, որ կայքի խմբագիր  Ռուբիկ Մինասյանը տեղափոխվել է Հայաստան: Սակայն Iranahayer.com-ը Թեհրանում էլ աշխատակից ունի:

Ըստ Ռուբիկ Մինասյանի Iranahayer.com-ը փորձում է համայնքային միակողմանի լրատվական դաշտում այլընտրանքային լրատվություն ապահովել:279

«Համայնքում, եթե ազգային իշխանությունները կուսակցության ձեռքում է, լրատվամիջոցներն էլ են իրենք ղեկավարում, ինչպես Թեհրանում է: Այս կայքը ստեղծվել է որպես այլընտրանք այդ լրատվամիջոցներին»,- ասում է խմբագիրը: 

Iranahayer.com-ին համայնքի ներոսում սկզբում կասկածամտորեն են վերաբերվել: «Կային մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք Հայաստանի հատուկ մարմինների կողմից ենք ֆինանսվավորվում, սակայն ժամանակի ընթացում այդ բոլոր խոսակցությունները փարատվեցին»,- նշում է Ռուբիկ Մինասյանը:

Լրատվական պարբերականը լուսաբանում է համայնքում եւ Հայաստանում տեղի ունեցող կարեւոր իրադարձություններն ու խնդիրները: Նյութերը մեծամասամբ պաշտոնական լուրեր են` ուղարկված Թեհրանի, Թավրիզի առաջնորդարաններից կամ անհատ անձանցից:

«Քանի որ համայնքում  հիմա աշխուժություն չկա, մենք այդքան էլ թղթակցի կարիք չենք զգում, բայց կա մեկը ով անհրաժեշտության դեպքում զբաղվում է նորությունների պատրաստմամբ»,- ասում է կայքի խմբագիրը:

«Իրանահայերի» համար Հայաստանյան լուրերը պատրաստել օգնում են oratert.com-ի (այս կայքը եւս շահագործում է Ռուբիկ Մինասյանը) թղթակիցները: Համայնքային լրատվամիջոցներից համագործակցություն կա «Արաքսի» եւ  «Հույս» շաբաթաթերթերի հետ:

Կայքում արտատպումները շատ են: «Մենք ծաղկաքաղ ենք անում այն լուրերը, ինչը որ համայնքին կհետաքրքրի եւ դնում ենք iranahayer.com-ի վրա»,- ասում է Մինասյանը:

Նորությունները ներկայումս միայն հայերենով են: Համայնքայինը`դասական ուղղագրությամբ, ոչ համայնքայինը` ժանակակակից: Կայքի պարսկերեն տարբերակը արգելափակվել է Իրանի պանթուրքիստների ճնշմամբ եւ Իրանից հասանելի չէ:

Իրանում խոսքի ազատության սահմանափակումները չեն ազդում կայքի գործուենության վրա, քանի որ iranahayer.com-ի ղեկավարի հավաստմամբ իրենք չեն անդրադառնում այնպիսի հարցերի, որոնք Իրանի պետության համար «կարմիր գծեր» կարող են լինել: «Իմաստ էլ չենք գտնում արծարծելու, քանի որ արծարծողներ արդեն կան: Եւ քանի որ հայերենով ենք եւ համայնքային ենք պետությունն այդքան հսկողություն խնդիր չունի»- հավելում է նա:

Իրնահայ հայանքի համար այլընտրանքային տեղեկատվություն ապահովող լրատվական մեկ այլ կայք է hamaynk.com-ը:

284«Մեր համայնքում լրատվությունը մեծ մասամբ միակողմանի էր, այսինքն` համայնքում տպագրվում էր միայն ՀՅԴ  «Ալիք» պաշտոնաթերթը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր, որ հնչեցվեին նաև այլ տեսակետներ: Անհրաժեշտ էր, որ մեր համայնքի անդամները ծանոթանային Հայաստանի անցուդարձին, ինչը հարկ էր, որ ներկայացվեր  ոչ կուսակցական  տեսանկյունից»,- ասում է կայքի պատասխանատու Ռուբիկ Սարդարյանը:

Hamaynk.com -ը նաեւ նպատակ ունի հայությանը վերաբերող  տարբեր հարցերի ու ցեղասպանության մասին տեղեկատվությամբ ապահովել պարսիկ և ադրբեջանցի հանրությանը, ինչպես նաեւ տարբեր երկրների պարսկախոս ընթերցողներին`հենց պարսկերեն լեզվով: Պարսկերեն բաժնի նյութերը բովանդակությամբ տարբերվում է հայերեն բաժնի նյութերից:

Քանի որ կայքը չունի հատուկ հովանավոր ու ծախսերը հիմնականում հոգում են կայքի համագործակիցները, այն չունի նաեւ հաստիքային աշխատողներ.

«Մեր կայքը սիրողական բնույթ ունի և մոտ 10 հոգի անվճար ձևով համագործակցում են: Ունենք նաև համակիրներ կամ կայքի բարեկամներ, որոնք երբեմն իրենց տարբեր նյութերով օժանդակում են կայքին: Հայաստանում նաև ունենք որոշ ընկերներ, որոնք տարբեր նյութեր են տրամադրում»,- ասում է hamaynk.com-ի պատասխանատուն:

Իրանահայ համայնքում լրատվություն պատրաստելիս եւ հաղորդելիս պետք է հաշվի առնել մի շարք առանձնահատկություններ: Դրանք են՝ տարբեր մտածելակերպ եւ տարբեր գաղափարներ ունեցող հայ ակտիվիստների եւ տարատեսակ միությունների գոյությունը, Իրանում ապրող ավելի քան 20 միլիոն իրանցի ադրբեջանցիների առկայությունը եւ կրոնի տարբերությունն ու իսլամի հանդեպ հարգալից վերաբերմունքի անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության շահերի գիտակցումն ու պաշտպանումը:

«Ամերիկյան, եվրոպական երկրների հակաիրանական ոչ օբեյկտիվ ու անարդար քաղաքականության քննադատումը եւ Սփյուռքից հայրենիքին թիկունք կանգնելու և հովանավորելու քաղաքականությունը եւս առանձնահատկություններից մեկն է»,- ասում է Ռուբիկ Սարդարյանը:

Hamaynk.com-ում եւս հայաստանյան լրատվամիջոցներից արտատպումները շատ են: Ռուբիկ Սարդարյանն ասում է, որ անիմաստ են համարում հայաստանյան ու համահայկական իրադարձությունների համար հատուկ թղթակիցներ կամ աշխատողներ ունենալը: Բացի դրանից, այդքան ֆինանսական կարողություններ էլ չունեն:

«Սակայն մեր ուշադրության կենտրոնում են իրանահայ համայնքի հարցերը, որոնք մեծ մասամբ լուսաբանում ենք  մեր ուժերով, դրանց մասին  ինքնուրույն նյութեր են գրվում»- ասում է կայքի պատասխանատուն:

Իրանում գործելով հանդերձ կայքը խոսքի ազատության սահմանափակման որեւէ խոչընդոտների չի հանդիպում, քանի որ բացառապես արծարծում է իրանահայ համայնքին վերաբերող թեմաներ:

Նվարդ Հովհաննիսյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?