Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը 2013թ.-ին՝ 45.35%

09.10.2014, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Դեռ 2013թ.-ի հունվարին Հայաստանի կառավարությունը հաստատել էր Հայաստանում ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի մեթոդիկան: Դիմեցի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ այնտեղից ստացա նոր մեթոդիկայով հաշվարկված տվյալները:

«Համաձայն ՀՀ կառավարության 2013թ. «Ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի» մեթոդիկայի, ինտերնետից օգտվողների թիվը, ըստ բնակչության թվաքանակի, կազմել է՝ 2011 թվականին՝ 32%, 2012 թվականին՝ 40,49%, 2013 թվականին՝ 45.35%»,- ասվում է հանձնաժողովից ստացված պատասխանում:

Այսպիսով ստացվում է, որ Հայաստանում ինտերնետից օգտվողների վերաբերյալ ամենաթարմ տվյալը 2013թ.-ինն է եւ ըստ դրա ինտերնետից օգտվում է բնակչության 45.35%-ը:



Նոր մեթոդիկան, փաստորեն, բացասական է անդրադարձել Հայաստանում ինտերնետից օգտվողների ցուցանիշների վրա: Նույն  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների համաձայն 2011թ.-ի դեկտեմբերին Հայաստանում բնակչության 60.6%-ն օգտվել է ինտերնետից:

Տոկոսները նվազել են եւ այստեղ, հնարավոր է, իր դերն է խաղացել հաշվարկի նոր մեթոդիկան, որի համաձայն, օրինակ, ինտերնետ օգտվողների տարիքային խումբը 15-ից 74 տարեկաններն են:

45.35% թիվը ճիշտ ընկալելու համար նշեմ, որ սա Հայաստանից ինտերնետին միացած սարքերի (համակարգիչների, թաբլեթների, սմարթֆոնների, հեռախոսների, այփոդների եւ այլնի) քանակը չէ: Այն ինտերնետից օգտվող մարդկանց տոկոսն է: Հաշվարկվում է Ազգային վիճակագրական ծառայության, Տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համատեղ ուժերով:

Առանց մեկնաբանության ներկայացնեմ եւս մի քանի տվյալ, որ ստացել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

Ինտերնետից օգտվողների թվից լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը, ըստ բնակչության թվաքանակի, 2013թ.-ին կազմել է 45.2%, այդ թվում շարժական 3G տեխնոլոգիայով 1 միլիոն 166 հազար 342.

Գեղամ Վարդանյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?