Ցանցում ամեն ինչ պատրաստ է մամուլի համար

11.11.2011, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Հայկական ցանցն աճում է: Քանակն արդեն իսկ ակնհայտ որակային փոփոխություններ է կրում մեդիա-դաշտում:

Ցանցից օգտվողների թվի աճը արդեն հասել է նրան, որ ինտերնետը դարձել է շուկա՝ իր բոլոր պարագաներով։ Նմանապես կարելի է ասել, որ ցանցային մամուլի համար  տնտեսապես անկախ եւ ազդեցիկ ԶԼՄ-ների ստեղծման ներուժ է ձեւավորվել (կստացվի, թե ոչ, սա ավելի շատ պայմանավորված կլինի հասարակական-քաղաքական պատճառներով, քան զուտ ցանցի զարգացումներով):

Համացանցի սրընթաց աճը կարելի է տեսնել նաեւ թվաբանորեն:

Անդրադառնանք օրերս դուրս եկած հերթական «Ինտերնետը Հայաստանում» զեկույցի հունիս–սեպտեմբեր 2011 համարին, որը պատրաստվում է Circle.am ռեյթինգային համակարգի եւ B24 լրատվական կայքի կողմից:

Ըստ զեկույցի՝ 2011թ.-ի սեպտեմբերի տվյալների համեմատությունը նույն տարվա մայիսի տվյալների հետ ցույց է տալիս, որ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանից այցելությունների քանակն աճել է 47.34%-ով: Միևնույն ժամանակ 2010թ.-ի սեպտեմբերի տվյալների համեմատ` Հայաստանից այցելությունների քանակն աճել է մոտ 3 անգամ: Եթե 2010թ.-ի սեպտեմբեր ամսին Հայաստանից այցելություններին բաժին էր ընկնում այցելությունների ընդհանուր թվի 45.8%-ը, ապա այս տարվա սեպտեմբերին սույն ցուցանիշը կազմել է 57.51%: 2011թ.-ի մայիս ամսին այս ցուցանիշը կազում էր 50.97%:

Արդեն կարելի է նաեւ Հայաստանի ընդհանուր ինտերնետ կապի կտրուկ աճ արձանագրել: Ըստ GNC-ALFA գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի զեկույցի, որը նա արել է ԱրմԹեք Կոնգրես-2011-ի ժամանակ, Հայաստանի ընդհանուր կապուղիների հզորությունը 2010 թվականի վերջին եռամսյակից մինչեւ սույն թվականի դեկտեմբերը (նախնական կանխատեսումներով) 8Gb/s-ց աճել է մինչեւ 18Gb/s։

Նման զարգացումները ոչ միայն ցանցային մամուլի զարգացման համար են ստեղծում բոլոր հնարավորությունները։ Մենք այդ փուլն արդեն որոշ չափով անցել ենք։ Հիմա հարցն այն է, թե ցանցը հասարակության վրա իր ազդեցությամբ որքանով կկարողանա հասնել կամ նույնիսկ գերազանցել հեռուստատեսության ազդեցությանը: 

Արդեն հարց է ծագում, թե որքանո՞վ են տարբերվում հեռուստատեսության եւ ցանցի լսարանները։ Ըստ ռեյթինգների՝ հեռուստացույցով ամենադիտվողները ոչ լրատվական հաղորդումներն են՝ հիմնականում՝ սերիալները։ Հայկական ցանցում ամեն ինչ հակառակն է՝ ամենաայցելվող կայքերը լրատվականներն են (պարզ է, որ սա վերաբերում է հենց հայկական կայքերին)։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?