2017.04.14,

Նյուսրում

Լրատվական միջավայրը Հայաստանում բնութագրվել է որպես սահմանափակ շուկա

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Հայաստանում գործում են բազմաթիվ լրատվամիջոցներ, սակայն լրատվական միջավայրը բնութագրվում է որպես սահմանափակ և քաղաքական առնչություն ունեցող գովազդային շուկա, որը հնարավորություն է տալիս գործելու միայն մի քանի ինքնաբավ լրատվամիջոցի»,- ասված է ապրիլի 2 -ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցում, որը հրապարակել է Ընտրությունների միջազգային դիտարկման առաքելությունը (ՄԸԴԱ):

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենը media.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հրապարակել են նախնական եզրակացությունները՝ փորձելով գնահատել ընտրությունները տարբեր տեսանկյուններից: Ամենակարևորը նա համարում է այն միջավայրը, որտեղ տեղի են ունեցել ընտրությունները:

Անդրադառնալով այս տարվա զեկույցի ընդգծված քննադատական տոնայնությանը, դեսպան Յան Պետերսենն ասաց, որ իրենք ոչ մի պարագայում չեն համեմատում տարբեր տարիների ընտրությունների ընթացքը կամ տարբեր երկրների փորձը:

«Մենք կարևորում ենք միայն այն, ինչը հենց հիմա ենք տեսնում: Զեկույց գրելու տարբեր մոտեցումներ կան, մենք ընտրեցինք այս ձևաչափը»,- ասաց նա:

Եվ ավելացրեց, որ հիմա զեկույցի տեքստի «պատշաճ ընկալման» ժամանակն է, քանի որ այն երկարատև և մանրակրկիտ աշխատանքի արդյունք է:

14 փորձագետները, 28 երկարաժամկետ ու 250 կարճաժամկետ դիտորդները՝ ընտրությունների ընթացքը գնահատելու համար տեղակայվել են Հայաստանի ողջ տարածքով  և եզրակացություններ արել ոչ միայն քվեարկության բուն գործընթացի, այլև դրան նպաստող կամ խոչընդոտող հանգամանքների մասին:

Յան Պետերսենը ընդգծում է, որ իրենք մշտադիտարկել են ոչ միայն ընտրությունների  լուսաբանումն ու բուն քվեարկության օրը, այլ այն մեդիա միջավայրը, որտեղ և տեղի են ունենում ընտրությունները: Դա է մոնիթորինգի մեթոդաբանությունը:

Իսկ թե ինչպես դիտորդների հանձնարարականները կազդեն հայաստանցիների կյանքի վրա, պետք է որոշեն տարբեր ինստիտուցիաներն ու հանրությունը:

«Մենք ընտրությունների ոստիկաններ չենք: Իրավասու չենք օրինականացնելու կամ չօրինակացնելու ընտրությունները: Մենք միայն գնահատում ենք դրանք տեղական չափանիշների ու միջազգային լավագույն փորձի համաձայն: Եվ հետո էջ առ էջ, կետ առ կետ դիտարկում ենք ընտրությունների տարբեր կողմերը: Ի վերջո, հաշվետվություն ենք կազմում այն մասին, ինչը տեսնում ենք»:

Զեկույցում առանձին գլուխ է հատկացված լրատվամիջոցների ու ընդհանուր մեդիա միջավայրի վերլուծությանը: Մասնավորապես, հրատապ է համարվել մեդիա սեփականատերերի թափանցիկության հարցը:

Դիտորդները հիմնվելով լրագրողների ու մեդիա փորձագետների հաղորդագրությունների վրա՝ եզրակացրել են, որ «խոշոր մասնավոր հեռուստատեսությունները ֆինանսավորվում են գործարարների կողմից՝ իրենց քաղաքական կամ առևտրային շահերը գովազդելու համար և հաճախ ընկալվում են որպես կառավարության հետ փոխկապակցված»:

Ինչն էլ թույլ է տալիս պնդել, որ «լրատվամիջոցների իրական սեփականատերերի մասին տեղեկատվությունը թափանցիկ չէ», իսկ Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքը չի պահանջում, որ բացահայտվեն լրատվամիջոցների վերջնական և շահառու սեփականատերերը:

Նաև այդ պատճառով է ՄԸԴԱ-ն եզրակացրել, որ լրատվամիջոցների սեփականատերերի միջամտությունը «հանգեցնում է ինքնագրաքննության և ապաքաջալերում է կառավարության քննադատական լուսաբանումը, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությամբ»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական առաքելություն իրականացնող լրատվական հարցերով վերլուծաբան Էլմա Շեխալիչը media.am-ին ասաց.

«Իհարկե, կարևոր է հաշվարկել մեդիա սեփականատերերի խնդրի հնարավոր էֆեկտը, քանի որ քաղաքական բազմակարծությունը տեղեկատվության հիմնական աղբյուրն է»:

Դիտորդական առաքելությունը հետևել է եթերային մատուցմանը ու նշել, որ հանրային հետաքրքրություն առաջացնող թեմաները (օրինակ, դպրոցների տնօրենների հավաքած ցուցակների հետ կապված բողոքի ալիքը) Հ1-ի եթերում չեն հայտնվել:

Զեկույցում տեղ է գտել լրագրողների այն պնդումը, որ բռնության դեպքերը և դրանց անբավարար հետաքննությունը խաթարում է լրագրողների  անվտանգությունը և խոչընդոտում  նրանց աշխատանքը:

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը կոչ է արել պաշտպանել լրագրողների իրավունքները և իրականացնել լրագրողների մասնակցությամբ միջադեպերի խորը հետաքննություն:

Զեկույցում նշվում է, որ հիմնական հեռուստաալիքներով, այդ թվում՝ Հանրային, մասնակիցների բանավեճեր չեն հեռարձակվել, ինչը կարող էր մեծացնել ընտրողների՝ նախընտրական ծրագրերը համեմատելու հնարավորությունը, իսկ «ընդդիմադիր կուսակցություններին հնարավորություն կընձեռեր մարտահրավեր նետելու իշխող կուսակցությանը ուղղակիորեն հանրային կերպով»:

«Վստահ չեմ, որ կարող եմ մեդիայի ազդեցության չափման բոլոր բաղադրիչները նշել, բայց մենք կարողացանք իդենտիֆիկացնել այն բաղադրիչները, որոնք ազդում են ընտրությունների վրա»,- ասաց Յան Պետերսենը:

Նաև ավելացրեց. «Մենք բախվեցինք մեկ այլ լուրջ խնդրի հետ. կային բողոքներ ու մտահոգություններ, բայց ապացույցների ու փաստերի պակաս էր նկատվում: Շատ մարդիկ խոսում էին, բայց պատրաստ չէին ապացույցներ ներկայացնելու»:

ՄԸԴԱ-ն  փետրվարի 24-ից մարտի 31-ը մշտադիտարկել է հանրային «Առաջին ալիքը», մասնավոր «Արմենիա», «Կենտրոն», «Շանթ» և «Երկիր մեդիա» հեռուստատեսություններն ու երեք առցանց լրատվամիջոցները՝ aravot.am-ը, armtimes.com-ը և hetq.am-ը:

Մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ լրատվական լուսաբանման 98%-ը եղել է չեզոք կամ դրական տոնայնությամբ: Այդուհանդերձ, զգացվել է «հեռուստատեսությունների հստակ կողմնակալությունը ի օգուտ այդ հեռուստատեսությունների վերաբերյալ հանրային ընկալման մեջ եղած կուսակցական առնչությունների»:

Իսկ ամենամեծ լսարանն ունեցող «Արմենիա», «Շանթ» և «Առաջին ալիք» հեռուստաալիքներով ամենադիտվող եթերաժամերի հեռարձակումներում գերակայել են ժամանցային հաղորդումները:

Զեկույցում ասվում է, որ առցանց լրատվական աղբյուրների նկատմամբ չկա միջամտություն, ինչը նպաստում է մեդիայում բազմակարծությանը և քննադատական լուսաբանման աճին, իսկ խորքային և հետաքննական լրագրության հնարավորություն ունեն որոշ առցանց լրատվամիջոցներ, որոնք ֆինանսավորվում են միջազգային դոնորների կողմից (oրինակ՝ Civilnet.am, Hetq.am և Ազատություն ռադիոկայան):

Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանրային և մասնավոր հեռուստատեսություններով և ռադիոյով հեռարձակվող լրատվական ծրագրերը պետք է տրամադրեն «անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն» թեկնածուների քարոզարշավների վերաբերյալ:

Բայց ըստ զեկույցի՝ այս դրույթը անորոշ է և չի հստակեցվել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից: Շատ հեռուստետսային լրագրողներ մեկնաբանում են այս դրույթը որպես յուրաքանչյուր հաղորդման շրջանակներում յուրաքանչյուր մասնակցին քարոզարշավի հավասար քանակությամբ լուսաբանման պարտավորություն: ՀՌԱՀ-ը չի տրամադրում որևէ ուղեցույց, այն մասին, թե ինչպես գնահատել լուսաբանման անհավասարությունը:

Եվ չնայած ՀՌԱՀ-ի ներկայացրած զեկույցը ցույց է տալիս մասնակիցների լուսաբանման անհավասար քանակը, ՀՌԱՀ-ի կողմից որևէ խախտում չի արձանագրվել:

Երկու ամսվա ընթացքում ՄԴԸԱ-ն կհրապարակի հայաստանյան ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցը: Այն նաև կպարունակի գործնական հանձնարարականներ մեդիա ոլորտի վերաբերյալ:

«Իհարկե, մենք բոլորս էլ մեր սեփական կարծիքն ունենք լուծումների մասին, բայց դուք ինքներդ պետք է որոշեք, թե ինչպես մեր հանձնարականներից կարող են լինել արդյունավետ ձեր երկրում, քանի որ դուք եք մասնագետները»,- ասում է Էլմա Շեխալիչը:

Նա դիմում է լրագրողներին՝ հորդորելով նրանց ավելի մանրակրիտ կարդալ զեկույցի տեքստը. «Կուզեի, որ լրագրողներն ավելի ուշադիր կարդային զեկույցի ամբողջ բովանդակությունը, ոչ միայն քոփի-փեյսթ անեին միայն մամլո հաղորդագրությունը կամ մեջբերեին ընդամենը մի քանի նախադասություն: Հարգելով իմ գործընկերներ քննադատական լրագրողներին, այսուամենայնիվ, պիտի ասեն, որ միշտ չէ, որ նրանք լավ պատրաստված են ու ունակ կարդալ ամբողջ զեկույցը: Հաճախ նրանք փնտրում են ազդեցիկ վերնագրեր (ինչը որոշ կերպով հասկանալի է), բայց դա չի արտացոլում այն, ինչը մենք իրականում արել ենք՝ փորձելով խորքային դիտարկել իրավիճակը»:

Յան Պետերսենն էլ հիշեցնում է, որ ցանկացած երկրի զարգացման նախապայմաններից է քննադատական լրագրությունը:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *