2020.02.11,

Քննադատ

Որդեգրումների թեմայով տեղեկատվական պակասը լրացնում են «Հայոց մայրերը»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Ապօրինի որդեգրումների թեմայով լրագրողական նյութերի զգալի մասում տեղեկատվական աղբյուրը «Հայոց մայրեր» ֆեյսբուքյան խումբն է: Այն ստեղծվել է մոտ երեք ամիս առաջ և ունի 500 ակտիվ անդամ:

Խումբն ակտիվացել է ապօրինի որդեգրումների թեմայով քրեական գործի հարուցումից հետո: «Հայոց մայրեր»-ի աշխատանքը սոցիալական ցանցում և դրանից դուրս կոորդինացնում է անցած տարի Հանրապետական հիվանդանոցում ծննդաբերության ժամանակ իր երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանը:

Հայկուհին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց ֆեյսբուքյան գրառումից հետո, երբ հայտարարեց, որ իր հղիությունն ընթացել է առանց բարդությունների, և իր համար պարզ չէ, թե ինչու երեխան մահացած ծնվեց, և ինքն էլ չկարողացավ տեսնել նրա մարմինը: Նա կասկածներ հայտնեց, որ երեխան ողջ է: 

Դեպքը դարձավ առիթ կասկածելու, որ նման պատմություններ էլի կան: 

Որդեկորույս մայրերը ինքնակազմակերպվեցին, տարածեցին սեփական պատմություններն ու արդարություն պահանջեցին։

«Հայոց մայրեր» խումբը կարողացավ լրատվամիջոցների ուշադրությունը գրավել տարբեր կանանց նմանատիպ պատմություններով, բողոքի ակցիաներով, ասուլիսներով:

Հայկուհուն հրավիրեցին Հանրային հեռուստաընկերություն, լուրերի տաղավարում նա ու ևս երկու մայրեր պատմեցին իրենց հետ տեղի ունեցածը: Այս թեման մտավ ցանկացած բնակավայր ու ընտանիք, տակնուվրա արեց նրանց ապրումները, ովքեր տարբեր ժամանակներում երեխաներ էին կորցրել հատկապես այն բուժական հաստատությունում, որի տնօրենին հետագայում ոստիկանությանը մեղադրանք առաջադրեց ապօրինի որդեգրումների գործով: 

Մայրերը դատական նիստերի ժամանակ դուրս են գալիս փողոց և պահաջում կալանավորել Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, որպեսզի հետագայում կարողանան իմանալ որտեղ են իրենց երեխաներն ապրում:

Գործնականում բոլոր լրատվամիջոցները հետևում են Հայկուհի Խաչատրյանի կողմից համակարգվող «Հայոց մայրեր» շարժման բողոքի ակցիաներին, խմբում և նույնանուն ֆեյսբուքյան էջում գտնում են «տուժած» մայրերի, խոսում նրանց ու հարազատների հետ:

Մայրերը խմբում պատմում են տարբեր տարիների դեպքեր, նկարագրում մանրամասներ, թե ինչ հանգամանքներում են կատարվել դեպքերը, ովքեր են տուժել:

Տեղադրում են ցուցակներ իրենց երեխաների անուններով, որոնց չեն տեսել ծննդաբերությունից հետո, որպեսզի համատեղ ջանքերով գտնեն ենթադրյալ որդեգրողներին և այլն:

«Շամշադինի Բերդ քաղաքում 1995թ. հունվարի 16-ին ծնված տղա երեխան գտել է իր կենսաբանական ծնողներին։ Ցավոք սրտի, հայրը մահացել է, իսկ մայրիկի հետ վաղը հանդիպում է լինելու»,- սա խմբում քննարկված լուրերից մեկն է։ 

Խմբի անդամները սա ներկայացրեցին որպես հաջողության պատմություն:

Թեև պատմությունները հուզիչ են ու հետաքրքիր լսարանին, այնուամենայնիվ, դրանցից շատերը այդքան էլ համոզիչ չեն, ունեն ստուգման և հիմնավորման կարիք: Չկան հետաքննություններ կամ փաստաթղթեր, որոնք նյութերի մեջ կարող են հավասարակշռել հույզերը:

Կարևորելով ոչ այնքան փաստերը, այլ հույզերը, մեդիան ընդամենը մեծացնում է խնդրի հնչեղությունը: Գրում պատմություններ իբրև թե գտնված երեխաների մասին, որոնց խաբեությամբ խլել են իրենց ծնողներից, վաճառել և ապօրինի որդեգրել:

Ավելին, Սպուտնիկ Արմենիայի լրագրողը նման մի պատմություն ներկայացնելիս, հղում արեց մայրերից մեկին, գրելով, որ ապօրինի որդեգրված շատ երեխաներ հետ են վերադարձել Հայաստան։

Լրագրողը գրում է՝ առաջարկել են ամուսիններին ԴՆԹ քննություն անցնել, առանց երկար-բարակ մտածելու Ալինան ու ամուսինը համաձայնվել են: Այս կարևոր տեղեկությունը, որը պատմության իրական լինելու բանալին կարող էր դառնալ, մեկնաբանման, բացատրության կարիք ուներ: 

Մայրը պատմում է, որ իրենց երեխան Բելգիայից Հայաստան է բերվել և հիմա սպասում են՝ թղթաբանական բոլոր հարցերը լուծվեն, որ բալիկը տուն վերադառնա՝ իր ընտանիքի մոտ, որից խլվել, գողացվել էր յոթ տարի առաջ։

Քննչական կոմիտեն հետագայում հերքեց Հայաստան երեխաների վերադարձի և ԴՆԹ քննության մասին տեղեկությունները: Հերքումը որոշակիորեն մեղմեց հանրային լարվածությունը:

Որդեկորույս մայրերի մեջ ամենօրյա ռեժիմով հույս է ներարկվում, որ նրանց երեխաները, հնարավոր է, ողջ են և ապրում են աշխարհի որևէ հատվածում, օտար ընտանիքում։

Նման իրավիճակում, երբ թեման զգայուն է և պետությունն էլ ծայրաստիճան զգուշավոր, դժվար թե հույզերի տարափը օգտակար լինի:

Հատկապես այն դեպքերում, երբ խոսքը մանկավաճառության կասկածի ու մահվան փաստի մասին է: Մահը միակ անհերքելին է, որի հետ երեխա կորցրած մայրը երբեք չի համակերպվի: Ու դրա վրա էլ մեդիան հաճախ կառուցում է իր նյութերը: 

Հանրային հեռուստատեսության այս ռեպորտաժը որոշեց գնալ այլ ճանապարհով: Այն հերոս ընտրեց ոչ թե երեխա փնտրող մորը, այլ մայր փնտրող երեխային, որը վստահ է, որ խաբված է ու վաճառված մանկատնից:

Մինչ բուն ռեպորտաժի ցուցադրումը լուրերի թողարկման վարողը արդեն առաջին իսկ նախադասությամբ ասում է, որ 11 տարեկանից աղջիկը փնտրել է ծնողներին ու վստահ է, որ իրեն վաճառել-գնել են 1991-ին՝ 1000 դոլարով: 

Այս ռեպորտաժը, որը անվանել են «Մի վաճառված նորածնի պատմություն», կարողացել է կասկածը ներկայացնել որպես գրեթե անվիճելի փաստ, հիմք ընդունելով երիտասարդ աղջկա պնդումը, թե իրեն գնել են ծննդատնից: 

Ռեպորտաժում խոսք է տրվում նաև Հայկուհի Խաչատրյանին, որն ասում է, թե «շիրիմները խոսել գիտեն»: Այլ բան նա չի ասում, և պարզ չէ, թե ինչու է Հանրային հեռուստատեսությունը հենց այդ խոսքերը մեջբերել: Եվ ինչու չի հայտնել հանցագործության մասին (ռեպորտաժում կա բժշկի անուն ու նրան մեղադրող լրագրողական դիտարկում):

«Մայրիկին հուսահատ փնտրող» այս աղջկա պատմությունը ավարտվում է այսպես. «Նրա երազանքն է պատժել բոլոր նրանց, ովքեր բաժանել են իրեն մորից և թեկուզ ուշացած՝ գրկել մորը»:

Փաստերի պակասը լրատվամիջոցին կարծես թե չի հուզում:

Ապօրինի որդեգրումների կծիկը սկսել է բացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, գործը քննության փուլում է և ավելորդ ուռճացումը ոչ թե օգնում է խնդրի շուտափույթ և բազմակողմանի բացահայտմանն, այլ առաջ բերում անկարևոր աղմուկ, ապատեղեկատվություն, կեղծ պատմություններ անհավատալի սցենարներով:

Մայրերն իրենց ֆեյսբուքյան խմբում իսկական պարտերազմ են սկսել իրավապահ մարմինների դեմ: Ասում են՝ մեր բացահայտած դեպքերը ձեզ մի վերագրեք: 

Նրանք չեն վստահում արդար քննությանը, ցույցեր են անում և պահանջներ ներկայացնում:

Որդեգրումների թեմային հետևողները առնվազն մի քանի հարցի պատասխան են փնտրում, որոնք կարող են օգնել գտնել լրատվամիջոցները: 

Ո՞րն է «Հայոց մայրեր» շարժման նպատակը, ովքե՞ր են խմբի անդամները, ինչու՞ հենց այս շրջանում ակտիվացան, ինչպե՞ս և ովքե՞ր են օգնում մոբիլիզացնել և հայտնաբերել որդեգրումից տուժածներին և նրանց համար հանդիպումներ կազմակերպել, ինչու՞ խումբը չի վստահում պետությանն ու իրավապահ մարմիններին: 

Ի վերջո, պետությունն է առաջինն ահազանգել խնդրի մասին և նախաձեռնել քրեական գործի հարուցումը:

Անվիճելի է, որ պետական համակարգը թեմային արձագանքում է դանդաղ և զգուշավոր, արդյունքում որդեգրումների հանդեպ հետաքրքրությունն ավելի է մեծանում:

Եվ ավելի հեշտությամբ են արտատպվում սոցիալական ցանցերի գրառումները, ցուցադրվում բողոքի ակցիաներից ուղիղ միացումները, քան գործի ընթացքի մասին հարցեր ուղղվում իրավապահ կառույցներին: 

Առաջացած տեղեկատվական պակասը լցվում է փաստերից զուրկ լուրերով, մինչդեռ գործի քննության և բացահայտման պատասխանատու կառույցները, հաշվի առնելով խնդրի մասշտաբն ու հանրային հետաքրքրությունը, կարող էին ժամանակ առ ժամանակ շփվել հասարակության հետ ու տեղեկացնել քրեական գործի ընթացքի նոր մանրամասների մասին։ 

Եվ կարևորը, ներշնչել վստահություն, որ քննությունն ընթանում է արդար, համակողմանի և թափանցիկ: Ցույց տալ, որ պատրաստ են բաց լինել, լսել և ընդունել մայրերի ներկայացրած տարբեր փաստեր ու փաստաթղթեր:

Զգացվում է, որ կա պակաս իրավաբանական խոսքի, խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների տեսակետների: 

Հուզական արձագանքներն ամենից լավ հակակշռվում են իրավաբանական բացատրություններով: Եվ հաստատ, ոչ լռությամբ:

Լռությունն ու ստվերում գործելու նախկինում ընդունված մշակույթը ստեղծում է պարարտ հող, որտեղ չստուգված լուրեր են տարածվում և բորբոքում լսարանը:

 Գայանե Ասրյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *