2019.12.23,

vox populi

Ես՝ էկրանի այս ու այն կողմում

Աշխարհը քո ձեռքում է, հա, հա․․․ հեռախոս ունե՞ս, ինտերնետ ունե՞ս: Դե, որ այդքանն ունես, սոցկայք էլ կունենաս, վիրտուալ կյանք էլ կունենաս ամոթ է՝ չունենաս։

Վիրտուալ կյանք․․․ ինչ հռետորական է հնչում։ Վիրտուալ կյանքը սուտասան է, չէ, դա խաբուսիկը չէ, դա հենց սուտասանն է այս կյանքը մենք ենք ստեղծում, այս կյանքում մենք ենք խաբում, թե խաղում․․․ Չէ, խոսքը ձեր իմացած խաղերի մասին չէ, այլ մեր իրական կյանքը՝ վիրտուալում խմբագրված բեմադրելու։ 

Քանի անգամ եմ լսել, որ վիրտուալ դաշտում մարդն ավելի հետաքրքիր է,  քան իրականում, զգում եք՝ ուր հասանք․․․մարդը, իրականը, շնչավորը դիմացդ կանգնած դառնում է դատարկ տարածություն, նա քեզ հետաքրիր չէ, ուզում ես ճամփել նրան տուն գնա էլի, միացրու ինտերնետդ, էնտեղ ֆոնը փոխած նկարով մի տեսակ լավիկն ես, առանց էմոջիների հումորներդ անհամ են, գնա տուն, գնա խոսենք։ 

Այս ապրված զգացումները գրելուց ծիծաղս գալիս է, մեծերը կարդալիս կասեն՝ իսկ լացդ չի՞ գալիս։ 

Անձնական փորձից լավ ուսուցիչ կա՞: Չկա։ Մի քիչ «խայտառակվում ես»՝ գոնե ինքդ քո աչքում տարիներ հետո հիշելիս, բայց լավ ես հասկանում, չնայած խիստ կասկածում եմ, որ այնքան «խելոք» լինենք միանգամից հասկանանք, ես, օրինակ, մի քանի անգամից եմ հասկանում, իսկ դու ընդունա՞կ ես։ 

Այ, օրինակ, երբ  15-16 տարեկանում անձնական կյանք չունես էլ, վիրտուալ տիրույթում կիսվում ես սիրո մասին ամեն ինչով, կարծես այսպես ես ուզում ռեալիզացնել պակասը։ Հետո երբ մեծանում ես, ու էլի անձնական կյանք չունես, գրում ու կիսվում ես ազատ, մեր պարագայում «ազաբ» կյանքի մասին, կարծես այդպես արդարանալով ինքդ քո ու մյուսների առաջ։ 

Իսկ նկատե՞լ եք, որ նոր ամուսնացած աղջիկները փոքրիկների նկարներով են կիսվում, ինձ երբեմն թվում է, թե արագիլը ավելի շուտ իրենց ֆեյսբուքյան պատին է լուրը բերում։ 

Պարզ հարց է առաջանում՝ ու՞մ է պետք այս ամենը, դե հռետորական հարցերը օդ նետենք, թող բռնեն, օրինակ․․․բրիտանացի գիտնականները, բացատրեք խելոքնե՛ր, իսկ մենք առաջ գնանք։

Ես որպես ուսանող, առաջին քայլերն արած ու դեռ անող լրագրող, վիրտուալ դաշտում «ի պաշտոնե» հայտնվելիս մի պարադոքս եմ նկատել («ի պաշտոնե»-ն վերամբարձ էր մի քիչ, դե, ռեպորտաժներս տարածվում են վիրտուալ հարթակում). իրական-անիրականի սահմաններում փոխվում եմ, չգիտեմ, ինչ դիպվածով, բայց հասկացել եմ ու հասկացրել են 

 – Վայ Ձեզ նման չէք,- ռեպորտաժներումս ինձ հանդիպելով՝ ասում են աշակերտներս։

Ես տխրում եմ։ Ինչու՞ նման չեմ, ի տարբերությսւն շատ լրագրողների՝ ինձ հետ չեն աշխատում դիմահարդարներ, լույսերը հատուկ վրաս չեն ընկնում, բավարարվում ենք եղած լույսով ու օպերատորի «քթի ծակով»: Անկեղծ ասած, սիրում եմ, որ մի քիչ էլ «քթի մազ են» լինում, տանջում են, բայց արդյունք կա։ 

Լավ այդ դեպքում վիրտուալ ինքնությունս ինչու՞ է տարբեր, ինչու՞ են ասում, որ իրական կյանքում ինքս ինձ նման չեմ։ Սկսում եմ նայել ռեպորտաժներս տեսնենք-տեսնենք։ Մինչ տեսնելը մի բան ասեմ խնդիրը քո սանրվածքն ու շրթներկի գույնը չէ, խնդիրը ներքին աուրան է, որ մեկ-մեկ սխալ է արտահայտվում, այլ հարց է՝ դժբախտաբար, թե՞ բարեբախտաբար։

Այ, օրինակ, այս մեկը։ Ռեպորտաժ պետք է պատրաստեմ, հյուրս տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանն է։ Հարցազրույցը մի քիչ «էկզոտիկ է», թիմով ենք գնում, ես եմ խոսել, պայմանավորվել, ես պատրաստ եմ առաջին մարտահրավերին, ընկերներս՝ ոչ։ Մի քիչ պատրաստ չեն, մեղմ ասած։ Գնացինք, խոսեցինք, նկարվեցինք, եկանք։ Նայում եմ ռեպորտաժը։ Առաջին արձագանքը շրջապատից՝  ինչու՞ էիր էդքան վախեցած նստել։ 

Այ քեզ բան ես էլ եմ նայում։ Կուչ եկած, վախեցած, անվստահ սա ե՞ս եմ։ Ախր ես վստահ գնացել էի, ինքս ինձ հասունացրել էի այն մտքին, որ առաջիններից եմ լինելու՝ կարծրատիպերը կոտրող։ Լավ, ժամանակն է երկար ժամանակ տրամադրել ճիշտ կեցվածքին, ինձ թվում է, որ նստեմ ուղիղ մեջքով, էկրանի այս ու այն կողմում նույնն եմ լինելու․․․թվում էր։

Ժամանցային վայրերից մեկում նկարահանման ենք: «Սատանան մեջն է մտել» լսե՞լ եք այս արտահայտությունը, իմ մեջ էլ նկարահանման օրն էր մտել։ 

Որոշել եմ բավականին կարճ հագնել, դե, մտածում եմ՝ այդպես էկրանից ավելի գեղեցիկ կերևամ։ Արդեն տեղում ենք, զգում եմ․․․կաշկանդվում եմ, սթենդ ափ պիտի անենք, կողքից էլ մարդիկ նայում են, ես իհարկե չեմ մտածում, որ նայում-հիանում են, ես մտածում եմ՝ նայում են, որ ասեն՝ էս ինչ կարճ է հագել։  

Նայեն-չնայեն, պիտի նկարենք սթենդ ափն ու վերջ։ Առաջին տեսարանում կանգնած եմ բեմում: Աստված իմ, տեսնես սիրու՞ն եմ խոսում, տեսնես լույսը ճի՞շտ  է ընկել, տեսնես բերանս չի ծռվու՞մ խոսելիս, հերիք է էլի, կողքից մի նայեք, ի՞նչ կլինի։

Այս մտքերով տեքստ եմ ասում։ Այնքան եմ կարդացել՝ անգիր եմ արել, էնպես որ, հանգիստ կարող եմ շարունակել մտավոր «հիստերիաս», ռեֆլեքսն իր գործը կանի, տեքստը կասեմ։

Դեռ էլի տեսարաններ կան, մի տեղ էլ պետք է նստեմ։ Կրկին: Աստված իմ, շատ կարճ է շորս, տեսնես երևու՞մ է, որ մի կերպ եմ հարմարվել-նստել, բայց Աստված ի՞նչ անի, նորմալ հագնվեիր։ Գնացինք մոնտաժելու, ես մի ինքնավստահ աղջկա եմ տեսնում. արագ-արագ խոսում է, կարծես միակ նպատակը լինի հնարավորինս հետաքրքիր ներկայանալը, ընկերներս ասում են՝ ինչ ինքնավստահ ես էկրանին, լավ առաջընթաց կա ծիծաղս գալիս է, շատ ինքնավստահ եմ, երեկ այս նույն ինքնավստահն էր հիստերիա անում՝ ինքն իր մեջ, լուռ, առանց բարձրաձայնելու։

Վերջ ռեպորտաժը Ֆեյսբուքում ու Յություբում է, չեմ չափազանցնում, հարյուր անգամ նայել եմ չէ, էլի ես եմ, բա ու՞ր են վախվորած աչքերը, ու՞ր են կոմպլեքսները։ Այս ռեպորտաժից  հետո այնքան լավ կարծիքներ լսեցի, ո՞նց այդպես եղավ։ 

Ասում են՝ տեսախցիկին չես խաբի, ես ո՞նց խաբեցի, դարձա ինքնավստահ լրագրող, երբ նյարդերից ու շորիս կարճությունից դողում էի։

Գնացել ենք Ագրարային համալսարան կոռուպցիոն դեպքեր բացահայտելու։ Այնքան վստահ ենք գնացել, կարծես մեզ են սպասում, որ «փռեն» մեր առջև Ագրարայինի «գաղտնի գանձերը»։ Ուրախությունս կարճ տևեց ոչ մեկը չի ուզում խոսել։ Լավ էլի, խոսեք էլի, չեն խոսում։ Հետո մի կերպ խոսեցնում ենք։ Օպերատորին կադրեր են պետք։ Կանգնած ենք ընկերներով, քննարկում ենք իրավիճակը։ Ես հոգնած, հիասթափված կյանքից ու Ագրարարայինից, հետո գտած հերոսիցս գոհ, ժպտում եմ։

  -Էդ ինչու՞ ես էդքան երջանիկ ժպտում,- ասում են ընկերներս՝ ռեպորտաժս նայելով,- Ամեն ինչ ինչքան հարթ է եղել, որ ժպտում ես։

Ըհը, հարթ էր, հարթագույն, ճիշտն ասած, Ագրարայինում մոլորված քայլելիս ես մտածում էի՝ իմ ուղեղն էլ պակաս հարթ չէ, թե չէ ով է տեսել՝ միայն ֆեյսբուքով հավատաս մարդուն, որ կգաս ու լիքը մարդիկ քեզ կպատմեն իրենց կոռուպցիոն պատմությունները, կամ էլ երևի ես էի ֆեյսբուքում «առյուծ կտրել», որ հաստատ կխոսեցնեմ, կամ էլ հետս շփվողն էր ուղղակի հետս շփվում։ 

Իրական կյանքում բավական ամաչկոտը, հիմա անծանոթ տղային համոզում է, որ գալու է ու գիտեք՝ ինչ է անելու․․․չէ, չգիտեն, ես էլ չգիտեի։ 

Հա, ես գիտեմ, որ լրագրողը պետք է հնարավորինս չեզոք էմոցիաներ ունենա, ու միգուցե էթիկապես էլ ճիշտ չէ երջանիկ ժպիտը, գոնե իսկական լիներ, մի կերպ կընդունեի։ Ուղղակի մենք երբեմն ժպտում ենք, որ ծածկենք հույզերը, էմոցիաները, ուժեղ ու ․․. ու կեղծ երևանք։ 

Ծանոթ իրավիճակ է, չէ՞, դա նման է վիրտուալ տիրույթում հայտնվող այն նկարներին, որտեղ ժպտում ես ու վերևում գրում «Մարդկանցից պաշտպանվելու միակ ձևը քո վերքերը ծածկելն է», չծիծաղեք ես էլ նման նկար ունեմ։

«Իրեն իր երազած տղայի-աղջկա տեղն է դրել» իրական կյանքում այսքան չարչրկված արտահայտությունը վերաիմաստավորվել է վիրտուալ հարթակում։ Իսկ իրականում մեզ մի իրականություն է մնում՝ երկատված՝ անձի երկվության նման՝ իրար հետ կռվող էություններով։ 

Վիրտուալը փոխել է աշխարհը, իսկ եթե շատ փիլիսոփայորեն մոտենանք, փոխել է էությունները, ծուռ հայելիներ դրել մեր ու մեր միջև, մեզ էլ դրանց մեջտեղում դրել, որ մեզ լավ տեսնենք՝ բոլոր կողմերից՝ հակադրությունները բուռներս առած։ 

Վիրտուալում մենք մեզնից գոհ ցանկալին իրականության տեղ ենք անցկացնում, հետո զարմանում, երբ ասում են՝ վիրտուալ կյանքում ուրիշ էիր։

Միգուցե իմ լրագրողական փորձը վիրտուալ ինքնության մի փոքր մաս-օրինակ է, բայց այն իմն է։ 

Սիրուն ու փաթեթավորված պատմություն չէ ինքնության մասին, իրականություն է՝ իր բոլոր քարքարոտ դետալներով։ Վիրտուալում լավը դառնալ հեշտ է, իրական մնալն է բարդ։ 

Էնտեղ ոչ մեկը չի գալու ու հարցնի՝ գրքի տողերով, որ կիսվել ես, կարդացե՞լ ես, օտարալեզու երգը, որ պատիդ է, հասկանու՞մ ես, նկարը, որով կիսվել ես, քանի՞ անգամ ես ֆիլտրել։ 

Չէ, էնտեղ սիրուն դառնալը հեշտ է՝ սիրուն կյանքով, սիրուն մտքերով, սիրուն-կոկիկ։ Սա շարադրություն չէ վիրտուալի ու իրականի սահմանում կանգնած մարդու մասին, սա այն է, ինչ ես ամեն օր հասկանում եմ, իսկ դու, հասկացե՞լ ես։

Ես չեմ պատրաստվում քեզ իմ վերջին հարցից մտքերով ընկած բաց թողնել։ Մի բան էլ պատմեմ հերթական սթենդ ափը շան հետ է։ Ես ու նրանք՝ շները, տարիներ ի վեր աշխատում ենք «իրար բանի տեղ չդնել», որովհետև հակառակ դեպքում իմ կոկորդն է պատռվում, նրանց՝ լսողական ապարատը։ Երեսուն րոպե մաքառելով սեփական վախերի դեմ՝ մեկ՝ ինքս շան հետևից վազելով, իսկ հիմնականում՝ նա , արեցի տասը վայրկյան տևող սթենդ ափը։

 -Վա՜յ, ոնց է երևում, որ շատ ես սիրում շներին, – ռեպորտաժս նայելուց հետո  ասում են մտերիմներս։

 Ծիծաղս պայթում է։

 Վարագույր։

Մարիամ Մկրտչյան
ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանող
Մարիամ Մկրտչյանի էսսեն արժանացել է «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի երրորդ մրցանակի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *