2024.12.11,

vox populi

Ինչպես գոյատևել որպես ֆրիլանս լրագրող Գերմանիայում

Գերմանիայում, հատկապես ստեղծագործական ոլորտներում, ազատ գրաֆիկով (ֆրիլանս) աշխատանքը տարածված մասնագիտական ընտրություն է։ 2023 թվականին երկրում կար շուրջ 1.47 միլիոն ֆրիլանս մասնագետ, որոնցից մոտ 340,000-ն աշխատում էին մշակութային և մեդիա ոլորտներում։ Թեև Գերմանիայում ֆրիլանս լրագրողների թվի վերաբերյալ չկա ճշգրիտ վիճակագրություն, սակայն հայտնի է, որ իմ նման ֆրիլանս լրագրողները ստեղծում են Հանրային ռադիոյի և հեռուստատեսության համար արտադրվող լրագրողական բովանդակության 90%-ը։

Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ մեդիա կազմակերպությունների համար ավելի ծախսարդյունավետ է ֆրիլանսների հետ աշխատելը։ Նրանք պարտավոր չեն վճարել սոցիալական ապահովագրության կամ ապահովագրության համար, քանի որ այդ ծախսերը ֆրիլանսների պատասխանատվության տակ են։ Բացի այդ, ֆրիլանս լրագրողների հետ աշխատելը թույլ է տալիս մեդիա կազմակերպություններին ավելի շատ բովանդակություն ստանալ։

Պատրաստ եղեք բյուրոկրատիայի առկայությանը ձեր կյանքում

Գերմանիայում ֆրիլանս աշխատելը կարող է դժվար լինել, քանի որ դուք պատասխանատու եք ձեր բոլոր ծախսերի համար՝ հարկեր, առողջապահության ապահովագրություն, այլ տեսակի ապահովագրություններ և կենսաթոշակային ֆոնդի ներդրումներ։ Այս ամենը բարդ է, քանի որ դուք չունեք երաշխիք, որ վաղը աշխատանք կունենաք և կկարողանաք վճարել ձեր ծախսերը։

Դրականն այն է, որ Գերմանիայում սոցիալական համակարգը փորձում է պաշտպանել ֆրիլանս աշխատող մասնագետներին։ Կա առողջապահության ապահովագրության ծրագիր, որը կոչվում է «Künstlersozialkasse» (կրճատ՝ KSK), որն ապահովում է նաև ձեր կենսաթոշակային ֆոնդի ներդրումները։ Այս ծրագիրը զգալիորեն ավելի մատչելի է, քան ստանդարտ առողջապահության ապահովագրությունը։ Նույնիսկ եթե շատ չեք վաստակում, կարող եք այս ապահովագրությունը թույլ տալ։ Ամեն տարի դուք գնահատում եք ձեր եկամուտը հաջորդ տարվա համար՝ նախորդ տարվա եկամուտների հիման վրա, և KSK-ն համապատասխանաբար հաշվարկում է ձեր ամսական վճարը։ Որքան շատ եք վաստակում, այնքան բարձր է վճարը, ինչը թվում է արդար։

KSK-ն նաև թույլ է տալիս ունենալ ֆրիլանս  գործունեությունից բացի այլ աղբյուրներից ևս եկամուտներ ունենալ։ Օրինակ, կարող եք մասամբ աշխատել՝ ֆիքսված աշխատավարձով, կամ լինել «Fester Freier», որը Գերմանիայում նշանակում է «մշտական ֆրիլանս մասնագետ»։

«Մշտական» ֆրիլանս մասնագետ

Անցյալ տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանրային մեդիայում կա 18,000 «մշտական» ֆրիլանս մասնագետ։ Բայց ի՞նչ է նշանակում այս կարգավիճակը։ Որպես «մշտական» ֆրիլանս մասնագետ, դուք ունենում եք պայմանագիր, որը թույլ է տալիս ամեն ամիս որոշակի օրերի ընթացքում աշխատել՝ որոշակի քանակությամբ նյութեր պատրաստելով։ Դուք ապահովված եք պայմանագրային տարբեր համաձայնագրերով, որոնք կարող են ներառել վճարովի արձակուրդ և այլ արտոնություններ։ Այսպիսի պայմանագրերը կարող են զգալիորեն տարբերվել՝ կախված ձեր պարտականություններից։ Չնայած դուք դասակարգվում եք որպես «մշտական» ֆրիլանս մասնագետ, դուք մնում եք ինքնուրույն աշխատող և կարող եք աշխատել այլ խմբագրությունների հետ։

Հնարավորություններ ֆրիլանս մասնագետների համար

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին ֆրիլանս մասնագետների թիվը աճել է։ Սակայն COVID-19 համաճարակի ժամանակ, ամեն հինգերորդ ֆրիլանսեր՝ տարբեր ոլորտներում, ոչ միայն մեդիայում, հիասթափվել է ապագայից։ Աշխատանքային շուկան ավելի բարդ է դառնում, և վարձատրությունը՝ նվազում։ Այսպիսի ժամանակներում նպատակահարմար է միանալ լրագրողների միությանը կամ արհմիությանը, որոնք կարող են տրամադրել՝

  • Իրավաբանական խորհրդատվություն։
  • Տեղեկատվություն աշխատաշուկայի փոփոխությունների մասին։
  • Մասնագիտական ցանցերի հասանելիություն։

Հաճախորդների ցանցը կարևոր է

Գերմանիայում դուք հնարավորություն ունեք կառուցելու ամուր հաճախորդների ցանց, աշխատելու տարբեր մեդիա հարթակների հետ և ձեռք բերելու բազմազան փորձառություններ։ Ֆելոուշիփ ծրագրերը թույլ են տալիս մի քանի ամիս անցկացնել այլ երկրում՝ առանց աշխատանքը կորցնելու, քանի որ կարող եք աշխատել հեռավար։ Ֆրիլանս լրագրողի կարգավիճակը ճանաչվում է հասարակության և պետական հաստատությունների կողմից, ինչը հեշտացնում է հավատարմագրումներ ստանալը, մամուլի ասուլիսների մասնակցելը կամ պաշտոնյաների հետ հարցազրույցներ անցկացելը։

Այս գրավիչ միջավայրը կարող է բացատրել, թե ինչու են այսքան շատ ֆրիլանս լրագրողներ աշխատում այս ոլորտում։ Եթե Գերմանիայում ավելի հեշտ լիներ լրագրող աշխատել մշտական պաշտոնում, ֆրիլանս մասնագետների թիվը կարող էր ավելի քիչ լինել։

Ինչ անել գոյատևելու համար

Ֆրիլանս լրագրողի աշխատանքը կարող է լինել գրավիչ, բայց այն բոլորի համար չէ։ Անհրաժեշտ է լավ կազմակերպված լինել, քանի որ պետք է կառավարեք թե՛ ձեր գրելու աշխատանքը, թե՛ շատ վարչարարական խնդիրներ։ Ստեղծարարությունը կարևոր է, քանի որ հաճախ դուք պատասխանատու եք ձեր հետազոտական թեմաներ ընտրելու համար։ Ուժեղ հաղորդակցական հմտություններն առանցքային են. դուք պետք է մշտապես ներկայացնեք և վաճառեք ձեր գաղափարները։ Բացի այդ, բազմաֆունկցիոնալությունը պարտադիր է, քանի որ այս ոլորտում գոյատևելու համար պետք է միաժամանակ մի քանի նախագծերով զբաղվեք։

Հաճախորդների ցանցի ստեղծումն ու լավ համբավի հաստատումը ժամանակ է պահանջում, բայց ի վերջո դա ավելացնում է աշխատանքային հնարավորությունները։ Կարևոր է պատրաստ լինել տարբեր խնդիրների, ներառյալ այլ լրագրողների համար հետազոտությունների անցկացումը, որը միշտ չէ, որ ճանաչում է տալիս ձեզ։ Ուստի անհրաժեշտ է պատրաստ լինել պաշտպանելու ձեր իրավունքները։ Բարեբախտաբար, Գերմանիայում դա հնարավոր է։

Անձնական փորձառություն

Ֆրիլանս լրագրող աշխատելը ինձ համար մեծ փորձառություն է։ Այն ինձ հնարավորություն է տալիս ճկուն աշխատել նաև որպես սցենարիստ և ձեռնարկատեր, ինչը դժվար կլիներ մշտական լրագրողական աշխատանքով։ Վերջին 10 տարիներին այս աշխատանքով զբաղվելիս հաճախ ցանկանում եմ արձակուրդ, երբ չեմ ստիպված լինի աշխատել, և երբեմն կարոտում եմ ֆիքսված ամսական աշխատավարձի կայունությունը։ Սակայն ես նաև զգում եմ, որ կարող եմ աճել իմ մասնագիտությունում, ինչը բարձրացնում է իմ մասնագիտական բավարարվածությունը։

Անաստասիա Գորշկովա
Ֆրիլանս լրագրող Գերմանիայում

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *