2023.03.29,

vox populi

Սակուրան քաղաքում. հակասական կանաչապատումը և «ինստագրամացումը» քաղաքային ու մեդիա լանդշաֆտում

Մինչ քաղաքային զարգացումը միահյուսվում է թվային աշխարհում վավերացման ձգտման հետ, քաղաքը բախվում է երկընտրանքի` ենթարկվել սոցցանցերի գայթակղությա՞նը, թե՞ առաջնահերթություն տա իր բնական լանդշաֆտին և մշակութային ժառանգության պահպանմանը:

Երևանի առանցքում գտնվող խորհրդանշական Կասկադ համալիրի հարակից տարածքը ուշագրավ վերափոխման է ենթարկվում. այս փոփոխությունը բացահայտում է սոցիալական մեդիայի աճող գերիշխանությունը մեր մշակութային հյուսվածքում: Տարածքի փոխակերպումը նշանավորվում է տեղական «ոչ կենսունակ» թեղի ծառերի հատմամբ` հօգուտ ճապոնական սակուրա ծառերի: Երևանի քաղաքապետարանի ընտրությունը դրդված է սակուրայի տեսողական գրավչությամբ, ինչպես նաև տարբեր գործոններով, ինչպիսիք են գտնվելու վայրը, ճարտարապետությունը, և մայթի լայնությունը:

Թեև գեղագիտությունը դեր էր խաղում նախաանկախական քաղաքային նախագծման մեջ, առաջնային ուշադրությունը հաճախ կենտրոնացվում էր բնակիչների համար ֆունկցիոնալ և հասանելի հանրային տարածքների ստեղծման վրա: Խորհրդային Հայաստանի քաղաքաշինությունը սոցիալիստական արդիականությունը մարմնավորում էր ֆունկցիոնալիստական ճարտարապետության և դիզայնի միջոցով։ Շրջակա միջավայրը առաջնահերթություն էր տալիս վեհությանը և մոնումենտալությանը, որն իր մեջ ներառում էր մեծ հասարակական շենքեր և լայն բուլվարներ: Հայկական վարդագույն տուֆ քարի օգտագործումը այս ճարտարապետության ուշագրավ առանձնահատկությունն էր, որն օգնում էր ստեղծել տեղական գեղագիտություն։ Քաղաքային լանդշաֆտը ներառում էր ընդարձակ բաց տարածքներ, որոնք նախագծված էին սոցիալական հավաքույթների և ժամանցի համար: 

1990-ականներից սկսած` քաղաքաշինական և անշարժ գույքի կասկածելի նախագծերի արդյունքում Երևանի քաղաքային լանդշաֆտը էական փոփոխություններ կրեց: Քաղաքի հարուստ ճարտարապետական ժառանգությունը և յուրահատուկ հմայքը գնալով ավելի են ստվերվում նոր բարձրահարկ շենքերի և ենթակառուցվածքային նախագծերի անկանոն խառնուրդով: Այս արագ աճը հանգեցրել է բազմաթիվ պատմական կառույցների քանդման՝ քայքայելով քաղաքի հստակ մշակութային ինքնությունն ու գեղագիտությունը: Ավելին, պատշաճ պլանավորման և կարգավորող վերահսկողության բացակայությունը խորացրել է երթևեկության գերբեռնվածության, աղտոտվածության և անհամարժեք հանրային տարածքների խնդիրները: Երևանի երբեմնի գեղատեսիլ քաղաքային միջավայրն այժմ խաթարված է անհրապույր և քաոսային քաղաքային տեսարանով: Սա մտահոգություն է առաջացրել բնակիչների, քաղաքաշինության մասնագետների և մշակութային ակտիվիստների շրջանում,ովքեր շարունակաբար կոչ են անում և՛ ֆունկցիոնալությունը, և՛ գեղագիտությունը հաշվառող ավելի կայուն և զգայուն քաղաքաշինական ռազմավարություն որդեգրել:

«Կանաչ Երևան» կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով` սակուրաներով կանաչապատելու որոշումը հիմնված է Երևանի կանաչապտման գիտական կոնֆերանսի վրա, որտեղ փորձագետները խորհուրդ են տվել փոխարինել կենսագործունեության ավարտին մոտեցած ծառերը: Սակուրայի ծառերն ընտրվել են դրենց համեմատաբար փոքր տերևների համար, և քանի որ դրանք չեն արգելափակի շենքերի գեղագիտական տեսքը կամ բնակիչների լույսը։ Որոշումն ընդգծում է ծառատեսակներ ընտրելիս տեղանքի, ճարտարապետության և այլ գործոնների կարևորությունը:

Զարմանալի է լսել, որ այժմ կարևորվում է բնական լույսի հարցը՝ հաշվի առնելով, որ նախկինում այն գործոն չէր Երևանում վիճահարույց քաղաքաշինական և անշարժ գույքի նախագծերի թույլտվությունների տրամադրման գործում: Այս նախագծերը հաճախ կառուցվում են միմյանց մոտ, ինչը հանգեցնում է բնակիչների բնական ցերեկային լույսի սակավության:  Վառ օրինակ է Կոմիտաս 5-ի դեպքը, որի դեմ մեծ քաղաքացիական բողոք եղավ։ 

Կասկադում սակուրաներ տնկելու որոշումն արժանացել է բնապահպանների և բնակիչների քննադատությանը: Ոմանք պնդում են, որ ավելի մեծ տերևավոր ծառերն ավելի արդյունավետ են փոշին կլանելու և քաղծկեղածին ուլտրամանուշակագույն ճառագայթները նվազեցնելու գործում: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ իրենց կենսունակության ավարտին հասած բոլոր ինվազիվ ծառատեսակները պետք է փոխարինվեն, և առաջիկա 50-100 տարիների զարգացման համար պետք է հաշվի առնել երևանցիների կարծիքը : 

Ավելին, մտահոգություններ են հնչել հին ծառերի վրա ազդող հիվանդության և տնկվելիք ծառատեսակների վերաբերյալ տեղեկատվության պակասի շուրջ: Բնապահպան Ինգա Զարաֆյանը կոչ է արել մշակել քաղաքային բնապահպանական ռազմավարություն և մանրամասն ոլորտային գործողությունների ծրագիր՝ նախքան հետագա գործողությունների իրականացումը: 

«Կանաչ Երևանի» զարգացման տնօրեն Արթուր Խալաթյանի խոսքով` Երևանի ծառերի 50%-ից ավելին դեֆորմացված վիճակում են և կորցրել են իրենց կենսունակությունը։ Այնուամենայնիվ, հեռացվող ծառերը ոչ թե թափվում են, այլ վերամշակվում են թեփի, աճուրդի հանվում կամ վերածվում բրիկետների՝ որպես վառելիք բաժանելու անապահով բնակիչներին: Ծառերի հեռացման և փոխարինման գործընթացը չի սահմանափակվում միայն քաղաքի կենտրոնով, այլ կիրականացվի ամբողջ քաղաքում:

Բեգոյանը պաշտպանում է որոշումը՝ պարզաբանելով, որ սակուրաները հատուկ ընտրվել են Կասկադի տարածքի համար՝ որպես ոչ շատ մեծ սաղարթ ունեցող ծառեր, քանի որ մայթը նեղ է, և փողոցի գեղագիտական տեսքը պահպանելու համար գիտակցաբար ընտրվել են ոչ մեծ սաղարթներով ծառատեսակներ։ Նաև նա նշել է, որ սակուրայի ծառերը ծաղկման շրջանում վարդագույն գույն ունեն, ինչը հաճոյախոսում է տարածքում տեղադրված Ալեքսանդր Թամանյանի արձանին, ով ձևավորել է «վարդագույն» Երևանը:

Ծառերի փոխարինման որոշման առողջության և շրջակա միջավայրի հնարավոր հետևանքների մասին բարձրաձայնել է ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, որը քաղաքապետարանի գրավոր բացատրություն է պահանջել սակուրա ծառերի օգտագործման որոշման գիտական հիմնավորումների վերաբերյալ: Վարդանյանը պնդում է, որ «թեղի ծառատեսակը ամենաուժեղ փոշեկլանող հատկանիշներն ունի Երևանի համար լավագույն ծառատեսակն է»։ Նա նաև մտահոգություն է հայտնել լրացուցիչ ուլտրամանուշակագույն ճառագայթների և ուռուցքային հիվանդությունների առաջացման գործում դրանց դերի վերաբերյալ՝ կոչ անելով ավելի շատ ստվեր ունենալ քաղաքում:

Իշխանությունները որպես ծառառահտման պատճառ նշել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են լարերի միջամտությունը և տեղական սրճարանների վնասը: Սակայն Երևանի քաղաքացի Վահագն Վարդումյանը և այլ բնակիչներ պնդում են, որ նման հիմնավորումներն անընդունելի են, իսկ ծառերին կցված թռուցիկները բավարար տեղեկատվություն չեն տալիս։ Բացի այդ, քաղաքացիները թերահավատորեն են վերաբերվում նորատունկ ծառերին համապատասխան ջրամատակարարում ապահովելու քաղաքապետարանի խոստումներին, քանի որ նախորդ փորձերը հանգեցրել են տնկիների չորացմանն ու սատկմանը։ Քաղաքացիներն ընդգծում են գոյություն ունեցող ծառերի պահպանման կարևորությունը նրանց թթվածնի արտադրության և բնապահպանական օգուտների համար:

ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը հանդես է եկել հանրային հայտարարությամբ` պնդելով, որ այն մասնագիտական կարծիք չի ներկայացրել Երևանում ծառահատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների վերաբերյալ։ Ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը նշել է, որ մինչ քաղաքապետարանի մասնագետները հրավիրված են եղել քաղաքի կանաչապատման կոնֆերանսին, ինստիտուտը չի ստացել լայնածավալ աշխատանքների իրականացման հստակ մշակված ծրագիր։ Գասպարյանն` ինքը քաղաքի ռազմավարություն և մանրամասն ոլորտային գործողությունների ծրագիր մշակել է մինչ այդ գործողությունների իրականացումը:

Հետաքրքիր է, որ մի ժամանակաշրջանում, երբ շատ երկրներ ակտիվորեն աշխատում են օտար տեսակների վերացման ուղղությամբ՝ պաշտպանելու իրենց տեղական էկոհամակարգերը և կենսաբազմազանությունը, նման երևույթները մեզանում դեռևս առկա են: Հարկ է նշել, որ բնիկ միջավայրերը պաշտպանելու ջանքերը թեև էական նշանակություն ունեն, բայց դրանք նաև բարդ էթիկական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերներ են ներկայացնում՝ շեշտելով բնապահպահպանության և միջամտության միջև հավասարակշռություն պահպանելու կարևորությունը:

Բնապահպանական հետևանքներից զատ` նմանօրինակ որոշումների ընդունման ավելի լայն համատեքստը հաշվի առնելու անհրաժեշտություն է առաջ գալիս: Քաղաքաշինության և շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքականությունը Երևանում բացահայտում է սեփականաշնորհման և ապակարգավորման հետևանքով առաջացած զարգացումների մարտահրավերները:  Շրջակա միջավայրի դեգրադացիայի և սոցիալական մասնատման արդյունքում տուժել են քաղաքի կանաչ տարածքները և եզակի ճարտարապետական ժառանգությունը: Կենտրոնանալով սեփականաշնորհման վրա՝ քաղաքի մշակութային ինքնությունը խաթարվել է, խոցելի համայնքներ են տեղահանվել, մինչդեռ կայուն զարգացումը անտեսվել է: Որպես հետևանք, Երևանի բնակիչներին մնում է դիմակայել քաղաքային միջավայրի բազմազան մարտահրավերների, որոնք տատանում են հավասարակշռությունը քաղաքային աճի և շրջակա միջավայրի ու հավաքական բարօրության նկատմամբ պատասխանատվության միջև:

Միևնույն ժամանակ` հակասական կանաչապատումը քննադատական ուշադրություն պահանջող մեկ այլ` մշակութային հարթություն է շոշափում:

Ինչպես Արմեն Բեգոյանը հեռատեսորեն նկատում է,  «քաղաքաբնակները շուտով կնկարվեն սակուրաների կողքին, կտեղադրեն սոցցանցերում»։ Հանրային տարածքների նման «ինստագրամացումը» ոչ միայն քայքայում է քաղաքների մշակութային էությունը, այլև սպառնում է շրջակա միջավայրին վիրալության իր սաստիկ ծարավով:

«Ինստագրամացումը» ֆիզիկական տարածքների փոփոխությունն է սոցիալական մեդիա ցանցերում օգտատերերի ներգրավվածությունը խթանելու համար: Գեղատեսիլ լանդշաֆտները և աչքի ընկնող ճարտարապետությունը մենաշնորհում են մեր վիրտուալ ալիքները, իսկ հավանումների, կիսումների և հետևորդների որսը խավարում է կայունության, մատչելիության և ֆունկցիոնալության իմաստը: Սպառողականություն և ապրանքայնացում մշտապես խթանող կապիտալիստական հասարակության համատեքստում հանրային տարածքների «ինստագրամացումը» արտացոլում է հավաքական ինքնության հիմքերը խարխլող մակերեսային արժեքները: Հանրային տարածքների «ինստագրամացումը» ոչ միայն ապրանքայնացնում է մեր քաղաքները, այլև առաջնահերթություն է տալիս գլոբալ հայացքին` տեղական կարիքների փոխարեն:

Այս գործընթացը կարող է հանգեցնել մշակութային արտահայտչամիջոցների համասեռացմանը և յուրաքանչյուր քաղաքին եզակի դարձնող կերպերի կորստի:

Այս` ավելի լայն խնդրի մասին է վկայում Երևանի Կասկադ համալիրի հարակից տարածքի օրինակը։ 

Ֆրանսիացի փիլիսոփաներ Ժիլ Դելյոզի և Ֆելիքս Գվատարիի ապատարածականացման և վերատարածքայնացման` որպես նոր ուժի ձևավորման հղացքների համատեքստում Երևանի Կասկադ համալիրի հարակից տարածքի «ինստագրամացումը» կարելի է դիտարկել որպես մշակութային և բնապահպանական ապակայունացման օրինակ։

Ապատարածքայնացումը վերաբերում է սոցիալական, քաղաքական կամ մշակութային պրակտիկաների խզմանը իրենց բնիկ համատեքստից կամ միջավայրից, որը հաճախ հանգեցնում է եզակիության և իսկության կորստի:

Մյուս կողմից, վերատարածքայինացումը վերաբերում է նոր տարածքային կապերի հաստատման և մշակութային, սոցիալական կամ քաղաքական պրակտիկաների վերահաստատման գործընթացին նոր համատեքստում: Այս գործընթացը հաճախ ներառում է տարածքի յուրացում և վերակազմավորում՝ նոր պրակտիկաներ, ինքնություններ և արժեքներ տեղավորելու համար:

Երևանի Կասկադ համալիրի հարակից տարածքի «ինստագրամացման»  համատեքստում վերատարածքայնացման փորձը վերաբերում է տեղի ու մշակութային ինքնության զգացումը վերականգնելու փորձերին՝ տարածքը յուրացնելու և փոխակերպելու միջոցով՝ ի պատասխան ապակայունացման հետևանքների: Այս գործընթացը ներառում է սոցիալական մեդիա հարթակների օգտագործումը՝ խթանելու և ցուցադրելու տարածքի նոր ինքնությունը, որը կենտրոնացած է որոշակի գեղագիտության, սպառողականության և թվային մեդիայի վրա:

Այդուհանդերձ` նպաստելով աչքի ընկնող սակուրա ծառերի տարածմանը, և ձերբազատվելով էնդեմիկ բուսականությունից, քաղաքը վտանգում է տեղական էկոհամակարգերի կայունությունը: Վերատարածքայնացման փոխարեն`  գործընթացը մշակութային ինքնության ապրանքայնացում է խթանում՝ ի շահ գլոբալացված սպառողական մշակույթի: Որպես այդպիսին, այն մշակութային և բնապահպանական իմպերիալիզմի ձև է, որը խաթարում է տեղական համայնքի յուրահատուկ մշակութային ժառանգությունն ու ինքնությունը:

Քաղաքային միջավայրը պատուհասվում է գեղագիտության ֆետիշացումով:  Այս միտումը ոչ միայն հարվածի տակ է դրել քաղաքի էկոլոգիական առողջությանը, այլև սպառնում է Երևանը վերածել ծանծաղ, միատարր վայրի, որը չի տարբերվում համաշխարհային սոցիալական մեդիայի լանդշաֆտի բազմաթիվ այլ վայրերից: 

Ֆրանսիացի փիլիսոփա, հոգեվերլուծաբան և սոցիալական տեսաբան Ֆելիքս Գվատարիի և նրա «երեք էկոլոգիաների» նախազգուշական փիլիսոփայությունը, որն աշխարհը դիտարկում է որպես սոցիալական, մտավոր և բնապահպանական էկոլոգիայի փոխկապակցված համակարգեր, քաղաքային միջավայրի մասին մտածելու կենսահեն հայեցակարգ է առաջարկում: Սոցիալական էկոլոգիան անդրադառնում է ուժային դինամիկային և հասարակական խնդիրներին, հոգեկան էկոլոգիան՝ անհատական մտքերին և փորձառություններին, իսկ բնապահպանական էկոլոգիան՝ մարդկության և բնական աշխարհի փոխհարաբերություններին: Գվատարին պնդում է, որ բոլոր երեք հարթությունները հաշվի առնելն անհրաժեշտ է աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար:

Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ է բախված են մշակութային ինքնության պահպանման և միաժամանակ համաշխարհային ասպարեզում ժամանակակից հանդես գալու մարտահրավերին։ Թեև իշխանությունները գիտակցում են մշակութային ժառանգության պահպանման և խրախուսելու կարևորությունը, նրանք նաև ձգտում են հետ չմնալ համաշխարհային միտումներից և ներկայացնել հասարակության ժամանակակից պատկերը: Ցավոք, Երևանի քայքայվող քաղաքային լանդշաֆտը արտացոլում է մարդկային փոխազդեցության անկումը և իմաստալից հաղորդակցության կորուստը սոցիալական ցանցերում: Քաղաքի անտեսված ենթակառուցվածքը խեղդում է իր բնակիչներին, ճիշտ այնպես, ինչպես սոցիալական ցանցերում մարդկային զգացմունքների անողոք ապրանքափոխումն ու շահարկումը մեկուսացման և մակերեսայնության մշակույթ են ծնում: Ե՛վ Երևանի ֆիզիկական թունավորությունը, և՛ սոցիալական մեդիայի հոգեբանական թունավորությունը ժամանակակից հասարակության ախտանիշներ են, որը շահույթը գերադասում է մարդկանց և շրջակա միջավայրի բարեկեցությունից: Հարկ է գիտակցել, որ Երևանի քաղաքային լանդշաֆտի նման «ինստագրամացմանը» նպաստելը անհեռատես մոտեցում է, քանի որ այն սաստկացնում է բնության և մշակույթի ապրանքայնացումը՝ միաժամանակ սրելով բնապահպանական և սոցիալական խնդիրները:

Մինչ մենք կանգնած ենք բնապահպանական աղետի անդունդի եզրին` կապիտալահեն տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության ներհատուկ հակասությունները սպառնում են մեզ կլանել իրենց կործանարար հետևանքով: Սակուրաները վեր են հանում համապարփակ հեռանկար որդեգրելու հրատապությունը, որը կճանաչի տնտեսական, սոցիալ-մշակութային և բնապահպանական համակարգերի միահյուսված բնույթը՝ շահագործական ստատուս քվոն փոխարինելով իրապես ռեգեներատիվ հարացույցով:

Թագուհի Թորոսյան,
Արվեստի համադրող և հետազոտող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *