2019.11.12,

vox populi

Վիրտուալ ինքնություն․ ես՝ էկրանի այս ու այն կողմում

Հիշու՞մ եք Netflix ընկերության Stranger Things սերիալում աշխարհի հակառակ երեսը՝ The Upside Down-ը։ Եթե չգիտեք, ապա փորձեմ բացատրել։ The Upside Down-ը առեղծվածային մի վայր էր, որը նման էր մեր աշխարհին, պարզապես ավելի ցուրտ ու մութ էր։ Այլ կերպ ասած, այն մեր աշխարհի կրկնօրինակն էր և այնտեղ հայտնվելու համար անհրաժեշտ էր մուտք գործել մի շատ գաղտնի դարպասով։ 

Եկեք վերցնենք The Upside Down-ի թեորեմը և փորձենք ներկայացնել մեր աշխարհն ու մեզ՝ վիրտուալ իրականության այս և այն կողմերում։ Այս օրինակով գաղտնի դարպաս կարող է հանդիսանալ մեր հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի էկրանը։ 

Իհարկե, էկրանի այս և այն կողմերից որևէ մեկը այնքան ցուրտ ու մռայլ չէ, որքան The Upside Down-ը (թերևս, չեմ բացառում): Սակայն փաստ է, որ շատ գաղտնի դարպասի այս և այն կողմի աշխարհները միմյանց կրկնօրինակն են, բայց միանգամայն տարբերվում են։ 

Արդեն հինգ տարի է, ինչ ես սոցիալական մեդիայի՝ հատկապես Ֆեյսբուքի, բավական ակտիվ օգտատեր եմ։ Չեմ կարող ասել, թե ինչից սկսվեց ակտիվությունը, բայց վստահ եմ տարիքային «թույն» կամ «cool» երևալու մոլուցքն էր, որն այժմ բոլորին գերի է դարձրել։ Երբ երիտասարդ ես, ցանկանում ես, որ բոլորը քեզ լսեն, տեսնեն, քո կարծիքը հաշվի առնեն, դու հավանության արժանանաս, որովհետև այժմյան ժամանակակից աշխարհը սպանում է քո ինքնագնահատականը և դու ինչ-որ կերպ կարիք ունես ինքնագնահատականդ վերակենդանացնելու։ 

Էկրանից այս կողմ՝ սոցիալական մեդիայում մենք ստեղծում ենք մի կերպար, որը կցանկանայինք լինել իրական կյանքում։ Կամ, հնարավոր է սոցիալական մեդիան այն վայրն է, որտեղ մենք լսելի ենք դառնում, հավաքում ենք մեզ նման մարդկանց, որոնք տարբերվում են մեզ շրջապատող հարազատներից, համադասարանցիներից, համակուրսեցիներից։

Էկրանի այս կողմում՝ իրական կյանքում, ես երիտասարդ եմ, որն ունի սոցիալական անհանգստություն կամ նույնն է ինչ social anxiety։ Էկրանի այն կողմում՝ սոցիալական մեդիայում, ես մարդ եմ, որը կատակում է social anxiety-ի մասին, որովհետև իր Ֆեյսբուքյան ընկերների շրջանակը մի bubble է, որտեղ ապրում են social anxiety ունեցող և դրա մասին կատակող մարդիկ։ 

Այդ պատճառով էլ Ֆեյսբուքն այն հարթակն է, որտեղ հանգիստ կարող ես self-deprecating կամ ինքդ քեզ ցածրացնող հումոր անել և չսպասել խիստ գնահատականի, այլ նույն զգացողությունն ունեցող մարդկանց հետ ծիծաղել կատակի վրա։ 

Էկրանի այս կողմում՝ իրական կյանքում, ես իմ սիրելի երգերի տակ տարօրինակ շարժումներով պարող ու ծամածռող դեմքով ձայնակցող մարդ եմ։ Էկրանի այն կողմում՝ սոցիալական մեդիայում, ես մարդ եմ, որը share է անում տվյալ երգը ինչ-որ վեհ նկարագրություններ տալով դրանց։ Նույնը ֆիլմերին է վերաբերում։ 

Իրական կյանքում ես հարմարավետ, «ոչ էսթետիկ» նստած կամ պառկած եմ բազմոցին, «ոչ արիստոկրատ» կերպով ուտելով ադի-բուդին, սակայն միաժամանակ Ֆեյսբուքում գրելով, թե ինչպիսի էսթետիկ կադրեր և արիստոկրատ կերպարներ ունի ֆիլմը։ 

Երբեմն ինձ մոտ տպավորություն է, թե Ֆեյսբուքում իմ արած գրառումը անում եմ իմ գլխավոր նկարի դեմքով, հագուստով և ժեստերով։ 

Եվ չգիտես ինչու սա բարձրացնում է իմ ինքնագնահատականը։ Երևի բոլորս էլ դժվար ենք խոստովանում, որ սոցիալական մեդիան բարձրացնում է մեր ինքնագնահատականը, նույնիսկ մի փոքր մեկնաբանություն կարող է մեր օրն ավելի լավը դարձնել, և ի՞նչ անենք, որ դա վիրտուալ է, ոչ իրական։ Սակայն ո՞վ ասաց, որ այն ոչ իրական է։ 

Վիրտուալ իրականությունը պարզապես մեր աշխարհի մյուս կողմն է, մեր The Upside Down-ը։ Մարդկության ստեղծման կամ առաջացման օրից սկսած բազմիցս փոխվել են հաղորդակցման միջոցները, և վստահ եմ, դրանք միշտ էլ քննադատության են արժանացել։ 

Հավանաբար, քարանձավում ապրող մարդիկ, որոնք ինչ-որ ժամանակ անց պատի պատկերներից անցում են կատարել բացականչություններով հաղորդակցությանը, մտածել են․ «Այս ինչ ժամանակներում ենք ապրում, մարդիկ սկսել են այլ կերպ շփվել»։ 

Բացականչությունները փոխարինվեցին խոսքով, հեռավորությունը նվազեցնելու համար հորինվեց նամակագրությունը, հեռավորությունն ավելի նվազեց, երբ ստեղծվեց հեռախոսը։ Այժմ մենք գրեթե մոտիկ ենք միմյանց, համացանցի և սոցիալական մեդիայի շնորհիվ, որովհետև այնտեղ մենք գտնում ենք մեր այն «ես»-ին, որը կցանկանայինք լինել և որը հնարավոր է ավելի իրական է, քան մեր իրական կյանքի «ես»-ը։

Սուսաննա Ղազոյան

Հայաստանի Ամերիկյան համալսարանի անգլերենի և հաղորդակցության բաժնի ուսանող                 

Սուսաննա Ղազոյանի էսսեն արժանացել է «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի խրախուսական մրցանակի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *