2018.04.19,

vox populi

«Մեդիան շարժման բոլոր ուղերձները հասցնում է ժողովրդին»

Կարծիք կա, որ 21-րդ դարում մեդիան նպաստում է զանգվածային բողոքի ակցիաների ու շարժումների կայացմանը: Բայց դրա հակառակ կողմն էլ կա, ավտորիտար ռեժիմներում շատ կարևոր է, որ մեդիան վերահսկվի իշխանության կողմից:

Այս օրերին հատկապես կարևոր է հասկանալ՝ ինֆորմացիա տարածողն ինչ որակի տեղեկատվություն  է տարածում և ինչ շահ է հետապնդում: Սկսենք հեռուստատեսությունից: Սկզբում շարժման մասին ընդհանրապես ոչինչ ցույց չէր տալիս:

Երբ արդեն շատ բացահայտ դարձավ իրենց գործելաոճը, եթեր հեռարձակեցին ընտրված հատվածներ ցույցից: Պարզապես ուշադրություն դարձրեք, որ ցուցադրեցին այնպիսի հատվածներ, որոնցից երբեք չես հասկանա, թե ինչ է իրականում կատարվում:

Անհնազանդության ցույցին չանդրադառնալուց հետո ապրիլի 18-ին եթեր հեռարձակեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկում տեղի ունեցած սադրանքը: Եվ նրանք, ովքեր ուղիղ եթերով չեն հետևել ողջ պրոցեսին, ստացան ապակողմնորոշող, հատվածական, խուճապ առաջացնող տեղեկություն:

Հեռուստատեսային լրատվականների մեկնաբանությունից դուրս մնացին շատ կարևոր դետալներ, որ հարբած սադրիչները չորս ժամ շարունակ նման գործողությամբ էին զբաղվում և ոստիկանները նրանց չէին նկատում, իսկ մեկ ուսանող աղջկան չորս ոստիկաններ շատ արագ  բերման էին ենթարկում:

Ավելին, News.am-ի և Tert.am-ի տեսանյութերում հաճախ ենք կարդացել, որ ցուցարարները վնասում են Սանիտեկի աղբամանները և քաղաքի նստարանները:

Հիմա մարդիկ Ազատություն ռադիոկայան, Civilnet, Ա1+ են նայում: Երբ ոստիկանական բաժանմունքում էի, նկատեցի, որ բոլորը՝ պետից մինչև ոստիկականության շարքային աշխատակիցներ, հետևում էին այս կայքերի ուղիղ եթերներին:

Շարժման ժամանակ կարևոր է, որ հենց մենք ունենանք մեր մեդիան:

Տարկետման ակցիաների ժամանակ ինքներս էինք լուսաբանում, իսկ հիմա տասնյակ լրատվամիջոցներ են աշխատում, ամեն լրատվամիջոցից առնվազն երեք կամ չորս լրագրող:

Շատ մեծ աջակցություն ենք ստանում մեդիայի նման ակտիվությունից, քանի որ տեղի ունեցողը ոչ միայն մեկնաբանվում է, այլևս տեսաձայնագրվում:

Այս օրերին դեպքեր ենք ունեցել, որ լրագրողների պակաս է եղել: Օրինակ, Քոչարից բերման ենթարկելու ժամանակ որոշ հատվածներում լուսաբանում չի եղել: Ողջունելով լրատվամիջոցների կենտրոնացումն, ուզում եմ ասել, որ հատվածներ կան, որ չեն ֆիքսվում: Եվ իրադարձությունների մի մասը առանց միտումի դուրս է մնում լուսաբանումից:

Սոցիալական ցանցերը, բայց հատկապես Ֆեյսբուքը, շատ է օգնում արագ գործել և մոբիլիզացվել:

Հավաքվել էինք Ճարտարագիտական համալսարանի մոտ, որոշեցինք ցրվել տարբեր կողմերով և հավաքվել պետական համալսարանի բակում: Այդ ընթացքում իրար գրում էինք ֆեյսբուքով: Երբ հասանք համալսարանի տարածք, ոստիկաններն արդեն այնտեղ էին: Գիտեինք, որ իրենք էլ են Ֆեյսբուքն օգտագործում: Ոստիկանների հետ բռնոցի էինք խաղում:

Մեզանից յուրաքանչյուրն իր հերթին օգտագործելով ցանցի հնարավորությունները, տեղեկացնում է մարդկանց տեղի ունեցողի և սպասող քայլերի մասին: Այս օրերին ցուցարարներից ամեն մեկը մեդիա է և բացի ցուցարար լինելուց, այլ պարտավորություններ էլ է վերցրել իր վրա:

Մեր տեղեկատվության ցանցից դուրս են մնացել տարեց քաղաքացիները, նրանք տեղեկություններ ստանում են հիմնականում հայկական և ռուսական հեռուստատեսություններից:

Վաղ, թե ուշ հեռուստատեսությունները չեն կարողանա այլևս կիսատ-պռատ լուսաբանել շարժման քայլերը:

Իսկ այս պահին, եկեք փաստենք՝ մեդիան շարժման բոլոր ուղերձները հասցնում է ժողովրդին:

 

Դավիթ Պետրոսյան
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, 

«Քայլ արա՛, մերժիր Սերժին» շարժման ակտիվիստ

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *