2018.03.23,

vox populi

Լրագրողները՝ փակ դռների ետևում. մեկ օրում երկու օրենք

2018 թվականի սկիզբը Հայաստանի համար նշանավորվեց խոսքի ազատության և լրագրողների իրավունքների սահմանափակման փորձերով: Մասնավորապես, ՀՀ Կառավարությունը մշակեց և Ազգային Ժողովին ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը սահմանում է, որ Կառավարության նիստերը պետք է լինեն դռնփակ: Մինչ օրս նիստերը, ըստ էության, դռնփակ էին, սակայն հեռարձակվում էին և լրագրողները հետևում էին Կառավարության շենքում հատկացված հատուկ սենյակից, իսկ նիստի ավարտին հարցերի էին ուղղում նախարարներին: Առաջարկվող նախագծով, որն արդեն ընդունվել է Ազգային Ժողովի կողմից, լրագրողներին ոչ միայն հնարավորություն չի տրվելու հետևել նիստի ընթացքին, այլև Կառավարության անդամին հարցեր չի կարողանա տալ «Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին», եթե վարչապետը վերջինիս թույլ չտա:

Հասկանալի է, որ օրենքով ամրագրված այս կետը հնարավորություն է տալու նախարարներին խուսափել լրագրողների հարցերից՝ պատճառաբանելով, թե պատասխանելով այդ հարցին իրենք ստիպված են լինելու գաղտնազերծել «Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին» տեղեկատվություն, ինչն օրենքով արգելված է:

Դժբախտ զուգադիպությամբ կամ հանցավոր դիտավորությամբ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նույն օրը՝ մարտի 23-ին, Ազգային Ժողովի արտահերթ նիստում ընդունվեց մեկ այլ նախագիծ՝ ի վնաս լրագրողների: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի առաջին ընթերցման ներկայացրած տարբերակը վերաբերում էր օրենքի կետերից մեկի ուժը կորցրած ճանաչելուն միայն: Սակայն երկրորդ ընթերցմանը ներկայացվեց միանգամայն նոր նախագիծ (ինչը ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս), որի տեքստը պատգամավորներին հասանելի էր դարձել նիստից ընդամենը մեկ օր առաջ:

Նախագծով մասնավորապես կյանքի է կոչվել լրագրողներին ավագանու նիստերի դահլիճ մուտք գործելուց զրկելու Երևանի քաղաքապետարանի մտադրությունը: Արդեն ընդունված օրենքի նախագիծը սահմանում է. «Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում հավատարմագրված լրագրողները իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում առանձնացված հատուկ տեղում, որը ապահովված է ավագանու հրապարակային նիստերը առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակմամբ դիտելու և ձայնագրելու տեխնիկական հնարավորությամբ, իսկ ավագանու նիստերի դահլիճում կարող են ներկա լինել Երևանի քաղաքապետի կամ նիստը վարողի թույլտվությամբ»:

Հիշեցնենք, որ ավագանու նիստերից լրագրողներին հեռացնելու ցանկություն առաջացավ այս տարվա առաջին նիստի ընթացքում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո, երբ լրագրողները տարբեր ռակուրսներից ֆիքսել էին, թե իշխող կուսակցության ներկայացուցիչները ու քաղաքապետարանի պաշտոնյաներն ինչպես են խմբակային բռնություն գործադրում ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցչի նկատմամբ: Ցանկությունը մտադրության վերածվեց սկանդալային նիստին հաջորդած մյուս միջադեպը, երբ լրագրողները նույն «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարի հրավերով և ուղեկցությամբ շրջել էին քաղաքապետարանի տարածքում և նկարահանումներ կատարել:

Դրանից հետո քաղաքապետարանը լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են կանոնակարգել (իրականում՝ սահմանափակել) լրագրողների աշխատանքը քաղաքապետարանի տարածքում և խնդրեցին առաջարկներ ներկայացնել: Իսկ երբ 30-ից ավելի լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպես նաև լրատվամիջոցներ ու լրագրողներ գրավոր հայտարարեցին, որ քաղաքապետարանի առաջարկած ձևաչափը անընդունելի է և հակաօրինական, չինովնիկները ելքը գտան՝ փոխեցին օրենքը, որպեսզի իրենց չմեղադրենք ապօրինության մեջ:

Այսուհետ թե՛ կառավարությունում, թե Երևանի քաղաքապետարանում լրագրողները կմնան փակ դռների ետևում:

Արման Ղարիբյան
Անկախ լրագրող, «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *