2017.06.15,

vox populi

«Սոցցանցերում ակտիվ լինելը հանգստանալու միջոց է»

Ամենահետաքրքիր զբաղմունքը աշխարհին նայելն է: Շատ լավ տիպարներ կան` թաքնված, տարօրինակ, օրիգինալ… Նայում եմ, լուսանկարում, նկարում, սարքում կոլաժներ, շարժում նկարները ու, ի վերջո, ֆիլմ պատրաստում:

Այո, իմ կյանքում շատ մեծ դեր է խաղում ցանցը: Անգամ կարող եմ ասել, որ ցանցը աշխարհի ամենալավ բաներից մեկն է: Ո՞նց կարելի դժգոհել ցանցից: Գրեթե ամեն օր նոր էջեր են բացվում՝ արվեստի, անիմացիայի, թանգարանների մասին…

Սոցցանցերում արվեստը լիքն է, պարզապես այն գտնելու համար պետք է փնտրել: Տեսեք, թե որքան թանգարաններ իրենց ունեցվածքը բաց տեղադրում են ցանցում: Գիտեմ, որ կան թանգարաններ, որտեղ երբեք չեմ լինի ֆիզիկապես (հավես, ժամանակ ու գումար չունեմ), բայց ես դրանք այցելում եմ վիրտուալ: Իսկ նկարներն այնքան բարձր որակի են, որ կարող ես բոլոր ֆրագմենտները մանրամասն ուսումնասիրել: Էլ չեմ ասում գրականության մասին, որ հայտնվեց ցանցում:

Իսկ եթե քեզ ինչ-որ բան դուր չի գալիս, միշտ կարող ես խուսափել դրանից: Դու՛ ես որոշողը, թե ում հետ շփվել, ինչ տեսնել և ինչն արգելափակել: Փակիր այն էջերն ու մարդկանց, որոնք քեզ խանգարում են, բացիր այն, ինչն իրոք հետաքրքիր է: Այդ հնարավորությունը ցանցը տալիս է:

Ցանցը նախ կապ է իմ ոլորտի մարդկանց հետ, որոնց գիտեմ տարբեր փառատոններից: Իսկ այդ կապն ուղղակի անհրաժեշտ է, քանի որ ֆիլմեր կան, որոնք կարող եմ նայել միայն հեղինակների ուղարկած կոդերով: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է իմ մասնագիտությամբ ապրել առանց ցանցի:

Միշտ զարմացել եմ, երբ ծանոթներս ասել են՝ մի տարածիր գործերդ ցանցերում: Իմ լավ ընկեր Սևան Նաղաշն, օրինակ, ասում էր՝ ափսոս է: Անկեղծորեն չեմ հասկանում, թե ինչն է ափսոս: Պահեմ, որ ի՞նչ անեմ… Շատերը հենց ցանցի համար ստեղծված թվային կոլաժներ են:

Ֆիլմերը լրիվ ուրիշ հարթության վրա գտնվող ստեղծագործություններ են, իսկ մանր-մունր նկարներ անելը Ֆեյսբուքում տեղադրելու համար, ավելի շուտ խաղ է: Շեղող, հանգստացնող գործ…

Ինձ համար սոցցանցերում ակտիվ լինելը հանգստանալու միջոց է: Անիմացիան այնպիսի գործ է, որտեղ դադարներ են պետք: Գալիս է ժամանակ, երբ փակուղում ես հայտնվում ու չգիտես` ինչ անել: Եվ եթե կողքից սոցցանցի նման ուրախ զբաղմունք չլինի, շատ դժվար է:

Ես խնդիր չունեմ հեղինակային իրավունքների հետ: Ինչպե՞ս պիտի գողանան իմ նկարները: Ասեն, որ իրենց աշխատա՞նք է: Է~, թող ասեն, բոլորն էլ գիտեն, որ իմն են: Օգտագործեն ա՞յլ նյութերում: Թող օգտագործեն, ես միայն ուրախ կլինեմ:

Կարևորը մարդիկ են: Այսինքն` նրանք, ովքեր տեսնում են քո աշխատանքները: Իհարկե, դու նրանց համար չես անում, քեզ համար ես անում, բայց շատ հաճելի է, երբ նկատում են, հավանում, մեկնաբանում: Բայց միայն դա չէ…

Ոգևորվում եմ, որ կարողանում եմ ինքս ինձ զբաղեցնել: Կոլաժների տարբեր շարքեր եմ անում, օրինակ` «Գարունը կգա»: Բայց չեմ կարծում, որ նման բան կարող էի անել փող ստանալու սպասելիքով:

Մի բանում հաստատ վստահ եմ. եթե սկսես ընկնել կոմերցիայի հետևից, նկարների աղբյուրը կփակվի: Չգիտեմ` ինչի հետ է դա կապված: Երևի ինքդ ես փոխվում և փոխվում զգալիորեն:

Լավագույն անիմացիոն ֆիլմերի հեղինակները փող չեն ունենում: Եվ այդպես եղել է միշտ:

Մի լավ անիմատոր ընկեր ունեմ, որը հենց փառատոնի օրերին իր ֆիլմի սկավառակները բոլորին անվճար բաժանում էր: Երբ հարցրի՝ բա հովանավորները դեմ չե՞ն, պատասխանեց՝ հեղինակի համար միևնույն է, փառատոնն առիթ է, որ իմ գործը որքան հնարավոր է շատ մարդ տեսնի:

Ընդհանրապես կարծում եմ, որ ցանցահենները մեր բարեկամներն են: Ինչպե՞ս կարող է իմ գործը հասնել աշխարհի տարբեր անկյուններ: Իհարկե, ցանցերի ու ցանցահենների շնորհիվ…

Իմ արտասահմանցի ընկերներն էլ իմ ֆիլմերն ու նկարները հիմնականում տեսնում են ցանցում:

Հիմա ավելացել են անիմացիայի օգտագործման կետերը թե՛ գովազդում, թե՛ լուրերում, թե՛ … ամեն տեղ: Թեև հեղինակային անիմացիան նույնպես արտադրվում է, բայց դա ինքնուրույն մի բան է, որը հիմնվում է միայն և միայն տաղանդի վրա և չի վարձատրվում:

Ցանկացած լավ հեղինակային գործ անկեղծորեն էգոիստական է: Եթե քեզ համար չանես, բան չի ստացվի: Հատուկ արված բաներն են տհաճ, և շատ արագ իրենք իրենց բացահայտում են: Նույն պահին զգում ես, որ գործն արված է կոնկրետ լսարանի կամ փողի համար, այսինքն` ուղղորդված արվեստ է:

Կան նկարիչներ, որոնք կարողանում են նկարել արդեն ընդունված մի ոճով և տասնամյակներ շարունակ այդպես էլ նկարում են: Չեմ հասկանում, թե ինչպես չեն ձանձրանում:

Ես աշխատում եմ գոնե տեխնիկապես իմ մի ֆիլմը մյուսին նման չանել: Հասկանում եմ, որ իմ ձեռագիրը նկատվում է, բայց ես փոխում եմ բարդության աստիճանը, որ առաջին հերթին ի՛նձ համար հետաքրքիր լինի: Հակառակ դեպքում կանգ կառնեմ: Ձանձրույթից կմեռնեմ, եթե անընդհատ, ասենք, բանաստեղծական կոլաժների շարք անեմ: Էդպես չի ստացվի. «Մումի տրոլը» ուրիշ է, «Բալետը»` լրիվ ուրիշ: Բոլորը տարբեր են: 

Այո, ինձ կարելի է մեղադրել, որ իմ գործերը շատ են: Ինչպես, օրինակ, անընդհատ մեղադրում են երգ գրողներին, որոնք ինչ տեսնում են, երգում են: Չեմ կարող ասել, որ ինչ տեսնում, նկարում եմ, բայց իրոք գործերս շատ են: Տիգրան Համասյանն էլ անընդհատ երաժշտություն է գրում…

Ցանցն օգնում է ինձ պատվերներ ստանալ: Ասենք` գրքերի ձևավորման: Տեսնում են, հավանում, կապվում ինձ հետ: Բայց ես ինքս երբեք քայլեր չեմ նախաձեռնում: Կլինեն՝ լավ է, չեն լինի՝ թող չլինեն:

Ինձ համար իմաստը կինոն է, դա իմ էության անքակտելի մասն է: Երբ կինոյի վրա եմ աշխատում, ամեն ինչ մոռանում եմ, այդ թվում՝ նաև ցանցը:

Մենք ապրում ենք պատկերների դարում: Ինձ համար տեքստը միշտ էլ ավելի պակաս նշանակություն է ունեցել, քան պատկերը: Ես պատկերի մարդ եմ: Եթե պատկերը չգրավեց, տեքստը չեմ կարդա: Իհարկե, նկատի ունեմ ոչ թե գրքերը, այլ այսօրվա տեքստային առատությունը:

Ընդհանրապես մարդու հիշողությունները սկսվել են պատկերներից: Տեքստ չկար, կային ժայռապատկերներ, որոնք ավելի հասանելի ու տաղանդավոր էին, քան կարող էր լինել ենթադրյալ տեքստը: Օրինակ` Ֆրանսիայի քարանձավների ժայռապատկերները կարծես արված են ժամանակակից նկարչի աչքով:

Կարդում ես շումերական «Գիլգամեշն» ու տեսնում, որ լրիվ նորարարական կառուցվածք ունեցող լեգենդ է: Այն հատվածը, երբ ասվում է «Ես հենց քեզ եմ դիմում…» ուղղակի հրաշք է: Իսկական կինոկադր է: Դա այն հնարքներից է, երբ հերոսը էկրանից դիմում է կինոդիտողին անհատապես և առանց միջնորդների:

Ուզում եմ ասել, որ վաղուց արդեն ամեն ինչ ասվել է: Կարծում եմ` հիմա ապրելը դժվար է, քանի որ շատ բան գիտենք: Նաև գերհագեցել և հոգնել ենք նորություններից:

Ճիշտն ասած, ես հազվադեպ եմ դուրս գալիս տնից, ցանցին էլ կապվում եմ հենց իմ սենյակից: Ես եմ, գործերս, կենդանիները, այգին…

Այսօր, օրինակ, սկյուռը եկավ, նստեց պատուհանիս դիմացի ծառին ու սկսեց նայել ուղիղ ինձ ու հետս խոսել: Լավաշ տվեցի, չկերավ, շարունակեց խոսել: Թե ինչու էր այդ կոնտակտը պետք սկյուռին, անհայտ է: Երևի շփման կարիք ուներ…

Բոլորն ունեն շփման կարիք: Եվ ցանցը հենց միայնակ մարդկանց տեղն է: Եթե ցանցում ես, քեզ այդքան էլ միայնակ չես զգում:

Ինձ թվում է բոլորի համար էլ ցանցը մեծ աշխարհ է: Պարզապես պետք չէ կորցնել կապը իրականության հետ: Ու՞մ է պետք ցանցը, եթե չլինեին իմ շունը, կատուները, բակը, հողը…

 

Նաիրա Մուրադյան
Նկարիչ, անիմատոր

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *