2017.05.08,

vox populi

Խնձորներ և տանձեր. մանիպուլյացիա թվերով

Աշխատանքի բերումով հետևում եմ լրատվամիջոցներում օգտագործվող գրաֆիկներին և աղյուսակներին և նկատել եմ, որ լրագրողները երբեմն օգտագործում են մանիպուլյացիոն գրաֆիկներ: Առանձնացրել եմ որոշ օրինակներ, որտեղ մասնագիտորեն սխալ ընտրված մոտեցումներ կան:

Համեմատում են անհամեմատելին

Լրագրողական հոդվածների մաս կազմող գրաֆիկներում և աղյուսակներում կարելի է նկատել երկու տարբեր տնտեսական փոփոխականների համեմատություն, որոնց չափողականությունը տարբեր է: Իրականում այդ համեմատականների միջև կապ չկա:

Հեղինակը, համեմատելով իրար հետ կապ չունեցող տվյալները, կարծես սպառողին աղաչում է իմաստ տեսնել դրանց տակ և ռացիոնալիզացնել տեսածը:

Օրինակ, գրաֆիկում մի առանցքում կարող եք տեսնել ապրանքի ծավալը, մյուսում՝ դրամը: Դրանք տարբեր չափողականություն ունեն, հնարավոր է միասին աճում են կամ միասին նվազում, սակայն իրար հետ կապ չունեն: Իսկ պատճառահետևանքային կապի առկայությունը համեմատականների մեջ պարտադիր պայման է:

Այս գրաֆիկում համեմատված է ամուսնալուծությունների մակարդակը և մեկ շնչին ընկնող մարգարինի սպառումը: Վիզուալ համեմատություն առկա է, սակայն իրական պատճառահետևանքային կապ՝ չկա:

Խնդրահարույց է բացարձակ թվերի համեմատությունը

Գրաֆիկներում մանիպուլյացիա հիմնականում արվում է բացարձակ թվերի համեմատության ժամանակ:

Օրինակ, ներգաղթը դիտարկում են 20 տարի առաջ և հիմա՝ ցույց տալու նվազման տեմպը: Այստեղ սպառողի համար կարևոր է  հասկանալ կոնտեքստը: Բացարձակ թվով ներգաղթողների թիվը կարող է նվազած լինի, սակայն տոկոսային առումով՝ աճած: Խնդիրն այն է, որ երկրի բնակչության թիվն էլ է փոփոխվել ու դինամիկան տոկոսներով ներկայացնելն ավելի ճիշտ պատկեր կտա:

Նկատել եմ հոդվածներ, որտեղ նշվում է, որ Եվրասիական Տնտեսական Միությանն անդամակցելուց հետո Հայաստանից Ռուսաստան ներմուծումն ընկել է: Սակայն կոնտեքստը կրկին հաշվի չեն առել: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը նվազեցրել է ներմուծման ողջ ծավալը: Պատկերն ամբողջությամբ տեսնելու համար Հայաստանից Ռուսաստան ներմուծումը պետք է համեմատենք այլ երկրներից Ռուսաստան ներմուծումների հետ:

Պատճառահետևանքային կապերի բացակայությունը գրաֆիկում կարող է շեղել բնակչությանն ու տնտեսական քաղաքականություն իրականացնողներին:

Երբ պետությունն է թվերով մանիպուլյացիա անում

Նրանք են տիրապետում հիմնական տվյալների բազային և նրանք էլ կարող են ավելի հեշտորեն անել դա: Քանի դեռ այլընտրանքային տվյալներ չկան, կարող են ցույց տալ գրաֆիկներ, որոնք հարցադրումներ չեն կարող առաջացնել:

Հայաստանում տվյալների հիմնական բազան հարկային և վիճակագրական ծառայություններն են: Այլընտրանքային են Համաշխարհային բանկի տվյալները, քանի որ չափանիշներ ունեն, որոնցով բարելավում են դրանք: Ճիշտ կլինի լրագրողը իրարից անկախ տարբեր աղբյուրների հետ աշխատի՝ օբյեկտիվության աստիճանը մեծացնելու համար:

Ինչպես տարբերել մանիպուլյացիան

Թվային մանիպուլյացիան խնդիր է ամբողջ աշխարհում: Տվյալները կարելի է այնպես համադրել, որ ստացվի այն պատկերը, որը ցանկանում է ստանալ այն պատրաստողը:

Օրինակ, այս գրաֆիկում eBay-ի ընդհանուր առևտրային ծավալը համեմատվում է «Սև ուրբաթ»-ի եկամուտի հետ: Այս երկու արժեքները տարբեր են, դրանց համեմատելը նույնն է, թե խնձորը համեմատել տանձի հետ:

Ճիշտ կլիներ այս տվյալները ներկայացնելու համար երկու առանձին գրաֆիկ ստեղծել:

Կարևոր է, որ սպառողը տարբերակի աղբյուրները, հասկանա, թե տվյալ մեդիան ինչ լույսի տակ է ներկայացնում իրավիճակը: Պետք է ուշադրություն դարձնել հղումներին: Վստահելի կարող է համարվել այն թվային պատկերը, որը ցանկացած մարդ հղումներով կարողանա սկզբից մինչև վերջ վերարտադրել: Սպառողը պետք է ճանաչի հեղինակին, նրա աշխատանքը, վստահի, եթե անգամ վերջինս մասնագիտությամբ տնտեսագետ չէ: Մի խոսքով, գրաֆիկներով նյութեր կարդալիս մեդիագրագիտությունը շատ կարևոր է:

Լրագրողին էլ տարրական տնտեսագիտական գիտելիքներ են հարկավոր, օրինակ եթե  գնագոյացման մասին հոդված է գրում, պետք է տիրապետի գնագոյացման մեխանիզմներին:

Օգտակար է կարդալ գոնե տնտեսագիտության հիմունքները կամ մակրոտնտեսության (գործազրկություն, գնաճ, տնտեսական աճ, գնանկում, առաջարկ-պահանջարկ և այլն) ինչ-որ ուղղության մասին դասախոսություններ:

Լրագրողների և խմբագիրների գրաֆիկաներ ստեղծելու գործը հեշտացնելու համար առանձնացրել եմ մի քանի օգտակար ռեսուրսներ.

  • Վիճակագրական տվյալների հետազոտության, վերլուծության հարթակ
  • Մաթեմատիկական բանաձևեր
  • Տվյալների վիզուալիզացիայի հարթակ

Միքայել Թովմասյան
Տնտեսագետ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *