2016.10.20,

vox populi

Հարցեր, որոնք կարելի է և չտալ

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Հանրային հեռուստաընկերությունը նոր նախագիծ է սկսել՝ «Եթե բոլորը…» խորագրով: Սոցիալական գովազդը հուշում է նախագծի փիլիսոփայությունը՝ չկա անլուծելի խնդիր, եթե համախմբվում են բոլորը:

Հաղորդման կառուցվածքն այսպիսին է՝ հաշմանդամություն ունեցող երեխան ծնողների կամ այլ հարազատների հետ գալիս է հեռուստաընկերության տաղավար: Դահլիճում մարդիկ են, առաջին շարքում՝ տվյալ երեխայի խնդրով զբաղվող բժիշկը, երեխայի հետ վերականգնողական պարապմունքներ անցկացնող մասնագետները, հոգևորական՝ ըստ նպատակահարմարության…

Նախապես նկարահանված ռեպորտաժում ներկայացվում է երեխայի առօրյան, նրա ծնողների խոսքը: Երեխայի հիվանդության պատմությունը ներկայացնելուց հետո և հաղորդման ընթացքում՝ մի քանի անգամ, հաղորդավարները հեռուստադիտողներին կոչ են անում 7000 համարին հաղորդագրություն ուղարկել, որը համարժեք է 500 դրամ նվիրատվությանը: Հավաքված ողջ գումարն ուղղվում է երեխայի բուժմանը:

Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին հայաստանյան գրեթե բոլոր հեռուստաընկերություններն անդրադառնում են՝ տարբեր ձևաչափերով: Իհարկե, եթե անդրադարձը օգնում է անգամ մեկ երեխային ապաքինվել, այն կարելի է արդարացված համարել: Հատկապես՝ եթե մանկական հաշմանդամության թեման ներկայացվում է հնարավորինս նրբանկատ, ինչը փոքր-ինչ պակասում է «Եթե բոլորը…»-ին:

Այս նախագիծը՝ պաստելային գույներով, տագնապեցնող երաժշտական մուտքով, հաղորդավարների դեմքի մտահոգ արտահայտությամբ, հաղորդմանը մասնակցող երեխային ավտոմատ կերպով կտրում է իրեն հարազատ միջավայրից, իրականությունից, որը երեխայի համար, թերևս, այնքան էլ սարսափելի չէ, որքան պարզվում է հաղորդման ընթացքում:

Օրինակ՝ Հոչկինի լիմֆոմա ունեցող Մանվելի դեպքում:

Հաղորդավարները այսպես են սկսում հաղորդումը. «Բազմաթիվ են օրինակները, երբ նման բազմանդամ ընտանիքներին պատուհասած դժբախտությունը նրանց է՛լ ավելի ամուր է դարձնում» (0.33): Հիվանդ երեխան ներկայացվում է իբրև «ընտանիքին պատուհասած դժբախտությու՞ն»…

Տաղավարում նստած է Մանվելը, և հաղորդավարուհին նրա ներկայությամբ հետաքրքրվում է բժշկից. «Եթե հաշվի առնենք, որ (հիվանդությունը-Լ.Ա.) 4-րդ փուլում էր, մահվան հետ կռիվ եղե՞լ է» (5.58): Բժշկուհին հաստատում է, որ եղել է պայքար մահվան հետ: Հաղորդավարուհին դարձյալ հետաքրքրվում է. «Սա համարվում է մահացու՞ հիվանդություն…» (8.00): Պատասխանը հաստատական է:

Որպես հաղորդման ինտրիգ է ներկայացվում փաստը, որ Մանվելի քույրերն ու եղբայրները հենց հաղորդման ընթացքում են տեղեկանում, որ իրենց եղբայրը բարդ հիվանդություն է տանում. «Ես պարզապես չեմ կարող չնկատել. Սոսեի (Մանվելի քույրը-Լ.Ա.) աչքերը փայլում են, արցունքները հավաքվել են, բայց նա կարողանում է հերոսաբար զսպել իրեն»,- նկատում է հաղորդավարուհին (8.44):

Եվ սա՝ առանց բացատրության, թե ինչ հիմքով է նման բան արվում. կա՞ մասնագետի ցուցումը՝ այդ մասին այսպես, չհղկված, առանց նախապատրաստման հայտնել Մանվելին և նրա քույրերին ու եղբայրներին: Եթե հանպատրաստից, շոկային կերպով հիվանդության մասին հայտնելը մասնագետի խորհրդով է, ապա անպայման նման դեպքում պիտի լինի մասնագետի տեսակետը, որը կօգնի նման իրավիճակում հայտնված այլ ծնողներին ևս:

Հաղորդմանը մասնակցում է մայրը՝ ողջ հաղորդման ընթացքում նստել ու քայլել չկարողացող երեխային գրկած: Սա ծնողի համար ծանր է ոչ միայն հոգեբանորեն, այլև ֆիզիկապես:

Չարժե հաղորդումն ավելի դիտարժան կամ հուզական դարձնել հյուրերի էմոցիաների ու նրանց պատճառած անհարմարության հաշվին, թերևս, չարժե: Հետևաբար՝ երեխայի պատմությունը հեռուստադիտողներին ներկայացնելը՝ առանց տաղավարում երեխայի և ծնողների անմիջական ներկայության, ծնողին կազատի դարձյալ և անխուսափելիորեն հուզվելուց, երեխային գրկում պահելու անհարմարությունից:

Հաղորդումը ցանկալի է կառուցել այնպես, որ հաղորդման մեխը լինի ոչ թե հաշմանդամություն ունեցող երեխայի վիճակի ցուցադրությունը կամ նրա ծնողների հուզմունքը, այլ լրագրողական աշխատանքը, թիրախային տեսաշարը:

Եվս մեկ նկատառում. հաղորդման հյուրերի մասին «գեղեցիկ ընտանիք», «ուժեղ կին», «գեղեցկուհի Մանե», «նա այնպիսին է, ինչպիսին բոլորն են», «մարդ, որը չի հուսահատվում» և նման արտահայտություններն ավելի են ընդգծում իրենց խնդրով տաղավար այցելած մարդկանց և տաղավարում նստածների անհավասարությունը:

Հաշմանդամություն ունեցող երեխաների (և ոչ միայն երեխաների) ինտեգրման խնդիրներին հեռուստատեսությունը կարող է օգնել ոչ միայն գեղեցիկ բառերով, դրամահավաքներով, այլև հնարավորություն տալով, որ, դիցուք, մանկական որևէ հաղորդում վարեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաները: Էկրանին, որպես կանոն, հաջողակ ծնողների կամ երգի այս կամ այն մրցույթին հաղթած երեխաներն են («Ինչուների մոլորակ»): Մանկական հաղորդում վարող երեխան չի ընկալվի որպես միայն խղճահարություն կամ հոգատարություն ակնկալող, այլ ինքը կլինի շատ այլ երեխաների համար հաջողության հասած երեխայի մոդել:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Հարցեր, որոնք կարելի է և չտալ”
  1. Զարմիկ Սարգսյան says:

    Դա պետք է անի հեռուստալրագրության դպրոցը
    Ինչ խոսք, տարրական էթիկայի մասին նույնպես պետք է հիշել (և ոչ միայն լոկ այս դեպքում կամ լոկ նմանատիպ հաղորդումներում), սակայն լրագրողական տակտի և էթիկայի մասին հույժ անհրաժեշտ է հատուկ դասընթաց մտցնել հեռուստա- և ռադիոլրագրություն սովորող երիտասարդության ուսուցման ծրագրում: եվ դա, իմ կարծիքով, պետք է լինի ոչ թե տեսական, այլ անպայման գործնական աշխատանք. թեկուզ նման ,,հայավարի ճչան,, կամ այլ կերպ՝ մերկապարանոց պարզունակ (պրիմիտիվ) հաղորդումների վերլուծմամբ և սխալների վերհանմամբ: Ամոթ չէ, կարող ենք սովորել լրագրության երկարամյա և հարուստ ավանդույթներ ունեցող երկրներից: Օրինակ՝ հետաքրքիր է, որ դեռևս 19-րդ դարում ռուսական լրագրության մեջ կայացած էր և գործում էր, այսպես կոչված, վերնագրային ինստիտուտը: Իսկ վերջերս Ֆրանս-2 հեռուստաընկերությունը թողարկեց ,,Ճանապարհ դեպի մեզ,, խորագրով հաղորդաշարը, որը պատմում է այլ երկրներից որդեգրված երեխաների (կամ արդեն մեծահասակների) մասին. պետք է տեսնել, թե ինչպիսի նրբանկատությամբ է ներկայացվում և մատուցվում այդ զգայուն թեման… Մի խոսքով, միջազգային փորձ կա, կարելի է և պետք է սովորել: Հակառակ դեպքում մեր նման հաղորդումները վերածվում են ,,խոհանոցային,, կամ ,,բակային,, ցավակցական, անմակարդակ քննարկումների, որոնց 2-3 բառից հետո ակամա փոխում ես հեռուստաալիքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *