Երբ բարձրագույն ուսումնական համակարգը դարձավ եռաստիճան (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա), արվեստի բուհերում կարևորվեց մեդիան որպես գործիք օգտագործելու հմտությունը:
Իհարկե, մեդիա գրագիտությունը բոլոր ոլորտի մասնագետների համար է կարևոր, բայց դրա կարիքը հատկապես մեծ է արվեստի բուհերում, քանի որ մեդիան ամենուրեք է, ու արվեստի մասնագետները այսպես թե այնպես իրենց գործունեության ընթացքում անընդհատ զբաղվելու են մեդիայով և օգտագործելու են մեդիան՝ սեփական աշխատանքը ներկայացնելու համար:
Կարծում եմ՝ մեդիա գրագիտության առարկայի կամ մոդուլի մուտքը ուսումնական համակարգ կնպաստի ավելի գրագետ և ունակ մագիստրոսների պատրաստմանը:
Համենայնդեպս, հիմա մեդիա գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն նրանք չունեն:
Մեծ իմաստով՝ արվեստն ինքնին մեդիա է, բայց արվեստի ոլորտի մասնագետների համար մեդիան նաև սեփական կատարումներն ավելի արդյունավետ դարձնելու կարողություն (կոմպետենցիա) է:
Արվեստի մասնագետը ոչ միայն ստեղծող է, այլև սպառող: Ցանկալի է, որ նա իմանա, թե ովքեր են իր ստեղծածի սպառողներն ու կարողանա լսարանի հետ աշխատել ավելի նպատակային: Ասենք, դերասանը ստանում է երգի, պարի, բեմական խոսքի և այլ վարպետության հմտություններ, և այդ շղթայում մեդիան այն անհրաժեշտ օղակն է, որն օգնում է հասկանալ ինչը, ինչպես և ում համար կարելի է ներկայացնել: Ցավոք, առ այսօր ոչ մի բուհում այդ հմտությունները չեն դասավանդում:
Ես հիմա չեմ խոսում սոցիալական մեդիայի մասին, քանի որ դա ցանկացած մարդու համար անհրաժեշտություն է, ինֆորմացիան արագ ստանալու ու արագ տարածելու միջոց: Բայց դասական իմաստով մեդիայում կատարողական արվեստները ներկայացված չեն, կարծես իսպառ բացակայում են:
Եթե նախկինում ֆիլմի կամ ներկայացման մասին կարելի էր տեղեկանալ քաղաքի ազդագրերից, հիմա արդեն հիմնական լուրերը ստանում ենք ցանցերից՝ ավելի հասանելի, մանրամասն ու արագ կերպով:
Մեդիան բազմաֆունկցիոնալ նշանակություն ունի արվեստի համար: Նախ՝ օգնում է նախագծերի առաջխաղացմանը (փրոմոուշընի), և հետո էլ՝ թույլ է տալիս հասկանալ հասարակական փոփոխությունները: Դա ավելին է, քան պարզապես կատարողի ու լսարանի շփումը:
Մագիստրատուրան կառավարչական հմտությունները զարգացնելու ուսումնական հարթակ է: Եվ մեդիա գրագիտությունը ուղղակիորեն նպաստում է հետադարձ կապի ապահովմանը՝ տալով հիանալի արդյունք:
Ուրախալի է, որ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մեդիա գրագիտության դասերի շարք է սկսել ավագ դպրոցներում: Եվ եթե այդ դասընթացները լուրջ մուտք գործեն կրթական համակարգ, աշակերտները կլինեն թե՛ ավելի գրագետ մեդիա արտադրող, թե՛ սպառող:
Կրթությունն այն ոլորտն է, որտեղ անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում ու նոր մոտեցումներ են առաջ գալիս: Եվ անհրաժեշտ է լավ պատկերացնել, թե ինչպես է ստեղծվում, կառուցվում ու տարածվում լուրը: Ի վերջո, ներկայացումը նույնպես լուր է, ինչպեսև կինոֆիլմը, շոուն, համերգը:
Եվ այդ լուրերը պետք է ձևավորվեն հմտորեն: Ձայնը, լույսը, խոսքը, շարժումն այն տարրերն են, որոնք պետք է համադրվեն, սինթեզվեն ու ներկայացվեն մեդիա հարթակներում: Համադրման այդ գործիքին տիրապետելը միայն օգնում է արվեստի մասնագետներին, մի քանի աստիճան բարձրացնում նրանց կարողությունները:
Ես ուրախ եմ, որ Թատրոնի և կինոյի ակադեմիայում մենք ներդրեցինք այդ փորձը: Չգիտեմ, թե ինչպես է Գեղարվեստի ակադեմիայում և Կոնսերվատորիայում: Բայց եթե բուհերը համատեղ ծրագրեր մշակեն, շատ լավ կլինի: Հիմա գրեթե բոլոր բուհերը մեդիա գրագիտության տարրեր դասավանդում են, բայց դա շաղախված չէ մասնագիտական հմտությունների հետ:
Հասկանում եք, կատարողական արվեստի մասնագետը, հասնելով մագիստրատուրայի աստիճանի, արդեն ձեռք է բերել իր հիմնական գիտելիքները և հիմա նրան անհրաժեշտ է հավաքագրել, ի մի բերել տարբեր հմտություններ, հասկանալ, թե ինչպես իրականացնել իր գաղափարներն ու լավագույն արդյունքի հասնել:
Կարճ ասած՝ ինչ անելուն գումարել ինչպես մատուցելն ու սպասվելիք ազդեցությունը հաշվարկելը:
Վարուժան Ավանեսյան
Արվեստի կառավարման ամբիոնի դասախոս
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: