2015.12.02,

vox populi

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը սահմանափակում է տեղեկատվության ազատության իրավունքը

Սահմանադրական փոփոխությունների նախագծով խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքը պահպանվում է, ինչպես գործող Սահմանադրությամբ: Սակայն նախագծում ավելացել է ևս մեկ` «Տեղեկություններ ստանալու իրավունքը» հոդվածը (Հոդված 51), որը խնդրահարույց ձևակերպումներ ունի:

Այդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուրն իրավունք ունի տեղեկություններ ստանալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու դրանց պաշտոնատար անձանցից, սակայն այդ մարմինների շրջանակը գործող Սահմանադրության համեմատ սահմանափակ է:

Տեղեկատվության ազատության մասին օրենքն այսօր տեղեկություն տնօրինողների ավելի լայն շրջանակ է նախատեսում՝ պետական հիմնարկներ, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ, հանրային նշանակության կազմակերպություններ, որոնք իրենց հերթին ներառում են մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող կամ մարդկանց համար կարևոր ոլորտների (կրթություն, սպորտ, մշակույթ, առողջապահություն, տրանսպորտ և կապ, սոցիալական ապահովություն, կոմունալ ծառայություններ) կազմակերպությունները:

Առաջարկվող Սահմանադրության նախագծով որոշում կայացնող ոչ բարեխիղճ քաղաքական գործիչները կարող են օրենքից դուրս թողնել որոշ մարմիններին, որպեսզի մարդիկ դրանց վերաբերյալ տեղեկություն չկարողանան ստանալ:

Տեղեկատվության ազատության ներկա օրենքն ու պրակտիկան գծել են այն տեղեկությունների շրջանակները, որոնք կարելի է ստանալ պետական մարմիններից: Կարելի է, օրինակ, տեղեկություն ստանալ փաստի, եղելության, երևույթի վերաբերյալ: Իսկ առաջարկվող փոփոխություններով՝ կարելի է ստանալ փաստաթղթեր և տեղեկություններ գործունեության մասին:

Մի քանի տարի առաջ` 2012թ.-ին, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում էր ուղարկել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), հայտնել, որ ՀՀԿ-ի անունից հեռախոսազանգի միջոցով կուսակցության անդամներից խնդրում են տեղեկություններ տրամադրել, թե կուսակցության անդամի ընտանիքում քանի ընտրող կա, նրանց անունները, ազգանունները, հայրանուններն ու ծննդյան տարեթիվը, ու հարցրել՝ ի՞նչ նպատակով են հավաքվել անհատական տվյալներ հանդիսացող այդ տեղեկությունները ՀՀԿ անդամների ընտանիքների վերաբերյալ:

Գալուստ Սահակյանը պատասխանել էր հարցմանն ու հերքել այդ տեղեկությունը: Սա հարցում էր երևույթի, եղելության վերաբերյալ:

Գործող օրենսդրության համաձայն՝ պաշտոնատար անձինք եղելությանը, երևույթին կամ իրադարձությանը վերաբերող հարցումներին պետք է պատասխանեն: Նման երևույթների վերաբերյալ հարցումներ անելը առաջարկվող նախագծով շատ բարդ կլինի, քանի որ որոշում կայացնող ոչ բարեխղիճ քաղաքական գործիչները կարող են օրենքից դուրս թողնել երևույթների և իրադարձությունների վերաբերյալ հարցումները` համարելով, որ դրանք պետական մարմնի գործունեության մասին չեն:

Սահմանադրական փոփոխությունների նախագծով պաշտոնատար անձինք պատասխանատվության կարող են ենթարկվել տեղեկություններն առանց իրավական հիմքի մերժելու և տեղեկությունները թաքցնելու համար: Սակայն բաց է թողնված տեղեկության տրամադրման ժամկետները խախտելու, ոչ լիարժեք կամ կեղծ տեղեկություն տրամադրելու, տեղեկություն ստանալու իրավունքը այլ կերպ խախտելու համար պատասխանատվությունը:

Ստացվում է, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի «Տեղեկություններ ստանալու իրավունքը» հոդվածը սահմանափակում է տեղեկություններ ստանալու ազատության գործող սահմանները՝ մարմինների շրջանակը, այն տեղեկությունների շրջանակը, որոնք կարելի է ստանալ այդ մարմիններից, և ավելի քիչ պատասխանատվության հիմքեր է նախատեսում պաշտոնյաների համար, ովքեր կխախտեն այս իրավունքը:

Կարծում եմ՝ նախագծի հեղինակները թերացել են Հայաստանում տեղեկատվության ոլորտում օրենքի կիրառման պրակտիկայի ուսումնասիրման հարցում, որովհետև եթե ուսումնասիրեին, կտեսնեին, թե ինչ զարգացումներ կան, և ինչպես է այս իրավունքը առաջ գնացել Հայաստանում: Կամ էլ պարզապես տեղեկություններ ստանալու հնարավորությունները սահմանափակելու դիտավորություն կա:

Գևորգ Հայրապետյան
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *