2015.05.18,

vox populi

Ինֆորմացիան մաքրվում է` ճյուղավորվելով ու շրջանառվելով

Ամեն օր մեծ քանակի կայքերը փորփրելն ու ինֆորմացիոն սլայդերի հետ գործ ունենալը առօրյա է դարձել: Դա ոչ լավ է, ոչ վատ, պարզապես նորմ է, որին գնահատական տալն անիմաստ է:

Իրականում տեղեկատվական աղբյուրները չեն կարող չափից շատ լինել: Ավելի ճիշտ` որքան շատ, այնքան լավ: Տեղեկատվական հոսանքն իր մեջ ինքնամաքրման ֆունկցիա ունի ու անպայման պարբերաբար ինքն իրեն վերանայում ու զտում է:

Միակ վտանգը վերահսկողության տակ հայտնվելն է: Թեեւ, մեծ հաշվով, դա դժվար իրականանալի է, քանի որ տեղեկատվությունն իր բնույթով բաց է:

Անգամ կարող եմ ասել` որքան ինֆորմացիան խառը, խճճված ու միահյուսված լինի, որքան հարուստ լինի հղումներով ու իրարից բխող հատվածներով, այնքան ուրախ ու օգտակար է:

Արդեն իսկ կայքեր կան, որոնց վրա տեղադրված ահռելի ինֆորմացիան անվերջանալի է թվում: Այն աստիճան անվերջանալի, որ կարող ես խելագարվել անգամ: Մի կայք գտա, որտեղ աննորմալ քանակությամբ լուսանկարներ են: Բացում ես մեկը, հետո՝ մյուսը, հետո՝ տասը, հետո՝ հարյուրը, թվում է, որ պատկերներն անվերջ են, ու դու կմահանաս, մինչեւ հասցնես բոլորը նայել:

Ասածս այն է, որ ինֆորմացիան մաքրվում է՝ ճյուղավորվելով ու շրջանառվելով (նույնիսկ եթե դա դժվարություններ է առաջացնում դիտողի համար):

Բայց կարծում եմ` մեր խնդիրը ոչ թե ինֆորմացիայի գերհագեցվածությունն է, այլ նյութը: Եթե հանրայնացնեք այդ խնդիրը, կստացվի, որ մենք ապրում ենք մի իրավիճակում, որտեղ խախտված է վիրտուալի ու նյութականի հավասարակշռությունը:

Մեդիա դաշտում իրավիճակն ավելի ընկալելի է (կարող եմ անգամ ասել` ավելի առողջ), քան իրական կյանքում: Ամեն օր հայտնվելով սոցցանցերում՝ մենք գործ ենք ունենում վերանայման համակարգերի հետ` մեկնաբանում ենք, վիճում, տարածում, ջնջում, այսինքն` միշտ ակտիվ տեքստի (հիպերտեքստի) դաշտում ենք, միշտ համատեքստում ենք:

Իսկ մեր նյութական միջավայրը շատ տեղայանցված է: Եվ գնալով այն ավելի նեղ ու փակ է դառնում, ինչն իրականում սարսափելի վտանգավոր երեւույթ է: Մարդիկ ստիպված հայտնվում են խիստ լոկալ պայմաններում ու հիմնվում միայն սեփական ռեսուրսների վրա, փակվում ու ներփակվում են, որպեսզի պահպանեն այն, ինչ ունեն:

Մենք նյութականի շրջանառություն չունենք, քանի որ տեղաշարժերը շատ ծանր ու թանկ են: Իսկ փակ իրավիճակներում արժեքային համակարգի վերանայում տեղի չի ունենում, քանի որ ցանկացած բանի արժեքը (իրի, երեւույթի, գաղափարի, արվեստի գործի, տեղեկատվության եւ այլն) երեւում ու ստուգվում է՝ միայն շրջանառության մեջ դրվելով: Ամեն ինչն էլ ձգտում է բաց տարածքում հայտնվել ու իր տեղը հասկանալ լոկալ-գլոբալ շղթայի մեջ:

Կրկնում եմ` որքան շատանա տեղեկատվությունը, այնքան լավ: Պարզապես կուզեի, որ մեդիան փորձի նաեւ աշխատել ավելի կետային, թիրախային կերպով: Ասենք՝ լինեն լուրջ ու հատուկ նշանակության լրագրողներ, որոնք այնքան են մասնագիտացած իրենց ոլորտում, որ կարող են զտել ինֆորմացիան ու տարբեր կետերի կարեւորությունը ցույց տալ:

Բայց, մեծ հաշվով, այն, ինչ տեղի է ունենում մեդիա դաշտում, ինձ լիովին բավարարում է: Իսկ Հայաստանի մեդիայում կաղում է հիմնականում որակը: Շատ քիչ են դեպքերը, երբ հայաստանցի լրագրողները մասնակցում են կարեւոր իրադարձություններին ու վերլուծում դրանք: Դրա լավագույն ապացույցն, օրինակ, Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեն էր, որտեղ Հայաստանի տաղավարը մրցանակ ստացավ, բայց ոչ մի մեդիա պատրաստ չէր խորությամբ վերլուծել այն: Այսպես ասեմ` չուներ այն նավիգացիոն մոտեցումը, որի շնորհիվ այս հաղթանակը կարելի էր գլոբալ համատեքստում տեղավորել:

Ի վերջո, հիշենք, որ մեդիան միջնորդի կարգավիճակ ունի, եւ ամեն մարդ ինքն է որոշում` ունի՞ այդ միջնորդի կարիքը, թե՞ ոչ:

Երբ կոմպետենտ լրագրողը (նաեւ ցանկացած ոլորտի մասնագետը) չի սպասարկում իշխանավորին, արժանապատիվ միջավայր է ստեղծվում: Եվ միայն այդ դեպքում է իշխանավորը հաշվի նստում լրագրողի (եւ ցանկացած ոլորտի մասնագետի) հետ:

Մեդիան միջնորդ է, ինչպես եւ արվեստում միջնորդ է համադրողը: Եվ երկու դեպքում էլ թե՛ մեդիան, թե՛ կուրատորը չպիտի քծնեն, այլ միշտ պահպանեն իրենց օրակարգը: Իսկ երբ նրանք խեղճանում են ու չեն ունենում դիմադրելու ուժ, սփռվում ու լղոզվում են իրենց պատվիրատուների առջեւ, արժանապատվության մասին խոսք լինել չի կարող:

Արժանապատիվ լինելու համար առաջին հերթին պիտի արժեւորես մասնավորը, որը խոսում է իր անունից, թեկուզեւ իր ասածը վերին աստիճանի, մաքուր ու փայլուն հիմարություն է:

Արժանապատվությունը, արժեւորելով մասնավորը, հակադրվում է զանգվածին՝ դիտարկելով այն որպես մասնավորի բազմազանություն: Դրա մասին արժի հիշել ու փորձել դեսովետիզացիայի ենթարկել մեր միջավայրը:

Կարեն Անդրեասյան
արվեստագետ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *