Մանկական հաղորդումների, ֆիլմերի եւ, ի վերջո, հեռուստատեսության հիմնախնդիրը բավական արդիական է այս պահին: Հիմնախնդիրը առնչվում է եւ՛ այդ հաղորդումների քանակին, եւ´ դրանց որակին:
Քանակի առումով մանկական հաղորդումները տուժում են մի պարզ պատճառով` դրանք ռեյտինգ չեն ապահովում, հետեւաբար գովազդ չեն բերում եւ կոմերցիոն նպատակ չունեն: Այստեղից հետեւում է, որ մանկական հաղորդումները պետք է լինեն պետական:
Կարծում եմ՝ մանկական հաղորդումներն ու այն տեղեկատվությունը, որը փոխանցվում է երեխաներին, եւս պիտի անցնի խիստ փորձաքննություն եւ ստեղծվի մասնագետների կողմից: Այստեղ գուցե կհարցնեք, թե ովքե՞ր են այդ մասնագտեները, միթե մեր հաղորդումները մասնագետները չե՞ն ստեղծում:
Մեզ մոտ սովորաբար հաղորդումներն ստեղծվում են այսպես. հեռուստատեսության աշխատակիցներից մեկը մի գաղափար է հղանում, ապա դրա մասին հայտնում համապատասխան ղեկավարին, նա հավանություն է տալիս, հավաքվում է նկարահանող թիմը (սցենարիստը, ռեժիսորը եւ այլն) ու հաղորդումը պատրաստ է թողարկման:
Արդյունքում ունենում ենք մանկական հաղորդում, որը ստեղծում է նույն հեռուստատեսության աղմկոտ եւ էժանագին թոք շոուներ նկարահանող անձնակազմը:
Կարծում եմ՝ մանկական հաղորդումներում տարածված են հետեւյալ հիմնական եւ սխալներն ու կարծրատիպերը.
1. Մանկական հաղորդում ստեղծելը հեշտ է: Մանկական հաղորդումները հաճախ համարում են առավել թեթեւ եւ հեշտ ժանր: Իրականում նմանատիպ հաղորդումները, գրքերը եւ այլ ստեղծագործությունները շատ ավելի մեծ արհեստավարժություն են պահանջում, քան մնացածները: Առաջին հերթին այն պատճառով, որ ստեղծվում են մեծահասկաների կողմից, ովքեր վաղուց արդեն հեռացել են մանկությունից: Երկրորդ հերթին, մանկական հաղորդումները պահանջում են որոշակի մակարդակի մատչելիություն, տարիքային եւ ընկալման առանձնահատկությունների հստակ իմացություն:
Ցանկացած նյութ ավելի հեշտ է ներկայացնել հասուն եւ տվյալ նյութին քաջատեղյակ լսարանին: Իսկ երեխաների համար մատչելի լեզվով ներայացնել բարդ նյութերն ու հարցերը անհամեմատ ավելի դժվար է: Դա է պատճառը, որ ամենափոքրիկների հարցերին ծնողները ամենաշատն են դժվարանում պատասխանել: Հետեւաբար ամենափոքրիկների համար հետաքրքիր, մատչելի եւ օգտակար հաղորդումներ եւ մուլտֆիլմեր ստեղծելն ավելի դժվար է, քան մեծերինը:
2. Որքան գունեղ, այնքան լավ: Մանկական հաղորդումները հագեցած են, կարելի է ասել՝ խեղդված են, գույներով: Իրականում երեխաներին գույների բացակայությունը ավելի քիչ կարող է վնասել, քան դրանց ավելցուկը: Պետք չի մոռանալ, որ գույնը եւս ինֆորմացիա է: Եվ ցանկացած ընկալված ինֆորմացիա պիտի մշակվի մեր գլխուղեղի կողմից:
Ինֆորմացիայի ավելցուկը գլխուղեղում առաջացնում է գերլարում, ստացված ինֆորմացիայի մշակման համար, արդյունքում երեխան հոգնում է, հեռուստացույցի առաջ երկար նստելուց սպառվում: Ինֆորմացիայի ավելցուկը երեխաների մոտ առաջացնում է տագնապայնություն, որը բավական լուրջ խնդիր է եւ հաճախ պահանջում է մասնագիտական միջամտություն:
3. Որքան աղմկոտ եւ դինամիկ, այնքան լավ: Գույներից բացի հաղորդումները պարունակում են նաեւ ակտիվ ինֆորմացիա, որն ուղղորդված կերպով անհրաժեշտ է հասցնել երեխաներին: Դա կարելի է անել տարբեր կերպ: Վերջերս հեռուստատեսությունը դինամիկայի եւ արագության պակաս չի զգում: Այդ պակասը չունեն նաեւ մանկական հաղորդումները, որտեղ ինֆորմացիան ավելի հաճախ ավել է, ավելորդ, տարիքին անհամապատասխան, մատուցվում է սարսափելի աղմկոտ:
Իրականում երեխաներին ժամանակ է անհրաժեշտ մատուցվող տեղեկություններն ընկալելու, հասկանալու եւ հետագայում դրանցից օգտվելու համար: Այդ պատճառով այս ինֆորմացիան չի կարելի մատուցել չափից դուրս արագ փոփոխվող տեսարաններով, աղմկոտ, տարբեր վայրերից ու հատվածներից անընդհատ իրար հաջորդող կադրեր միացնելով:
4. Որքան հետաքրքրիր, այնքան լավ: Շատերին թվում է, թե այն ինչ հետաքրքիր է երեխաներին, ուրեմն օգտակար է: Երեխաների հետաքրքրությունների վրա հենվել, իհարկե, պետք է, բայց, այստեղ կա մի կարեւոր հարց. երեխաների հետաքրքությունը շարժելը չպիտի լինի հաղորդման միակ նպատակը: Այստեղ մենք միանշանակ կսխալվենք: Հիշենք, որ կան տարբեր գունագեղ խաղալիքներ, որոնք երեխաներին հետաքրքրում են առաջին հայացքից, գրավում եւ հրապուրում, բայց չեն զարգացնում եւ բացի վաճառվելուց որեւէ այլ նպատակ եւ երեխայի համար օգտակարություն չունեն:
5.Իդեալական, ավարտուն եւ կատարյալ կերպարները, տեղեկությունները զարգացնում են: Այստեղ խոսքը կատարելության ձգտման մասին է: Իրականում երեխաների զարգացման համար խթան է հանդիսանում անավարտ, անկատար կերպարը, ինֆորմացիան խոշոր հաշվով: Այն կերպարը, որը ստիպում է երեւակայությամբ որեւէ բան ավելացնել կամ մտովի ավարտել այն, զարգացնում է երեխայի երակայությունն ու մտածողությունը: Այդ իմաստով լավագույն հաղորդումն այն չէ, որը պատասխանում է երեխաների բոլոր հարցերին, այլ այն, որը հարցեր է առաջացնում, ստիպում պատասխաններ փնտրել:
6.Որքան բազմազան, որքան արկածային այնքան լավ: Ինֆորմացիայի ավելցուկի մասին մենք արդեն խոսեցինք: Այստեղ առավել կարեւոր է նշել պարզության նշանակությունը: Պարզ եւ մատչելի տեղեկությունները օգնում են երեխային ընկալել, յուրացնել տիրապետել ինֆորմացիային: Հաճախ երեխաները հետաքրքրվում են տարօրինակ, անմարդկային, չտեսնված եւ չլսված կերպարներով: Վերջերս նման կերպարներով հեքիաթներն ու մուլտֆիլմերը ավելացել են: Նախկինում կային Կառլսոնը, Չեբուռաշկան, Բոքոնիկը:
Այժմ կան Սպունգ Բոբը եւ նման այլ կերպարներ: Դրանք իհարկե չեն վնասում երեխայի հոգեկան աշխարհին, բայց չափն անցնել եւ նպատակը կորցնել չի կարելի: Այ հենց էստեղ է, որ ոչ միայն անիմացիայի մասնագետը պետք է աշխատի, այլ նաեւ մանկական հոգեբանը կամ մեկ այլ մասնագետ, ով տեղյակ է երեխայի հոգեկանի զարգացման առանձնահատկություններից եւ կարող է օգնել ստեղծել երեխայի զարգացմանն ու արժեքային համակարգի լիարժեք ձեւավորմանը նպաստող կերպարներ:
Հետեւաբար հնարված կերպարները չպետք է լինեն անհասկանալի, բարդ, ագրեսիվ, գռեհիկ կամ այլանդակ: Չնայած այս բոլոր որակումները իրականում կարող են շատ սուբյեկտիվ թվալ, բայց այնուամենայնիվ էսթետիկան եւս գիտությունների շարքին է դասվում եւ իր օրինաչափություններն ունի: Այնպես որ, թող ամեն մեկն իր գործով զբաղվի:
Անուշ Ալեքսանյան
հոգեբան
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոն
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: