Ընտանիքում երկու անչափահաս երեխա ունենք (նաեւ երկու մեծահասակ, որոնք լավ գիտեն՝ ինչ է եթերը, ճշմարտությունը եւ ընդհանրապես ամեն ինչը)։ Եւ այդ պատճառով էլ որոշեցինք հեռուստատեսային ալիքները փոխարինել նոր տեխնոլոգիայով՝ AppleTV-ով։ Հնարավորություն ունենք (երբ ուզենք) դիտել աշխարհի բոլոր հեռուստածրագրերը, վարձել կամ գնել ամենաթարմ ֆիլմերն ու մուլտֆիլմերը, երաժշտություն լսել։
Մի խոսքով՝ այն ինֆորմացիան, որը մեզ անհրաժեշտ է, կարողանում ենք այդ փոքր սարքով դիտել։ Իսկ հայաստանյան լուրերի մասին տեղեկանում ենք մի քանի կայքերից։ Ես, օրինակ, ամեն առավոտ ինտերնետում կարդում եմ թերթերն ու դրանից հետո միայն տնից դուրս գալիս։ Բոլորս էլ, երեւի, տեսնում ենք, որ ինֆորմացիայի խոշոր աղբյուր են նաեւ սոցցանցերը, հատկապես Ֆեյսբուքը։ Դա մի կողմից ինձ շատ է ուրախացնում, բայց մյուս կողմից տխրեցնում է, քանի որ Ֆեյսբուքն իմ կյանքից մոտ չորս գիշերային ժամեր է խլում։ Պարզապես «ուտում» է այնպես, որ չեմ էլ նկատում։
Մեր հեռուստատեսության մասին ասելու շատ բան չունեմ։ Ինձ համար բոլոր հայկական ալիքները մեկ հեռուստատեսություն են, փոխում ես ալիքներն ու հանդիպում նույն դեմքերի, նույն թեմաների ու նույն բառերի։ Երեւի, եթե երկար փորփրես հայկական եթերը, նայելու բան կգտնես, օրինակ, «ԱՐ» հեռուստաընկերության հաղորդումներում։
Շատ ցավալի է, որ մի քանի տարի առաջ փակվեց «Հայրենիք» մանկական ալիքը, քանի որ իմ երեխաները առավոտները դիտելու բան էին ունենում (ուզենք, թե չուզենք, հիմա հեռուստատեսությունն ավելի մեծ կրթական դեր ունի, քան նույնիսկ դպրոցը), իսկ ես էլ սովորաբար մեծ հաճույքով նայում էի սովետական հին ֆիլմերը։
Տարբեր տեղեր լինելով՝ համոզվել եմ՝ չկա մի երկիր, որը չունի ռետրո ալիք, այսինքն՝ չի ցուցադրում իր անցյալը։ Ամերիկայում, օրինակ, տասնյակ ռետրո ալիքներ կան. մեկը երաժշտությանն է անդրադառնում, մյուսը՝ ֆիլմերին, երրորդը՝ պատմությանը։ Եւ բոլորը ուսուցողական ալիքներ են։ Ի վերջո, չի կարելի անցյալի առջեւ դուռը փակել ու լրիվ մոռանալ արդեն իսկ կատարվածը։ Երբ մոռանում ենք անցյալը, դեպի կործանումն ենք գնում։ Մոտավորապես հենց դա էլ տեղի ունեցավ մեր հեռուստատեսության հետ։
Հասկանում եք՝ հին ֆիլմերը ցուցադրում են այն ժամանակվա մարդկային հարաբերությունները, միջավայրը, քաղաքային տեսարանները։ Ու էկրանին պարզ տեսնում ես, թե որքան պարզ, բաց ու ջերմ են եղել մարդկանց շփումները։ Դրանից չես փախչի. ֆիլմերում եւ հաղորդումներում էկրանը խոշորացնում ու ընդգծում է հատկապես մարդկային հարաբերությունները։ ժամանակակից ֆիլմներն էլ հստակ ցուցադրում եմ այսօրվա մարդկային հարաբերությունները։
Հիմա մեդիայի, մանավանդ՝ հեռուստատեսության ուշադրության կենտրոնում հիմնականում քաղաքական հաղորդումներն ու լուրերն են (կուսակցություններն իրար կծում, հոշոտում, ուտում են)։ Ախր, դա այնքան անցողիկ ու անհետաքրքիր է…
Կա մեկ մնայուն բան, եւ դա մշակույթն է։ Դիտում ես հին ֆիլմերն ու հաճույք ստանում։ Ֆիլմի, Ֆիլմարտադրության կուլտուրան հիմա իսպառ կորցրել ենք։ Այսօր մեզ մոտ ֆիլմարտադրությունը, հեռուստատեսությունը եւ ընդհանրապես ամեն ինչը (սկսած ընտրություններից) դարձել է Ուրախների եւ հնարամիտների ակումբի (КВН) մակարդակի մի միջոցառում։ Երբեմն իրոք տպավորություն է ստեղծվում, որ նույն մարդն է ե՛ւ ընտրությունները կազմակերպում, ե՛ւ ֆիլմեր նկարահանում, ե՛ւ հեռուստատեսությունը կառավարում։
Կարծում եմ՝ սա կա՛մ շատ խորամանկորեն մշակված դիտավորություն է, կա՛մ էլ իր գագաթնակետին հասած անգրագիտություն։ Բայց երկու դեպքում էլ արդյունքը սարսափելի է։ Ապշեցնող ու ապուշացնող արդյունք…
Շատ ցավալի է, որ մեր խելացի, ընդունակ ազգը էսպիսի հեռուստատեսություն ու էսպիսի ինֆորմացիայի աղբյուրներ ունի։ Էլ չեմ խոսում սփյուռքի հեռուստատալիքների մասին, որոնք ընդհանրապես նայելու բան չեն։ Սփյուռքը սեփական հեռուստահաղորդումներ պատրաստելու ուժ, փորձ, գիտելիքներ ու գումար չունի, եւ այդ պատճառով էլ ցուցադրում է Հայաստանում պատրաստվածն ու այդ ամենը խառնում տեղական գովազդի hետ (պանրի, երշիկի, փաստաբանների, նպարատների)։
Հիշում եմ, երբ առաջին անգամ 1991 թվականին եղա ԱՄՆ-ում ու միակ հայկական ալիքը դիտեցի, ուղղակի շշմեցի դրա ցածր որակից (այդ ժամանակ Հայաստանի հեռուստատեսությունը մի քանի գլուխ բարձր էր)։ Գովազդ կարող էր դառնալ, օրինակ, մի թղթի կտորը, որի վրա գրված էր, ասենք, «Այցելեք Կարպիս ատամնաբույժին»։ Նկարահանվում էր հենց այդ սեւ-սպիտակ թղթի կտորը, որը ինչ-որ մեկը կադրում պահում էր՝ դողդողացնելով ե՛ւ ձեռքը, ե՛ւ կադրը։
Ուզում եմ մի գովազդի մասին էլ պատմել, բայց արդեն բեմականացված։ Մի մարդ միաժամանակ կնոջ ու տղամարդու դեր էր խաղում։ Տղամարդ. «Կնիկ, պանիր կուտի՞ս»։ Կին. «Չէ՛, չեմ ուտի»։ «Ադ պանիրեն փորձե՛, հետո կխոսինք»։ «Օ, ինչ լավն է, ինչո՞ւ մինչ հիմա չէի կերել»։
Սա, իհարկե, ծիծաղելի է, բայց կարծում եմ՝ երբ գովազդի մեծ մասը կապված է ուտելիքի հետ, մշակույթի մասին խոսք լինել արդեն չի կարող։
Մի անգամ խնդրեցի հեռուստավարկանիշները չափող ընկերությունների ներկայացուցիչներին բացատրել՝ ինչ է ռեյթինգը, քանի որ դա ինձ համար չինական հիերոգլիֆների պես անհասկանալի բան էր։ Իհարկե, պարզ է, որ չափող սարքերը տեղադրվում են տարբեր սոցիալական, կրթական աստիճան ունեցող հեռուստադիտողների տանը։ Բայց ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ այդ սարքերից չտեղադրել նաեւ այսպես կոչված ընտրյալների (գիտնականների, արվեստագետների) տներում։ Եւ թող նրանց ճաշակը հաշվի առնելով էլ՝ կազմվեն հեռուստածրագրերը։
Հիմա, հենց որ եթերում 6/8 ֆորմատի մի անճաշակ ռաբիս երգ է հեռարձակվում, ալիքի ռեյթինգը միանգամից թռչում է վեր, իսկ դասական գործի կատարումը ռեյթինգը գցում է։ Դա ալիքների ղեկավարների համար արդարացում է դարձել, նրանք ցույց են տալիս ցածրորակ, անգամ խուլիգանական հաղորդումներ՝ պատճառաբանելով, որ պայքարը հանուն բարձր ռեյթինգի իրենցից դա է պահանջում։
Եթե եղած վարկանշային համակարգով ենք ուղղորդվելու, ապա ես թքած ունեմ ռեյթինգի վրա։ Խորեն Աբրահամյանի խաղացած ներկայացումներից մեկում մի լավ միտք էր հնչում. «Փոքրամասնությունն է ճիշտ, այլ ոչ թե մեծամասնությունը»։ Ես կիրթ, աշխարհ տեսած ու վերլուծել կարողացող փոքրմասանության կողմնակիցն եմ։
Ի վերջո, կարելի է մի էքսպերիմենտալ ալիք ստեղծել ու բոլոր «աղբը» (անճաշակ երաժշտությունն ու սերիալները) այդտեղ կուտակել։ Հիշում եք, երեւի, ժամանակին այդ ալիքի դերը կատարում էր «ԱԼՄ»-ն, որն, ի դեպ, եթե մի քիչ էլ դիմանար, հիմա դասական ալիք կհամարվեր։ Երբեմն նույնիսկ կարոտում եմ այդ ալիքը, քանի որ մեջը մաքրություն կար։
Կարծում եմ՝ մեր երկրում հեռուստատեսության եղած տեսակն, իհարկե, կշարունակի կորցնել իր լսարանը, բայց դեռ կմնա։ Հեռուստատեսությունը ես համեմատում եմ սկավառակների շուկայի հետ։ Երբ հայտնվեցին CD-ները, բոլորը հասկացան, որ վինիլային «պլաստինկաների» դարն անցել է։ Իսկ հիմա արդեն մեռնում են նաեւ CD-ները, սկվում է download-ների շրջանը։
Հիմա մարդիկ իրենք են որոշում՝ ինչ դիտել։ Հաճախ ընկերներիս տուն գնալով՝ տեսնում եմ, որ իրենք ու իրենց երեխաները հիմնականում «Discovery» ալիքն են նայում։ Վստահ եմ, որ այդ ալիքի պրոֆեսիոնալ նկարահանումները դիտելուց հետո ոչ ոք այլեւս «32 ատամ» (կամ «46 ականջ») ծրագիրը չի միացնի, քանի որ հաճույք չի ստանա։ Ի վերջո, նույնիսկ զվարճացնող հաղորդումներն իրենց մեջ պիտի յուրահատուկ մեսիջ ունենան, այլ ոչ թե միայն ձեռ առնելու վրա կառուցվեն։ Իսկ մենք մեր հեռուստատեսային հումորային հաղորդումներով ինքներս մեզ ենք ձեռ առնում ու հետն էլ հաճույք ենք ստանում։ Դա երեւի հայկական մազոխիզմի դրսեւորում է։
Օրինակ՝ եթե նայեք մեր սերիալները, ոչ մի երջանիկ ընտանիք չեք գտնի։ Երջանիկ կին էլ չեք գտնի. բոլորը դժբախտ, բռնության ենթարկված, խոհանոցում լաց լինող էակներ են, ում ամուսինները գալիս են տուն ու կռիվ սարքում։ Մի խոսքով՝ մեր հերոսները չսափրված բռի տղամարդիկ ու վախեցած կանայք են։ Եւ այդ հերոսներն ամեն օր մարդկանց տուն են մտնում։ Հատկապես՝ գյուղերում, որտեղ, հեռուստատեսություն նայելուց բացի, ուրիշ անելու բան չկա։ Եվ հեռուստատեսությունը սկսում է ամեն օր «լվանալ ուղեղները»։
Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ հեռուստաընկերությունների տնօրեններից շատերը հեռուստատեսության հետ կապ չունեն։
Արթուր Իսպիրյան
երաժիշտ, երգիչ
Դպրոցը՝ Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց
Կրթությունը՝ Պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետ
Սիրելի ֆիլմը՝ դժվար հարց է, պատասխանը երկար կստացվի
Սիրելի երաժշտությունը՝ ամենադժվար հարցն է… Երեւանում լինելու պահին, իհարկե, Արտեմի Այվազյանի երաժշտությունը
Սիրելի սպորտաձեւը՝ ընդհանրապես սպորտ շատ եմ սիրում, եւ ամեն առավոտ ժամը 8-ին ընկերներով գնում ենք Հրազդանի կիրճ, որտեղ բարեբախտաբար ռեստորաններից ազատ մի փոքր տարածք կա։ Այնտեղ վազում ենք, պարապում, բադմինթոն խաղում։ Բոլորին հրավիրում եմ միանալ մեզ…
Սիրելի արտահայտությունը՝ «Hello, I’m Armenian»
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: