2011.12.19,

vox populi

Ո՞վ է ձեւավորում ամենօրյա լրահոսը

Հայաստանում` ավելի ճիշտ Երեւանում, չնայած մեկ տասնյակը գերազանցող մամուլի ակումբների առկայությանը՝ դեռ նորերն են ստեղծվում: Հայելի, Հենարան, Հայացք, Արմատ, Ազդակ, Արցախ, Ընտրություն, Վարկած, Ուրբաթ, Պոստ Սկրիպտում, Դյուպլեքս, Դե  ֆակտո, Իրատես դե ֆակտո…սրանք ու նաեւ մի քանի այլ անուն, որոնք այս պահին չմտաբերեցի, լրագրողների մեծ մասի շրջանում շատ հայտնի են. նրանից յուրաքանյուրն այս ակումբներում միջին հաշվով օրական 1-1.5 ժամ է անցկացնում:

Ակումբներում հյուրընկալվող մարդկանց շրջանակը լայն չէ. մի քանի չարչրկված դեմքեր էս ակումբից էն ակումբ են կանչվում: Եղել են դեպքեր /ճիշտ է քիչ, բայց եղել են/, որ նույն մարդը նույն օրում մի ժամվա տարբերությամբ երկու ակումբում ասուլիս է ունեցել:

Ակումբներում քննարկվող թեմաններն էլ հիմնականում նույնն են. մեկը մի բան հայտարարեց, կանչում են քաղաքական մի գործչի կամ սոցիոլոգի կամ էլ քաղաքագետի ու հոգեբանի, որոնց կարծիքն արդեն մի քանի անգամ նույն հարցի մասին առիթ ունեցել ենք լսել, հարցը  կրկնում են:  Սրանք էլ անգիր արած պատասխանում են, լրատվամիջոցներն էլ տեղում արագ գրում են:

Արդյունքում ողջ օրվա լրահոսը գրեթե նույնն է: Մի քանի տասնյակ հիմնականում լրատվական կայքեր նույն ինֆորմացիան են տալիս, միմյանցից գրեթե չտարբերվող:
Եթե նույնիսկ մի լրատվամիջոց ռեսուրսի պակաս ունի ու, ենթադրենք, մի ասուլիս բաց է թողել, մինչեւ մյուսից չգողանա, չի հանգստանա:

Ի դեպ, այս երեւույթը վերջին օրերին շատ տարածված է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում  վերջին օրերին հաճախ եմ հանդիպում այս կամ այն լրատվամիջոցի լրագրողի, խմբագրի կամ այլ ներկայացուցչի դժգոհությանը, թե իրենց նյութը «ցրել են», անուններ են նույնիսկ հրապարակվում, ավելին՝ «ցրողները» չափն անցնում են, ասուլիսից բացի՝ հեղինակային նյութեր էլ են գողանում, առանց որեւէ հղման իրենց էջում տեղադրում:

Արտասահմանյան լրատվամիջոցները, այդ թվում՝ հեռուստաընկերությունները, ինչքանով հանդիպել եմ, մամուլի ասուլիսներ գրեթե չեն ներառում իրենց լրատվական հաղորդումներում: Իսկ մեր հեռուստաընկերություններն լրատվական թողարկումներում հիմնականում ասուլիսներ ու նման միջոցառումների լուսաբանումներ են ներառում` էս ինչը էս ինչ ասուլիսում այս բանն ասաց, մեկ ուրիշ մեկ ուրիշ տեղ ըսենց ասեց, մեկն էլ էս կարծիքը արտահայտեց:

Ես այն կարծիքին եմ, որ մամուլի ակումբներն այստեղ՝ Հայաստանում, Երեւանում շատ են խանգարում լրագրության զարգացմանը: Օրվա վերջին խմբագրությունների աշխատանքը համակարգողների առջեւ մոտ երեք էջանոց միջոցառումների ցուցակ է դրվում ու խնդիր` ծածկել դաշտը, այսինքն՝ որեւէ միջոցառում բաց չթողնել:

Արդյունքում լրագրողները շնչակտուր վազում են, արտադրանքն էլ միանման է ու անորակ: Այդ նույն հեղինակները ակումբից ակումբ վազելու փոխարեն մեծ հաճույքով  կայցելեին, ասենք ,մի ընտանիքի, ով կդժգոհեր գնաճից, առկա սոցիալական պայմաններից: Լրագրողը հետ կգար, կխոսեր մի տնտեսագետի, մի սոցիոլոգի, մի պատասխանատուի հետ: Արդյունքում համ նյութը որակյալ կստացվեր, համ էլ ամենայն հավանականությամբ խնդիրը կլուծվեր:

Բայց այս պահին դաշտի ճահճացում է: Բանախոսը մի տեղից դուրս է գալիս, մեկ ուրիշ ակումբ վազում, լրագրողն էլ` նրա հետեւից: Ու մի բան էլ. եթե մյուս ոլորտներում մրցակցությունը բերում է որակի բարձրացման, ապա լրատվական դաշտում մրցակցությունը կարծես թե հակառակ էֆեկտն է ունենում՝ լրավամիջոցների մեծ մասը զբաղված է էժանագին սենսացիաներ փնտրելով` լսարան հավաքելու համար:

Լալա Տեր-Ղազարյան
լրագրող

Դպրոցը՝ Արարատի մարզի Տափերական գյուղի միջնակարգ դպրոց
Համալսարանը՝ Երեւանի պետական համալսարան, Ժուտնալիստիկայի ֆակուլտետ
Սիրելի գիրքը՝ Գ. Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»
Սիրելի ֆիլմը՝ «Մենք ենք, մեր սարերը»
Սիրելի երաժշտությունը՝ դասական` կիթառի նվագակցությամբ
Սիրելի սպորտաձեւը՝ բասկետբոլ, ֆուտբոլ
Սիրելի արտահայտությունը՝ «Գուցե բարին սա է»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *