Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Արտավազդ Եղիազարյան

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ոչ մի լավ տեքստ չի մնում անտիպ։ Այլ հարց է, որ կան խնդիրներ գիրքը ընթերցողի ուշադրությանն արժանացնելու մասով։ Դրանք կային տասը տարի առաջ, կան նաև այսօր։ Այս մասին media.am-ին ասել է արձակագիր, խմբագիր Արտավազդ Եղիազարյանը՝ նշելով, որ շատ գրքեր տպագրվում են ու մնում գրախանութում։ 

Հայաստանում ստեղծվող ժամանակակից գրականությունն ինչպիսի՞ն է։ Կարո՞ղ ենք անուն տալ, բանաձևել։ 

Այդ հարցին ավելի լավ կպատասխանեն հրատարակիչները, ոլորտի առաջխաղացմամբ զբաղվող մարմինները։ Բայց որպես գրող, ընթերցող կարող եմ ասել, որ մենք ունենք ժամանակակից որակյալ գրականություն, մրցունակ գրականություն։ Ի տարբերություն, օրինակ, կինոարտադրության, որի համար մեծ ֆինանսական միջոցներ են պետք, թիմ է պետք, գրականությունը ստեղծվում է անհատի կողմից։ Հեղինակը գրում է, հրատարակիչը տպագրում։ Տպագրվելը հիմա ավելի հեշտ է, քան 15 տարի առաջ։ Ուստի ստեղծվում են շատ գործեր, որոնք միանգամայն միջազգային որակի գրականություն են։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ոչ մի լավ տեքստ չի մնում անտիպ։ Այլ հարց է, որ կան խնդիրներ գիրքը ընթերցողի ուշադրությանն արժանացնելու մասով։ Դրանք կային տասը տարի առաջ, կան նաև այսօր։ Շատ գրքեր տպագրվում են ու մնում գրախանութում։

Թվում է, թե սոցիալական ցանցերը պետք է լուծեին այդ խնդիրը։ Այդպես չէ՞։

Եթե ընդհանուր շուկան դիտարկենք, գիրք գնելու ավանդույթը վերականգնվել է միջոցառումների շնորհիվ։ Նկատի ունեմ Գիրք նվիրելու տոնը, Book Fest-ը, որոնք լավ PR-ված են, ու մարդիկ ակտիվ մասնակցում են դրանց։ Բայց առանձին գրքերը, որպես կանոն, առանձին հեղինակները, չեն առաջխաղացվում։ Չի տարվում առանձին մարքեթինգային արշավ՝ կոնկրետ գրքի կամ կոնկրետ հեղինակի համար։ Միջոցառումներն ավելի շատ խթանում են թարգմանությունների գնմանը, քան՝ հայ հեղինակների։ Կա տարածված թյուրըմբռնում, որ հայ գրողները գրում են հայկական սերիալների պես։ Մարդիկ ունեն նախատրամադրված կարծիք․ գիրքը չկարդացած արդեն կարծիք ունեն դրանց մասին։ 

Իսկ հեղինակները չե՞ն օգտագործում հասանելի գործիքները։ Օրինակ՝ աշխատեն սոցիալական ցանցերում իրենց իմիջի ձևավորման վրա, ուղիղ կապի մեջ լինեն ընթերցողի հետ։ 

Ճիշտ եք, սա լավ գործիք է, բայց բոլոր հեղինակները չեն կարող զբաղվել դրանով։ Դա պահանջում է գիտելիք, հմտություն, ժամանակ։ Անձնական բրենդինգն առանձին աշխատանք է, հատուկ ուշադրություն պահանջող աշխատանք է։ Ոչ բոլորը կարող են դա անել։

Ի դեպ, բավական լավ աշխատում է հակառակ երևույթը․ երբ բլոգերը, ինֆլյուենսերը գիրք է տպագրում և այն հաջողում է։ Մարդիկ տարիներ շարունակ լսարանի ներգրավմամբ են զբաղվում ու մի օր գիրք են տպագրում (արդեն կապ չունի, թե ինչի մասին), որը դառնում է բեսթսելեր։ 

Մյուս կողմից, մենք ունենք, օրինակ, Արամ Պաչյանին, որը չունի հրապարակային էջեր սոցցանցերում, բավական փակ է ընթերցողի համար, հարցազրույցներ հազվադեպ է տալիս, բայց մարդիկ սպասում են նրա գրքերին։ Այնպես որ չեմ կարող վստահ ասել, որ եթե հեղինակը ակտիվ լինի սոցցանցերում, նա կհաջողի և հակառակը՝ որ չհաջողելու պատճառը սոցցանցային պասիվությունն է։ 

Ձեր՝ «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի հաջողության պատմությունը վերլուծե՞լ եք։ Ո՞րը դարձավ գրքի վաճառքների խթանը մարքեթինգային տեսանկյունից։ 

Սոցիալական ցանցերում ինձ ճանաչում են որպես «Երևան» ամսագրի խմբագիր, էնպես որ համոզված եմ, որ անձնական էջը չի ազդել գրքի վաճառքի վրա։ ։ Պարզապես ես մտա մի դաշտ, որը Հայաստանում դատարկ էր։ Շտ քիչ են մանկապատանեկան գրականություն ստեղծող հեղինակներ։ 

Երբ տղայիս համար գրքեր էի ընտրում, թե ինչ կարդա, նկատեցի, որ ամբողջը թարգմանական գրականություն է, չկա տեղական հեղինակ, որը ստեղծում է գրականություն այդ տարիքի համար։ Դրա համար մտածեցի, որ կարող եմ ինքս գրել։ 

Գիրքը լույս տեսավ 2020-ի աշնանը՝ Գրքի տոնավաճառի շրջանակում, առաջին ընթերցողները սիրեցին, դրական կարծիքը տարածվեց։ Բնականաբար, մեծ ազդեցություն ունեցան կազմը, Հարություն Թումաղյանի նկարազարդումները, անգամ տառատեսակը՝ «Անտարես» հրատարակչությունը որակյալ գործ է արել։ 

Ես հանդիպումներ էի անցկացնում նաև աշակերտների հետ։ Սա ևս շատ օգնեց ինձ, որովհետև երբ երեխաներին ասում ես գրող, իրենք պատկերացնում են դասագրքի մեջի սև ու սպիտակ լուսանկարով մեկին, որ վաղուց մահացել է։ Կենդանի գրող, այն էլ բոթասներով կենդանի գրող տեսնելը, երեխաների համար շոկ է։ 

Իսկ գրադարանները գրողի համար մնո՞ւմ են հաջողության ցուցիչ։ Ժամանակակից գրողն ուզո՞ւմ է գրադարաններում ներկայացված լինել։ Թե ցուցիչը վաճառքն է։

Իհարկե, շատ ուրախալի է, որ գիրքը հասնում է գրադարան, հատկապես, եթե այն հասնում է ընթերցողի պահանջով։ Կարծում եմ, որ ժամանակակից գրականության պարագայում հենց այդպես էլ լինում է․ երբ ընթերցողները շատ են պահանջում, գրադարանը այն ներառում է նոր գնվող գրքերի ցանկում։ Երբ քո գիրքը գրադարանից վերցնում են, սա կարծում եմ, որ ավելի մեծ պատասխանատվություն է գրողի համար, քան երբ այն գնում են։ 

Պատասխանատվության մասին․ քանի որ գիրքը մանկապատանեկան է, ինչ-որ հարցերում ձեզ գրաքննե՞լ եք։ Եղե՞լ են թեմաներ կամ երևույթներ, որոնց մասին գրել չեք ցանկացել, մտածելով, որ չեն հասկանա կամ կլղոզվի իրականության ու հորինվածքի սահմանը։

Իրադարձություններն իմ գրքում տեղի են ունենում ժամանակակից Հայաստանում, բայց կան հղումներ նաև առասպելներին։ Կան իրական տարածքներ, որտեղ մենք բոլորս եղել ենք, բայց կան նաև խոսող վիշապներ, որոնք խոսում են խոսակցական հայերենով։ Սա էր հիմնական մարտահրավերը։ Լեզվի ընտրության հետ կապված բավական շատ քննադատություն եմ լսել։ Անգամ լսել եմ, որ ասում են, թե լեզուն փողոցային է, քանի որ ա-երով է խոսքը։ Բնականաբար, սրա հետ համաձայն չեմ։ Մենք կարծրատիպ ունենք, որ եթե տառը տպագրվում է թղթի վրա, ուրեմն ա-երով էլ չպետք է լինի։ 

Շատերին սարսափեցրեց, որ օգտագործել էի «չռփել» բառը: Կարծում եմ, որ լեզուն կենդանի օրգանիզմ է և եթե պատմում ես 21-րդ դարի Երևանի մասին, ուրեմն պետք է օգտագործես այն լեզուն, որը կիրառվում է այդ ժամանակ։ 

Իսկ չկա՞ր մտահոգություն, որ այդ տարիքում շատ երեխաներ կընկալեն սա որպես իրականություն, անգամ ապատեղեկատվություն, քանի որ կարող է չհասկանան, որ գեղարվեստական գրականություն է։ 

Չէ, այդ մասին չեմ մտածել։ Գեղարվեստական գրականությունը հորինվածք է, չեմ կարծում, թե երեխաներին պետք է բացատրել, որ այն խտացված է ու երևակայական։ 

Զրուցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը