Ազգային ժողովն օրեր առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։
Փոփոխությունների փաթեթով վերանայվել են Կարգավորող մարմնի՝Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, վերաբերող գործառույթներին, հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացման, հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման պայմաններին առնչվող դրույթներ։
Առաջարկվող փոփոխությունների ու լրացումների մասին Media.am-ը զրուցել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանի հետ։
Տիկին Մամիկոնյան, Ազգային ժողովում օրինագիծը ներկայացնելիս՝ ԲՏԱ նախարարն ասաց, որ նախագծով առաջարկվում են կարևոր տեխնիկական փոփոխություններ, որոնցով նոր լիազորություններ են սահմանվում վերահսկող Կարգավորող պետական մարմնի համար։ Մի փոքր բացենք փակագծերը, ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։
Բոլորովին վերջերս Ազգային ժողովում քննարկվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու նախագիծը։ Թեև առաջարկվող փոփոխությունները տեխնիկական բնույթի էին, բայց շատ կարևոր էին ու դրանց անհրաժեշտությունն իսկապես կար։
Գործող օրենքով Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս օպերատորներին՝ հեռարձակումն անհապաղ դադարեցնելու համար: Կառավարությունն՝ ի դեմս ԲՏԱ նախարարության, առաջարկել է Կարգավորող պետական մարմնին վերապահել նոր գործառույթ՝ վերը նշվածի մասին հայտնել նաև այդ ծրագիրը հեռարձակող ցանցային օպերատորներին:
Եղել են դեպքեր, երբ Կարգավորող մարմինը դադարեցրել է որոշ հաղորդումների հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում, սակայն ցանցային օպերատորներն այդ որոշման մասին տեղյակ չեն եղել և շարունակել են հեռարձակումը։
Առաջարկվող հաջորդ փոփոխությունն էլ այն է, որ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտին կից, մասնակիցները պետք է նաև տեղեկանք ներկայացնեն հեռարձակման ծառայությունների ժամկետանց պարտքեր չունենալու մասին:
Բացի այդ վերանայվել են նաև հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման ու դադարեցման պայմանները:
Բերեմ այսպիսի մի օրինակ՝ ցանցային օպերատորների գործունեությունը մշտադիտարկելիս՝ մենք հաճախ տեսնում ենք, որ նրանք թույլ են տալիս տարատեսակ խախտումներ։ Օրինակ՝ ունեն հաղորդումներ, որոնք հեռարձակվում են առանց այդ մասին պայմանագրի առկայության կամ հեղինակային իրավունքի խախտմամբ։ Նրանք դրա վերաբերյալ ստանում են ծանուցում, վարչական վարույթ է բացվում, տույժի են ենթարկվում և այլն։ Այս պահին գործող դրույթներով ցանցային օպերատորների լիցենզիայի գործողությունը կասեցնելու պայմանները շատ բարդ են, այսինքն նրանք շատ հեշտությամբ լիցենզիա են ստանում, բայց Կարգավորող պետական մարմինը միայն կարողանում է նրանց տույժի ենթարկել, ոչ ավելին։ Երբեմն, ցանցային օպերատորները, օրենքի այս բացից օգտվելով, իրականացնում են նույն խախտումը մի քանի անգամ։
Առաջարկվող կարգավորումների արդյունքում գործնականում կապահովվի իրավական որոշակիության սկզբունքը: Արդյունքում բավականին հստակ կդառնա օրենքի կիրառումը տնտեսվարող սուբյեկտների, հեռարձակողների, վերահեռարձակողների, ցանցային օպերատորների, ինչպես նաև Կարգավորող մարմնի համար։
ԲՏԱ նախարարն ԱԺ ելույթում նշեց, որ քննարկումներ են ընթանում նաև բովանդակային փոփոխություններ իրականացնելու համար։ Բովանդակային ի՞նչ փոփոխությունների կենթարկվի օրենքը։
Այո, օրենքում բովանդակային փոփոխություններ իրականացնելու համար ընթանում են քննարկումներ։ Փաթեթը դեռևս աշխատանքային վիճակում է, սակայն պետք է ասեմ, որ շատ մեծ են մեր ակնկալիքներն առաջիկայում իրականացվող փոփոխությունների առումով։ Հուսով ենք, որ այդ փոփոխությունները դրական ազդեցություն կունենան ոլորտում առկա խնդիրների լուծման ճանապարհին։
Որպես Կարգավորող մարմնի ներկայացուցիչ, դուք ի՞նչ խնդիրներ եք տեսնում դաշտում, որոնք նախատեսվող բովանդակային փոփոխություններով կգտնեն իրենց լուծումը։
Օրինակ՝ բազմաթիվ խնդիրներ կան, օրենսդրական բացթողումներ կան լիցենզիայի տրամադրման, լիցենզիայի դադարեցման, հեղինակազորման, ցանցային օպերատորների աշխատանքին վերաբերող հատվածներում։ Եվ մասնակցելով այդ քննարկումներին՝ լիահույս եմ, որ շատ շուտով իմ թվարկած խնդիրներից շատերը կստանան իրենց լուծումը։ Այս փոփոխությունները էապես կնպաստեն դաշտն ավելի առողջացնելուն և կատարելագործելուն։
Այս խնդիրներից բացի, կան նաև հարցեր, որոնց լուծման ու կարգավորման համար քաղաքական որոշում է անհրաժեշտ։ Այդպիսի խնդիր է օրինակ համացանցով հեռուստանման ծրագրերի (TV-like ) հեռարձակումը, որոնք այս օրենքով բացարձակապես կարգավորման դաշտում չեն։
Անդրադառնալով ատելության խոսքի, բռնության կոչերի, երեխաների հոգեբանության վրա ազդող բովանդակության տարածման խնդիրներին՝ կարող եմ ասել, որ լիցենզավորված, հեղինակազորված հեռարձակողները լիակատար տիրապետում են օրենսդրական պահանջներին և վերջին տարիներին իրենց գործունեությունը ծավալում են՝ հաշվի առնելով այդ պահանջները, բնական է, որ բացառիկ դեպքերում լինում են նաև փոքրիկ թերացումներ։
Պատկերը բացարձակ այլ է համացանցային հեռուստանման ծրագրեր հեռարձակողների դեպքում։
Մենք կարող ենք թվարկել մի քանի տասնյակ նման հեռարձակողների, որոնք հանրային մեծ ճանաչում ունեն, մեծաքանակ հետևորդներ ունեն, սակայն իրենց գործունեությունը դուրս է կարգավորման դաշտից։
Արդյո՞ք, մեդիադաշտը պատրաստ է այս փոփոխությանը, եթե ոչ՝ ի՞նչ դիմադրություն կա։
Այս հարցը հաճախ դառնում է տարբեր շահարկումների առարկա, նույնիսկ մեդիադաշտի ներկայացուցիչներն այն դիտարկում և ներկայացնում են, որպես սահմանափակում։
Այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք, լիցենզավորված կամ հեղինակազորված հեռարձակողներն իրենց հեռարձակումն իրականացնում են սահմանափակված։
Ես անընդհատ ուզում եմ կրկնել, շեշտել այն հանգամանքը, որ թե՛ համացանցով հեռուստանման ծրագրեր հեռարձակողները, թե՛ հանրային մուլտիպլեքսում հեռարձակում իրականացնողները, ցանցային օպերատորները, հեղինակազորված հեռարձակողներն իրենց արտադրանքը ներկայացնում են նույն հանրությանը, նույն հասարակությանը, այսինքն լսարանը նույնն է։
Հետևաբար անհասկանալի է, թե ինչու մի հատվածը պետք է գործի կարգավորման դաշտում, մյուս հատվածը՝ այդ կարգավորումից դուրս դաշտում։
Բոլոր սուբյեկտները, որոնք գործում են մեդիադաշտում, պետք է գիտակցեն, որ կարգավորման դաշտում գործելը չի կարող համարվել ազատ խոսքի սահմանափակում, ինչն իրենք հաճախ մատնանշում են։
Միջազգային փորձն այս առումով ի՞նչ է ենթադրում։
Մենք տարբեր երկրներում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել մեր գործընկեր այլ կառույցների հետ, ուսումնասիրել ենք նրանց օրենսդրական փորձը, նաև Եվրոպական Միության օրենքները և հրահանգները, որոնք վերաբերում են տեսալսողական մեդիայի։ Պետք է ասեմ, որ բազմաթիվ երկրներում շատ վաղուց համացանցային հեռուստանման ծրագրերի հեռարձակողները լիցենզավորված հեռարձակողների նման գտնվում են կարգավորման դաշտում, ֆինանսական վճարումներ են իրականացնում, կիսում են նույն պարտավորություններն ու իրավունքները։
Ի դեպ, աուդիովիզուալ կարգավորումների վերաբերյալ ԵՄ կանոնագիրը սահմանում է, թե ինչ է նշանակում հեռուստանման հեռարձակում։ Այդ հրահանգ դիրեկտիվն ընդունվել է դեռևս 2010 թվականին և մենք պարտավորություն ունենք մինչև 2025-ի ավարտը հայաստանյան օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ իրավական դաշտին, որը ենթադրում է նաև հեռուստանման հաղորդումների կարգավորում։ Խնդիրը լայնորեն քննարկվել է, բայց դեռևս տեղաշարժ չկա, որը նաև քաղաքական որոշման հարց է։
Այս խնդիրը ներառվա՞ծ է նախատեսվող բովանդակային փոփոխությունների փաթեթում։
Ոչ, այս հարցը ներառված չէ վերոնշյալ բովանդակային փոփոխությունների ցանկում։ Սա առանձին նախաձեռնություն պետք է լինի։ ԲՏԱ-ն շատ լավ տեղյակ է խնդրին։ Նախարարի, փոխնախարարի հետ այս հարցը քննարկվում է։
Վերջերս Ազգային ժողովը քննարկում իրականացրեց, որին մասնակցեց նաև Կարգավորող մարմինը, դարձյալ քննարկվեցին այս փոփոխությունն ու դրա անհրաժեշտությունը։ Սակայն, այս հարցի շուրջ որոշակի հապաղում կա։ Կարգավորող մարմինը կաշկանդված է, քանի որ չի կարող հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող Կառավարությունը կամ Ազգային ժողովը դեռևս որևէ փաթեթ քննարկման չեն ներկայացրել։
Սակայն ես հույս ունեմ, որ և՛ Ազգային ժողովում, և՛ նախարարությունում կլինի այդ քաղաքական որոշումը և մենք կգրանցեք, որ գտել ենք խնդրի կարգավորման ճանապարհը։