2025.01.13,

Տեսակետ

«Մենք նամակներ էինք ստանում, որտեղ մեզ սպառնում էին ու վիրավորում»

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրեր առաջ Հայաստանի դեմ վճիռ է կայացրել։ «Մինասյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է մարդու հիմնարար իրավունքների՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և խտրականության արգելքի խախտում։  

Հայաստանը պարտավորվել է ՄԻԵԴ դիմած 14 քաղաքացիներին վճարել 28000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և 1067 եվրո՝ դատական ծախսերի համար։  

2014 թվականին Իրավունք թերթում հրապարակվել էր «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերին. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված, որտեղ առաջարկվում էր ցուցաբերել զրո հանդուրժողականություն նրանց նկատմամբ։  

Թիրախավորված, խտրականության ենթարկված ՀՀ քաղաքացիները՝  չկարողանալով պաշտպանել իրենց խախտված իրավունքները հայաստանյան դատարաններում՝ 2015 թվականին դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 

Media.am-ը զրուցել է ՄԻԵԴ դիմած քաղաքացի, ԼԳԲՏ համայնքի իրավապաշտպան, «Փինք» ՀԿ-ի հաղորդակցության ղեկավար Մամիկոն Հովսեփյանի հետ։ 

Մամիկոն, 2014 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթից հետո սկսված այս պատմությունը, կարծես ձնագնդի նման մեծանում էր։ Պիտի խնդրեմ հետ գնանք ու հասկանանք, թե ինչ էր տեղի ունեցել 11 տարի առաջ։  

Այո՛, իրադարձություններն իսկապես մի քանի փուլով զարգացան։ 2014-թվականին, երբ «Եվրատեսիլ»-ում Կոնչիտա Վյուրսթը հաղթեց, Հայաստանում ինչ-որ հոմոֆոբ ալիք բարձրացավ։  

Հայաստանյան ժյուրիի անդամներ Անուշ և Ինգա Արշակյաններն իրենց հարցազրույցներից մեկում ասել էին, որ, ներքին հակակրանքից ելնելով են ցածր գնահատել մրցույթի հաղթող տրանսգենդեր Կոնչիտա Վյուրսթին։  

Կոշտ արտահայտություններ էին արել, համեմատելով նույնասեռականությունը հոգեկան առողջության հետ ու բավական խտրական էին արտահայտվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց նկատմամբ։  

Հարցազրույցից օրեր անց, Ազատություն ռադիոկայանը ֆեյսբուքյան ասուլիս էր կազմակերպել և շատ օգտատերեր իրենց հարցերն ու քննադատություններն էին գրել երգչուհիների հնչեցրած կարծիքների շուրջ։ Դե, նրանցից մեկն էլ ես էի։  

Դրանից հետո «Իրավունք» թերթը, թիրախավորելով այդ օգտատերերին, հրապարակեց հենց այն հոդվածը, որի համար էլ դիմել ենք ՄԻԵԴ։ Նրանք ստեղծել էին «սև ցուցակ» և քննադատություններ գրած բոլոր օգտատերերին ներառել այդ ցուցակում։ Հոդվածին կից ներկայացված էին անգամ մեր սոցիալական ցանցերի օգտահաշիվները։  

Դրանից հետո շատերը, այդ թվում նաև ես նամակներ էինք ստանում, որտեղ մեզ սպառնում էին, վիրավորում էին։

Արդյունքում այդ «սև ցուցակ»-ում ներառված մարդկանցից ոմանք ստիպված եղան սառեցնել իրենց օտահաշիվները ֆեյսբուքում։ 

Ցուցակում 60 հոգի էինք։ Տասնվեցս որոշեցինք դատարան դիմել՝ մեր խախտված իրավունքները վերականգնելու համար։ Սակայն մեր դատական համակարգը որոշեց, որ «Իրավունք» թերթը  օգտվել է իր խոսքի ազատության իրավունքից։ Տեղական բոլոր ատյաններում պարտվելուց հետո, 2015 թվականին 14 հոգով դիմեցինք Եվրոպական դատարան։   

ՄԻԵԴ-ի որոշումն ի՞նչ է արձանագրում։  

Նախ նշվում է, որ պետությունը խախտել է քաղաքացիների մասնավոր և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը՝ զուգորդված խտրականությունից զերծ լինելու բացարձակ իրավունքի հետ։ 

Դատարանը շեշտել է, որ խտրականության սահմանադրական արգելքը և վիրավորանքն արգելող ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը բավարար չեն պաշտպանելու անձանց հոմոֆոբ ատելության խոսքից։ Այսինք, ըստ Դատարանի, հրապարակումների թիրախ դարձած անձանց արժանապատվությանը և պատվին հասցվել է այնպիսի վնաս, որը չի կարող պաշտպանվել ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ։ Եվ ասվում է, որ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի գործնականում ապահովելու համար ատելության խոսքից՝ ներառյալ խտրականության հրահրումից արդյուանվետ պաշտանության մեխանիզմներ։  

Նախքան նոր կարգավորումների մշակումը, որը Հայաստանը Դատարանի որոշմամբ պարտավորվել է իրականացնել, ներկայումս իրավական առումով ի՞նչ պատկեր ունենք։ 

Ատելության խոսքը Հայաստանում որևէ կերպ չի կարգավորվում։  Բռնության կոչերը քրեականացրեցին, սակայն դա էլ ամբողջությամբ հարցը չլուծեց։ Տասը տարուց ավելի է, ինչ քննարկվում է խտրականության դեմ օրենքը։ 2017-ին, երբ կառավարությունը ներկայացրեց իրավահավասարության օրենքի նախնագիծը, այն բավականին թերի էր։ Ցավոք, այս վերջին տարիներին որևէ լուրջ առաջընթաց այս առումով չի գրանցվել։ Հույս ունեմ, որ այս որոշումը կնպաստի շատ խնդիրների լուծմանը։ 

Այս որոշումը կարևոր է նաև նրանով, որ դատավորներն այլևս չեն կարող ատելությունը, բռնության կոչը, խտրականությունը համարել խոսքի ազատություն։

Նախադեպն արդեն կա ու որոշումներ ընդունելիս պետք է ավելի ուշադիր լինեն։ Բացի այդ, պետությունն արդեն պարտավորվում է համապատասխան կարգավորումներ ստեղծել, որոնք նման իրավիճակներում կպաշտպանեն քաղաքացուն։  

Առաջիկայում կառավարությունը կմշակի գործողությունների պլան, որով պետք է իրականացնի ստանձնած պարտավորությունները։ Այդ ժամանակ արդեն քիչ թե շատ տեսանելի կլինի, թե ինչպիսի օրենսդրական փոփոխություններ կամ ինչպիսի վերապատրաստումներ են նախապատրաստվում։  

Դուք նշեցիք, որ Հայաստանում Կոնչիտա Վյուրսթի հաղթանակը 2014-ին հոմոֆոբ ալիք առաջացրեց։ Մեր հասարակությունն այս տարիների ընթացքում որքանո՞վ է փոխվել։  

Սովորաբար աղետները, պատերազմներն ու խոշոր բացասական իրադարձությունները բացասաբար են ազդում հասարակության վրա, խորացնում են բռնությունը, խտրականությունը։ 

Ցավոք, պատերազմը, որով մենք անցանք, որոշակի ազդեցություն թողել է հասարակության վրա, շատացել են թե՛ բռնության դեպքերը, թե՛ ատելության հիմքով հանցագործությունները։ Սակայն իհարկե, փոփոխություններ միշտ էլ կարելի է նկատել։ Չենք կարող ասել, որ նույն պատկերն է ինչ 10 տարի առաջ։ Այստեղ կարևոր է նշել սերնդափոխության հանգամանքը։ Սերունդները միշտ նոր մոտեցումներ են բերում հասարակություն, նոր հայացք են ունենում։  

Իսկ մեդիայում այս տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են եղել։ Որքանո՞վ է հենց մեդիան դարձել ոչ խտրական ու հանդուրժող։ 

Գաղտնիք չէ, որ շատ լրատվամիջոցներ ստեղծվում են որևէ քաղաքական ուժի կամ բիզնեսմենի ինչ-որ շահեր ու հայացքներ սպասարկելու համար։ Ինչպես 10 տարի առաջ, այնպես էլ հիմա չեզոք և անկախ լրատվամիջոցները հայաստանյան մեդիայում շատ քիչ են։ Բայց իմ դիտարկումների արդյունքում պետք է ասեմ, որ 10 տարի առաջ այդ չեզոք լրատվամիջոցներն ավելի շատ էին գրում ԼԳԲՏ հարցերի վերաբերյալ, քան՝ այսօր։ Թվում է, թե հակառակը պետք է լիներ, բայց, ցավոք այդպես չէ։ Այսօր այս թեմայով անկախ լրատվամիջոցներում տարվա ընթացքում 1-2 նյութ է գրվում, այն էլ այն դեպքերում, երբ լինում է ինչ -որ ինֆորմացիոն առիթ։

Ցավոք, երբեմն այդ ինֆորմացիոն առիթները լինում են ողբերգական դեպքերի տեսքով։  

Ի տարբերություն լրատվամիջոցների, թեման ավելի շատ սկսել է քննարկվել սոցիալական մեդիայում։ Այսօր այստեղ ավելի շատ չեզոք, հանդուրժող կարծիքների կարելի է հանդիպել, քան 10 տարի առաջ էր։  

Որո՞նք են հիմնական բացթողումներն ու սխալները, որը լրատվամիջոցներն անում են թեմայի մասին խոսելիս։  

Իրականում լուսաբանման ընթացքում լրատվամիջոցները բազմաթիվ սխալներ են թույլ տալիս։ Ամենապարզ օրինակը բերեմ, դաժանությունների, բռնությունների մասին խոսելիս միշտ բռնության նկար են դնում, որը նույնպես շատ վատ է ազդում հասարակության վրա։ Կամ ամենից հաճախ հենց լրագրողներն իրենք օգտագործում եմ խտրական բառամթերք։ 

Մյուս խնդիրն էլ այն է, որ մեդիան պետք է հնարավորություն տա լռեցված ձայներին խոսելու։  

Պետք է հիշել, որ բռնարարները, խտրականություն տարածողներն ունեն իրենց ձայնն ու խոսքը տեղ հասցնելու բոլոր հնարավորությունները, իսկ ԼԳԲՏ անձինք ավելի քիչ ունեն արտահայտվելու հնարավորություն։ Եվ երբ մեդիան ինչ-որ քննարկումների ժամանակ երկու կողմերին էլ կանչում է, միևնույն է սրանով հավասարություն չի ապահովում։ Այստեղ հարցը երկու կողմը չէ, այստեղ կա խումբ, մարդիկ կամ համայնք, որոնք խտրականացված են, մեկուսացված ու չեն կարող լիարժեք ապրել իրենց կյանքը։ Սրա մասին է նաև, որ մեդիան պետք է խոսի։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *