Հայաստանում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում։ Հանձնաժողովը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ իր դիտարկումները։ Արդարադատության նախարարության, Ազգային ժողովի և լրագրողական հասարակական կազմակերպությունների կողմից մշակված օրենքի նախագիծը լրամշակվելուց հետո կներկայացվի հանրային քննարկման։ Օրենքի նախագծի ու Վենետիկի հանձնաժողովի դիտարկումների ու առաջարկների մասին media.am -ը զրուցել է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:
Պրն. Նավասարդյան, մինչև միջազգային փորձագետների առաջարկներին անդրադառնալը կխնդրեի ամփոփ ներկայացնել, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում իրականացվել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում։
«Զանգվածային լրատվության մասին» օրենքի արդիականացման խնդիրը բավականին բազմազան է և աշխատանքներն ընթանում են մի քանի ուղղություններով։ Այս փուլում հիմնական շեշտը դրված է Հայաստանում ինքնակարգավորման համակարգերի ինստիտուցիոնալ զարգացման վրա։ Այս գործընթացը ենթադրում է ինքնակարգավորման կառույցների ճանաչում, այդ կառույցներին անդամակցող լրատվամիջոցներին խրախուսելու եղանակների հստակեցում ու այնպիսի մեխանիզմների մշակում, որոնք կնպաստեն այս փոփոխությունների իրականացմանը։
Օրենքում նախատեսված է, որ ցանկացած լրատվամիջոց ազատ է ընտրելու ինքնակարգավորման այն ձևը, որն առավել նպատակահարմար է համարում։ Միակ պահանջն այն է, որ ձևավորված վարքականոնը և աշխատանքի մեխանիզմները համապատասխանեն միջազգային ստանդարտներին և միջազգային առաջատար փորձին։
Ինքնակարգավորման կառույցներին անդամակցելը կամ ինքնակարգավորման դաշտ գալը հիմնված է լինելու միմիայն կամավորական սկզբունքի վրա։
Այն լրատվամիջոցները, որոնք կորոշեն ինքնակարգավորման համակարգի մաս չդառնալ, կշարունակեն աշխատել այնպես, ինչպես հիմա են աշխատում, այսինքն որևէ կերպ չեն սահմանափակվելու լրագրողների և լրատվամիջոցների իրավունքներն ու ազատությունները։
Իսկ այն լրատվամիջոցները, որոնք կհայտարարեն, որ պատրաստ են գործել սահմանված էթիկական չափանիշներին, հանրության առջև պատասխանատվության և հաշվետվողականության մեխանիզմներին համապատասխան, նրանք հնարավորություն կունենան օգտվել պետության կողմից առաջարկվող խրախուսական տարբերակներից։
Նախագծի քննարկումների վաղ շրջանում շատ անորոշ էր, թե ինչպե՞ս է պետությունը խրախուսելու ինքնակարգավորման դաշտ եկած լրատվամիջոցներին։ Այս առումով այժմ հստակեցումներ կա՞ն։
Օրինագծում արդեն իսկ ամրագրված է, որ պետության աջակցության ծրագրերում հաշվի է առնվելու՝ արդյո՞ք լրատվամիջոցն աշխատում է ինքնակարգավորման համակարգի շրջանակներում, թե՝ ո՞չ։ Այս մոտեցումը կիրառվելու է նաև դատական գործերի պարագայում։ Որոշակի լիբերալիզացման մեխանիզմներ են նախատեսված այն լրատվամիջոցների համար, որոնք իրենց վրա կվերցնեն լրացուցիչ պարտավորություններ, լրջորեն կհետևեն միջազգային ստանդարտներին համապատասխանող էթիկական վարքականոններին։
Ինքնակարգավորման համակարգին անդամակցումը դյուրացնելու է օրինակ հավատարմագրման գործընթացը։ Այն լրատվամիջոցը, այն լրագրողը, որն ընտրել է ինքնակարգավորման ճանապարհը հավատարմագրման անվերապահ իրավունք ու հնարավորություն կունենա։ Ովքեր այս համակարգի մաս չեն դառնա կշարունակեն հավատարմագրման գործընթացին մասնակցել գործող ընթացակարգով։
Ծանոթանալով օրենքի նախագծին՝ Վենետիկի հանձնաժողովն ի՞նչ դիտարկումներ ու առաջարկություններ է արել։
Վենետիկի հանձնաժողովը դրական է համարել էթիկական խնդիրների կարգավորման փորձը, սակայն փորձագիտական կարծիքում նշվում է, որ որոշ սահմանումներ երկիմաստ են և պարզաբանման կարիք ունեն։ Մեր միջազգային գործընկերներն առաջարկում են ավելի հստակեցնել, որոշ սահմանումներ․ օրինակ՝ ո՞վ է լրագրողը, ի՞նչ է լրատվամիջոցը, ինչպե՞ս պետք է հաշվի առնել նոր տիպի մեդիայի առաջացումը մեր այսօրվա տեղեկատվական միջավայրում։
Հիմա աշխատում ենք այս առաջարկների շուրջ։ Հասկացությունները դեռ պետք է հստակեցվեն, օրինակ պետք է տրվի լրագրողի հստակ սահմանումը, պետք է հասկանալ դա որքանո՞վ է վերաբերում բլոգերներին և սոցցանցային այլ ակտիվիստներին։ Շատ կարևոր է չանտեսել, չարհամարհել տեխնոլոգիաների զարգացումը։
Ըստ նախագծի՝ ցանկացած անձ՝ ֆիզիկական, թե իրավաբանական, որը տարածում է հանրային նշանակություն պարունակող տեղեկություն, բավարարում է հանրային տեղեկատվական պահանջարկը, դիտարկվելու է՝ որպես նույն իրավական դաշտում գործող սուբյեկտ։ Այստեղ տարանջատում չկա թերթ է, բլոգ է, հեռուստաընկերություն է, թե որևէ այլ ձևաչափով գործող տեղեկատվական սուբյեկտ է։ Այն պետք է ունենա նույն իրավունքները և պարտավորությունները և կարող է դառնալ ինքնակարգավորման համակարգի մաս և օգտվել բոլոր արտոնություններից։ Այսինքն, օրինակ բլոգերը կարող է ներկայացնել իր խմբագրական քաղաքականությունը, էթիկայի իր վարքականոնը և եթե դրանք կհամապատասխանեն անհրաժեշտ չափորոշիչներին, ապա նա մաս կդառնա ինքնակարգավորման համակարգի։
Հասկացությունների պարզեցումից բացի, կայի՞ն այլ առաջարկներ։
Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն առաջարկել են նաև հստակեցնել ինքնակարգավորման համակարգերի և պետության կողմից կարգավորող մարմնի միջև ձևավորվելիք հարաբերությունները։ Օրինակ առաջարկում են հստակեցնել, թե ինքնակարգավորման կառույցների ճանաչման և համապատասխանության ստուգման հարցերով զբաղվող Մեդիա խորհուրդը, որը պետք է հետագայում ձևավորվի որտեղի՞ց է ֆինանսավորվելու։
Առաջարկ կար, որ առանձնացված մոտեցում լինի Հայաստանում գործող օտարերկրյա լրատվամիջոցների համար։ Այստեղ մենք որոշակի վերապահումներ ունենք, քանի որ գործելու է ընդհանուր դաշտ լրագրողների և լրատվամիջոցների համար որքանո՞վ է նպատակահարմար, որ առանձին ինչ-որ պայմաններ լինեն արտասահմանյան լրատվամիջոցների համար։
Կարելի՞ է արդեն խոսել վերջնաժամկետների մասին և ակնկալել, որ մոտ ապագայում կունենանք, գրեթե 3 տարի քննարկվող այս նախագծի վերջնական տարբերակը։
Կարծում եմ, որ մոտավորապես դեկտեմբերի կեսերին արդեն այս փոփոխություններն ավարտած կլինենք և նախագծի վերջնական տարբերակը կներկայացնենք հանրությանը։
Հաշվի առնելով, թե այսօր ինչպիսի լայն և բաց տարածք է դառնում տեղեկատվական միջավայրը՝ մենք հասկանում ենք, որ առանց պետության և միջազգային միջպետական կառույցների կողմից ճանաչված ինքնակարգավորման մեխանիզմների հնարավոր չէ պաշտպանել հանրային շահը։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ հնարավոր չէ բոլորին նույն կարգավորման դաշտ բերել։ Բայց շատ կարևոր է, որ լինի լրատվամիջոցների և ընդհանրապես տեղեկատվական միջավայրում գործող սուբյեկտների այնպիսի սեգմենտ, որին հանրությունը կկարողանա վստահել։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: