Վիրտուալ տիրույթում ներկայանալու և գործելու խնդիրն այսօր կարևոր է ինչպես յուրաքանչյուր օգտատիրոջ, այնպես էլ բիզնեսի, պետական կառույցների, մշակութային ու մեդիա ոլորտի կազմակերպությունների համար։ Առանց թվային հարթակների գրագետ կիրառման, դժվար է այսօր պատկերացնել որևէ նախաձեռնության կամ գաղափարի առաջխաղացումն ու կայացումը։ Սակայն այս լայն տարածվածությանը զուգահեռ, Հայաստանը թվային տիրույթում լուրջ խնդիրներ ունի՝ շուկան գրավիչ չէ տեխնոլոգիական հսկաների համար։ Այս հարթակները՝ Google-ը, Meta-ն, Apple-ը, Amazon-ը, մեր երկրում չեն ընդլայնում իրենց ծառայությունների շրջանակը, ինչն էլ մի շարք խնդիրների է հանգեցնում՝ անվտանգությունից մինչև գովազդային եկամուտների վերաբաշխում։
Այս խնդիրները լուծելու համար Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտն առաջարկում է Հայաստանում ներդնել «Թվային դեսպան»-ի ինստիտուտը։ Նախաձեռնության մանրամասները պարզելու համար Media.am-ը զրուցել է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ։
«Թվային դեսպան» հասկացությունը նոր եզրույթ է մեր խոսույթում։ Ի՞նչ ինստիտուտի, ի՞նչ համակարգի մասին է խոսքը։
«Թվային դեսպան»-ը պետք է դառնա պետության և հասարակության ներկայացուցիչը գլոբալ տեխնոլոգիական հարթակների հետ հարաբերություններում, որը պետք է պաշտպանի Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների թվային իրավունքները։ Պետք է նպաստի վստահելի թվային բիզնեսի ու հասարակական միջավայրի ստեղծմանը։ Դեսպանի առաջնային խնդիրներից է խթանել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությանը թվային տիրույթում, ինչպես նաև ապահովել ինտերնետի ազատ օգտագործման, լրատվամիջոցների և խոսքի ազատության սկզբունքները։
Տևական ժամանակ է մշակվում է «Թվային դեսպան»-ի հայեցակարգը։ Ի՞նչ հիմնական սկզբունքներ են դրված քննարկվող փաստաթղթի հիմքում։
Հայեցակարգի հիմքում «Թվային դեսպան»–ի գործունեության հիմնական ուղղվածություններն են։ Առաջին՝ ապահովել թվային ներկայացուցչություն։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանը ո՛չ դե յուրե, ո՛չ էլ դե ֆակտո կապ չունի այնպիսի խոշոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են օրինակ Google-ը, Meta-ն, Apple-ը, Amazon-ը, այս ցանկը բավականին երկար կարելի է շարունակել։ Շատ հաճախ թե՛ քաղաքացիներն անհատապես, թե՛ պետությունը, թե՛ լրատվամիջոցները բախվում են տարբեր խնդիրների, որոնք կամ այդպես էլ որևէ լուծում չեն ստանում կամ շատ ուշ են լուծվում։ Եվ ստացվում է, որ խնդրին արագ չարձագանքելու պատճառով բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ COVID-19 համավարակի ժամանակ տարածվող ապատեղեկատվական հոսքերը, որոնք նույնիսկ կարող էին մարդկային կյանքեր արժենալ, նշածս իրավիճակի լավագույն օրինակներից են։
Մեր մյուս կարևոր խնդիրն է լինելու նպաստել ինտերնետի կառավարման և նոր տեխնոլոգիաների կարգավորմանը վերաբերող բանակցություններին։ Այսինքն աջակցել, որ թվային միջավայրին ու անվտանգային խնդիրներին վերաբերող հայեցակարգեր ստեղծվեն, մշակվեն օրենսդրական նախաձեռնություններ, կարգավորման մեխանիզմներ ու ռազմավարություններ։
Այդ մեխանիզմները կարող են վերաբերել կիբեռանվտանգության ոլորտին, կարող են ուղղված լինել ատելության խոսքի, ապատեղեկատվության դեմ պայքարին։ Խնդիր է դրվում օրենսդրական մակարդակում աջակցել պետությանը, որ թվային տիրույթ և թվային անվտանգություն եզրույթները դառնան ավելի հասկանալի ու շոշափելի։ Այս կոնցեպտում մենք շատ կարևոր տեղ ենք հատկացնում այն փաստին, որ այդ կարգավորումները չպետք է խոչընդոտեն մարդկանց ազատությունները։ Այստեղ ամենամեծ դիսկուրսը ծավալվում է օրինակ խոսքի ազատության և ատելության խոսքի սահմանափակման թեմայի շուրջ։
Գիտեմ, որ հայեցակարգում նաև անդրադարձ կա մեդիայում առկա խնդիրներին։ Կոնկրետ ո՞ր խնդիրների լուծման բանաձևն է առաջարկում հայեցակարգը և ի՞նչ կփոխվի «Թվային դեսպան»-ի ինստիտուտի ներդրման պարագայում։
Այո, այսօր Հայաստանում կան բազմաթիվ մարտահրավերներ լրատվամիջոցների համար, օրինակ նրանք չեն կարողանում դրամայնացնել իրենց բովանդակությունը տեխնոլոգիական հսկաների հարթակներում, ենթարկվում են կիբեռհարձակումների, բլոկավորվում են իրենց կողմից հրապարակված բովանդակության համար՝ պայմանավորված օգտատերերի կողմից անհարկի բողոքներով։ Օրինակ՝ լրատվամիջոցը հրապարակում է անում Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի ունեցած դեպքի մասին, Facebook-ն արգելափակում է էջը, որովհետև Մոնթեն բանալի բառ է, որն ընդգրկված է ահաբեկչության հետ ասոցացվող արգելված բառերի շարքում։ Այսինքն, «Թվային դեսպան»-ը խթանելու է արժանահավատ լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությանը՝ բացառելով անհարկի բլոկավորումները՝ բոտերի ներգործությամբ և այլ հանգամանքներով։
Նաև կարևոր դերակատարում է ունենալու ապատեղեկատվության դեմ պայքարի և ճգնաժամային հաղորդակցության ու կառավարման գործում։ Ճգնաժամերի կամ արտակարգ իրավիճակների ժամանակ «Թվային դեսպան»-ը կարևոր դերակատարում է ունենալու ճշգրիտ տեղեկատվության տարածման, ինչպես նաև արձագանքները համակարգելու գործում:
Մոտավորապես մեկ տարի է ինչ հայեցակարգը մշակվում է, դուք տարբեր ոլորտների ներկայացուցիչների եք հանդիպել ու քննարկումներ ունեցել, ինչպե՞ս եք պատկերացնում, որ տիրույթում պետք է դիրքավորվի«Թվային դեսպան»-ի ինստիտուտը՝ հասարակական, թե պետական։
Մենք կարծում ենք, որ «Թվային դեսպան»-ը պետք է լինի ոչ թե հասարակական գործիչ, այլ պետք է դառնա պետական ստրուկտուրայի մաս։ Այդուհանդերձ, անպայման պետք է լինեն նաև հասարակական սպեկտորի ներկայացուցիչներ, որպեսզի հանկարծ որևէ դեպքում պետությունը չկիրառի դեսպանի ինստիտուտը՝ որպես իրեն անհրաժեշտ գործիք։ Պատկերացնում ենք, որ այն կարող է լինել կամ վարչապետի աշխատակազմին կից մարմին կամ ԲՏԱ նախարարության ենթակայությամբ գործել։ Կապեր կունենա և՛ սոցիալական խոշոր մեդահարթակների հետ, և՛ պարբերական հանդիպումներ կկազմակերպի թե՛ հասարակական, թե՛ պետական, թե՛ բիզնես, թե՛ մեդիա ներկայացուցիչների հետ։
Այս ընթացքում մենք հանդիպել ենք ինչպես պետական գերատեսչությունների՝ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, այնպես էլ հասարակական սպեկտորի, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Լսել ենք նրանց պատկերացումներն ու առաջարկները։
Մեդիաոլորտի ներկայացուցիչներն ի՞նչ խնդիրներ են տեսել ու ընդգծել հայեցակարգում կամ ի՞նչ առաջարկներ են ներկայացնել։
Մեդիաոլորտի ներկայացուցիչներն օրինակ հանդիպման ժամանակ առաջարկեցին, որ ստեղծվի «Թվային օմբուդսմեն»-ի ինստիտուտ, որն էլ կաշխատի ՄԻՊ-ի գրասենյակի հովանավորության տակ։
Հիմնական մտավախությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ որևէ դեպքում կառույցը հնարավորություն չունենա միակողմանի որոշումներ կայացնել։ Նրանք առաջարկում էին, որ ԶԼՄ ներկայացուցիչները ևս ներռաված լինեն կառույցի կազմում, որպեսզի մասնակցեն մեդիադաշտին վերաբերող հարցերի քննարկումներին ու որոշումների կայացմանը։
Հայեցակարգը դեռ շատ նախնական վիճակում է։ Մենք դեռ ուսումնասիրում ենք գործունեության դաշտերը, որ կարողանանք Հայաստանի կարիքից բխող ձևակերպումներ ու սահմանումներ առաջարկել, հստակեցնել լիազորությունների ու պարտականությունների շրջանակը։
Առաջիկայում պլանավորված է հայեցակարգի հակիրճ տարբերակը ներկայացնել վարչապետին։ Արդեն ունենք նախագահի հետ հանդիպման համաձայնություն և հաստատում։ Հանդիպելու ենք նաև Էստոնիայի «Թվային դեսպան»-ի հետ և ծանոթանալու ենք Էստոնիայում գործող համանման կառույցի աշխատանքային սկզբունքներին։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: