2024.07.01,

Տեսակետ

«Համացանցի կարգավորումները չպետք է ազդեն ազատ խոսքի թողունակության ու տարածման վրա» 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Թվային տեխնոլոգիաների զարգացումն այսօր հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ինքաարտահայտվել, իրացնել ազատ խոսքի իր իրավունքը՝ նպաստելով  ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը։ Սակայն, այս ամենին զուգահեռ, առցանց տիրույթը նաև էական վտանգներ կարող է ներկայացնել մարդու արժանապատվության և անվտանգության, հասարակական կարգի պահպանման տեսանկյունից։ Հենց սա է պատճառը, որ շատ երկրներ փնտրում են համացանցի բովանդակության կարգավորման ճանապարհներ ու ելքեր։  

Օրեր առաջ Freedom House-ը հրապարակել էր «Առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերը և նշանակությունը Հայաստանում» համառոտագիրը, որտեղ ներկայացված էին ոլորտային մի շարք առաջարկություններ:  

Mediа.am-ը զրուցել է համառոտագրի հեղինակներից միջազգային իրավունքի մասնագետ՝ Արա Ղազարյանի հետ։  

Համացանցի բովանդակության կարգավորումն այսօր կարծես համաշխարհային մարտահրավեր է դարձել տարբեր երկրների կառավարությունների համար, ո՞րն է պատճառը և ինչո՞ւ է այն այդքան կարևոր։  

Թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ինֆորմացիայի սփռվածության, արագության ցուցանիշներն այսօր մի քանի անգամ բազմապատկվել են, ցանկացած ինֆորմացիա հասանելի է գրեթե բոլորին։ Սակայն առավելություններին ու ձեռքբերումներին զուգահեռ, զարգացման այս տեմպերն իրենց հետ նորանոր վտանգներ են բերել։  

Այսօր մեծ է համացանցում առկա ինֆորմացիան գաղտնի կերպով օգտագործելու վտանգը, չվերահսկվող առցանց տիրույթն այսօր հասարակական կարգի պահպանման, անգամ ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրներ կարող է առաջացնել։  

Անհրաժեշտ է ապահովել նուրբ հավասարակշռություն անհատի իրավունքների, ինչպիսիք են տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը և հանրային իրավաչափ շահերի միջև։  

Հայաստանում համացանցն այսօր օրենսդրական ի՞նչ մեխանիզմներով է կարգավորում։  

Հայաստանում  համացանցն այսօր  հիմնականում կարգավորվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով, որը հնացած օրենք է և թարմացման կարիք ունի։ Եթե դիտարկենք, որ ռադիոն և հեռուստատեսությունը մասամբ միացված են լինում ինտերնետին, ապա կարող ենք ասել, որ այս ոլորտում կարգավորող մարմին է նաև Հեռուստատեսության և ռադիո հանձնաժողովը, սակայն միայն մալուխային հեռուստաընկերությունների համար։  

Դոմենների տիրույթը կարգավորում է հիմնականում քաղաքացիաիրավական օրենսդրությամբ, այսինքն պայմանագրային հիմունքներով։ Այս տիրույթը կարգավորում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն։ Մյուս հատվածն արդեն կապի օպերատորներն են՝ TEAM Telecom Armenia, Վիվա-ՄՏՍ, Ucom և այլն, սրանք լիցենզավորվող ընկերություններ են և վերահսկվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, այստեղ մտնում են նաև պրովայդերները։  

Հիմա օրինակով փորձենք հասկանալ, թե ի՞նչ է կատարվում մեր առցանց տիրույթում։ Մենք համացանցում ունենք անօրինական կոնտենտ, ի՞նչ է պետք անել, այդ անօրինական կոնտենտը որևէ կերպ պետք է կարգավորել չէ՞․ կամ պետք է արգելափակել կամ հեռացնել։ Ո՞վ կամ ի՞նչ սկզբունքների հիման վրա պետք է այս կարգավորումն իրականացնի։ 

Հենց այստեղ է, որ պետության մասնակցության և միջամտության կարիքն է զգացվում, որովհետև հասարակական կարգի ու հանրային շահի առաջին երաշխավորը պետությունն է։ 

Երբ ասում եք, որ այս փուլում անհրաժեշտ է պետության մասնակցությունն ու միջամտությունը ի՞նչ մոդել, ի՞նչ մեխանիզմ եք առաջարկում։ 

Համառոտագրում մենք ներկայացրել ենք համակարգավորման մոդելի վերաբերյալ առաջարկություն։ Սակայն, նախ պետք է հասկանալ ի՞նչ է կարգավորումը և ի՞նչ է համակարգավորումը։   

Կարգավորման դեպքում պետությունը միայնակ է իրականացնում ամբողջ գործընթացը, ինչը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։  

Հիմա բերեմ համակարգավորման օրինակ, որն արդեն իսկ գործում է մեր իրականության մեջ։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պետության կողմից ստեղծված կարգավորող մարմին է, բայց համագործակցում է ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնի հետ, որն էլ իր հերթին ինքնակարգավորող մարմին է։ Այս համագործակցության արդյունքում առաջանում է ինքնակարգավորման և կարգավորման հիբրիդ մոդել, որն էլ հենց համակարգավորման օրինակ է։  

Առցանց տիրույթի համակարգավորման մոդելի լավագույն օրինակը գործում է Եվրոպական միությունում։ Խոշոր խաղացողները՝ օրինակ․ Facebook-ը, TikTok-ը, Google-ը և մյուս սոցիալական ցանցերն ու որոնողական համակարգերը գործում են պետական կարգավորման սկզբունքների հիման վրա։ Այստեղ շատ կարևոր է դերերի ճիշտ բաշխումը։  

Պետությունն ասում է․ ես մշակում եմ ստանդարտները, դուք այդ ստանդարտները կիրառում եք։ Ստացվում է, որ առաջնային լուծումը տալիս է մասնավորը՝ օրինակ Facebook-ի մոդերատորն է որոշում տվյալ բովանդակությունը հեռացնի՞ թե ոչ կամ արգելափակի՞ թե ոչ, բայց այդ որոշումը բխում է պետության կողմից սահմանած ստանդարտներից։ Այս մոդելը Եվրոպական միությունում գործում է այս տարվա փետրվարի 17-ից սկսած։  

Համակարգավորման այս մոդելը ինչպե՞ս պետք է աշխատի մեր առցանց տիրույթում և այդ ճանապարհին, որոնք են հիմնական խնդիրներն ու քննարկման առարկա թեմաները։  

Ամենամեծ մտահոգությունն այն է, որ դոմենների տիրույթը շատ պասիվ է անօրինական կոնտենտը հեռացնելու, արգելափակելու, ընդհանրապես կանխարգելելու հարցում։ Նրանք անհանգստանում են, որ եթե խստացնեն կարգավորումները, ապա դա կլինի ազատ խոսքի իրավունքի սահմանափակում։ Սակայն այստեղ շատ կարևոր է շեշտել, որ այդ խստացումները վերաբերում են միայն անօրինակ կոնտենտին, ատելության խոսքին, խտրական խոսքին կամ վնասակար բովանդակությանը։ 

Մյուս կողմից բերում են այն հակափաստարկը, որ մեր երկրում միևնույնն է ինտերնետ տիրույթի մի խոշոր հատվածը դուրս է կարգավորումից։ Խոսքը խոշոր միջազգային դերակատարների՝ օրինակ YouTub-ի, Facebook-ի և մյուս հարթակների մասին է։  

Եվ գաղտնիք չէ, որ հիմնականում անօրինական կոնտենտը գալիս է հենց այս ցանցերից։ Բայց մյուս կողմից էլ եկեք տեսնենք, թե քանի դոմեն կա Հայաստանում, օրինակ բոլոր լրատվամիջոցները դոմեն են, այսինքն գոնե այս դաշտը կարելի է համակարգավորման եղանակով դարձնել ավելի իրավաչափ։ 

Օրինակ, եթե որևէ լրատվամիջոց իր կայքում գենդերային խտրականության էլեմենտներով խոսք է հնչեցնում կամ ռասիստական բովանդակության նյութեր է տարածում, կա՞ որևէ մարմին, բացի դատախազությունից, որը կարող է ազդել մասնավոր լրատվամիջոցի վրա և ստիպել, որ հեռացնի այդ կոնտենտը․ չկա։ Սա ատելության խոսք է և տեղ չունի մեր իրավական համակարգում, բայց մյուս կողմից էլ այնպիսի բնույթի ատելության խոսք չէ, որ կարող է քրեաիրավական մեխանիզմների արձագանք պահանջել, ուստի պետք է այդ մեխանիզմները ստեղծել։ Եվ եթե պետությունը մշակի ստանդարտներ և տա մասնավոր կազմակերպությանը, որ այն կիրառի, ապա այն շատ հաջողությամբ կաշխատի։  

Մենք առաջարկում ենք օգտատիրոջը ծանուցել, որ նա օգտագործել է անօրինական կոնտենտ և առաջարկել, որ հեռացնի, եթե չհեռացնի քաղաքացիական պատասխանատվության կենթարկվի՝ օրինակ պայմանագիրը կկասեցվի կամ կդադարեցվի, դոմենը կարգելափակվի և այլն։ 

Կազմակերպությունները, որոնք կառավարում են «.am» և «.հայ» դոմենները, կարող են իրականացնել այս գործառույթները, բայց չեն անում։ Մենք առաջարկում ենք, որ այս տիրույթը համակարգավորման եղանակով բարելավվի իր աշխատելաոճը։  

Մյուս տիրույթը, որը վերաբերում է կապի օպերատորներին, ավելի բարդ է։ Նրանք նշում են, որ իրենք միայն ցանցի շահագործում են իրականացնում, բովանդակությանն իրենք ընդհանրապես չեն միջամտում, ասում են, որ իրենց երակներով հոսում է հսկայածավալ ինֆորմացիա և իրենք երբեք ինֆորմացիայի մոնիտորինգ չեն անում։ Առաջարկվում է այս ոլորտում ևս կիրառել ծանուցելու և հեռացնելու մեխանիզմները։  

Շահառու կազմակերպությունների հետ այս թեմայով քննարկումներ արդեն եղե՞լ են։  

Լայնածավալ և շատ ընդգրկուն քննարկումներ դեռ չեն եղել։ Երկու անգամ Ազգային ժողովում են քննարկումներ կազմակերպվել և վերջ։ 

Նախ պետք է գտնել, թե որն է այն պետական մարմինը, որը կարող է այդ կարգավորողի դերակատարումն իր վրա վերցնել։ Մենք գտնում ենք, որ դա Ինտերնետ կառավարման համաժողովն է, որն այսօր շատ պասիվ է գործում։ Օրենքում էլ հստակ գրված չէ կառավարության կողմից ստեղծված այս համաժողովի գործառույթները։ Նախ պետք է հստակեցվեն համաժողովի գործունեության դետալները։ Մեր կարծիքով ամենահարմար մարմինը հենց այս կառույցն է, որը կարող է համագործակցել դոմենային տիրույթի դերակատարների հետ՝ առաջին հերթին Ինտենրնետ հանրություն ՀԿ-ի, և այդ ՀԿ-ի հետ աշխատող 40-ից ավելի ռեգիստրաների հետ։ 

Նշեցիք, որ պետությունը պետք է մշակի ստանդարտները, մասնավորը կիրառի, մտավախություն չկա՞, որ այս ամենի արդյունքում կտուժի խոսքի ազատությունը և պետությունը կփորձի հնարավոր բոլոր միջոցներով սահմանափակել կամ կանխել սուր ու քաղաքական քննադատություները։  

Պետությունը ոչ այդքան ռեսուրս ունի, ոչ էլ Սահմանադրությունն է նրան տալիս է այդպիսի գործառույթ։ Պետությունն ունի միայն պոզիտիվ պարտավորություն ապահովելու արդյունավետ մեխանիզմներ։ Այդ պոզիտիվ պարտավորությունների շրջանակում մենք առաջարկում ենք պետությանը՝ ի դեմս Ինտերնետ կառավարման համաժողովի, համագործակցել մասնավոր կարգավորողների հետ, համատեղ միջոցառումներ իրականացնել, համատեղ կարգավորող նորմեր, ստանդարտներ սահմանել։  

Մասնավորն էլ այդ ստանդարտները կիրառելուց հետո պետք է պարբերաբար պետությանը տեղեկացնի, թե այս կամ այն ստանդարտը կիրառելիս ի՞նչ խնդիրների է բախվել։ Սակայն այս ամբողջ գործընթացի ամենակարևոր կետն այն է, որ ոչ մի դեպքում այս կարգավորումները չպետք է ազդեն ազատ խոսքի թողունակության ու տարածման վրա։ Սա գլխավոր սկզբունքն է։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *