2024.03.21,

Տեսակետ

«Տվյալների լրագրությունը հրաշալի գործիք է, որը կարող է ազդել հանրային որոշումների վրա» 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Մինչև «Ռոյթերս», «Շփիգել», «Ալ-Ջազիրա» հասնելն ու հեղինակավոր այս պարբերականների հետ համագործակցելը նա ուսումնասիրում էր համակարգչային գիտություններ։ Տեխնիկական կրթությանը զուգահեռ՝ Ջակոպո Օտտավիանին տարված էր կամ ինչպես ինքն է հատուկ շեշտադրմամբ ասում, սիրահարված էր լրագրությանը։ Երազում էր միջազգային որևէ ամսագրի, թերթի թղթակցելու մասին։  

Ջակոպո, համակարգչային գիտություններից անցումը մեդիա, լրագրություն ինչպե՞ս եղավ և ի՞նչը բերեց Ձեզ դեպի լրագրություն։ 

Երբ դեռ ուսանող էի կարդում էի ավանդական լրագրության մասին պատմող իտալացի հեղինակների գրքերը։ Երազում էի նրանց պես ճանապարհորդել աշխարհով մեկ ու գրել իմ փորձառությունների մասին։ Երբ ես ավարտեցի համալսարանական կրթությունս, հասկացա, որ պետք է փորձեմ ստացածս գիտելիքը ու լրագրության նկատմամբ ունեցած հետաքրքրությունս միավորել, միացնել իրար։ Հասկացա, որ իմ տեխնիկական կրթությունը կարող է դառնալ շատ լավ գործիք լրագրության համար։  

Անկեղծ լինեմ, ինձ թվում է մի քիչ էլ բախտս բերեց։ Իմ ավարտելու ժամանակահատվածը համընկավ Իտալիայում տվյալների լրագրության՝ որպես առանձին լրագրողական ճյուղ ձևավորվելու հետ։ Իմ մասնագիտական կրթությունը, տեխնիկական հմտությունները հիանալիորեն համադրվում էին տվյալների լրագրության հետ։ Հենց դա է պատճառը, որ եմ միշտ շնորհակալ եմ իմ տեխնիկական կրթությանը։ 

Արդեն 14 տարի է զբաղվում եք տվյալների լրագրությամբ։ Ձեր տարբեր գրառումներում նշել եք, որ տվյալները հրաշալի գործիք են իրականաթյունը հասկանալու և այդ իրականության վրա ազդելու համար։ Ինչպե՞ս է այդ գործիքն աշխատում։

Այո, դուք ճիշտ եք, ես հիմա էլ պետք է կրկնեմ, որ տվյալների լրագրությունը հրաշալի գործիք է և կարող է ազդել հանրային որոշումների վրա։ Առհասարակ, վիճակագրությունը շատ կարևոր ազդեցություն ունի հանրային դեբատների, հանրային դիսկուրսի ձևավորման վրա։ Երբ դու քո նյութում օգտագործում ես վիճակագրական, թվային տվյալներ, այն փոխում է ամեն ինչ։ Հենց այդ թվային տվյալների շնորհիվ է, որ մարդը հնարավորություն է ունենում որոշումներ կայացնել՝ հինվելով ոչ թե էմոցիաների, այլ փաստարկված թվերի ու դրանց հիման վրա արված վերլուծությունների վրա։ Հենց այս ամենը շատ ազդեցիկ է դարձնում  տվյալների լրագրությունը։

Բայց կա մի շատ մեծ խնդիր, նրբություն․ պետք է շատ զգույշ և ուշադիր աշխատել տվյալների հետ, քանի որ մեծ է վտանգը, որ մի փոքր անուշադրության դեպքում կարող եք այլ պատկեր ստանալ ու մանիպուլացնել ձեր ընթերցողին։

Այդ խնդիրը հատկապես առաջանում է ոչ ճիշտ ընտրված վիզուալիզացիայի դեպքում, չէ՞։  

Այո, նաև։ Տվյալների լրագրությունը միջառարկայական գիտություն է, այն մի քանի բաղադրիչ ունի։ Եվ շատ կարևոր է քո կատարած ծավալուն աշխատանքի մասին մարդուն  պատմել ճիշտ ընտրված ու հասկանալի վիզուալի միջոցով։ Առանց վիզուալիզացման, շատ մարդիկ պարզապես գլուխ չեն հանի թվերի այդ կույտից։ Այս կերպ մենք փորձում ենք տյալների լրագրությունը դարձնել ավելի հասանելի ու ընկալելի հասարակության բոլոր շերտերի համար։

Բայց մինչև տվյալները ընթերցողի համար հասկանալի դարձնելը, նախ պետք է գտնել, ձեռք բերել դրանք, իսկ եթե այդ տվյալները չկա՞ն։ 

Օ, դա լուրջ խնդիր է։ Իսկապես, երբեմն անհնար է գտնել անհրաժեշտ տվյալները, այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես գոյություն չունեն։

Եթե այդ տվյալները չկան ի՞նչ կարող ենք անել․ նախ գրել հենց այն մասին, որ տվյալ թեմային, խնդրին առնչվող տվյալների շտեմարան գոյություն չունի։ Իսկ հաջորդ քայլն էլ այն է, որ կարող ենք փորձել ինքներս ստեղծել տվյալների այն շտեմարանը, որը մեզ անհրաժեշտ է։

Վստահ եմ այս տարիների ընթացքում նման խնդրի բախվել եք, ինչպե՞ս եք լուծել մի քանի անհայտով այդ հավասարումը։ 

Մոտավորապես յոթ տարի առաջ մի նախագծի վրա էինք աշխատում և ուզում էին տեսնել, թե Իտալիայից, Հունաստանից, Պորտուգալիայից և Իսպանիայից քանի երիտասարդ է գնացել դեպի Եվրապական այլ երկրներ։ Եվ քանի որ Շենգեն գոտի է, դժվար է հասկանալ, թե մարդիկ ուր են գնացել։ Որպեսզի  կարողանայինք հավաքել այդ տվյալները, մենք հարցաշար պատրաստեցինք ու խնդրեցինք, որ մարդիկ լրացնեն և կիսվեն իրենց պատմություններով։

Մեր հարցմանը հազարավոր երիտասարդներ արձագանքեցին, մենք նրանց պատմություններն ու տվյալներն օգտագործեցինք առցանց հետաքննություն անելու համար։ Նյութում էլ հատուկ նշեցինք, որ  տվյալները փաստահեն չեն ու ներկայացրեցինք տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը։

Լուսանկարը՝ Ջակոպո Օտտավիանիի անձնական արխիվից

Տվյալների հավաքագրման տեսանկյունից բավականին ծավալուն աշխատանք եք իրականացրել նաև «Միգրանտների գործերը» The Migrants’ Files կոչվող միջազգային նախագիծն իրականացնելիս։ Ինչո՞վ էր այս նախագիծն առանձնահատուկ։  

Այո, դա միջազգային նախագիծ էր, որում ներգրավված էին լրագրողներ՝ եվրոպական 15 երկրից։ Մենք ուզում էինք հասկանալ, թե քանի միգրանտ է մահացել Եվրոպա հասնելու ճանապարհին։ Այս նախագիծն իրականացրել ենք մոտավորապես 10-ը տարի առաջ և այդ ժամանակ չկար մեկ միասնական դատաբազա, որը ներկայացնում էր այն տեղեկատվությունը, որը մեզ անհրաժեշտ էր։ Այդ պատճառով մասնակից 15 լրագրողներից յուրաքանչյուրը հավաքեց իր երկրի տվյալները, հետագայում այն ամբողջացրեցինք ու ստացանք տվյալների բավականին ծավալուն շտեմարան։

Հետո քարտեզների ու վիզուալիզացիայի այլ գործիքների միջոցով մեր ունեցած տվյալները վիզուալիզացրեցինք։ Նախագծում ներառվեցին նաև այդ մարդկանց պատմությունները, մոտավորապես 20-25 պատմություն ենք հրապարակել։ Այս նախագիծը բավականին մեծ ազդեցություն ունեցավ, տվյալների լրագրության միջազգային մրցանակի արժանացավ։

Հետագայում մեր ստեղծած տվյալների շտեմարանը՝ որպես բաց աղբյուր, հասանելի դարձավ հասարակությանը։ ՄԱԿ-ում ևս՝ որպես աղբյուր օգտագործվեց այն։

Ձեր գործունեությունը սերտ կապված է Աֆրիկայի հետ, դուք ղեկավարում եք Code for Africa (CFA) կազմակերպությունը։ Ինչպե՞ս դա ստացվեց։ 

Երբ ավարտեցի համալսարանը, դիմեցի մի ընկերության, որը օգնում էր երիտասարդ լրագրողներին իրականացնել նորարարական ծրագրեր Գլոբալ Հարավի երկրներում։ Մի պատմություն առաջարկեցի իրականացնել Մոզամբիկում՝ հողային իրավունքների մասին։

Մոզամբիկում անցկացրած այդ 3 շաբաթները փոխեցին իմ կյանքը։ Ես տեսա ու հասկացա, որ շատ բան է կատարվում Աֆրիկայում, բայց ոչ-ոք չի իմանում այդ մասին։ Աֆրիկայում մի քանի նախագծեր անելուց հետո, ինձ դիմեցին Code for Africa (CFA) կազմակերպությունից և խնդրեցին, որ ես տվյալների լրագրության ծրագիր ստեղծեմ իրենց համար։ Այդպես էլ միացա նրանց։ Հետագայում ես սկսեցի աշխատել, ղեկավարել այդ կազմակերպությունը, քանի որ Աֆրիկայում աշխատելու շատ մեծ փորձ ունեի։ CFA-ում ավելի քան 120 մարդ է աշխատում։ Տարբեր նախագծեր ենք իրականացնում, ես օրինակ աֆրիկացի լրագրողների համար թրեյնինգներ եմ անցկացնում։ CFA-ում կա նաև փաստերի ստուգման, մեդիա մոնիթորինգի թիմ։ Իրականացնում ենք մեդիա հետազոտություններ, օրինակ CFA-ն է պատրաստում Քենիայի, Հարավային Աֆրիկայի և Նիգերիայի համար Ռոյթերսի զեկույցները։

Աֆրիկայում ամենաբարդ աշխատանքը, որը դուք և Ձեր թիմը կատարել եք, ո՞րն է եղել։

Ամենաբարդը Նիգերիայում էր։ Մենք պետք է նոր գրասենյակ բացեինք, որը դատալրագրության հետ կապված նախագծեր պետք է աներ։ Սա շատ բարդ էր ,  այն իմաստով, որ տվյալների լրագրությունը նոր է նույնիսկ Եվրոպայի համար, դե պատկերացրեք, թե որքան անծանոթ ու բարդ է այն աֆրիկյան երկրների դեպքում։ Բայց ուրախությամբ պետք է ասեմ, որ մեր թիմը բավականին բարդ ճանապարհ անցնելուց հետո մի նախագիծ իրականացրեց, որը նույնիսկ միջազգային մրցանակի արժանացավ։ Դա Մակոկոյի քարտեզագրում  նախագիծն էր, MapMakoko, որը կարելի է ասել, որ ամենաստացված նախագծերից է եղել։

Այն համադրում էր լրագրությունը և տեխնոլոգիաները։ Նախագիծն իրականացվել Է Աֆրիկայում՝ Նիգերիայում։ Այն մի թաղամասի մասին է, որը կոչվում է Մակոկո։ Այնտեղ ապրում էր մոտավորապես 300 հազար մարդ։ Այս մարդիկ ապրում էին ծայրահեղ աղքատության մեջ։ Այս բնակավայրի մասին պատմող ոչ մի քարտեզ չկար, ոչ Google Maps-ում, ոչ OpenStreetMap-ում։

Եվ մենք որոշեցինք ստեղծել այդ քարտեզը։ Դրոնների օգնությամբ մոտավորապես 990 լուսանկար է արվել, հետո այդ բոլոր լուսանկարների տվյալները հասանելի ենք դարձրել OpenStreetMap-ում։

Հիմա այդ տվյալները, այդ վիճակագրությունը օգտագործում են գիտական հետազոտությունների համար։ Նախագծի ավարտից հետո, շատ լրատվամիջոցներ անդրադարձան այդ խնդրին, օրինակ CNN-ը վավերագրական ֆիլմ նկարեց այդ թաղամասի մասին: Այս նախագիծը արժանացել է տվյալների լրագրության ոլորտում ամենահայտնի Sigma մրցանակի։ Բայց ինձ համար այստեղ ամենակարևորն այն է, որ տվյալների լրագրության նյութից այն վերածվեց ուրբան պլանավորման, ուրբան զարգացման ծրագրի։ Եվ երբ ես ասում եմ, որ տվյալների լրագրության ազդեցությունը շատ մեծ է երևույթները, որոշումները փոխելու գործում, հենց սա նկատի ունեմ։

Ջակոպո, սա Ձեր երկրորդ այցելությունն է Հայաստան, կպատմեք այցելության նպատակի մասին։ 

Այո, երկրորդ անգամ եմ Հայաստանում։ Այստեղ եմ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով։ Ես, ինչպես Իտալիայում, այնպես էլ Իտալիայի սահմաներից դուրս, թրեյնինգներ եմ անցկացնում տվյալների լրագրության վերաբերյալ: Խորհրդատվություն եմ տրամադրում հասարակական կազմակերպություններին կամ խմբագրություններին, օգնում եմ հասկանալ, թե ինչպես կարող են աշխատել տվյալների հետ ու տվյալների միջոցով ինչ պատմություններ կարող են պատմել մարդկանց։

Հիմա հայ լրագրողների հետ աշխատում ենք հատուկ մի նախագծի վրա, որը կոչվում է «Վավերագրելով դրաման»։

Վավերագրելով դրաման դասընթացի ժամանակ

Այն պատմելու է, թե ինչպես են արցախցիները կարողացել Ստեփանակերտից հասնել Կոռնիձոր։ Մարդկային պատմությունները, դեպքերն ու թվային տվյալները ներկայացնելիս կիրառելու ենք հատուկ մոտեցումներ, գործիքներ։ Լրագրողական թիմը հավաքագրել է բոլոր տվյալները։ Ես էլ իմ եռօրյա դասընթացի միջոցով փորձել եմ օգնել, որ կարողանան իրենց տվյալներն ու պատմությունները հնարավորինս դիպուկ, պատկերավոր ու հետաքրքիր ձևաչափով հասցնել  իրենց ընթերցողին։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *