2024.02.28,

Տեսակետ

«Նպատակը մեկն է՝ ձևավորել համընդհանուր հանրային հակազդեցություն ընդդեմ ապատեղեկատվության» 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Կեղծ տեղեկատվությունը, ապատեղեկատվությունը և կեղծ լուրերի փոխկապակցված ձևերն այսօր իսկական մարտահրավեր են դարձել մեր տեղեկատվական դաշտի համար: Վերջին տարիներին ապատեղեկատվության արագ տարածմանն ու ընդլայնմանը նպաստել են նաև առցանց լուրերի և սոցիալական ցանցերի օգտագործման կտրուկ աճը:  

Տեղեկատվական քաոսը կանոնակարգելու և առկա խնդիրները լուծելու համար՝ 2023-ի դեկտեմբերին ընդունվեց Հայաստանում ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թթ. հայեցակարգն ու դրանից բխող գործողությունների ծրագիրը: 

Փաստաթղթերը մշակել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հետ համագործակցությամբ և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE)-ի աջակցությամբ։ Media.am-ը զրուցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ:  

Հայեցակարգի քննարկման, մշակման փուլը բավականին երկար տևեց՝ շուրջ երկու տարի: Արդյունքում ընդունված փաստաթղթի գլխավոր նպատակն ու ասելիքը ո՞րն է:  

Հայեցակարգի գլխավոր նպատակը ապատեղեկատվության դեմ պատշաճ արձագանք ապահովելն է, որպեսզի կարողանանք կանխարգելել, նվազեցնել ու չեզոքացնել ապատեղեկատվության ռիսկերը։ Այն նախատեսում է ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակը, նպատակը, ժամանակակից մեթոդներն ու գործիքակազմը։ 

Սահմանում է ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները, որոնցով պետք է առաջնորդվի կառավարությունը՝ հասարակության, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցվելիս: Այդ ռազմավարական ուղղությունները 3-ն են։ 

Առաջին՝ հզորացնել ՀՀ ինստիտուտների կարողությունը՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու, արձագանքելու և վերլուծելու նպատակով: 

Երկրորդ՝ իրականացնել փոխգործակցության բարելավում և մասնավոր հատվածի մոբիլիզացիա: 

Երրորդ՝ բարձրացնել իրազեկումը և մեդիաազատությունների ու մեդիագրագիտության վերաբերյալ կրթության մակարդակը՝ ձևավորելով ապատեղեկատվության հանդեպ հանրային դիմակայություն։ 

Ռազմավարական այս ուղղություններն ունեն իրենց ենթանպատակներն ու վերջնարդյունքին հասնելու հստակ մեթոդները: Ինչպե՞ս, ի՞նչ քայլերով եք հասնելու դրանց իրականացմանը:  

Ռազմավարական առաջին ուղղության հիմքում պետական կառույցների կարողությունների զարգացումն է: Հանրային ծառայողների՝ մասնավորապես կառավարության հաղորդակցության ոլորտում, հասարակայնության և տեղեկատվության ստորաբաժանումներում աշխատողների հմտությունները, գիտելիքները և կարողությունները հզորացնելու միջոցով կկարողանանք հզորացնել պետական կառույցների կարողությունները: 

Տեղեկատվությունը պետք է ավելի հասանելի դառնա, պետք է նպաստենք պետական մարմինների  պրոակտիվ հաշվետվողականության զարգացմանը, որպեսզի հանրային իշխանության կառույցները սեփական նախաձեռնությամբ լինեն ավելի հաշվետու, գործեն հրապարակային ու թափանցիկ։ 

Պետական կառավարման համակարգում ներդրվելու է ինքնագնահատման համակարգ: Պետական կառույցները որոշակի պարբերականությամբ պետք է գնահատեն, թե տեղեկատվության ազատության ապահովման ճանապարհին ի՞նչ խնդիրներ ունեն: Այդ կերպ կհասկանան, թե ինչ բարեփոխումներ է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի տեղեկատվության մատչելիությունը լիարժեք ապահովված լինի։ Այս ճանապարհին մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել պետական կառույցներին: Հիմա օրինակ մեր աջակցությամբ այս պիլոտային ծրագիրը ներդրվում է  առողջապահության, էկոնոմիկայի նախարարություններում և վարչապետի աշխատակազմում։  

Գործողությունների ծրագրում նաև նշված էր, որ սոցիալական մեդիա հարթակներում պաշտոնական հաշիվների ինստիտուցիոնալիզացում պետք է կատարվի: Սա ի՞նչ է ենթադրում:  

Այո, նախ շատ կարևորում ենք սոցիալական հարթակներում ներկայության և վարվելակերպի կանոնների մշակումը և պետական կառավարման բոլոր մարմիններում այդ կանոնների ներդրումը: Պաշտոնական բոլոր հաշիվներում միասնական, միանման հաղորդակցություն պետք է իրականացվի: Պաշտոնական հաղորդակցություն իրականացնելիս պետք է լինի բառապաշարի, մտքի, ոճի միասնականություն: Այս կետին պետք է փորձենք հասնել առաջիկա երկու տարիների ընթացքում՝ տարբեր գործիքներ կիրառելու միջոցով: 

էթիկական վարքականոնները կարևոր են, որպեսզի պաշտոնյաները, որոնք հանդես են գալիս սոցիալական ցանցերում, հասկանան, թե ինչ կարելի է անել և ինչ չի կարելի անել։ Օրինակ` ո՞ր ժամերին է կարելի սոցիալական հարթակներում գրառումներ կատարել, որ ժամերին՝ ոչ։ Հաճախ կարող ենք տեսնել, որ այդ գրառումները կատարվում են աշխատանքային ժամերին և դառնում՝ բուռն քննարկումների առիթ։ 

Մասնավոր հատվածի մոբիլիզացիան ինչպե՞ս է իրականացվելու և ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ համագործակցությունից։ 

Մենք ակնկալում ենք մասնավոր բիզնես սպեկտորի հետ բավականին ծավալուն համագործակցություն։ Կարող են լինել ՏՏ ոլորտում  ներգրավված կամ հետազոտական աշխատանք իրականացնող կազմակերպություններ։ Ամեն մեկի դերն ու մասնակցությունը մենք տեսնում ենք այս ոլորտում։ Օրինակ ՏՏ մասնագետները կարող են  նորարարական լուծումներ ու գործիքներ առաջարկել, որոնցով հնարավոր կլինի սոցիալական ցանցերում, լրատվական կայքերում ապատեղեկատվությունը բացահայտել կամ կանխել  դրանց հետագա տարածումը։  

Մյուս կարևոր ուղղությունն էլ մեդիագրագիտության մակարդակի բարձրացումն է։ Այս դեպքում ծրագրերն ուղղված են դեպի կրթական ոլորտ։ Այստեղ հասարակության յուրաքանչյուր անդամի կրթության խնդիրն է դրված։ Նպատակը մեկն է՝ ձևավորել համընդհանուր հանրային հակազդեցություն ընդդեմ ապատեղեկատվության։ Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է դառնա պատրաստ, ունակ, կարող հակազդելու, ճանաչելու, կանխարգելելու, չեզոքացնելու ապատեղեկատվությունը։  

Սրանք նպատակներն ու ենթանպատակներն են։ Կազմվել են նաև հաջողության ցուցիչներ, որոնցով գնահատելու ենք, թե որքանով ենք հասել այս կամ այն ենթանպատակի իրականացմանը։ Ներգրավվել ենք բազմաշահառու աշխատանքային խմբի մոդելը, որպեսզի հայեցակարգի իրականացման գործընթացը մոնիթորինգի ենթարկվի և առաջնորդվի հենց այս բազմաշահառու խմբի կողմից։ Այստեղ ներգրավված է ինչպես պետությունը, քաղաքացիական հասարակությունը, այնպես էլ մասնավոր սպեկտորը։ Եվ փաստաթղթի իրականացման վերաբերյալ բոլոր որոշումները կայացվելու են միասին։   

Մոբիլիզացվելու են բոլոր հնարավոր ռեսուրսները, չեն լինելու մեկ կամ երկու ակտիվ խմբեր, այլ լինելու է համընդհանուր միջամտություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել փաստաթղթի կենսունակությունը։

Ցանկացած նախագծի իրականացման կարևորագույն բաղադրիչը ֆինանսական ռեսուրսներն են։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ հայեցակարգը իրականություն կդառնա։   

Յուրաքանչյուր նախագիծ, մտահաղացում իրականացնելու համար  2 շատ կարևոր բաղադրիչ է անհրաժեշտ։ Առաջինը մարդկային ռեսուրսն է, երկրորդը՝ ֆինանսական հենքը։ Եթե չլինեն այս 2 կարևորագույն միջոցները, ապա բոլոր  հրաշալի գաղափարները կմնան թղթի վրա։  

Ես կարծում եմ, որ մարդկային ռեսուրսներն առկա են։ Քաղհասարակության շրջանում վերջին 10-ը տարիներին բավական լավ ձևավորված հենք կա մարդկային ռեսուրսների առումով։ Ֆինանսական միջոցների բավարար առկայության պայմաններում կարծում եմ, որ փաստաթուղթը հնարավոր կլինի կյանքի կոչել։  

Մոտ երկու տարի տևած այս քննարկումների գլխավոր թեման հենց ֆինանսական ռեսուրսներն էին ու հատկացումները։ Եվ այն փաստը, որ փաստաթուղթը վարչապետի որոշմամբ ընդունվել է, նշանակում է, որ պետությունը հանձն է առել աջակցել և նաև ֆինանսական տեսանկյունից ապահովել փաստաթղթի կենսունակությունը։ Ուրախությամբ պետք է ասեմ, որ միջազգային դոնոր կազմակերպությունները ևս հետաքրքրված են և շահագրգիռ այս փաստաթղթի իրականացմամբ։ Նրանց մի մասն արդեն իսկ  պատրաստակամություն է հայտնել աջակցել փաստաթղթի այս կամ այն բաղադրիչի իրականացմանը։  

Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *