Ամանորի տոնական օրերին շնորհավորանքներից ու բարեմաղթանքներից բացի, սոցիալական ցանցերում գեներացվեց նաև մեծ քանակությամբ խտրական, վիրավորական ու ատելության խոսք։ Հասցեատերը ազգությամբ հնդիկ երիտասարդներն էին, ովքեր Հանրապետության հրապարակում տոնել էին Նոր տարին։ Քննարկումների ու քննադատությունների հիմնական ալիքը սկսվեց ռուս ֆոտոլրագրող, բլոգեր Ալեքսանդր Պատրինի գրառումից ու հրապարակած լուսանկարներից հետո։ Հունվարի 1-ի գիշերը, շրջելով Հանրապետության հրապարակում, նրա ֆոտոխցիկը ֆիքսել էր, որ գլխավոր տոնածառի մոտ հավաքված բազմության գերակշիռ մեծամասնությունը ազգությամբ հնդիկ երիտասարդներ են։ Media.am-ը մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանի հետ փորձել է հասկանալ տեղի ունեցածի խորքային պատճառները, քննարկել օրինաչություններն ու շեղումները։
Տարեսկզբին սոցիալական ցանցերում աղմուկը շատ էր, մի քանի օր ակտիվ քննարկվեց, որ տարեմուտին Հանրապետության հրապարակի տերը, կարծես հնդիկ երիտասարդներն էին։ Ի՞նչ էր տեղի ունենում և ինչո՞ւ։
Մեր մշակութային առանձնահատկություններից ելնելով՝ մենք սովորաբար Ամանորը նշում ենք տանը։ Հրապարակում այդ տոնը նշելու ավանդույթ մեզանում չկա։ Հենց այս պատճառով էլ Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում Նոր տարին նշել են ոչ տեղացիները։ Սա շատ օրինաչափ երևույթ է, որովհետև, երբ մենք՝ հայերս էլ գնում ենք Նոր տարին այլ երկրում նշելու, գնում ենք կամ հրապարակ կամ մեկ այլ հանրային վայր, որտեղ ինչ-որ հանրային միջոցառումներ կան։
Այս դեպքում էլ նույն է տեղի ունեցել։ Հանրապետության հրապարակում եղել են մեծ թվով հնդիկներ, ռուսներ, իրանցիներ, այսինքն մարդիկ, որոնց մշտական բնակավայրը Հայաստանը չէ։ Եվ տրամաբանական է, որ նրանք փորձել են նշել Նոր տարին հնարավորինս ուրախ։ Եղել է երաժշտություն, երգ, պար։
Այս ամենը շատ քննարկվեց և մեծ աղմուկի վերածվեց ռուս բլոգերի պրովոկացիոն գրառումից հետո, որը պարունակում էր ոչ այնքան հաճելի նոտա։ Այդ պրովոկատիվ նոտան ուղղորդված կերպով օգտագործվեց նաև որոշ շրջանակների կողմից և սկսեցին գեներացվել ագրեսիվ կարծիքներ, ատելության խոսք, վիրավորանք պարունակող գրառումներ։ Նույնիսկ զուգահեռներ սկսեցին անցկացնել՝ նշելով, որ ադրբեջանցիները նոր տարին դիմավորում են Ստեփանակերտում, հնդիկները՝ Հանրապետության հրապարակում, հայաստանցիները՝ Եռաբլուրում։ Եվ սկսեց շրջանառվել այն պատումը, որ հայերը լքում են իրենց երկիրը կամ Արցախը հայազրկվում է, իսկ դրա փոխարեն հնդիկներն են գալիս Հայաստան։ Ոմանք գրում էին, որ 10-ը տարի հետո Հայաստանը կդառնա Հնդկաստան և այլն։
Հետո եկավ արձագանքների մյուս ալիքը, որը համեմատաբար ավելի սթափ ու ավելի ադեկվատ տրամադրությունների շրջանակում էր։ Շատ օգտատերեր սկսեցին ըմբոստանալ այդ ռասիստական, խտրական վերաբերմունքի ու գրառումների դեմ։ Այստեղ ուրախալին այն է, որ հասարակության մեջ քննարկում սկսվեց և այն ժամանակի ընթացքում դարձավ ավելի առողջ և ուղղորդված փուլից մտավ ինքնակարգավորման փուլ։
Ինչո՞ւ մեր քաղաքացիները տրվեցին այդ պրովոկացիային և այդքան ագրեսիվ ու կտրուկ արձագանքեցին տեղի ունեցածին։ Չէ՞ որ ուղղորդված գրառումներից, բացի քիչ չէին նաև հենց իրական օգտատերերի գրառումները, որոնք պակաս ագրեսիվ չէին։
Բոլոր հասարակություններն էլ ընկնում են պրովոկատիվ թակարդների մեջ։ Բացի այդ, մեզ մոտ շատ ցավոտ հարցեր կան, որոնք մինչև հիմա էլ չեն քննարկվել և մարդկանց մեջ դրանք անընդհատ եռում են ու ագրեսիա են գեներացնում։
Այստեղ նաև ապրումակցելու խնդիրը կար։ Հասարակության մի հատվածի համար ընդունելի չէր այս կորուստներով լի տարին այսքան աղմուկով, զարդարանքով, տոնական տրամադրությամբ ճանապարհելն ու Նոր տարվա գալուստը նշելը։
Եվ այն արձանագրումը, որ Հանրապետության հրապարակում հայաստանցիները շատ քիչ էին, դա էլ էր ինչ-որ չափով խոսում այն մասին, որ Նոր տարին նման կերպ նշելու հասարակական համաձայնություն չկար, բայց քաղաքապետարանը կամ պետությունը ինչ որ ջանքեր էին գործադրել, այդ տոնական միջավայրը ստեղծելու համար։
Նաև սա էր հասարակական այդքան բուռն ու ագրեսիվ արձագանքի պատճառներից մեկը։
Բացի այդ մենք շատ վախեր ունենք, որոնք մեզ այդպիսի վարքի են դրդում։ Իսկապես կա այն վախը, որ քանի որ մենք փոքրաթիվ ենք, 98% մոնոէթնիկ հասարակություն ենք, կգան ու մեզ կնվաճեն մեր կողքի մեծերը և մենք կձուլվենք, կոչնչանանք։ Այս ամենը վախի ու անհանգստության զգացողություն է առաջացնում ցանկացած օտար ինքնության հանդեպ։
Երբեմն այս վախը դառնում է մեդիա պատրվակ, որից էլ օգտվելով՝ որոշ ցածրակարգ լրատվամիջոցներ զարգացնում են այն պատումը, որ այս ամենի արդյունքում Հայաստանում այլևս հայ չի մնալու։ Եվ երբ քաղաքացին մեդիագրագետ չէ, չի կարողանում տեսնել ու զանազանել պրովոկացիան, չի իմանում, թե ինչպես արձագանքել այդ ամենին և հիմնվում է միայն իր առաջնային զգայական արձագանքի վրա։
Ո՞րն է այդ կոլեկտիվ վախի պատճառը ու ի՞նչ դրսևորումներ է ունենում։
Բոլոր հասարակություններին էլ բնորոշ է կառուցել իր հանրույթի ինքնությունը՝ ընդդեմ ուրիշի ինքնության։ Մեր ինքնությունը կառուցվել է ցեղասպանության և ղարաբաղյան հակամարտության շուրջ։ Վերջին պատերազմից ու վերջին զարգացումներից հետո այս վախերը նորից գլուխ են բարձրացրել մեզանում։ Հասարակագիտության մեջ կա հայտնի մի երևույթ, երբ կոլեկտիվ տրավման, իրավիճակային մի փոքր նմանության դեպքում ակտուալանում է և դառնում գործող տրավմա։ Հայերի դեպքում այդ տրավման ցեղասպանությունն է։
Այս վախերն ավելի են սրվում՝ ելնելով այն օբյեկտիվ իրականությունից, որում ապրում ենք։ Երբ մեր հարևանները շարունակում են զարգացնել այն պատումը, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան»–ն է, որ սա իրենց պատմական հայրենիքն է և այլն։
Մյուս կողմից էլ մեր հասարակությունը դեռ չի կարողացել ամբողջությամբ հաղթահարել հետպատերազմյան տրավման, դեռ չի կարողացել վերջին իրադարձություններից հետո ուշքի գալ։ Սա բարձրացնում է ընդհանուր ագրեսիայի մակարդակը, ինչի արդյունքում էլ մենք տեսնում ենք ագրեսիվ վարք, ատելության խոսք, խտրական վերաբերմունք։
Ամանորի օրերին մենք տեսանք հնդիկ երիտասարդների հանդեպ խտրական, ռասիստական վերաբերմունք, պատճառը ո՞րն էր, արդյոք հիմքում «փոքր ազգի սինդրոմ» է։
Սա ընդհանրապես կապ չունի «փոքր ազգի սինդրոմ» կոչվող երևույթի հետ։ Եթե մենք խոսում ենք ռասիզմից ու դրա դրսևորումներից, ապա կարող եմ ասել, որ շատ ավելի ռասիստական, շովինիստական երկիր է Ռուսաստանը, որը փոքր չէ։ Կամ կարող եմ բերել նացիստական Գերմանիայի օրինակը, որը ևս փոքր չէր։
Համաձայն չեմ նաև այն կարծիքին, որ մենք փակ հասարակություն ենք և այլազգիներին չենք ընդունում կամ շատ դժվարությամբ ենք ընդունում։ Սա չափազանցված է։ Օրինակ Հայաստան տեղափոխված ռուսներն ասում էին, որ ավելի հեշտ հարմարվեցին Հայաստանում, քան Վրաստանում։
Կարծում եմ, որ շատ բարդույթավորված ինքնաներկայացում է, որ մենք չընդունեցինք այս մեկին կամ այն մյուսին, որովհետև երբ իրականության մեջ ես նայում լրիվ ուրիշ պատկեր ես տեսնում։
Սակայն սրան զուգահեռ, ինչպես ցանկացած հասարակությունում, կա նաև ներքին կարծրատիպային դասակարգում, որով այս կամ այն ազգի ներկայացուցիչները դառնում են առավել «ընդունելի» կամ պակաս «ընդունելի»։ Օրինակ եվրոպացիների, ռուսների հանդեպ ընդհանուր նեգատիվն այնքան մեծ չէ, որքան մուսուլմանների կամ հնդիկների նկատմամբ։ Եվ դրանով էլ պայմանավորված տեսնում ենք տարբեր արձագանքներ տարբեր ազգերի ներկայացուցիչների նկատմամբ։
Փոքրաթիվ լինելու դեպքում միայն մեծանում է այն վախը, թե քո երկիր եկած այլ ինքնություններն ինչպե՞ս կազդեն ու ինչպե՞ս կփոխեն քեզ։ Բայց անկախ վախերից փոփոխությունները պետք են և եթե հասարակությունը երկար ժամանակ մնա կարծրացած ու փակ, ապա շատ արագ կվերանա։ Գոյատևելու միակ ձևը ադապտացվելն ու բաց, ճկուն լինելն է։
Մենք այսօր ինքներս մեզ վերանայելու, մեր մտքերն ու մոտեցումները վերաձևակերպելու խնդիր ունենք։ Եվ այդ ճանապարհին կարևոր է տեղ հատկացնել նոր պատումների ձևավորմանը, որոնք միտված կլինեն ապագային։ Պետք է փորձել շատ նոր պատումներ բերել ու հանրությանը հայտնի դարձնել, միայն այդպես է հնարավոր քո նոր մեծ պատումը ունենալ և դրա շուրջ ինքնություն կառուցել ։
Մեր մտածողության մեջ ինչ-որ ֆիքսված ճշմարտություններ կան, որոնք չենք քանդում ու դրանց շուրջ քննարկում չենք ծավալում։ Բայց քանի դեռ չենք քանդել, բոլոր բաղադրիչներն առանձին-առանձին չենք ուսումնասիրել, հետո նորից վերակառուցել, չենք վերափոխվելու և առաջ քայլ չենք կատարելու․ մնալու ենք նույն տեղում ու նույն վիճակում։
Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: