Ինքնուրույն մտածելու, վերլուծելու կարողություն, իրադրությունների ու իրականության սթափ ընկալում, մեդիայի գրագետ ու հիգիենիկ սպառում․ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի համոզմամբ հենց այս հատկանիշներն են, որ բնութագրում են մեդիագրագետ քաղաքացուն ու մեդիագրագետ հասարակությանը։ Մեդիագրագետ քաղաքացի դաստիարակելու առաջնային օղակը դպրոցն է։ «Այբ»-ում մեդիագրագիտություն դասավանդելու սեփական մեխանիզմն են մշակել։
Առհասարակ ի՞նչ է մեդիագրագիտությունը և ինչո՞ւ է այն այդքան կարևորվում։
Ցանկացած դեպքում, երբ մենք սպառում ենք որևէ ապրանք կամ ծառայություն, մենք պետք է լինենք գիտակցող, գրագետ սպառող։ Ժամանակին, երբ էլեկտրականությունը նոր էր տարածվել, մարդիկ մերկ լարեր էին օգտագործում էլեկտարականությունն իրենց տներ հասցնելու համար: Շատ զոհեր էին լինում: Մի կողմից էլեկտրականությունն ավելի լավն էր ու ավելի հարմարավետ, քան մոմը, բայց մյուս կողմից վտանգավոր էր ու մահաբեր: Եվ տասնյակ տարիներ պահանջվեցին, որ մարդիկ դառնան բավարար գրագետ ու չմահանան էլեկտրականության պառճառով:
Մեդիան էլ էլեկտրականության նման է: Այն և՛ շատ օգտակար է և՛ շատ վտանգավոր։ Այսօր մենք առանց մեդիայի, առանց տեղեկույթի չենք կարող ապրել: Եվ հենց սա է պատճառը, որ մեդիգարգիտությունը դառնում է շատ կարևոր զենք, որին յուրաքանչյուրը պետք է տիրապետի:
Մեդիագրագիտությունը մեդիայի անվտանգ, հիգիենիկ սպառումն է, այդ դեպքում այն կլինի օգտակար և արդյունավետ: Մենք միշտ խոսում ենք որակյալ ու ազնիվ ինֆորմացիա սպառելու մասին, բայց չենք խոսում սպառվող ինֆորմացիայի ծավալների մասին, հենց սա է մեդիայի հիգիենիկ սպառումը:
Մեր հասարակությունը որքանո՞վ է պահպանում մեդիայի հետ գրագետ փոխհարաբերվելու կանոները:
Կարծում եմ մեդիագրագիտության մակարդակը մեզ մոտ շատ-շատ ցածր է: Այսօր ամբողջ աշխարհում մեդիայի ոչ գրագետ աշխատանքի և ոչ գրագետ սպառման հետևանքով հասարակությունները պառակտվում են: Ինչո՞ւ է այդպես, որովեհետև բացասական լուրերն ավելի ընկալելի են, քան դրական լուրերը, մեդիան էլ ավելի շատ տեղ է տալիս բացասական լուրերին: Վատը դառնում է ավելի տեսանելի, քան լավը։ Արդյունքում հասարակության մի մասը ատում է մյուս մասին։
Նույնը տեղի է ունենում մեր մեդիատիրույթում, մենք անընդհատ հայտնվում ենք սուտ, բացասական, բևեռացված լուրերի հորձանուտում: Եվ որպես հասարակություն՝ մենք պետք է սթափություն ձեռք բերենք և դառնանք խելամիտ սպառող։
Այսօր, երբ մենք ունենք անվտանգային խնդիրներ, մի քանի կողմից տեղեկատվական պատերազմների կիզակետում ենք, մեդիագրագիտության ցածր մակարդակը ի՞նչ ռիսկեր է իր հետ բերում։
Սա առաջին հերթին թշնամու համար է շատ լավ հնարավորություն, նա կարողանում է անընդհատ մանիպուլացնել մեր հասարակությանը։ Մեր վախերը ավելի ամրապնդելով` մեզ ծնկի է իջեցնում։ Արդյունքում, կտրուկ նվազում է մեր մոբիլիզացիոն ռեսուրսը։ Դժվարին ժամանակներում անհրաժեշտ է համախմբվել, իսկ մենք, քանի որ չունենք բավարար հմտություններ ճիշտ տեղեկույթը ստից տարբերակելու, ընկնում ենք խուճապի մեջ, և սկսում ենք անարդյունավետ գործել։
Ցածր մեդիագրագիտությունը գալիս է վերլուծական կարողության պակասից։ Ճգնաժամային իրավիճակներում մեզանից շատ ավելի շատ է պահանջվում ինքնուրույն մտածելու կարողություն։ Դու պիտի ինքդ որոշում ընդունես, դու չես կարող հույսդ դնել նրա վրա, որ կլինեն ինչ-որ համակարգային լուծումներ, որոնցով դու կարող ես առաջնորդվել։
Վերլուծական և քննադատական մտածողություն ձևավորելու համար մեդիագրագիտություն սովորեցնելը շատ արդյունավետ լծակ է։
«Այբ» -ում մեդիագրագիտությունը ինչպե՞ս է ներառված կրթական համակարգում։
Մենք մեդիագրագիտությանը լուրջ ենք վերաբերվում, ունենք մեդիախմբակներ, որտեղ երեխաները նյութեր են պատրաստում և դրա միջոցով հասկանում են, թե ինչպե՞ս է մեդիան աշխատում։
Մենք 10-րդ դասարանում դասավանդում ենք մտածելու հմտություն առարկան։ Քննադատական և վերլուծական միտքը զարգացնելու համար դասընթացի ժամանակ դիտարկում ենք հենց մեդիա նյութերը։
Պետք է հասկանալ, որ մենք բոլորս այսօր մեդիայի մի մասն ենք, որովհետև հենց մենք ենք տարածում ու վերարտադրում մեդիայի հաղորդածը։ Եվ եթե դու մեդիայի մաս ես, դու պետք է գիտակցես, հասկանաս ի՞նչ է այն իրականում, ինչպե՞ս է աշխատում և որքանո՞վ դու կարող ես դրան վստահել։
Տեքստի հետ կապ ունեցող առարկաների դեպքում մենք հաճախ կիրառում ենք էսսեի ֆորմատը։ Այն թույլ է տալիս դիտարկել ու համադրել տարբեր տեսակետներ և կատարել սեփական վերլուծությունը։
Օրինակ պատմությունը մենք դասավանդում ենք որպես ավելի շատ վերլուծական և հետախուզական առարկա։ Երեխան պետք է հասկանա երևույթների պատճառները։ Դու պետք է կարողանաս տեսնել, որ պատմության ներկայացման մի քանի տարբերակ կարող է լինել։ Կարող է լինել թշնամու տարբերակը, այդ դեպքում պետք է հասկանալ, թե որտեղ է նա փորձում մեզ խաբել։ Պետք է տեսնել սեփական տարբերակը, որը պետք է լինի ոչ թե ավելի քան հայրենասիրական, այլ սթափ։ Սթափությունը շատ կարևոր է, որ սովորողն այսօր ներկայացվող պատմություններն էլ նույնքան սթափ ընկալի։
Ո՞վ է մեդիագրագետ քաղաքացին և մեդիագրագիտությունը ինչպե՞ս կարող է նպաստել քաղաքացիական հասրակության ձևավորմանը։
Անհնար է ունենալ զարգացած հասարակություն, որտեղ քաղաքացիները տեղեկացված չեն կամ ունեն թյուր, անբավարար կամ սուտ տեղեկատվություն։ Որակյալ մեդիան քաղաքացիներին տեղեկացնելու ամենաարդյունավետ մեթոդն է։ Երբ մեդիան գործում է որևէ քաղաքական ուժի շահերից ելնելով, խախտում է ազնվության կանոնները, միակողմանի աղավաղված տեղեկույթ է տարածում, պետք է գիտակցի, որ իր իսկ սեփական ապագան է վտանգում։
Միայն տեղեկացված, ազգային, պետական շահից ելնող քաղաքացիների կրիտիկական զանգվածն է, որ ձևավորում է մեդիայի պահանջ և պետությունը հաշվի է նստում այդ պահանջի հետ։
Հակառակ դեպքում կլինեն մի քանի պետական կառույցներ, որոնք կկոչվեն մեդիա, բայց այնտեղ չի լինի լրագրություն, այնտեղ կլինի միայն պետական քարոզչություն, ինչպես Խորհրդային միությունում էր։ Արդյունքում չի լինի անկախ մեդիա, ինչպես չկա Հյուսիսային Կորեայում, ինչպես հիմա գնալով արդեն չկա Ռուսաստանում։
Մեդիայի զարգացման, քաղաքացիական հասարակության ձևավորման լավագույն գործիքը մեդիագրագիտության տարածումն է։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: