CodeSignal ընկերությունը, որն այժմ արժե է 500 միլիոն դոլար, սկիզբ է առել որպես տեխնոլոգիաների դարում գիտելիքը ի ցույց դնող ստարտափ։ Հայ հիմնադիրները ցանկանում էին փոխել աշխատանք փնտրելու ու գտնելու այն դասական մոդելը, որն այլև արդյունավետ չէ։
Ինչպես ասում է ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանը, եթե ուզում ես աշխատանք գտնել, հարկավոր է ներկայացնել կենսագրական տվյալներ՝ դիպլոմով, փորձով, հմտությունների նկարագրությամբ։ Մինչդեռ հատկապես ՏՏ ոլորտում ոչ միշտ է թուղթը վկայում որակյալ մասնագետ լինելու մասին, քանի որ կրթությունն ու ուսուցումը վաղուց արդեն ապակենտրոնացված են ու միայն համալսարանների մենաշնորհը չեն։
Եվ համալսարաններն էլ (նույնիսկ աշխարհի լավագույնները) այլև չեն կարող աշխատել էքսկլյուզիվ կնիքի պես՝ իրենց շրջանավարտներին երաշխավորելով առաջընթաց միայն այն բանի շնորհիվ, որ մարդն այդտեղ է սովորել։
Եվ քանի դեռ կարիերայի համար պահանջվում է ռեզյումե՝ տաղանդավոր ծրագրավորողը կամ տվյալների մասնագետը, որը չունի կրթություն, հայտնվում է անարդար մրցակցային պայմաններում։ Եվ CodeSignal-ը դա է փոխում՝ տրամադրելով գնահատման տարբեր գործիքներ (թեստեր, հարցազրույցներ), որոնք ավտոմատ են ու օգնում են գնահատել դիմորդների իրական, այլ ոչ թե թղթում ամփոփված կարողությունները։
Ավտոմատացված գնահատումը անկողմնակալ է։
Բայց կարևոր է, որ CodeSignal-ը ոչ այնքան միջնորդ է պոտենցիալ աշխատակցի ու գործատուի միջև (նման միջնորդ ընկերություններ շատ են), այլ առաջարկում է կրթության ու աշխատանքի բոլորովին նոր տրամաբանություն՝ բաց աշխարհի պայմաններում։
Տիգրան Սլոյանի կարծիքով՝ ավտոմատ գնահատումը միակ օբյեկտիվ չափանիշն է նոր իրականության մեջ, երբ կրթությունը ծայրաստիճան դեմոկրատացված է։ Եվ ամենափայլուն դասերը անգամ օնլայն են ու հասանելի բոլորին։
CodeSignal-ն առաջին կազմակերպությունն է, որը ստեղծել է գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ, որից ի դեպ օգտվում են ոչ միայն նոր աշխատակիցներ որոնող խոշորագույն ընկերությունները (Ֆեյսբուք,Նեթֆլիքս, Ուբեր, Զում և այլն), այլև շատ ամերիկյան կրթական հաստատությունները։
Օրինակ, բուհական ավարտական քննության դեպքում մեծ թվով շրջանավարտներ անցնում են CodeSignal-ի հարցաշարերը՝ ստուգելով ծրագրավորման բազային գիտելիքները։ Կրթական հաստատությունը չի գնահատում իր ուսանողներին, գնահատում է CodeSignal-ը։ Եվ այդ գնահատականը արդեն իսկ նշանակում է այցեքարտ, որակ, հեղինակություն։
Տիգրան Սլոյանը պատմեց, որ հինգ տարվա ընթացքում իրենք հավաքել են թեկնածուների ահռելի տվյալների բազա, և CodeSignal-ը անգամ կարող է համալսրանների վարկանիշ կազմել։ Եվ դա նույնպես հուշում է, որ երբեմն հայտնի համալսարանները գերագնահատված են։
Տիգրան Սլոյանը այս տարվա Բարքեմփի իր ելույթում ասաց, թե որքան մեծ դեր ունի միջավայրը։ Եվ հույս ունի, որ Հայաստանի միջավայրն է կփոխվի, հատկապես որ Հայաստանը թեև փոքր երկիր է, բայց մեծ ներուժ ունի։ Եվ նաև այդ ներուժը մեծ աշխարհին ինտեգրելու համար է աշխատում նաև CodeSignal-ի հայաստանյան մասնաճյուղը, որտեղ մոտ 40 մարդ է աշխատում։
CodeSignal-ը մեծ հաշվով կապերի մասին է՝ գործատուի ու ապագա աշխատակցի։ Հիմա ամեն ի՞նչն է կապի շուրջ կառուցվում։
Այդքան էլ համաձայն չեմ այդ տեսակետի հետ:
Կարծում եմ, այո, պատմականորեն մեզ պակասում էր օբյեկտիվությունը, որովհետև մենք չունեինք աշխատանքի ընդունման տվյալներ և, իհարկե, մեծ դեր էին խաղում կապերը: Օրինակ, երբ խոսքը նոր աշխատակիցներ փնտրելու մասին է, իսկ դու չգիտես, թե ովքեր են լավագույն ինժեներները, լավագույն ծրագրավորողները, լավագույն լրագրողները, ապա ինչպե՞ս կարող ես աշխատող գտնել:
Պիտի գտնես մեկին, որը քեզ ճանաչում է, կամ ճանաչում է մեկ ուրիշին, որը կարող է օգնել քեզ աշխատող գտնել կամ աշխատանք ստանալ: Այդպես է եղել։
Եվ քանի դեռ բացակայում են օբյեկտիվ տվյալները, ավելի արդար պրակտիկաներն ու մարդկանց ունակությունները գնահատելու նոր մոդելները (այսինքն, այն, թե ինչ կարող են նրանք հիմա անել, այլ ոչ թե անցած ճանապարհը), այո, շարժիչ ուժը առնվազն մինչ հիմա շատ է կախված եղել կապերից:
Բայց կարծում եմ, որ իրավիճակը փոխվում է։
Օրինակ, մեր ընկերության գաղափարն այն էր, որ եթե մարդիկ ունեն հմտություններ, ներուժ, նրանք պետք է գնահատվեն ոչ թե իրենց ինքնակեսնագրականներով, այլ իրենց ունակությունների համաձայն։ Առաջին բանը, որ ուզում են աշխատանքի ընդունելուց, ուսման մասին տվյալներ են՝ ռեզյումեն, որն ամեն ինչ որոշում է։ Ու դա բավականին անարդար է, քանի որ հմտությունները չեն ստացվում ավանդական ձևերով, ասենք, համալսարաններում։
Այդ դեպքում ամեն ինչ հանգում է ճիշտ գնահատելուն։ Հնարավո՞ր է լինել օբյեկտիվ։ Ի վերջո, եթե անգամ խոսքը ավտոմատ կերպով աշխատող ծրագրերի մասին է, Դուք գործ ունեք մարդկանց հետ։
Իհարկե, կա օբյեկտվիության պակաս, բայց իրավիճակը փոխվում է:
Oբյեկտիվություն կա, թեև աշխարհում տարածված է թյուր կարծիք, որ այն չի կարող լինել։ Օրինակ, մեր ընկերությունում մենք չափազանց շահագրգռված ենք, որ ամեն ինչ արդար և օբյեկտիվ դարձնենք թե՛ այն մարդկանց համար, որոնք արդեն աշխատում են, այնպես էլ ապագա «սիգնալիստների», ինչպես անվանում ենք մեր թիմի անդամներին։
Բայց այո, աշխարհում միանշանակ կա օբյեկտիվության պակաս և արդարության բացակայություն:
Ես լավատես եմ, հավատում եմ, որ մենք ապագայում կստեղծենք մի աշխարհ, որտեղ օբյեկտիվությունն իսկապես կարևոր է, և կա արդարություն։ Թեև դա լուրջ մարտահրավեր է:
Տեխնոլոգիաները զարգանում են, զարգանում են նաև մարդկանց գիտակցության վրա ազդելու միջոցները։ Օրինակ, որքան շատ լսես սուտ, այնքան ավելի կհավատաս, որ դա ճիշտ է։ Եվ ինչպե՞ս խոսենք օբյեկտիվության մասին։
Հարցն այն է, որ ցանկացած նորարարություն, ցանկացած փոփոխություն միշտ չէ, որ դրական է: Իդեալական աշխարհում, երբ շարժվում ես որևէ հստակ ուղղությամբ, կարող ես ընտրել ոչինչ չփոխելու տարբերակը։ Եվ մտածես՝ ոչինչ չանեմ, թողնեմ, որ ամեն ինչ մնա նույնը։
Չեմ կարծում, որ այդ տարբերակը աշխատում է, քանի որ եթե ոչինչ չանենք, մեր շուրջը կկատարվեն բաներ, որոնք անխուսափելիորեն կներքաշեն մեզ նոր իրականության մեջ: Եվ ուրեմն ավելի լավ է ընտրել մյուս տարբերակը՝ ինչ-որ բան անելը:
Ամեն անգամ, երբ փորձում ենք փոփոխություն կամ ինչ-որ նոր բան անել՝ լավագույն մտադրություններով, ինչ-որ տեղ ինչ-որ բան հաստատ սխալ է լինելու: Դրան պիտի պատրաստ լինել։
Oրինակ, մենք շատ ենք խոսում, թե ինչպես է Ֆեյսբուքը որոշակի բացասական ազդեցություն թողնում մեզ վրա, ասենք, խորացնում է դեպրեսիան։ Ինչու՞: Որովհետև 2000 տարի առաջ միակ բանը, որի հետ կարող էինք մեզ համեմատել, հարևան գյուղացին էր։ Իսկ հարևան գյուղացին ավելի լավ վիճակում չէր, քան մենք:
Մեր օրերում Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս համեմատելու մեզ աշխարհի միլիարդատերերի հետ, և դրանից մենք մեզ վատ ենք զգում, գոհ չենք մեր կյանքից և դա հանգեցնում է դեպրեսիայի:
Բայց դա չի արվել միտումնավոր։
Ուզում եմ ասել, որ իսկապես հավատում եմ, որ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբուրգի նման մարդիկ սկսել են իրենց գործը լավագույն մտադրություններով, բայց հետո ինչ-որ բան սխալ է ընթացել: Դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել կամ սպանել նորարարությունները: Որոշ բաների կոտրվելուց հետո ես հասկանում, թե ինչպես դրանք շտկել:
Նույնը վերաբերում է սոցիալական մեդիայի ազդեցությանը մարդկանց երջանկության և քաղաքականության ըմբռնման վրա:
Այո, շատ բան է կոտրվել, բայց հարցն այն է, թե ինչ կարող ենք ստեղծել, որ շտկենք իրավիճակը՝ շարունակելով լինել նորարար ու արարելով ավելի լավ աշխարհ:
Լավ աշխա՞րհ։
Այո, լավ աշխարհ։ Տեսեք, աշխարհն ավելի լավն է դարձել։
Հիշենք, թե որքան էր կյանքի տևողությունը 500 տարի առաջ։ Ըստ էության ոչ ես, ոչ Դուք այլևս կենդանի չէինք լինի, եթե ապրեինք 500 տարի առաջ:
Նայեք այս հեռախոսին, 500 տարի առաջ ցանկացած թագավոր կսպաներ բոլորին նման սարք ստանալու համար։ Այն ժամանակ նրանք ստիպված էին ամիսներ շարունակ կառքերով ճամփորդել՝ մի քաղաքից մյուսը հասնելու համար։ Հիմա մենք դա անում ենք մեկ ժամում։
Կարծում եմ, որ մենք չենք գնահատում այն թագավորական առավելությունները, որոնք ունենք այսօր։
Դրանք բոլորը ստեղծվել են տեխնոլոգիայի միջոցով, և ավելի լավ աշխարհ են ստեղծում:
Բայց մենք շարունակում ենք մակերեսային մոտենալ այն աշխարհին, որը կարող ենք ստեղծել։
Կարծում եմ, նման արագության մարդկությունը պատրաստ չէ։
Ճիշտ է, տեխնոլոգիաները զարգանում են շատ ավելի արագ, քան մարդկային ուղեղը կարող է դրանց համակերպվել։
Բայց նորից կարող ես ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն հարմարվել: Եվ այո, հարց է առաջանում՝ ինչպե՞ս ենք մենք աջակցում տեխնոլոգիաների զարգացմանը, որ չքայքայենք մեր հասարակությունները:
Էվոլյուցիան շատ, շատ դանդաղ գործընթաց է: Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ շատ վախեր ունեն՝ վախենում են սարդերից, վախենում են անգամ սեփական ստվերից:
Երևի նկատել եք, որ առյուծները վեհ տեսք ունեն, պատճառն այն է, որ պահանջվել են միլիոնավոր տարիներ, որ նրանք վերածվեն սննդի շղթայի վերին օղակի, որտեղ նրանք չեն վախենում ոչնչից և ոչ մեկից, քանի որ ոչ ոք երբեք նրանց չի որսացել։
Մարդիկ մի քանի հարյուր տարվա ընթացքում ցատկեցին սննդի շղթայի միջին հատվածից սննդի շղթայի գագաթը, այդ պատճառով էլ մենք բոլորս դեռ որոշ չափով վախեցած ենք։
Էվոլյուցիայի արդյունքում ձևավորված մարդկությունը՝ որսորդ/հավաքողները, միանգամից հայտնվեցին սննդի շղթայի վերևում՝ չափազանց հզոր տեխնոլոգիաներով։ Եվ սպասելի է, որ մեզանից շատերը դրանից վախենում են։
Ահա թե ինչու եմ կարծում, որ հատկապես առաջնորդները, ընկերությունների ղեկավարները պետք է հասկանան փիլիսոփայությունը, հասարակության կառուցվածքը, տնտեսությունը, քանի որ դրանք բոլորը փոխկապակցված են:
Դուք ինչ-որ տեղ մի բան եք սեղմում, մյուս ծայրում մեկ այլ բան է հայտնվում, և եթե չունեք ամբողջական պատկերացում, թե ինչպես է այդ ամենը աշխատում, կարող եք տեխնոլոգիայի հզորությամբ ակամայից անել այնպիսի բաներ, որոնցից հետո մնում է նահանջել ու ասել՝ վայ, ես սա չէի ուզում անել։
Ահա թե ինչու է այդ ամբողջական ըմբռնումն իրականում մեծ դեր խաղում:
Հնարավո՞ր է, որ CodeSignal-ը առաջարկի գնահատման սանդղակ ոչ միայն ծրագրավորողներին, այլև այլ մասնագետների՝ հումանիտար, օրինակ։
Իհարկե։ Սկզբունքները նույնն են, քանի որ պետք է ուղակիորեն գնահատել մարդու հմտությունները, այլ ոչ թե նայել, թե ինչ համալսարան ես ավարտել կամ որտեղ ես աշխատել։ Եվ դա ճիշտ է բոլոր ոլորտների մասնագետների համար, թեև իհարկե, տեխնիկական թեստեր ու հարցազրույցներ կազմելն ավելի հեշտ է, դրանք ավելի ավտոմատացված են։
Իսկ այլ մասնագիտությունների համար պետք է մոդելավորել իրավիճակ, որտեղ կերևան մարդու հմտությունները։
Եթե ուզում ես ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մարդիկ կարող են իրենց հմտություններով գործի ընդունվել, չես կարող հրաժարվել ավտոմատացված համակարգից։
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: