2022.03.04,

Տեսակետ

«Մեդիան կոնկրետ, արդեն հղկված շրջանակի մեջ է դնում մեր արձագանքերը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հոգեբան Սոնա Մանուսյանը հայաստանցիների արձագանքները Ուկրաինայում ընթացող պատերազմին պայմանավորում է երկու հիմնական գործոնով։ Մեկը՝ մեր թարմ վերքն է, մեր սեփական պատերազմի ապրումը, որը դրդում է արտահայտվել՝ կարեկցել, բարկանալ, համեմատել, եզրակացնել, նաև մերժել կարեկցանքը։ 

Եվ երկրորդը՝ մեզ պարտադրվող մեդիա սխեմաներն են, մեր հանրային քայլերի ու նույնիսկ հույզերի շրջանակումները։

«Մենք երբեք այսպիսի թեմաներին պարզապես չենք արձագանքում, այլ մեդիայիով ենք արձագանքում»,- ասում է նա։ Անում ենք վիրտուալ համերաշխության քայլեր՝ հեշթեգներով, դրոշներով, կոչերով, այն հույսով, որ մեր ժեստը, հեշթեգը պետք է։ Որ սառնասիրտ չենք, որ ապրումակցում ենք, որ կանք։

Սոցցանցերը, հատկապես Ֆեյսբուքը մեր մեծ ու հախուռն զրուցարանն են՝ բեսեդկան։ Ռուս-ուկրաինական պատերազմի մասին արտահայտվելիս ի՞նչ վարքագիծ ու միգուցե ծուղակներ եք տեսնում սոցիալական մեդիայի հայկական հատվածում։

Որքան էլ այս պատերազմը լինի ուրիշ, ուրիշի պատերազմ, շատերը միևնույն է, արձագանքելու են դրան սեփական դիրքից, և բացի ընդհանուր, մարդկային կարեկցանքից և սոսկումից արտահայտելու են սեփական մտահոգությունները ու սգալու իրենց վիշտը։ Մասնավոր օրինակով ասեմ՝ այնպես, ինչպես որևէ մեկի թաղմանը ակամա վերապրում ենք սեփական վիշտը։

Եթե ավելի ընդհանուր ասեմ, ինձ թվում է, որ ուկրաինական պատերազմի արձագանքների վրա ազդում են առնվազն երկու գործոն, որոնք և մեր արձագանքները դարձնում են խնդրահարույց։

Մեկն այն է, որ մարդկանց մոտ տպավորություն է, որ իրենք ինքնաբուխ արձագանքում են պատերազմին, քանի որ պատերազմն ամենուր սարսափելի է, քանի որ դա մեզ հետ կապված է, մեզ ծանոթ երկրներ են և այլն։ 

Բայց դա ընդամենը պատրանք է, քանի որ մեր արձագանքները շատ միջնորդավորված են մեդիայով։ 

Իհարկե, մեդիայով միջնորդավորված է ցանկացած բան, բայց այս դեպքում դա շատ ուժեղ է արտահայտված։ Նույնիսկ ղարաբաղյան պատերազմը այդպիսի հստակ մեդիա շրջանակում չուներ մեզ համար, որքան այս պատերազմը։

Ռուս-ուկրաինական պատերազմի արտահայտման համար ի սկզբանե կային պատրաստի մեդիա սխեմաներ, շրջանակումներ՝ ֆրեյմեր։ Մեդիան շատ ավելի կոնսոլիդացված է աշխատում՝ ստեղծելով շատ կոնկրետ պատկերային շարքեր ու նարատիվներ (կարծում են՝ նաև ապագայի նարատիվներ)։ 

Խոսքս ավելի շատ արևմտյան մեդիայի մասին է, որի վրա, որպես ավելի հավաստի, հավասարակշռված աղբյուրի հենվում է մեր հասարակության այն հատվածը, որը մերժում է ռուսական պրոպագանդիստական լրատվությունը։

Իրականում, այսպիսի համախմբված, ինտենսիվ և ուղղորդված, շատ դեպքերում՝ սեփական սկզբունքները անտեսած մեդիա աշխատանք ես երբևէ չէի նկատել:

Առանձին մեդիաների դիմագիծն ասես երկրորդ պլան է մղվել, բոլորը ունեն նույն առաքելությունը։ 

Զոհի ու ագրեսորի իմիջները աշխարհի 90%-ի համար շատ հստակ են։ Ավելանում են ագրեսորին ուղղված պատժամիջոցները, ավելանում են նաև զոհին քաջալերող խոսքերը։ Մեդիան դա ապահովում է։

Ժամանակակից մարդու ամենամեծ պատրանքներից մեկն այն պատկերացումն է, հենց մեդիայով սնված, որ ապրում ենք փոխկապակցված ու հաղորդակից աշխարհում։ Եվ որ աշխարհի մի անկյունում կատարվող որևէ քայլ արձագանքում է մյուս անկյունում։

Ուստի մենք ևս կարող ենք և անգամ պարտավոր ենք արձագանքել, փորձել ազդել աշխարհի այս կամ այն իրադարձությանը։ 

Այդ ընդհանուր գաղափարն իհարկե ճիշտ է, բայց մարդն այդ ամբողջ փոխկապակցվածությունն իրացնում է այնքանով, որ այսօր դարձել է վատ լուրերի սպառող։ 

Նրան տալիս են շատ տեղեկատվություն ու նաև՝ ապատեղեկատվություն, պատկերների հսկայական հոսք։ Եվ նա ընդամենը արձագանքում է, չկարողանալով որևէ կերպ ազդել իրականության վրա, սակայն ունենալով գործելու պահանջ, դրա պատրանքը։

Արդյունքում, պատերազմին արձագանքող այսօրվա մարդը շատ նման է անձրև բերելու մոգական ծես անող նախնադարյան մարդուն։

Հիմքում նույն մոգական մտածողությունն է։ Երբ դու ասում ես՝ անձրև, արի, և հավատում, որ անձրևը կգա։ 

Եվ երբ հեշթեգներ ենք դնում, դրոշի պատկեր ավելացնում մեր դիմանկարներին, ասում «Ո՛չ պատերազմին», մեր մեջ արթանանում են մոգական մտածողության արխայիկ տարրերը։ Եվ ես սա ասում են առանց փոխաբերության։ 

Մարդը մտածում է, որ իր խոսքով, իր ժեստով, իր շարժումով ազդում է մի բանի վրա, որն իրականում իր վերահսոկղության տակ չէ։

Դա երևի մեզ համար ունի փոխհատուցող՝ կոմպենսացնող, գործառույթ, ի վերջո, մարդը գիտի, թե ինչ սարսափ է պատերազմը, ունի հույզեր և չի կարող չարձագանքել պատերազմին։ Սա հասկանալի է։

Ինձ այստեղ ավելի շատ անհանգստացնում է այն, որ մեդիան կոնկրետ, արդեն հղկված շրջանակի մեջ է դնում նույնիսկ էմոցիաները, որոնք մենք պետք է ապրենք։ 

Այսինքն, կարևոր է դառնում է ոչ միայն այն, թե ինչ պիտի իմանանք ու ինչ բառերով խոսենք պատերազմի մասին, այլև այն, թե ինչ պիտի զգանք ու նույնիսկ չզգանք։

Ինչպե՞ս է դա արտահայտվում մեդիա ֆրեյմինգով։

Խնդիրն այն է, որ նման մեդիա միջավայրում ես չեմ կարող պարզապես սոլիդարություն հայտնել Ուկրաինայի ժողովրդին։

Երբ որևէ հեշթեգ կամ դրոշի պատկեր եմ դնում, դրանով իսկ ես սոլիդարություն եմ հայտնում այն ամբողջ ֆրեյմին, որը դրա հետևում է։ 

Որ ուրեմն ես կողմ եմ Ռուսաստանի տապալմանը, որ ԱՄՆ-ն ճիշտ է, որ ուկրաինացիները հերոսական ազգ են, որ ուկրաինական կյանքերի ու տարածքի հաշվին կարելի ՆԱՏՕ-Ռուսաստան խնդիրներ լուծել, որ Զելենսկին հերոս է, որ ռուս գիտնականներին և պարալիմպիկ խաղերի մարզիկներին պետք է վտարել, և այլն և այլն։ 

Այսինքն, պիտի համաձայնվես այդ ամբողջ փաթեթին։ 

Այդ ֆրեյմինգը շատ ինտենսիվ ու նույնիսկ նրբին մեդիա աշխատանքով տարվում է առաջ, դառնում նորմ շատերի համար։ 

Ամեն ինչ հուզիչ է ու համոզիչ, տվյալ ձևով ու տվյալ նյութերից չհուզվողը կարող է անգամ բարոյական խրատի, կշտամբանքի արժանանալ՝ որպես սառնասիրտ, ռուսամետ կամ ասենք՝ ոչ բավարար համամարդկային։

Տեսեք, թե ինչպիսի կերպար է կերտվում Զելենսկուց։ Բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ անգամ լուսանկարները ընտրում են այնպես, որ նրան վեհացնեն, հերոսացնեն։ Առնվազն մի քանի օր առաջ այդպես էր։ Պատկերները այս ֆրեյմինգի կարևոր մասն են։

Եվ երբեմն իրոք դժվար է սոլիդարություն հայտնել ցանցային քայլերով՝ հեշթեգներով, դրոշներով, կոչերով, եթե այդ փաթեթին համաձայն չես։

Դժվար է նաև դրանից դուրս սեփական ձևը գտնել՝ համերաշխությունդ, ցավդ արտահայտելու։ Պատահական չէ, որ շատերը լռում են։ 

Բնական է, որ Պուտինը հրեշավոր կեցվածքով է հիմա ներկայանում (անգամ հավատում եմ, որ կօգտագործի միջուկային զենքը), բայց կա նաև դեպի դա տանող քաղաքականություն։

Շատ բան չենք հասկանում, չգիտենք, բայց ինչ էլ որ հասկանում ենք, մեզ պետք է հաստատ հետ պահի վստահ դատողություններից։ Բայց մարդիկ պատրանք ունեն, որ կարող են այս ողջ բարդությունից և քաղաքական ու ռազմական գեմբլինգից վերացարկվել ու պարզապես ասել՝ ո՛չ պատերազմին այնպես, որ դա իմաստ ունենա։

Իսկ ինչու՞  նման կերպ չենք արձագանքում շատ ուրիշ պատերազմներին։

Ենթադրում եմ, որովհետև դրա մեդիա շրջանակումը մեզ չի տրվում։ 

Մեդիան մարդկանց հետ է պահում արձագանքելուց նույնքան հաճախ, որքան դրդում է։ Մեզ ոչ միշտ են «ձևանմուշներ» առաջարկվում։ 

Հայ մարդկանց գիտեմ, որոնք իրենց դիրքավորել են որպես պացիֆիստ և ղարաբաղյան ողջ պատերազմի ժամանակ լռել էին։ Լռել որպես ակտիվ քայլ, որպես դիմադրություն միլիտարիստական իրականությանը, ինչը հասկանում եմ։ Բայց հիմա այդ նույն մարդիկ այս պատերազմի օրերին անում են սոցցանցային բոլոր ծեսերը՝ դրոշներ, հեշթեգներ և այլն։

Կուզեի, որ նրանք հարց տան՝ ինչու՞ էին լռում այնտեղ ու խոսում այստեղ։ Գուցե որովհետև չկար պատրաստի արևմտյան ֆրեյմը, որով կարող էին արձագանքել, չկային այն աչքերը, որոնցով պիտի նայեին։

Եվ երբ ասում են՝ պատերազմը պատերազմ է, ի՞նչ կապ ունի, թե այն որտեղ է, և հավատում են, որ իրենք տարանջատում են քաղաքականությունը մարդկային արձագանքից, դա ևս պատրանք եմ համարում։ Այդպես ասողները միևնույն է մտնում են այդ մեդիա շրջանակումի մեջ։

Եվ դառնում հուզական ագրեգատներ դրանց հետևում եղած օրակարգերի համար։

Երկրորդ գործոնը, որն ազդում է մեր արձագանքների վրա, մեր ապրած պատերազմն է, թարմ վերքը։ 

Մարդիկ զգում են իրենց ճզմված, նեղված, վիրավորված ու մի քիչ էլ նիհիլիստական կեցվածքով ասում՝ ու՞ր էիր աշխարհ, երբ մեզ վրա էին հարձակվում ու մեզ էին ռմբակոծում։ Ինչպե՞ս ապրումակցենք, երբ Ուկրաինան ու Ադրբեջանը դաշնակիցներ են և դա ի վնաս մեզ էր և այլն։ 

Մի տեսակ վիրավորանք, զայրույթ, նեղացվածություն կա, որն ինձ հոգեբանորեն հասկանալի է, ես չեմ զբաղվում մարդկանց կշտամբելով այսպիսի ռեակցիաների համար։ Սակայն անշուշտ, այսպիսի արձագանքները ցույց են տալիս քաղաքականության և պատերազմների մասին մեր նաիվ պատկերացումները։

Կան նաև մարդիկ, որոնք հենց մեր պատերազմի պատճառով են ավելի շատ ապրումակցում ուկրաինացիներին, որովհետև տեսել ու զգացել են սարսափը։ Ես նկատի ունեմ զուտ մարդկային արձագանքները՝ կորստի, զոհերի, տառապանքի նկատմամբ։

Մարդկանց մոտ ասոցիատիվ ձևով հույզերում, մտքում այս երկու պատերազմներն իրար կպնում են՝ չնայած էական տարբերություններին։

Եվ դա է պատճառը, որ արտահայտնվում են կամ նիհիլիզմով, կամ ընդգծված ապրումակցմամբ։ Բայց տեղը նույնն է՝ սեփական պատերազմը։

Կարծում եմ, որ մեր ապրած պատերազմից այսօրվա պատերազմին նայելը որքան օգնում, այնքան էլ խանգարում է։ Այս պատերազմները նման չեն, թեև իհարկե փոխկապակցված են, մեծ քաղաքական խճանկարի մասեր են։ Ընդ որում՝ հնարավոր է, որ իրարից հեռու գտնվող, տարբեր գույնի մասեր։

Մենք մեծ կախվածություն ունենք ռուսական լրահոսից։ Տարիներ շարունակ հասանելի են եղել գրեթե բոլոր ռուսական քարոզչական ալիքները։ Դա թողե՞լ է իր հետքը մեր ընկալումներում։ 

Թողել է անշուշտ։ Բայց չէի ուզի, որ ընդհանրացնեինք «մենք»-ը։ Հայաստանում այսուամենայնիվ կան տարբեր շերտեր, և ես վստահ չեմ, որ այսօր Հայաստանում գերիշխում է ռուսամետ պատկերը։

Ինձ թվում է, Հայաստանում մարդիկ ավելի շատ ուզում են դեռ չբռնել ընդգծված կողմ, հիմնականում ուկրաինամետ։

Կարծում եմ՝ այստեղ կա նաև վախի գործոն, անորոշության, անապահովության զգացում։ Ու առնվազն արցախյան պատերազմից հետո մեծ թվով ռուսամետ մարդիկ, որոնք ուղղակի գրոհում էին, երբ հանկարծ տեսնում էին որևէ քննադատություն Ռուսաստանի հասցեին, հիմա բավական հետ են քաշվել։

Իհարկե, լավ կլիներ, որ այս հարցում հանրային կարծիքի հետազոտություններ լինեին, բայց կարծում եմ՝ ռուսամետությունը բավականին լուրջ անկում է ապրել, նույնիսկ մինչ ուկրաինական պատերազմը։

Եվ ես վստահ չեմ, որ հիմա ամենատարածված խումբը ռուսական կողմին աջակցողներն են, պարզապես նրանք ավելի շատ աղմուկ են հանում։

Բավականին մեծ է ոչ միայն հիասթափությունը, այլև կատաղությունը, զայրույթը Ռուսաստանի նկատմամբ (լքել են մեզ, դավաճանել և այլն)։

Հիմա, երբ Ռուսաստանը սուզվում է խիստ պատժամիջոցների մեջ, Հայաստանում արթնացել է ոգևորություն, որ կարող ենք դառնալ խաչմերուկ ու կամուրջ՝ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև (բիզնեսը գա մեզ մոտ, մարդիկ գան մեզ մոտ, զարգանանք, շնչենք)։ Կարծես բացվել է ապագայի արահետ։ Հատուկ ալիքներ ու խմբեր են ստեղծվում սոցցանցերում այդ արահետի հույսով։  

Մի քիչ զարմանալի է, թեև մասնագիտորեն հասկանալի, որ մարդիկ այս գերբարդ իրավիճակում, երբ ամեն հաջորդ քայլը կանխատեսելի չէ, կամ կանխատեսելի է միայն դեպի վատը գնացող դինամիկայով, կարողանում են տեսնել այդ արահետները, լավատեսական կանխատեսումներ անել, թեկուզ՝ մանր հարցերում։ 

Մարդիկ Հայաստանում կարիք ունեն հուզականորեն պնդանալու, ապագա տեսնելու։

Բայց կուզեի, որ շատ չոգևորվենք, որ դուրս գանք մեր նաիվ պատկերացումների դաշտից։ Միանշանակ չէ, որ այս իրավիճակը կպտտվի հօգուտ մեզ, նորանոր ռիսկեր կան։

Խորհուրդ կտայի մարդկանց մի քիչ էլ դիմանալ անորոշությանը, ոչ թե որոշակիություն փնտրել։ Հանդուրժող լինել անորոշության հանդեպ։

Այդ կարողությունը պետք է զարգացնել, հակառակ դեպքում անընդհատ կարող ենք ընկել պատրանքների գիրկը, հետո մեծ ու փոքր հիասթափություններ ապրել։

Լավ կլինի պատրաստ լինել պլան Բ-ի, Գ-ի, մտածելու, թե վատ սցենարների դեպքում ինչ ենք անելու։

Բարդ վիճակում է Ռուսաստանում հայ համայնքը, որը մեծամասամբ բավականին լոյալ է եղել ՌԴ նախագահի հանդեպ։ Եվ պլան Բ շատերը չունեն։

Ես կասեի, որ շատերը բախվում են էքզիստենցիալ հարցերի։ Առևերեսվում են գոյաբանական հարցերին թե՛ կենսական, թե՛ հենց փիլիսոփայական իմաստով։ Նրանց կյանքն է փլվում։ 

Երբեմն ինձ բռնացնում են այն մտքի վրա, որ հիմա ռուսաստանցիներին (լինի հայ թե ռուս) պակաս չեմ ապրումակցում, քան ուկրաինացիներին։ Այդ երկրի քաղաքացիները չգիտեն, թե վաղը իրենց երկրի հետ ինչ է լինելու։ Շատերը շվարած են։

Իսկ եթե շվարած չեն, է՛լ ավելի վատ։ Ուրեմն շարունակում են մնալ միատարր ու կուռ պրոպագանդայի տակ։ Այդ մարդիկ ավելի վատ դրամա են ապրում՝ չգիտակցված դրամա։

Արևմուտքի պատժամիջոցները դիպան մարդկանց բուն սոցիալական հարցերին, կենսակերպին։ Շատերի ոտքի տակ հողը երերաց ու միգուցե դա կդառնա առիթ, որ փլվեն նրանց պատկերացումներն ու պատրանքները։ Որքան կտևեի այդ փլուզումը, ինձ անհայտ է։

Հնարավոր է նաև, որ այդ կիսափլված ու անկայուն ֆունդամենտի վրա նորից հավաքվի նեոսովետը։

Բայց բոլոր դեպքերում քննադատությունը Արևմուտքի հանդեպ պակաս չէ։ Արևմուտքը՝ հերոսացնելով ու ռոմանտիզացնելով Ուկրաինային (նաև էսթետիզացնելով անմեղ մարդկանց մահերը) իր կռիվն է տանում Ռուսաստանի հետ։ Արևմուտքը շատ լավ գիտի, որ Ռուսաստանի մեթոդները բիրտ են, խնդիրներ լուծելու ոճը՝ անզիջումային։

Եվ կուզեի, որ բիրտ Ռուսաստանի բիրտ պրոպագանդիստներին արդարացիորեն հակադրվելիս մարդիկ նկատեն սեփական դիրքը՝ համոզվելու համար, որ արևմտյան նրբին քարոզչության ազդեցության տակ չեն։ 

Նրբինը նույնքան դաժան ու անմարդկային է, որքան բիրտը։ 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *