Factor.am լրատվական կայքը շատ արագ մտավ Հայաստանի լրատվական դաշտ՝ դառնալով 2018-ի թավշյա քայլերթերի ու հանրային ընդվզման ուղիղ հեռարձակողներից մեկը։ Փոփոխվող իրադարձությունների միջավայրում FactorTV-ն պահանջված էր։
Իսկ հետո եկավ ավելի բարդ փուլ. անհրաժեշտ էր հաստատվել որպես լիարժեք լրատվամիջոց՝ սեփական դիմագծով ու արտադրանքով։ Ու չկորել ինֆորմացիոն աղմուկի մեջ։ Այսպես ասած՝ արտակարգ ռեժիմից անցնել առօրյա։
Թեև FactorTV-ի ղեկավար Արևիկ Սահակյանն ասում է, որ արտակարգ ռեժիմը ոչ մի կերպ չի վերջանում ու լրագրողներից պահանջում է ուժերի մեծ լարում, բայց միևնույն է հիմա մեդիա դաշտի խաղի կանոնները փոխվել են։ Եվ ակնհայտ է վստահության անկումը թե՛ լրատվամիջոցների, թե՛ պաշտոնական խոսքի հանդեպ։ Հաճախ՝ երկուսն էլ միասին։
Արևիկ Սահակյանի կարծիքով՝ հիմա Հայաստանում լրագրողական դաշտն այնքան խոցելի է, որ անկախ տարաձայնություններիեց, կենսական պահանջ է միասնությունը։
FactorTV-ն դիտումներով ու բովանդակությամբ կարողանում է մրցակցել հին, մեծ ու հարուստ լրատվամիջոցների, անգամ վերգետնյա հեռարձակողների հետ։ Ինչպիսի՞ն էր անցած ճանապարհը։ Ի վերջո, դաշտը գերհագեցած է ինֆորմացիոն հարթակներով։
FactorTV-ն ի սկզբանե նախատեսված էր որպես տարբեր հասարակական կազմակերպությունների և քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչների կողմից պատրաստվող մեդիա արտադրանքը մեկտեղող ու հեռարձակող հարթակ։
Այդպիսի տեսլականով ինձ առաջարկվեց ստեղծել և ղեկավարել կայքը։ Բայց այնպես ստացվեց, որ այդ տարբերակը չաշխատեց, և մենք դարձանք բոլորովին այլ մեդիա։ 2017-ին մտանք դաշտ հետաքննություններով, որոնք մեծ արձագանք ստացան։
Օրինակ, չծառայած պաշտոնյաների և նրանց որդիների, հանքարդյունաբերության ոլորտի, պետական գնումների մասին և այլն։
Լրատվական դաշտն այդ նյութերը արտատպեց, դրանց հիման վրա ստեղծվեցին նոր նյութեր։ Եվ արդեն յոթ ամիս անց Յություբում ունեինք ամսական 1,6 մլն դիտում, ինչն իրականում տպավորիչ արդյունք էր։
Բայց իհարկե, հեղափոխությունն օգնեց դառնալու ճանաչելի։
Մինչ այդ մենք արդեն բավականին ճանաչելի էինք, բայց, անշուշտ, հեղափոխության օրերին մեր աշխատանքից հետո եղավ շեշտակի աճ՝ թե դիտումների, թե վստահելիության առումով։
Հիմա լրատվամիջոցի համար առավել կարևոր են հյուրերն ու մեկնաբանողները։ Ընդհանրապես թվում է, որ վիդեո հարցազրույցի ժանրն ավելի մեծ տեղ ունի, քան վերլուծությունը կամ ռեպորտաժը։
Ճիշտն ասած, մինչև վերջերս ես դրան դիմադրում էի։ FactorTV-ին օնլայն հեռուստաալիքների շարքում ամենաշատ վիդեոռեպորտաժներ պատրաստող լրատվամիջոցներից է։
Իսկ դա շատ ավելի ծախստար ու ժամանակատար աշխատանք է, քան որևէ բանախոսի կամ քաղաքական գործչի տաղավար հրավիրելն ու եթերը հարցազրույցներով «լցնելը»։
Կարծում եմ՝ ավելի մնայուն ու ճիշտ է շեշտը դնել խորքային ու համապարփակ պատկեր բացող, հավասարակշռված տեղեկատվական արտադրանքի վրա։ Բայց, ի վերջո, մենք էլ տեղի տվեցինք այդ թրենդին ու ավելացրեցինք հարցազրույցների քանակը։
Իսկ չկա՞ տպավորություն, որ այսօրվա անկայուն իրավիճակում, լրագրողներին իրոք մնում է միայն կարծիքների միջնորդ լինել։ Լսարանն էլ ընտելանում է, որ լրագրողը բավականին ստորադաս վիճակում է։
Ընդհանրապես հեղափոխությունից հետո նկատում եմ լրագրողի ու լրատվամիջոցի նշանակությունը ստորադասելու միտում։
Սկզբում իշխանության ներկայացուցիչները ուղիղ միացումների կամ Ֆեյսբուքյան լայվերի միջոցով էին փորձում իրենց ասելիքը տեղ հասցնել։ Իսկ վերջին շրջանում նույնիսկ ասուլիսի ձևաչափն է վերափոխվում, արդեն պահանջում են գրավոր հարցեր ուղարկել։
Այսինքն, վերանում է հարցուպատասխանի ձևաչափը և լրագրողը հնարավորություն չի ունենում հակադարձելու, հավելելու, մեկնաբանելու։
Եվ շատ վատ կլինի, եթե այս միտումը խորանա։
Այսօր լրագրողը տիտանական աշխատանք է կատարում, որ կարողանա մեկ ռեպորտաժում համատեղել մի քանի կարծիք։ Ընդ որում՝ տարբերվող կարծիք։ Եվ խոսքը ոչ թե արհեստական բալանսավորման, այլ իսկապես արժեքավոր կարծիքների մասին է։
Երբ ստեղծվում էր FactorTV-ն, իմ մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ աշխատելու ենք այսպիսի վայրիվերումների ու ցնցումների ժամանակահատվածում։ Հեղափոխության օրերին դեպքերը շուրջօրյա լուսաբանում էին ընդամենը մի քանի լրատվամիջոց, և մեկը մենք էինք։
Այսինքն, ապահովում էինք ուղիղ եթերը` օրերով չքնելով։ Եվ մտածում էինք, որ այդ փուլից հետո կկարողանանք հանգիստ շունչ քաշել, նոր հաղորդումներ ստեղծել։ Բայց այդ հնարավորությունը չեղավ։
Հետհեղափոխական զարգացումները, արտահերթ ընտրությունները, քովիդը, պատերազմը, հետպատերազմական իրավիճակը, նորից արտահերթ ընտրությունները անընդհատ ստեղծում են աշխատանքի արտակարգ ռեժիմ։
Ավելին, այն դարձել է կենսակերպ, բայց անգամ դա չէ դժվար։ Դժվարը միջավայրն է։
Ես չեմ հիշում ժամանակ, երբ լրագրողի համար աշխատանքային միջավայրը եղել է այս աստիճանի բարդ։ Կարծես ամեն օր ստիպված ես տարբեր շրջանակների ապացուցել անկողմնակալ տեղեկատվություն մատուցելու քո իրավունքը։
Եվ այդ իրավունքի համար նաև՝ պայքարել։ Ճիշտ հասկացեք, խոսքը ճնշումների մասին չէ, այլ հենց միջավայրի։
Երբ որևէ թեմայով խնդիրներ մատնանշող տեսանյութ ենք պատրաստում, սկսվում է մեղադրանքների ու հայհոյանքների իսկական տարափ։
Ընդ որում՝ մի օր մի կողմից, հաջորդ օրը՝ մյուս՝ կախված թեմայից։ Մեր լրագրողները հաճախ նեղսրտում են այս վիճակից, բայց իրենց ասում եմ՝ եթե տարբեր կողմերն էլ դժգոհ են, ուրեմն լավ ենք աշխատում։ Բայց իհարկե, իրավիճակը շատ զգայուն է։
Բարեբախտաբար, մեր դիտողների ու հետևորդների զգալի մասը զգում է, որ իրենց հետ ազնիվ ենք։ Եվ որքան էլ տարօրինակ թվա, սոցցանցային քննարկումների ու ֆեյքային թոհուբուհի մեջ լսարանը դա շատ լավ զգում է։ Եվ գիտե, թե որ լրատվությանը վստահել։
Որքանո՞վ եք կարևորում ֆինանսական թափանցիկությունը։ Քաղաքական փողերի նվազումը կմաքրի՞ մեդիա դաշտը։
Անշուշտ, ֆինանսական թափանցիկության ապահովումը շատ կարևոր է, բայց, անկեղծ ասած, այս հարցում լավատես չեմ, իրատես եմ։
Չեմ հավատում, որ քաղաքական գումարներն ամբողջվին դուրս կգան մեդիա դաշտից։ Դա չի հաջողվել անգամ մեզանից շատ ավելի զարգացած ժողովրդավարություն ունեցող երկներում։
Բայց, եթե որոշ չափով թեթևանա ակնհայտ քարոզչությունը, արդեն լավ է։
FactorTV-ին ունի՞ տաբուներ։
Մեր եթերում կարող եք տեսնել ամենատարբեր դեմքերի ու որոշակի ազդեցություն ունեցող բոլոր շերտերի ներկայացուցիչների։ Բայց կա մի բացառություն՝ մեր եթերում չեն կարող լինել մարդիկ, որոնք եթերից հայհոյախոսում են ու ատելության խոսք հնչեցնում։
FactorTV-ին Հայաստանի առաջին լրատվամիջոցն է, որը սկսել է արշավ ատելության խոսքի դեմ։
Մեր հարթակներից հեռացնում ենք ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները (նախազգուշացնող նամակից հետո), նույնիսկ արգելափակում ենք որոշ օգտատերերի։
Ի վերջո, եթե այդպես չվարվենք, ակամայից կդառնանք ատելության խոսքը տարածող հարթակ։
Իհարկե, դա պահանջում է ռեսուրսներ, քանի որ լինում է օր, երբ մոդերացնում ենք մինչև երկու հազար մեկնաբանություն՝ ֆեյսբուքում։ Հասկանում ենք, որ այդպես կարող են պակասել դիտումներն ու փոքրանալ լսարանը, բայց դա գիտակցված ռիսկ է։
Իսկ ինչպե՞ս վարվել, եթե գլխավոր նյուսմեյքեր քաղաքական գործիչներն են խոսում հայհոյանքով ու ատելությամբ լի կոչեր անում։
Այս վերջին ընտրարշավի ընթացքում բոլորս տեսանք, թե ինչ ոճով ու բառապաշարով էին իրար հետ խոսում քաղաքական ճամբարները։
Մենք այդ ոչ եթերային խոսքը չենք հեռարձակել ու տիրաժավորել, իսկ հրապարակելու դեպքում փակել ենք ազդանշաններով։ Թեև իհարկե, դա հակասական որոշում է։ Ի վերջո, հասարակությունը պետք է իմանա, թե ում է ընտրում։
Հանրային շահի սպասարկումը նաև դա է՝ տեղեկացնել ընտրողին, թե ով ինչ բառապաշար է իրեն թույլ տալիս։
Բայց ամեն դեպքում, հայհոյախառն խոսքը ուղիղ չենք հեռարձակում՝ փորձելով այն հասցնել նվազգայունի։
Բայց իրականում բոլորս էլ ապրում ենք հայհոյանքի միջավայրում, անգամ մտքում ենք հայհոյում։
Միևնույն է ես չեմ համարում, որ մենք հայհոյախոս ազգ ենք։ Քսան տարի աշխատելով լրատվական դաշտում՝ երբեք չեմ նկատել նման բառապաշար ու նաև այսպիսի ընդգծված քամահրական վերաբերմունք լրագրողների հանդեպ։
Եվ ցավալի է, որ լրատվական դաշտն այսօր նույնիսկ ավելի բևեռացված է, քան քաղաքական դաշտը։ Մասնագիտական սոլիդարությունը, կարծես, վերացել է։
Ինձ համար շատ տարակուսելի էր, երբ, օրինակ, Ազգային ժողովում մի պատգամավոր շատ վատ արտահայտություն արեց լրագրողի հասցեին, իսկ մնացած լրագրողները դա հանդուրժեցին։ Այսինքն, դա համարվեց նորմալ մի բան և ոչ մի հետևանք չունեցավ։
Մինչդեռ կարելի էր հաջորդ ճեպազրույցի ժամանակ, երբ սույն պատգամավորը խոսեր, ուղղակի բոլոր լրագրողներով միաժամանակ ու ցուցադրաբար դուրս գալ դահլիճից։
Ես անգամ այդպիսի առաջարկ արեցի, բայց ինձ ասվեց, որ բազմաթիվ լրագողներ երբեք այդպես չեն վարվի։ Եվ դա շատ տխուր է։
Կարծում եմ՝ լրագրողներն իրենց միասանական վարքագծով պետք է երբեմն փորձեն զգաստացնել պաշտոնյաներին։ Նախկինում, ի դեպ, մենք ունեցել ենք այդպիսի սոլիդարության դրսևորումներ։
Երևի շատ լրագրողեր գիտեն, որ պետք է կորզեն սենսացիա։ Բարկացնեն, նյարդացնեն, որ դիմացինը ափերից դուրս գա, ասի այն, ինչ չարժեք ասել, ու դա դառնա դիտվող նյութ։
Բայց կներեք, դիտումներ կարելի է ապահովել առանց սկանդալի ու հայհոյանքի։ Եվ թող ասածս ինքնագովազդ չդիտվի, բայց մենք այդպես ենք աշխատում։ Ու ամեն դեղին նյութ մեր եթեր չենք բերում։
Ինչ էլ հիմա ասենք, միևնույն է՝ որակյալ լրագրությունն ունի պահանջարկ։
Բայց երբ լրագրողը մեծ ու կարևոր աշխատանք է անում, վերհանում է լուրջ խնդիր ու որակյալ նյութ է պատրաստում, կարծես միշտ պետք է պատրաստ լինի, որ իրեն դատափետելու են տարբեր կողմերից։
Օրինակ, սոցցանցերում կարող է այնպիսի թրոլինգ սկսվել ու այնպիսի ճնշումներ բանեցվեն, որ լրագրողները ուղղակի հոգեբանորեն սպառվեն։
Վստահ եմ, որ շատ լրագրողներ հիմա իսկապես ոգևորման, մոտիվացման ու լսարանի կողմից գնահատվելու կարիք ունեն։ Ի վերջո, Հայաստանում լրագրողը վճարվում է քիչ, անընդհատ աշխատում է տարբեր վտանգների պայմաններում։ Եվ գումարած դրան՝ քարկոծվում։
Բայց խոսքն, իհարկե, բարձր նշաձող պահպանող լրագրողների մասին է։
Իսկ ո՞րն է այսօր ամենից շատ խանգարում Ձեզ որպես լրատվամիջոցի ղեկավարի։
Լարված միջավայրին գումարվում է նաև մեր գերատեսչությունների անհասկանալի աշխատանքը։
Հաճախ լրատվամիջոցը հայտնվում է թիրախում ու հարվածի տակ՝ գերատեսչության լրատվական ծառայության վատ աշխատանքի պատճառով։
Ասենք, սոցիալական մեդիայի պաշտոնական էջում կարող է հայտնվել գերատեսչության հաղորդագրություն, որը լրատվամիջոցը հրապարակում է՝ կամ նույնությամբ, կամ որևէ հավելումով։
Եվ հաճախ է լինում, որ այդ պաշտոնական տեքստերը ջնջվում են, խմբագրվում կամ տրամաբանորեն հակառակ իմաստ ստանում։
Եղել է կոնկրետ դեպք՝ պատերազմի օրերին մենք հրապարակել ենք հաղորդագրություն, սակայն օրվա վերջում մեզ գրել են, որ սխալ տեղեկատվություն ենք տարածել ու ընդհանրապես «ծախված» լրատվամիջոց ենք, քանի որ այդ գերատեսչությունը նման բան չի հաղորդել։ Մտել ենք այդ գերատեսչության էջ ու տեսել, որ հաղորդագրությունը հեռացրել են ու հրապարակել լրիվ ուրիշ մի տեքստ։
Ընդ որում՝ առաջին հաղորդագրությունն արդեն հասցրել էին տարածել անխտիր բոլոր լրատվամիջոցները (նաև սքրինշոթերով)։ Եվ արդյունքում դուրս եկավ, որ լրատվամիջոցներն են վատ աշխատում։
Մի՞թե չէր կարելի ավելի խելամիտ աշխատել մեդիա դաշտի հետ՝ առնվազն շտկված նոր տեքստը ուղարկելով և խնդրելով այն տարածել։
Երբ պաշտոնական տեղեկատվության հավաստիությունը երաշխավորված չէ, լրագրողի մոտ ծագում է հարց. իսկ ինչպե՞ս վարվել։
Տակավին վերջերս, պատասխանատու գերատեսչության քար լռության պայմաններում, հրատապ մի հարցի շուրջ մեր լրագրողը կապվել էր համայնքապետի հետ ու ձայնագրել նրա ասածը։ Հետո ինչ-որ պատճառով համայնքապետը որոշել էր հետ կանգնել իր խոսքերից՝ տալով հարցազրույց մեկ այլ լրատվամիջոցի ու հոխորտալով, որ մեր լրագրողները անբարեխիղճ են։
Այսինքն, պաշտոնատար անձը հեշտությամբ ասում է, որ նման բան չի ասել, մինչդեռ կա հրապարակված ձայնագրություն։ Եվ մեր գործընկեր լրատվամիջոցն էլ հրապարակում է այդ հարցազրույցը՝ առանց հիշատակելու, որ նախօրեին այդ պաշտոնյան այլ բան է ասել։
Ինչևէ։ Վստահ եմ, որ հիմա, երբ լրագրողական դաշտը շատ խոցելի վիճակում է, մենք, անկախ տարաձայնությունների աստիճանից, պետք է պահպանենք մասնագիտական համերաշխությունը։
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: