2021-ին Հայաստանում տնտեսական նոր զարգացումներ եղան, թեև օրվա լրահոսը հիմնականում քաղաքական և անվտանգային էր։
ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը տարբեր պատճառներ է մատնանշում, սակայն հիմնականներից մեկը տնտեսական բովանդակության պահանջարկի թվացյալ բացակայությունն է։
Նա ասում է, որ եթե կարողանանք տնտեսության մասին հետաքրքիր ու խորքային պատմել, մարդիկ կամաց-կամաց կսկսեն սպառել նման հոդվածներ։ Սա մեր կյանքի այն ուղղությունն է, որի մասին տեղեկացվածությունից է կախված մեր հետագա քայլերն ու որոշումները։
Օրինակ, համայնքներում մարդիկ կարիք ունեն կարդալու կաթիլային ոռոգման համակարգերի արդյունավետության, ուսանողները ստարտափների խնդիրների, տնային և տարբեր զբաղվածության մարդիկ շարունակվող գնաճի, բանկերում ավանդներ ունեցողները փոխարժեքի և այլ կանխատեսումների մասին հրապարակումներ։
Այս հոդվածների բացակայության համար մարդիկ միգուցե նաև տուժում են, որովհետև տնտեսությունն էլ արագություն ունի և եթե ուզում ես դրա մի մասը լինել և հաջողել, կարևոր է ձեռքդ զարկերակին պահել։
2021-ին տնտեսական թեմաները մեդիայում ոչ թե երկրորդական դերում էին, այլև չքննարկվող։ Ի՞նչու այդպես ստացվեց։
Հանգամանքների բերումով 2021-ը աչքի ընկավ այնպիսի մեդիա իրադարձություններով, ինչպիսիք են՝ ներքաղաքական ճգնաժամը, բանակի կողմից քաղաքական իշխանություններին վերջնագիր ներկայացնելը, Ադրբեջանի մայիսյան և նոյեմբերյան ռազմական էսկալացիան, համապետական և լայնամասշտաբ ՏԻՄ ընտրությունները, էլ չեմ ասում բուռն աշխարհաքաղաքական զարգացումները մեր երկրի շուրջ։
Այս ամենը օբյեկտիվ պատճառներ էին, որոնք ստվերեցին տնտեսական թեմաների լուսաբանումը։
Բացի այդ՝ ոլորտում մասնագիտացած լրագրողների պակաս կա։
Տնտեսական թեմաները խորքային լուսաբանման կարիք ունեն, անհրաժեշտ է գտնել այն լեզուն, որով կարելի է դժվարամարս թեմաները հասանելի դարձնել տնտեսական գիտելիքներ չունեցող քաղաքացիներին։
Մեր երկրում սակավաթիվ են նաև թեմատիկ լրատվամիջոցները, եղածներն էլ լայն լուսաբանում չեն ապահովում և ունեն բավականին սահմանափակ լսարան:
Հետպատերազմական և COVID-19 համավարակի հաղթահարման շրջանում շատ կարևոր են քննարկումները տնտեսական նոր մոդելների, նոր հնարավորությունների մասին։ Կարծու՞մ եք միայն քաղաքական մթնոլորտն է ստվերում այս թեմաները։
Այս հարցին պատասխանելու համար պետք է մեջբերեմ հուլիսին Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվիրած հարցման արդյունքները։ Այն հարցին, թե որ խնդիրները պետք է լինեն նոր կառավարության առաջնահերթությունը, հարցման մասնակիցների 68%-ը նշել է անվտանգային բնույթի խնդիրները և միայն 10%-ն է նշել տնտեսական բնույթի հարցերը։
Սա անուղղակիորեն վկայում է, որ այսօր հասարակությունը սևեռված է ոչ տնտեսական հարցերի վրա, հետևաբար այդպիսին է նաև մեդիա պահանջարկը։
Բայց ես չէի ցանկանա թերագնահատել մարդկանց հետաքրքրվածությունը, պարզապես հիմա մեր երկրի համար բարդ շրջան է և իրոք առաջնային է անվտանգությունը։
Տնտեսագետները հակված չեն շատ երևալու մեդիայում, նրանցից շատերը փակ են լրատվամիջոցների համար։ Ի՞նչու չկան այդ առողջ և կառուցողական հարաբերությունները։
Կդժվարանամ բոլորի անունից ինչ-որ ընդհանուր պատասխան տալ։ Ցավոք, մեր լրատվամիջոցների մեծամասնությունն ավելի շատ զբաղվում է քարոզչությամբ, քան իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմամբ։
Քիչ չեն դեպքերը, երբ լրագրողը 15 րոպեանոց հարցազրույցից վերցնում է մի երկրորդային նշանակության միտք և այն դարձնում հարցազրույցի գլխագիր, որը ոչ թե քո ասածի առանցքային միտքն է, այլ այն է, թե տվյալ լրատվամիջոցն ինչ է ուզել հաղորդել իր լսարանին: Կարող են նաև հանգիստ մոնտաժել և չներառել «ոչ ցանկալի» մտքերը։
Երբեմն էլ լրագրողը կարող է կապ հաստատել և խնդրել մեկնաբանել այս կամ այն իրադարձությունը։ Օրինակ, հինգշաբթի օրը կեսօրին զանգել և խնդրել մեկնաբանել վարչապետի միտքը, որ կես ժամ առաջ է հնչել կառավարության նիստի ժամանակ և դու նույնիսկ չես էլ հետևել այդ նիստին։ Սովորաբար, նման դեպքերում ես հրաժարվում եմ մեկնաբանություններ տալ։
2021-ին ի՞նչ տնտեսական թեմաներ կային, որ դուրս մնացին լրատվամիջոցների ուշադրությունից։ Հատու՞կ բաց թողեցին այդ թեմաները, թե՞ պարզապես չհամարեցին կարևոր։
Առաջինը, որ մտաբերեցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ զարգացումներն էին։ Չէի ասի, որ դուրս մնացին լրատվամիջոցների ուշադրությունից, բայց թերևս լրագրողները բավարար գիտելիք չունեցան խորապես ներկայացնելու դեպքը։
Տնտեսական որոշ թեմաներում կարևոր են փոքր թվացող մանրամասները, որովհետև դրանք կարող են հետագայում պատկերի էությունը փոխել։ Իսկ դրանք նկատելու, վերլուծելու և բացատրելու կարողություն ունեցող մասնագետներ քիչ են։
Տեղական մեդիայում տնտեսական բովանդակությունը շատ մակերեսային է, հիմնականում նորություններ են։
Ընդհանրապես տնտեսություն բացատրելը բարդ է, բազմաթիվ սեմինարներ են եղել ու կան լրագրողների համար, սակայն ոլորտը նեղ մասնագիտացման համար հրապուրիչ չէ։ Ի՞նչու։
Կարծում եմ՝ տնտեսությունն այն թեմաներից է, որին պետք է լավ նախապատրաստվել մեկնաբանելուց առաջ։
Պատկերավոր ասած, երբ լրագրողը հարցնում է տնտեսական աճի մասին, պիտի իմանա խոսքը ՀՆԱ-ի իրական աճի մասին է, թե անվանական․ ինչպես ասում են բոլոր համընկնումները պատահական են։
Ինչ վերաբերում է նեղ մասնագիտացմանը, չեմ համաձայնվի, որ տնտեսություն լուսաբանելը հրապուրիչ չէ։ Եթե լինեի լրագրող, կձգտեի մասնագիտանալ հենց տնտեսական լրագրության մեջ, քանի որ դաշտը ազատ է և քրտնաջան աշխատանքի դեպքում կարելի է հայտնի տնտեսական լրագրող դառնալ։
Թվերով մանիպուլյացիաներ անելը հեշտ է, ի՞նչպես դրանք նվազեցնել մեդիայում, սոցիալական ցանցերում դրանք։ Երևի որոշակի բազային տնտեսական գիտելիքների կարիք կա։
Երբ մանիպուլյացիայի են դիմում պրոֆեսիոնալները, չեն փրկի ո՛չ մեդիագրագիտությունը, ո՛չ էլ բազային տնտեսագիտական գիտելիքները։
Այս հարցում թերևս կարևոր է լրատվամիջոցի կողմից օբյեկտիվ և համակողմանի լուսաբանում ապահովումը։ Օրինակ, ես չեմ հանդիպել, որ BBC-ն արտատպի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի ֆեյսբուքյան ստատուսն առանց հավելյալ մեկնաբանությունների (խմբ․ ծիծաղում է)։
Բայց, ցավոք, հաճախ հենց լրատվամիջոցներն են դիմում մանիպուլյացիաների, իսկ պատճառների մասին արդեն ասել եմ։
Որպես զրույցի ամփոփում ի՞նչ կարևոր տնտեսական թեմաներ կառաջարկեք լրագրողներին լուսաբանելու կամ այդ ուղղությամբ հետաքննությունններ անելու համար։
Տնտեսական թեմաների պակաս երբեք չի կարող լինել, ուղղակի պետք է այդ պահին կարևորներն առանձնացնել։ Նաև հոտառություն ունենալ և որոշ թեմաներ հատուկ ընդգծել, լուսաբանել, մասնագետների հետ դրանց շուրջ խոսել։
Այսինքն, տնտեսական թեմաների օրակարգ ստեղծել։
Շատ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել մի քանի զարգացող տնտեսական թեմաներ։ Օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված զարգացումները, հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հարցերը, գնաճը և այլն։
Հարցազրույցը Գայանե Ասրյանի
Այսօրվա ստեղծված ճգնաժամային պայմաններում, որը ոչ միայն Հայաստանում է, այլ նաև ողջ աշխարհում, շատ ու շատ կարևոր է տնտեսությունից խոսելիս նաև խոսել սոցիալական իրավիճակից: Կա տեսակետ, որ սոցիալական իրավիճակը պետք է թելադրի նաև տնտեսական հարաբերությունները: Ի վերջո Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ կառավարությունը տարեկան ծրագրերը և տարեկան բյուջեն հաստատելիս շեշտը դնում է սոցիալական ուղղվածության վրա: Ինչը ենթադրում է յուրաքանչյուր ոլորտում սոցիալական պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունը: Թե իրականում իրավիճակը ինչպես է, դա քննարկման առանձին թեմա է: