2021.11.30,

Տեսակետ

«Կորոնավիրուսը դարձել է մի գործիք, որով կարողանում ենք տեսնել նաև կրթական ոլորտի բացերը»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Դպրոցը չի կարող շրջանցել կորոնավիրուսի իրողությունը, ավելին՝ այն պարտադիր ուսուցման, քննարկման, ժամանակ առ ժամանակ առաջին պլան բերվող թեմա է։ Ինչպես կյանքում, այնպես էլ դպրոցում կարևոր է ոչ միայն տեղեկացվածությունը, այլև հակահամաճարակային կանոնների պահպանությունը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի դասավանդող Մերի Գրիգորյանն ասում է, որ վարակի մասին տեղեկատվության տարածման ռազմավարություն մշակելիս պետք է հաշվի առնել տարբեր տարիքային խմբերի երեխաների կարիքները։

Նրա խոսքով, պետական ատյանների ներկայացուցիչները դպրոց պետք է գան ոչ թե միայն ստուգելու ու վերահսկելու նպատակով, այլ երեխաներին կրթելու, նրանց հետ զրուցելու, պատմելու այս թեմայով տարբեր պատմություններ։

Երեխաններին, ըստ նրա, թերագնահատել պետք չէ, նրանք պատրաստ են ամենատարբեր խոսակցությունների և կարող են լուրջ դերակատար լինել կանխարգելման գործում։

Բավարար գիտելիքներ ունեն արդյո՞ք երեխաներն այսօր կորոնավարակի մասին։ Այն դասապրոցեսի պարտադիր մա՞ս է, թե՞  դասավանդողներն իրենց հայեցողությամբ են թեման ներկայացնում։

Եթե ապրում ես այս դարում, անկախ քո ցանկությունից, մեդիան դառնում է կյանքիդ մի մասն ու ուղեկիցը․ «Մխիթար Սեբասատացի» կրթահամալիրում ուսումնական գործընթացն անբաժանելի է մեդիայից։ 

Վերջերս մեկնարկել է «Արևորդի» փառատոնը, որն ունի շատ լավ ֆիլմերի փաթեթ նաև վիրուսների հետ կապված, որոնք տարբեր տարիքների սովորողները դիտում են և քննարկում՝ որպես ուսումնական ֆիլմեր։ 

Քննարկումներն ու զրույցները  ամենօրյա աշխատանք են աշխատում ենք և՛ ընտանիքների հետ, և՛ դպրոցում։ Ընտանիքներից է գալիս տեղեկատվությունը, դպրոցից էլ գնում է ընտանիք։ Կրթահամալիրը կյանքի դպրոց է, մենք մեր ծրագրերում ներառել ենք ամենօրյա հիգիենայի կազմակերպմանն ուղղված աշխատանքներ։ 

Կարևորում ենք բացօթյա միջավայրում լինելը, անկախ տարվա եղանակից ուսումնական տարածքների օդափոխությունը, անձնական հիգիենային հետևելը (հաճախ լվացվել, ձեռքերն ախտահանել և այլն)։

Կրթական հաստատության անելիքն այս հարցում ո՞րը պետք է լինի։

Կրթական հաստատության անելիքն այս դեպքում ճիշտ ուղղորդումն ու կազմակերպումն է։  Կարևոր է, որ կրթական հաստատությունը լինի  ոչ թե վերահսկող կառույց,  այլ սովորողի հետ ապրելով՝ ցույց տա ինչպես ապրել վիրուսի հետ, ինչպես պաշտպանվել։ 

Կրթահամալիրում սովորողները տեղեկություն ստանում են ամենօրյա գործունեության արդյունքում, ներգրավվում ենք նաև մասնագետ ծնողներին, որոնք համապատասխան մասնագիտական գիտելիքներ են փոխանցում սովորողներին։

Այս թեման երբեք չենք դադարում քննարկել, ընդ որում՝ տարբեր ձևաչափերով (նկարել, ձայնագրվել, տեսանյութեր պատրաստել վարակի տարածման, կանխարգելման մասին)։

Ի՞նչ նրբություններ են կարևոր վարակի մասին երեխաների հետ խոսելիս։

Այստեղ կարևոր կրթական սկզբունք է չվնասելը։ Մենք կազմվել, մշակվել ենք ուղեցույց, որում ներկայացված են քայլեր, թե ինչպես պետք է ապրենք Քովիդ-19 կոչվող վիրուսի հետ։ Սովորողներին վարակի մասին տեղեկություն տրամադրելիս, վիրուսի մասին խոսելիս, կարևոր է որ չփոխանցենք վախի զգացում։ 

Եթե երեխան վախենա այս թեմայով քննարկումներից, լուրջ խնդիրներ առաջ կգան։ Կարևոր է անկեղծ լինել նրան հետ, պատմել ինչպես է վարակը տարածվում, ազդում մարդկանց առողջության վրա, ինչպես է օրգանիզմը պայքարում։

Պետք է լավատեսական մթնոլորտում ծավալել զրույցը, և երեխան ստանա այս թեմայով իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ նրան մոտիվացնելու համար կարևոր է հիշեցնել իր դերակատարումը, պարտավորությունները, իր վարքով օրինակ լինելու անհրաժեշտությունը։

Կորոնավարակի թեմայով երեխաների համար հատուկ մշակված հաղորդակցության ձև չկա, ինչպե՞ս պետք է այն կառուցել։

Որպես հաղորդակցության ձև՝ կարևոր է անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների փոխանցումը։ Որը ոչ թե կկրի միջոցառումային բնույթ, այլ կկազմի ամենօրյա գործունեության մաս։ 

Մեր ծնողներից մեկին հրավիրել էին երեխաների հետ վարակի թեմայով խոսելու, շատ սպասված հանդիպում էր, երեխաները ոգևորված էին։ Հասկացանք, թե ինչքան կարևոր է կրթական համայնքի մասնագետ ծնողներին այս թեմայով զրույցների հրավիրելը։

Շատ լավ կլիներ, որ այս հարցում պետական կառույցներն էլ ներգրավեն, գան դպրոց ոչ միայն ստուգումներ անցկացնելու, այլև երեխաների հետ շփվելու և իրենց փորձառության մասին պատմելու։

Երեխաները միշտ բաց են, պատրաստ լսելու, անկեղծանալու, քննարկելու։ 

Խնդրից տեղյակ մարդիկ ավելի ազդեցիկ են և նրանց խոսքն ավելի ծանրակշիռ է, լի օրինակներով, ինչու ոչ զավեշտալի պատմություններով, ինչն ինֆորմացիան ավելի պատկերավոր է դարձնում սովորողների համար։

Արդյո՞ք ծանր վիճակում գտնվող հիվանդների ցույց տալը կամ մահերի մասին խոսելը չի ազդում երեխաների վրա։ 

Ծնունդն էլ, մահն էլ կյանքի անբաժանելի մասն են, ու երեխաները այսպես թե այնպես առնչվում են այդ երևույթին։ Այստեղ ևս կարևոր է չվնասելու սկզբունքը։ 

Ծնողներին ևս պետք է ներառել այս խոսակցության մեջ։ Զգուշորեն քննարկել, երկար զրույցներ ունենալ, եթե պետք է այլ անկյուններից ներկայացնել իրողությունները, փոխաբերությունների, անձնական կամ այլ պատմությունների միջոցով։

Երբեմն մեզ թվում է երեխային հեռու պահելով նրան պաշտպանում ենք, չենք վնասում, չենք խոցում։ Բայց ոչ մեկս ապահովագրված չենք վատ սցենարներից, այդ պատճառով լավ կլինի, եթե երեխան որոշակիորեն կոփված լինի, պատրաստ հաղթահարելու, ճիշտ արձագանքելու ոչ այդքան հաճելի նորություններին ու իրողություններին։

Հիմա նոր շտամը բավականին վտանգավոր է դարձել նաև երեխաների համար, Հայաստանում արդեն բազմաթիվ դեպքեր կան: Կրթական պրոցեսը դադարեցնելը կամ հեռավար կազմակերպելը ի՞նչ խնդիրներ կարող է առաջ բերել։ 

Այս առումով կորոնավիրուսը կարծես դարձել է մի գործիք, որով կարողանում ենք տեսնել նաև կրթական ոլորտի բացերը։ Կրթահամալիրում կրթությունը հեռավար կազմակերպելիս խնդիր չենք ունեցել, քանի որ կրթությունը անընդհատ է ու կարծես մի հարթակից՝ ֆիզիկական միջավայրից, անցնում ենք մեկ այլ հարթակ՝ մեդիամիջավայր՝ ընտանեկան դպրոցի հարթակ։ 

Կրթահամալիրը երկար տարիներ իրականացնում է մեդիակրթություն, և այս տարիների կուտակած փորձը օգնեց, որ այդ անցումները հնարավորիս անխոչընդոտ լինեն, ու սովորողների կրթական գործընթացը չտուժի։ 

Հարցազրույցը Գայանե Ասրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “«Կորոնավիրուսը դարձել է մի գործիք, որով կարողանում ենք տեսնել նաև կրթական ոլորտի բացերը»”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *