Սյունիքի մարզում նոյեմբերի 16-ին ժամեր տևած մարտերի ընթացքում մարդիկ դադարել էին ուշադրություն դարձնել տեղեկատվական հոսքերին։ Առաջին պլանում անձնական անվտանգության խնդիրն էր:
Իրավիճակն այսպես է նկարագրում Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանը։ Այդ և հաջորդող օրերին, ըստ նրա, մարդիկ մտածում էին ոչ թե որտեղից ինֆորմացիա ստանալ, այլ ինչպես պաշտպանվել ու անհրաժեշտության դեպքում իրենց ընտանիքներին տարհանել։
Նա ասում է, որ կար տեղեկատվության պակաս, սակայն դա խուճուպի պատճառ չդարձավ, մարդիկ զանգում էին և տարբեր աղբյուրներից ճշտումներ անում՝ հասկանալու վտանգի աստիճանը։ Բացի դրանից, 2020-ի 44-օրյա պատերազմը կարծես մարդկանց սովորեցրել էր նման իրավիճակում տեղեկատվության հետ վարվեցողության ձևերը։
Այսինքն մարդիկ սովորե՞լ էին ինֆորմացիոն վակուումի պայմաններում ադեկվատ կերպով արձագանքել։
Այնպես չէ, որ մարդիկ տեղեկացված լինելու կարիք չունեին կամ չունեն։ Ավելին, սկսել են տարբեր կեղծ տեղեկություններ ի հայտ գալ, հիմնականում բամբասանքների մակարդակում։ Կարևոր է սակայն, որ դրանք մասսայաբար չեն շրջանառվում սոցիալական ցանցերում և խուճապի տեղիք չեն տալիս։
Մարդիկ զգուշավոր են դարձել նաև հեռախոսազրույցներում, սա նախորդ տարվա պատերազմից քաղած դասերի արդյունքն է։
Որոշ ներքաղաքական սադրանքներ, մասնավոր դեպքեր կան, սակայն ընդհանուր առմամբ, մարդիկ հասկանում են, որ տեղեկատվական պատերազմն ուղեկցում է մարտական գործողություններին և զգուշավորություն է անհրաժեշտ։
Գուցե մարդկանց արձագանքը պայմանավորված է Սյունիքում անկայուն վիճակով ու վատի սպասումներով։ Մեդիան էլ կարծես խնդիրը ոչ թե քննարկման դաշտ է բերում, այլ չստուգված, կեղծ տեղեկություններով վերքի վրա աղ լցնում։
Այո, դեռ մայիսից մարդիկ չեն կարողանումվերադառնալ նորմալ կյանքին, չգիտեն առհասարակ ինչ կարող է լինել, երբ թշնամին շատ մոտ է, ագրեսիա է ցուցաբերում, անցակետեր դնում։ Մի խոսքով, սպառնում է խաղաղ բնակչությանը։
Անցակետերի պատմությունից հետո Ադրբեջանի կողմից այս հարձակումը սպասելի էր, բայց նաև նոր անորոշությունների տեղ բացեց։ Սկզբում պայթյուններ էինք լսում և պարզ չէր՝ ինչ էր կատարվում։ Այս իրավիճակում Գորիսի ավագանին նիստ էր հրավիրել, բայց քանի որ այն փակ էր, տեղեկատվությունը չէր կարող հանրայնացվել։
Փոքր համայնքները, առանձին կազմակերպությունները չէին կարող արագ տեղեկություններ ստանալ, բայց մարզպերարանի հասարակայնության հետ կապերի բաժինը կարող էր և պարտավոր էր իր ռեսուրսներով լրացնել տեղեկատվության պակասը։
Իրականում մարդիկ տեղեկատվություն ստացան Պաշտպանության նախարարությունից և որոշ երևանյան կայքերից։ Հաշվի առնելով, որ թիրախում մարզի բնակիչներն են, տեղում պետք է տեղեկատվության ստանալու ուղղությամբ քայլեր արվեին։
Տեղական կառավարման մարմիններնին այս հարցը չի՞ հետաքրքրում։
Ոչ թե չի հետաքրքրում, այլ այս հարցով չեն զբաղվում։ Իրենց պատասխանատու չեն զգում մարդկանց տեղեկացնելու, զգուշացնելու, կոորդինացնելու հարցում։
Օրեր առաջ, երբ ադրբեջանական կողմը անցակետեր դրեց, ուսուցիչներից մեկը, որը պետք է գնար դաս անցկացնելու Որոտան գյուղում, անակնկալի եկավ՝ տեսնելով փակված ճանապարհը։ Մինչդեռ նա նախապես պետք է տեղեկացվեր, թե առավոտյան իրեն ինչ է սպասում։ Որևէ պատճառաբանություն, թե իրենք էլ տեղյակ չեն եղել կամ մեդիայից են իմացել, չի կարող արդարացնել նման վերաբերմունքը։
Մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջով, համայնքների հետ կապի միջոցներով պետք է իրավիճակի մասին տեղեկություններ տրամադրեր, որպեսզի մարդիկ որոշումներ կայացնեին իրենց հետագա անելիքների հարցում։
Ինֆորմացիոն սղության պայմաններում միևնույն է մարդիկ կարողացան ճիշտ դրսևորել իրենց, չհավատալ բամբասանքներին, կեղծ տեղեկություններ քիչ տարածել և այլն։
Մարզպետարանից արձագանքում են միայն այն դեպքում, երբ իրենց հասցեին քննադատություններ են լինում։ Այդ դեպքում ինչի՞ համար է մարզային պետական կառույցի մաս կազմում հասարակայնության և մամուլի հետ կապերի բաժինը։
Մարզային լրատվամիջոցներն ինչպե՞ս արձագանքեցին իրավիճակին։ Արդյո՞ք չունեն պատասխանատվություն այս հարցում։
Մենք մարզում շատ լրատվամիջոցներ չունենք, խնդիր նաև ռեսուրսներն են։ Ընդհանրապես հաղորդակցությունը մարզում լավ չի կազմակերպվում։ Քիչ է հետաքննական, վերլուծական բովանդակությունը, եղածը տարբեր, հիմնականում քաղաքականացված կարծիքներ են։
Իրատեսական, պրոբլեմներ վեր հանող նյութեր քիչ են տեղական մեդիայում։
Նոյեմբերի 16-ին «Սյունյաց երկիրը» իր հիմնական բովանդակությանը զուգահեռ տրամադրում էր նաև պաշտոնական տեղեկատվություն, իսկ «Զանգեզուր» հեռուստաընկերության նյութերը քաղաքական ուղղվածության պատճառով հիմնականում միակողմանի էին։
Մյուս կողմից՝ այստեղ չկան մարտական պայմաններում աշխատելու փորձառությամբ լրագրողներ։
Փաստորեն նախկին պատերազմից ունեցած փորձը օգնեց մարդկանց չտրվել խուճապային տրամադրություններին։
Նոյեմբերի 16-ի մարտերը թեև անակնկալ էին, բայց սպասելի։ Մարդիկ հավանաբար իրենց մտքում ունեցել են զարգացումների նման սցենար, որը ենթադրում է նաև որոշակի վարքագիծ։
Եվ այդ վարքագծի մի մասն էլ հնարավոր աղբյուրներով տեղեկություն ստանալն ու մարտերի մասշտաբը գնահատելն էր։ Կարծում եմ, որ մարդիկ իրենց հարազատ կամ ծանոթ զինծառայողների հետ կապի մեջ են եղել և չեն սպասել պաշտոնական աղբյուրներից ստացվող ուշացած տեղեկություններին։
Հակառակ դեպքում, խուճապ կլիներ, մարդիկ կլքեին իրենց տները, տարբեր կեղծ տեսանյութեր կտարածեին ցանցերում, և վիճակն իսկապես կբարդանար։
Հարցազրույցը Գայանե Ասրյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: