2021.11.05,

Տեսակետ

«Հայկական մեդիային կարելի է ցինիզմի չեմպիոնի կոչում տալ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մեդիա մենեջեր Նիկոլայ Պետրոսյանը աշխատում ու ապրում է Մոսկվայում։ Նա ռուսաստանյան Cybersport.ru և RuHub հարթակների մեդիա ուղղության տնօրենն է, դասավանդում է մեդիա մենեջմենթ ու վարում «Հայկական պրագմատիկ» տելեգրամյան ալիքը, որն իր խոսքով ասած՝ քննադատական մտածողությունը խթանելու փորձ է։ 

Հայաստանի լրատվական դաշտի վայրիվերումներն ու մանիպուլյացիաները նա կապում է դեռևս չկայացած ու ոչ ինքնուրույն  բիզնես միջավայրի ու չաշխատող դատաիրավական համակարգի հետ։ 

Դատարաններն ու գովազդը այն հենասյուներն են, որոնց վրա հենվելով կարելի է ոչ միայն ստեղծել քիչ թե շատ առողջ մեդիա դաշտ, այլև՝ պաշտպանվել այդ դաշտի հարձակումներից։ 

Նայելով Հայաստանից եկող լրահոսին ու քննարկվող թեմաներին, ինչպիսի՞ տպավորություն եք ստանում։ Վախեցնող չի՞։

Վախեցնողը անպատասխանատվությունն է այն մարդկանց, որոնք ստեղծում ու տարածում են ինֆորմացիան հայկական մեդիա դաշտում։ Եվ անպայման չի որ դրանք լինեն միայն լրատվամիջոցներն ու լրագրողները, այլև տարբեր փորձագետները, քաղաքական գործիչները, բանախոսները և այլն։ 

Տպավորություն է, որ նրանք իրենց ստեղծած ու տարածած բովանդակության համար չեն կրում ոչ միայն իրավական, այլև հոգեբանական ու էթիկական պատասխանատվություն։ Եվ դա Հայաստանում ու սփյուռքում ձևավորում է որոշակի տրամադրություն։ 

Մանիպուլյատիվ լուրերը ստեղծում են պատկեր, որ, օրինակ, շատերը լքում են Հայաստանը ու դրանով թուլացնում հանրապետությունը։ Որ հայրենադարձվել ուզող մարդիկ կարդալով ու վերլուծելով լրահոսը՝ փոխում են իրենց կարծիքն ու պլանները, չուզելով իրենց կյանքը կապել մի երկրի հետ, որտեղ շատ վատ է։ Եվ դա մտահոգիչ է։

Մարդը, որը լրջորեն ուզում է ապրել կամ ներդրումներ անել Հայաստանում, բնականաբար, գնահատելու է հեռանկարները՝ հավաքելով ինֆորմացիան առաջին հերթին մեդիայից։

Եվ արդյո՞ք հայաստանյան լուրերից դրական կարծիք կկազմի Հայաստանի մասին որպես մի երկրի, որի հետ կարելի է կյանքը կապել։

Հիմա Հայաստանի տեղեկատվական շուկայում ամենալավ վաճառվող ապրանքը վտանգն ու տագնապն են։ Հատկապես պատերազմից հետո  մարդիկ կարծես ներքուստ սպասում են տագնապալի լուրերի։ Եվ դրանք էլ սպառվում են առաջին հերթին։

Ցավոք, այդպես է։ Ինձ թվում է, որ հայերիս մոտ ձևավորվում է որոշակի սինդրոմ, որ քիչ է կրել ենք ցավալի պարտություն, նաև չենք ուզում դուրս գալ հոգեբանական ապրումների շրջանից ու հարց տալ ինքներս մեզ՝ լավ, բա ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Ինչպե՞ս ենք մտադիր ապրել, կերտել, ստեղծագործել։ 

Ի վերջո, զոհված երիտասարդներին մենք հայրենիք ենք պարտք։

Բայց կարծես անում ենք հակառակը՝ սկսում ենք ինֆորմացիոն մազոխիզմից հաճույք ստանալ։ 

Ու բնական է, որ կան մեդիա միջոցներ, որոնք լավ շահարկում են դա։ Հատկապես այսպես կոչված ընդդիմադիր մեդիան է փորձում ցանկացած դեպք կամ երևույթ՝ քաղաքական, ռազմական, նույնսիկ կլիմայական կամ կենցաղային, այնպես հրամցնել լսարանին, կարծես դա բացարձակապես գործող իշխանությունների մեղքն է կամ բացթողումը։

Օրինակ, վերջերս news.am-ում կարդացի նյութ, որ Սինգապուրում պատանի է մահացել՝ պատվաստումից։ Կայքը հղում է անում անծանոթ ու անվստահելի սկզբնաղբյուրին, որտեղ անգամ չկա փաստ, թե պատանին մահացել է հենց պատվաստանյութից։

Բայց քանի որ կա հանրային վախ պատվաստումների հանդեպ, կայքը որոշում է դա օգտագործել։

Իմ տպավորությամբ՝ մեր այսպես կոչված ընդդիմությունը առաջնորդվում է «Ինչքան վատ, այնքան լավ» կարգախոսով։ Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանում պատվաստված է բնակչության ընդամենը 7%-ը, իսկ մահերը օրական մի քանի տասնյակ են։

Շատ մեդիա հարթակների համար այդ իրավիճակը ձեռնտու է, քանի որ կարելի է ասել՝ տեսեք, իշխանությունները չեն կարողանում համավարակի դեմն առնել։ 

Նման նյութերը մեծ շղթայի փոքր օղակներ են։ Վախ ու տագնապ առաջացնող լուրերն ունեն երկու նպատակ։

Նախ՝ ստանալ թրաֆիկ ու ձեռք բերել նոր լսարան, և հետո՝ ստեղծել տպավորություն, որ գործող իշխանություններն առհասարակ անզոր են։

Ճիշտ է, շատ հարցերում պետք է քննադատել իշխանություններին, բայց նման անելանելի հոգեբանական մթնոլորտի ստեղծումն, ի վերջո, լավ արդյունքի չի հանգեցնում։ 

Ռուսաստանում կա հսկայական հայկական սփյուռք, որի ներուժը կարծես հաշվի չենք առնում։

Ցավոք, սփյուռքը շատ ֆրագմենտացված է։ Իսկ Ռուսաստանն այն երկիրն է, որը շատ ագրեսիվ է ասիմիլացնում ցանկացած ազգային փոքրամասնությանը, այդ թվում նաև հայերին։ Ընդ որում՝ մենք որպես ազգ ունենք նաև բնավորության մի ընդհանուր գիծ, որը կարելի է բնութագրել որպես ցանկություն երևալու ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը։ 

Եվ երբեմն ուզում ենք ավելի ռուս լինել, քան ռուսները։ Եվ դա ավելի է արագացնում ասիմիլիացիան։

Իհարկե, սփյուռքը միատարր մարմին չէ, կան տարբեր խմբավորումներ, որոնք գործում են կամ ի շահ Ռուսաստանի, կամ՝ սեփական բիզնեսի, կամ էլ՝ Հայաստանի։ Եվ պարտադիր չէ, որ այդ շահերը համընկնեն։

Բայց ինձ մոտ տպավորություն է, որ սփյուռքի մի մեծ հատված պարզապես ուզում է վերադառնալ նորմալ կյանքին և ամեն անգամ կարդալով Հայաստանից եկող տագնապալի լուրերը, փորձում է ֆիլտրել ինֆորմացիան ու հաճախ նաև ուշադրություն չդարձնել դրան։ 

Պատճառները տարբեր են։ Մի կողմից ձևավորվել է իմունիտետ՝ մանիպուլյատիվ լուրերի հանդեպ, իսկ մյուս կողմից՝ մարդիկ պարզապես հոգնել են ու իրենց շրջապատի ամենօրյա հոգսերն իրենց ավելի հասկանալի են։

Այսինքն, մարդիկ փորձում են ստեղծել որոշակի պատնեշ Հայաստանից եկող ինֆորմացիայի առջև։

Բնականաբար, կա նաև ակտիվ հատված, որը կոպիտ ասած՝ ապրում է երևանյան ժամանակով, ամեն ինչ կարդում է ու փորձում է ճիշտը սխալից տարանջատել։

Եվ այդ հատվածի համար շատ ցավալի է, որ որևէ բան չի փոխվում Հայաստանի մեդիա դաշտում։ Որ ականատես ենք իսկական մեդիատեռորի (ճիշտ է այդ բառն առաջինն օգտագործել է Փաշինյանը, բայց կատարվողը իրոք մեդիատեռոր է, եկեք իրերն իրենց անուններով կոչենք)։ Եվ դա լուրջ մտահոգություն է առաջացնում։

Իմ տելագրամյան ալիքի ստեղծումը նաև քննադատական մտածելակերպի ձևավորման փորձ է։ Ուզում էի, որ կարողանանք ավելի հանգիստ ու սթափ վերաբերվել տարբեր չհիմնավորված լուրերին։ Հաստատ է, որ մեզ հարկավոր է պահպանել ինֆորմացիոն հիգիենան։

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի մեդիան դժվար է համարել ազատ։

Եվ գտնվելով Ռուսաստանում՝ մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչպես կարելի էր Հայաստանի անհամեմատ ավելի ժողովրդավար մթոլորտում ստեղծել այն մեդիա դաշտը, որը կլիներ ազատ և կօժանդակեր ազգային ու պետական նպատակներին։

Շատ լրատվամիջոցներ դիրքավորվել են որպես ընդդիմադիր (ինչը բավականին անհեթեթ է հնչում) ու մեղադրում են խոսքի ազատությունը սահմանափակելու, ճնշելու, բերանը փակելու համար և այլն։ Ինչը՞ կօգնի դուրս գալ այդ արատավոր շրջապտույտից։

Սկսենք այն բանից, որ խոսքի ազատությունն ամենամեծ նվաճումներից է, բայց այն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է քրեական պատասխանատվությունը։

Օրինակ, դժվար է գտնել ավելի ազատ մեդիա դաշտ, քան Անգլիայում է, բայց անգլիական լրատվամիջոցները (չասեմ՝ դեղին, բայց ցածրորակ) անընդհատ դատարաններում են, որովհետև տարածում են չստուգմած կամ միտումնավոր կեղծ տեղեկատվություն։ Եվ մարդիկ իրենց հեղինակությունը, որը սասանում է մեդիան, պաշտպանում են դատարաններում։

Հայաստանում հենց այդ գործընթացն է կոտրված։

Բավական չէ, որ հայկական լրատվամիջոցները էթիկական կամ բարոյական պատասխանատվության չեն զգում, դրանք նաև գիտեն, որ պատասխանատվություն չեն կրելու նաև օրենքով։

Հայաստանում դատաիրավական համակարգը այնպես չի աշխատում, որ յուրաքանչյուր մարդ կամ կազմակերպություն կարողանա դիմել դատարան ու արդարություն գտնել՝ ներկայացնելով, որ մեդիայի կեղծ կամ չստուգված նյութերը բացասական են անդրադարձել իր անձի, կուսակցության կամ բիզնեսի վրա։

Խոսքի ազատությունը միևնույն է կարգավորվում է օրենքով։ Եվ ընդդիմադիր մեդիան՝ հայտարարելով, որ ճնշում են խոսքի ազատությունը, իրականում, կեղտոտ մանիպուլյացիա է անում։ Ավելին՝ դա շատ ցինիկ պահվածք է։

Ընդհանրապես հայկական այդ մեդիային կարելի է ցինիզմի չեմպիոնի կոչում տալ։ Եվ մեդալներ բաշխել։ Իրոք մանիպուլյացիաները արվում են խայտառակ ձևով։

Բայց ես համոզված եմ, որ ազատ ու վստահելի մեդիա դաշտը վաղ թե ուշ կձևավորվի։

Ի վերջո, մեդիան տնտեսություն է, բիզնես, որն ունի իր կանոնները, մենեջմենթը և այլն։ 

Ի՞նչ պիտի տեղի ունենա, որ մեդիան դառնա ինքնուրույն, այլ ոչ թե քաղաքական ուժի կցորդ։

Ինչպես ցանկացած բիզնես մեդիա բիզնեսն էլ ունի մեկ նպատակ՝ ստանալ շահույթ։ Մեկը ստեղծում է քաղաքական բովանդակություն, մյուսը՝ սպորտային կամ ժամանցային և այլն։ Այդպիսով հավաքում է լսարան ու վաճառում այն գովազդատուին։

Որպեսզի մեդիան լինի չեզոք, այն պիտի ունենա եկամտի աղբյուր։

Եթե ֆինանսավորվում է բարեգործից, կուսակցությունից կամ գրանտային ծրագրերից, մեդիան միևնույն է չի լինելու ազատ ու չեզոք։

Իհարկե, կարելի է պատկերացնել, որ մի մեծահարուստ բարերար փող է տալիս ու ասում՝ հավաքեք պրոֆեսիոնալ խմբագրություն ու գրեք միայն ճշմարտությունը։ Բայց վաղ թե ուշ գալու է մի պահ, երբ անգամ եթե չլինի արտաքին գրաքննություն, ապա անպայման կհայտնվի ներքին, ավտոմատ կերպով աշխատող ցենզուրա։ Ասենք, երբ հերթը հասնի այդ բարերարի կամ նրա ընտանիքի մասին ոչ ցանկալի ինֆորմացիային։

Այդ ներքին գրագննությունը շատ լավ երևում է ռուսաստանյան մեդիայում։ 

Երբ, օրինակ, մեծահարուստ Ալեքսանդր Մամուտը Ռամբլերի տերն էր, ոչ ոք այդ հարթակում չէր կարող լրագրողական հետաքննություն անել, պարզելու, թե ինչու սնանկացավ այն բանկը, որի խոշար բաժնետերերից էր նաև Մամուտը։ Ռամբլերի ցանկացած լրագրող հասկանում էր, որ կծելու է իրեն կերակրող ձեռքը։

Իհարկե, Հայաստանում կան չեզոք մեդիա հարթակներ, բայց նրանց ֆինանսավորման աղբյուրը գովազդը չէ, այլ գրանտերը կամ այլ մի բան։ Իսկ դա նշանակում է, որ միշտ կա ռիսկ, որ ինչ-որ պահին կարող են կորցնել իրենց չեզոքությունը։

Իսկ եթե մեդիան իսկական բիզնես լինի ու կարողանա վաճառել իր գովազդային սլոթերը, կունենա նաև թեև փոքր, բայց կայուն եկամուտ՝ վճարելով աշխատավարձերը, հարկերը, ուղարկելով լրագրողներին գործուղումների և այլն։

Եվ ամենակարևորը, ոչ ոք չի կարող այդ մեդիային ասել՝ սա մի գրեք, իսկ սա գրեք։ 

Դա կլինի կատարյալ մոդել։

Դժվար է սպասել, որ լրատվամիջոցները կհրաժարվեն իրենց սնունցող քաղաքական փողերից։ Դա ավելի կայուն ու հեշտ է, քան տեղ գտնելը գովազդային շուկայում։ 

Հայաստանի գովազդային շուկան դեռ այնքան փոքր է, որ հնարավոր չէ ստեղծել առնվազն առանց կորուստների աշխատող մեդիա։ Եթե անգամ սկզբնական փուլում դա թվա հնարավոր, մեծ է հավանականությունը, որ որոշ ժամանակ անց մեդիան՝ չփակվելու համար, դիմի կամ բարերարների, կամ Հ/Կ-ներին, որ կարողանա փակել իր բյուջեի ծակերը։

Բայց դա ժամանակի հարց է։ Հայաստանն ունի բավականին լավ տնտեսական հեռանկարներ, այդ մասին վկայում են միջազգային կազմակերպությունների գնահատականները։

Եվ տնտեսության ընդլայնման հետ մեկտեղ, կընդլայնվի նաև գովազդային շուկան։ 

Արդյունքում կստեղծվեն այն մեդիա հարթակները, որոնց ձեռնտու կլինի լինել չեզոք, քանի որ գովազդատուն ևս չի ցանկանա, որ իր ապրանքը, բրենդը կամ ծառայությունը կապվի այն մեդիայի հետ, որն ունի ֆեյք տարածողի համբավ։

Ես եղել եմ նաև Adidas ընկերության փիառ տնօրենը և երբեք թույլ չեմ տվել, որ մեր ապրանքների ու նորույթների մասին հաղորդագրությունները տեղադրվեն այն լրատվամիջոցներում, որոնք ունեն վատ համբավ։ 

Այսինքն, մեդիա շուկան կարգավորվում է ոչ միայն լրատվամիջոցների, այլև գովազդատուների ջանքերով։

Եկեք զինվենք համբերությամբ ու սպասենք որ ձևավորվի իսկական բիզնես դաշտ գովազդային շուկայում, որն էլ կհանգեցնի մեդիա բիզնեսի կարգավորմանը։ 

Լրատվական շուկայում բավականին տարածված է նաև թրոլինգի, ֆելյետոնի, ծաղրի ժանրը։ Կարծես կարևորի մասին ձեռ առնելով ենք խոսում։ Դա ինչի՞ մասին է խոսում։

Մեր մեջ երևի կա բարդույթ՝ ինքներս մեր նկատմամբ շատ լուրջ լինելու։ Յուրաքանչոյւր հայ ինքն իրեն շատ լուրջ ու ծանրակշիռ է ընկալում։ Եվ շատ քչերն են կարողանում կատակել իրենց մասին, այսինքն ունեն ինքնահեգնանք՝ սեփական անձի նկատմամբ։ 

Օրինակ, անգլիացիները կարողանում են ֆանտաստիկ կերպով իրենք իրենց ծաղրել, բայց այնպես, որ ցույց են տալիս, թե իրականում աշխարհի տերերից մեկն են` որպես ազգ, որպես անհատ, գործիչ կամ բիզնեսմեն։

Դրական առումով հումոր մենք քիչ ունենք։ Միգուցե այդ պատճառով էլ սիրում ենք չարախինդ թրոլինգը, որը նաև կարող է հասնել անթույլատրելի աստիճանի, երբ հաշվի չենք նստում մարդկանց և նրանց ընտանիքի անձնական կյանքի իրավունքի հետ։ 

Ի վերջո, կարելի է լինել ցանկացած քաղաքական հայացքների տեր, բայց չխառնել անձնականն ու հանրայինը։ Եվ ցավալի է, որ ահռելի քանակի ցինիկ ստեր են տարածվում, օրինակ, վարչապետի ընտանիքի կամ այսպես կոչված ընդդիմադիր գործիչների մասին։ 

Եվ ստացվում է, որ քաղաքական բանավեճը փոխակերպվում է ինչ-որ փողոցային ու էժանագին քաշքշուքի (մեկի կինը սա արեց, մյուսի տղան՝ սա ասաց, հարսը գնաց էստեղ, փեսան՝ էնտեղ և այլն)։

Մենք ի վերջո, ձևավորելու՞ ենք քաղաքական մշակույթ, թե՞ մնալու ենք այդ փողոցային մակարդակի վրա։

Հասարակ օգտատերերը, որոնք միգուցե այդքան էլ կրթված ու գիտակ չեն, կարող են իրենց թույլ տալ կարդալ դեղին մամուլն ու ընդօրինակել դրա ոճը, բայց իմ կարծիքով՝ հենց մամուլը պետք է ստեղծի ստանդարտներ։ 

Օրինակ, ասելով, որ թեև մեզ համար կարևոր են այցելուների քանակն ու թրաֆիկը, բայց եկեք պայմանավորվենք ու գծենք կարմիր գծեր, որոնք երբեք ու ոչ մի հանգամանքներում չենք անցնելու։ Այսինքն, կարիք կա կորպորատիվ համաձայնության։

Հասկանալի է, որ բոլոր մեդիա հարթակներն ունեն տարբեր շահեր, բայց կարող են պայմանավորվել, որ որոշ թեմաներ չեն շահարկելու, ինչ էլ լինի։

Ասենք, համաձայնեն (ու բոլորը), որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, և ինչ էլ գրեն ու ինչ որակի տագնապալի լուրեր տարածեն, միևնույն է այդ թեմայով հրապարակումներում դադարելու են աշխատել թշնամու քարոզչամեքենայի օգտին։

Վստահ եմ՝ բոլոր դեպքերում պիտի լինեն պայմանավորվածություններ։ 

Ով էլ լինենք, հիշենք, որ առաջին հերթին հայաստանցի ենք ու մեր քայլերը, հրապարակումներն ու նյութերը պիտի ածանցված լինեն այդ գաղափարին։ Դա անելը բարդ չէ, բայց արդյունքը կլինի դրական։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *