2021.10.08,

Տեսակետ

«Պետական քարոզչությունն այնքան թույլ էր ու երկչոտ, որ մարդիկ սկսեցին հավատալ «կորոնադիսիդենտներին»»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայկական մեդիայում գիտական թեմայով հոդված գտնելը բարդ է։ Նման նյութերի հանդեպ հանրային հետաքրքրությունն ու մասնագիտացած լրագրողները քիչ են։ 

Այս թեմայով քննարկումներ քիչ թե շատ կարելի է հանդիպել սոցիալական ցանցերում։ Արման Գասպարյանը գիտությամբ հետաքրքրված լրագրող է, նա իր ցանցային հաշիվն օգտագործում է և մարդկանց պատմում գիտական տարբեր միջազգային նորություններ, քննարկում դրանք, խոսում Հայաստանում գիտության չգոյության և դրա հետևանքների մասին։ 

Վերջին շրջանում շատ է գրում կորոնավիրուսի դեմ պատավաստումների կարևորության մասին, փորձում գիտական վարկածներով ու փաստերով հակազդել հակապատվաստումային միֆերին։

Նրա խոսքով, վարակից մահացության վիճակագրությունը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանում սոցիալական պատասխանատվության ճգնաժամ է։ Անտարբեր են մարդիկ, մեդիան և նախևառաջ՝ պետությունը։

Գիտական նյութերին, մեղմ ասած, մեր հասարակությունը պատրաստ չէ։ Դուք սկսել եք սոցիալական ցանցում այս թեմայով լսարան ձևավորել, ստացվու՞մ է։ 

Մարդիկ քաջատեղյակ են, որ գիտության պետական ֆինանսավորումը քիչ է, որ գիտնականը ցածր աշխատավարձով է ապրում, իսկ պատգամավորը, նախարարը, ինչ-որ հիմնարկի բաժնի պետը շատ բարձր վարձատրվող աշխատանք ունեն։ 

Դրան ավելացնենք ավանդական քամահրական ու կասկածամիտ վերաբերմունքը գիտության ու գիտությամբ զբաղվողների նկատմամբ, դպրոցում ստացվող ցածր մակարդակի գիտելիքի պատճառով գիտական արդյունքը գոնե ընդհանուր գույներով չպատկերացնելը։ 

Մեր հասարակությունը լիարժեք պատկերացում չունի իր իսկ բարեկեցության ապահովման հարցում գիտության նշանակության մասին։ Եվ դա հասարակության մեղքը չէ, ուղղակի պետությունը ոչ մի անգամ լրջորեն չի զբաղվել ու չի զբաղվում հանրության շրջանում գիտության արժևորմամբ։ 

Ես ու բազում այլ մարդիկ, որոնք սիրում են գիտությունը, ընդամենը կաթիլ ենք ծովում, մեր գումարային լսարանը ընդհանրապես բավարար չէ հանրային որևիցե տրամադրություն ստեղծելու համար։ 

Հանրային տրամադրությունը չի կարող ձևավորվել միայն համաշխարհային գիտության հերթական ձեռքբերման մասին նորություններով։ Հանրությունն անընդհատ պահանջում է «մարմնին մոտ», ակնհայտ օրինակներ. բարձր վարձատրվող աշխատանքով ու բարեկեցիկ կյանքով ապրող գիտնական, գիտության ֆինանսավորման շարունակական աճ, լրատվամիջոցներում առանձին գիտական պրոֆեսիոնալ բաժինների առկայություն, գիտական ինստիտուտների ձևավորում և այլն։ 

Իմ նպատակը մարդկանց ոգևորելն է զբաղվելու գիտությամբ, բայց գրեթե բոլոր իմ օրինակները «դրսից» են։ Իհարկե, գիտության մեջ «դուրս» ու «ներս» հասկացություն չկա, դա համամարդկային սիմբիոզի տեսակ է, սակայն մենք այս պահին քիչ բան ունենք առաջարկելու համաշխարհային գիտական հանրությանը։ 

Սակայն մեր ունեցած այդ կորիզը շատ ուժեղ է, շատ պինդ ու համապատասխան խոհեմ վերաբերմունքի դեպքում կարող է վերածվել ազդեցիկ համակարգային տարրի։

Մեդիան գիտության թեման թողել է լուսանցքում, չկա հանրային պահանջարկ անգամ պատերազմից հետո, երբ կարիք կար լուրջ հոդվածների, վերլուծությունների։  


Մեր հանրությանը հետաքրքրող թեմաները շատ հեռու են գիտությունից, հետևաբար մեդիան թեմային գրեթե ուշադրություն չի դարձնում, իսկ դարձնելու դեպքում վարվում է խիստ անբարեխիղճ ձևով, թարգմանում ինչ-որ դեղին լրատվամիջոցների սենսացիոն նյութեր, առանց թեմայից հասկանալու։ 

Այդ նյութերը մեծամասամբ խեղաթյուրված են, չեն համապատասխանում իրականությանը։ 

Հենց նման անպատասխանատու վերաբերմունքի արդյունք է այսպես կոչված «բրիտանացի գիտնականներ» եզրույթը, որը գիտությանն անլուրջ վերաբերվելու կատալիզատորներից մեկն է։ 

Չկա գիտական լուրջ լրագրության հանրային պահանջ, չկա գիտական լրագրություն։ Սակայն հանրային պահանջը ձևավորող գործոններից մեկը, պետական համալիր մոտեցումից բացի, պրոֆեսիոնալ գիտական լրագրությունն է։ 

Արդյունքում, ունենք փակ շրջան. հանրային պահանջ չկա, որովհետև չկա գիտական լրագրություն, լուրջ լրագրություն չկա, որովհետև չկա հանրային պահանջ։ 

Անհատները կարո՞ղ են օգնել կարծիք փոխել, հարցեր ձևակերպել պետական կառավարման օղակների համար։ 

Պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո տասնյակ ու հարյուրավոր գրառումներ կային սոցիալական ցանցերում, որոնք մանրակրկիտ հիմնավորում էին գիտելիքի պահպանման ու զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ քայլ առ քայլ նկարագրում, թե ինչպես այդ ամենն իրականացնել։ 

Պետությունն այդ պահին ուներ խորհրդատուների մի մեծ բանակ, զգալի մասը՝ պրոֆեսիոնալներ, որոնք առաջարկում էին իրենց ծառայությունները։ Սակայն ժամանակն անցնում էր, մարդկանց ձայնը կորչում էր ներքաղաքական թեմաների աղմուկի ներքո։ 

Հիմա արդեն ոչ մեկին առանձնապես չի հուզում, որ վերջին մեկ տարում ոչ մի կարևոր հայեցակարգային քայլ չի կատարվել գիտության ոլորտում։ 

Գիտելիքահեն թեմա է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ Դուք ցանցում պատվաստումներին ուղղված քարոզչություն եք տանում։ Հաջողվու՞մ է անել արդ բարդ գործը։ 


Կորոնավիրուսային համավարակի առաջին իսկ օրերից սոցիալական հարթակներում հայտնվեցին ագրեսիվ մարգինալ անձինք ու խմբեր, որոնք զբաղված էին միտումնավոր վնասարարությամբ՝ չհիմնավորված հայտարարություններ անելով վիրուսի չլինելու, համաշխարհային դավադրության մասին։ 

Այդ խմբերին ուղղված պետական քարոզչության դիմադրությունն այնքան թույլ էր ու երկչոտ, որ շատ մարդիկ սկսեցին համոզվել, որ «կորոնադիսիդենտները» ճիշտ են։ 

Ուզում եմ շեշտել, որ Հայաստանում կորոնավիրուսային վարակից մահերի մի զգալի մասից հնարավոր կլիներ խուսափել, եթե այդ շարժումներին ժամանակին հակազդեին պետական մակարդակով։ 

Սակայն դա տեղի չունեցավ, հանրությունը ունի սխալ, թերի պատկերացումներ գիտության մասին, գիտական մեթոդների մասին, հետևաբար՝ այդ թեմայով ցանկացած հաղորդման վերաբերվում է կասկածամտորեն։ 

Դրան ենք գումարում մեծ լսարան ունեցող մարգինալների քարոզներն ու դրանց դիմակայելու պետության անկարողությունը։ Հիմա արդեն, երբ համավարակը հասել է պատվաստման փուլ, նրանք հաջողությամբ կատաղի պայքար են մղում արդեն պատվաստումների դեմ։ 

Այս իրավիճակի անմիջական հետևանքն են ամեն օր գրանցվող մահերը։ Եթե կա հնարավորություն տրամաբանական հիմնավորումներով ազդել գոնե մի քանի մարդու որոշման վրա, միգուցե դա կյանքեր փրկի։ 

Պետությունն արդեն իսկ տապալել է պատվաստումները, պարտվել է պատվաստումների հակառակորդների դեմ տեղեկատվական պայքարում, չնայած վերջիններիս հիմնավորումները ոչ մի քննադատության չեն ենթարկվում։ 

Ի՞նչ է ցույց տալիս մարդկանց վարքագիծը, պատշաճ իրազեկմա՞ն խնդիր է, թե՞ մտածողության։ 

Երկու խնդիրն էլ կան։ Մտածողության խնդիրն ավելի խորքային է, այն դժվար կամ անհնար է շտկել։ Պատվաստումները մարդկությանը հայտնի են շատ վաղուց, դրանց արդյունավետությունը բազում մահացու վարակների հաղթահարման հարցում որևիցե կասկած չի հարուցում։ 

Ցանկացած դպրոցական երեխայի հնարավոր է համոզիչ կերպով նկարագրել վակցինացիայի աշխատանքի մեխանիզմները։ Սակայն դա չի արվել ու չի արվում։ Ոչ դպրոցում, ոչ լրատվամիջոցներով, ոչ պետական քարոզչության շրջանակներում մարդկանց հասկանալի լեզվով չեն բացատրում, թե ինչ է պատվաստումն ու ինչով է այն արդյունավետ ու անվտանգ։ 

Դրան հակառակ, հակապատվաստումային միֆերը շատ ավելի պարզ են, հեշտ մարսվող ու հիշվող՝ տարատեսակ սարսափներով ազդելու շնորհիվ։ Դա հանրության ուշադրության վրա ազդող շատ ուժեղ գործոն է։ 

Կորոնավիրուսային համավարակի սկզբում, երբ մարդիկ չէին ուզում անգամ դիմակ կրել, ես ասում էի, որ անհրաժեշտ է ամեն օր հեռուստացույցով ցույց տալ մահացող պացիենտների, ինչը կարող է սթափեցնող ազդեցություն ունենալ։ 

Հիմա, երբ մարդկությունը պատվաստումների շնորհիվ հաղթել է այնպիսի մահացու հիվանդություններ, ինչպիսին ծաղիկն է, անհրաժեշտ է անընդհատ ցույց տալ, թե ինչ հիվանդություն էր դա ու ինչ կլիներ, եթե այն հաղթահարված չլիներ։ 

Մարդկանց վարքագիծը ցույց է տալիս, որ իրենք շատ թերի պատկերացումներ ունեն թեմայի մասին։ Նրանց մոտ բազում հարցեր են առաջանում, ու քանի դեռ համատարած կերպով այդ հարցերը չեն ստանում ճշմարտացի պատասխաններ, պատվաստումների հակառակորդները միշտ դրանց կտան սուտ, բայց համոզիչ պատասխաններ։ 

Սա ներքաղաքական խաղ չէ, այստեղ գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ 

Ի՞նչպես եք պատկերացնում տեղական մեդիայի դերը պատվաստումների և սոցիալական պատասխանատվության հարցերում։ 

Երբ լրատվամիջոցն ինչ-որ կասկածելի կիսագրագետ բանախոսի ասուլիսից հետո պատվաստումներին ակնհայտորեն հակառակ լուր է հաղորդում, ապա տվյալ լրագրողը կամ խմբագիրը պետք է հասկանան, որ կարող են մարդկանց մահվան պատճառ լինել։ 

Լրատվամիջոցների մեծ մասին այսօր չի հետաքրքրում հանրային առողջությունը։ 

Եթե լրատվամիջոցն ընդդիմադիր է, ապա այն իշխանությունների քայլերին հակասող ինֆորմացիա կտա, զուտ որովհետև իր գործառույթներն են այդպիսին։ 

Բայց պետք է հասկանալ, որ այս իրավիճակում մեղավորն առաջին հերթին իշխանություններն են, որովհետև ոչ միայն չկա համարժեք հակաքարոզչություն, այլև հանրային առողջությանը միտումնավոր վնասող ինֆորմացիայի դեմ պայքարելու մեխանիզմներ։ 

Ցավոք, հայաստանյան լրատվամիջոցները զբաղված են ամեն ինչով, բացի հանրության առջև իրենց սոցիալական պատասխանատվության իրացումից։ 

Հարցազրույցը Գայանե Ասրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *