2021.10.05,

Տեսակետ

«Կենդանի բանը չես փառաբանում, քննադատում ես»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Բանաստեղծ(ուհի) Հասմիկ Սիմոնյանն ասում է, որ խոսելն իր համար անտանելի բարդ գործ էր. «Ես գրավոր մարդ եմ, բանավոր չեմ ու խոսքն իմ գլխավոր թշնամին է։ Անգամ երազում էի համր լինել, բայց ինչ-որ պահից սկսած զգացի, որ այլևս չեմ ուզում այդ կոմֆորտ զգացումով ապրել»։

Խոսելու ու լռելու ռիթմն ընդհանրապես շատ հետաքրքիր է արտահայտվում մեր կյանքում, երբ սոցցանցերի շատախոսությունն ու հանրային դիմանկարները (դիմակները) օգնում են լսելի լինել։ Անգամ, երբ մեծ հաշվով ասելու բան չունես։

Հասմիկ Սիմոնյանի հետ զրույցը այդ մասին է։ Նրա համար այս ռիթմը աշխատանքային գործիք է ու դիտարկումների առիթ։

Նա տարբեր նախագծերի գաղափարներ ունի՝ փառատոնից մինչև անհատական մեդիա հարթակների ստեղծում։ Գրում է, թարգմանում, համակարգում Տեքստ հարթակը, կապեր կառուցում, փորձում միջդիսցիպլինար կամուրջների մասին խոսել: Նաև մեծ սիրով ու հաճույքով պատրաստում է կրթական ծրագրեր՝ կանանց դերի մասին (գրքեր, բանախոսություններ, հետազոտություններ)։

Շատ բան հիմա դանդաղել է կամ չեղարկվել, քանի որ Հայաստանը 2020-ից հետո այնքան էլ գրավիչ չէ միջազգային նախաձեռնությունների համար՝ ստանալով անապահով երկրի պիտակ։ Եվ այդ անորոշությունը տեղափոխվում է նաև ներաշխարհ։

Սոցցանցերը առօրյայի մասն են դարձել։ Համենայն դեպս, այդպես է թվում։ Որքանո՞վ է քեզ համար կարևոր լինել ցանցում ու հետևել հայկական հատվածի մտորումներին ու ցնցումներին։

Սոցցանցերում ամեն ինչ որոշում է ալգորիթմը։ «Հայելի» մուլտֆիլմը հիշու՞մ ես, այ էդպես էլ իրականում մեզ երևում է մեր դեմքը, որը մեր ընտրանքն է: 

Օրինակ, Տիկտոկում ինչ նայես, դա էլ քեզ ցույց կտա հաջորդաբար։ Ֆեյսբուքը, Ինստագրամը և մյուսները քեզ առաջարկում են քո դիտածի տիպի բաներ, իսկ ՏիկՏոկը բառացիորեն քո հայելին է, ում հավանեցիր, միայն նրան էլ կտեսնես, նմանատիպ հեղինակներ կարծեմ էդտեղ չի առաջարկվում։ 

Սոցցանցերը ընտիր գործիք են, նայած, թե ինչպես ես դրանք օգտագործում։ Պետք է կարողանալ քեզ զսպել, որ շատ ժամանակ այնտեղ չանցկացնես։ Ես, օրինակ, առավոտյան ինձ թույլ չեմ տալիս մտնել ցանց։ Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ: Ուժ է պետք է բալանսը գտնելու ու ցանցերից կախում չունենալու համար։

Մեծ է շանսը ծուղակում հայտնվելու, որովհետև փաստ է՝ ուրիշ մարդիկ տեսնում են քո կյանքը, ինչը քեզ կարող է թվացյալ պատրանքի մեջ գցել, թե դա հենց դու ես։ Ինչ էլ անես, զուգահեռ կյանքերում ես ապրելու։ Եվ ինչպես կյանքում, այնպես էլ ցանցում պատասխանատու ես քո գրածի համար, քո դրած լայքի ու քո մեկնաբանումի:

Ֆեյսբուքն, օրինակ, մեծ շուկա է։ Արտահայտվում են բոլորն ու ամեն ինչի մասին, հաճախ զարհուրելի բառապաշարով, պաթոսով կամ միտումնավոր վիրավորելու ցանկությամբ։ Լռելը բա՞րդ է։

Երբ կարևոր դեպքեր են կատարվում, ուզում ես անընդհատ խոսել դրանց մասին, բայց խոսողների բանակն այնքան մեծ է (ընդ որում՝ և քո նման մտածող, և քեզնից տարբեր), որ մտածում ես՝ չարժի աղմուկին աղմուկ ավելացնել։

Քանի դեռ մեծ է ցանկությունը լինելու ոչ թե լսողը, այլ խոսացողը, սոցիալական մեդիա հարթակները չեն պակասելու։ Ինստասթորիներում հաճախ նկատելի է պատուհանիկ՝ վերտառությամբ «ինձ հարցեր տվեք», «ի՞նչ հարց ունեք ինձ», «մի քիչ ժամանակ ունեմ, հարցեր եթե կան, գրեք»:  

Լսված լինելու և հետևապես կարևորված լինելու կարիքը կա, որ ամենօրյա հաստատում ու բավարարում է պահանջում։

Հասմիկ Սիմոնյան

Ֆեյսբուքյան շատախոսությունը երբեք չի պակասելու, քանի որ բոլորն են ուզում լինել լսված և ոչ լսող։ Եվ նկատելի է քննարկման պակասը։ Ցանկությունը մեծ է ասելու բաներ, որ անքննելի են, աֆորիստիկ, հնարավորինս պակաս հերքելի ճշմարտություն: 

Լսել սովորելը կարևոր է, թեկուզ միայն հարց տալ կարողանալու համար, լսելու դեպքում միգուցե պարզվի նաև, որ որևէ մեկն արդեն իմ ուզածն ասել է։ Ու ավելի լավ է ասել, քան կասեի ես։ 

Միշտ հետաքրքիր է պոեզիայի ու հանրային խոսքի կապը։ Հուզիչ ու պաթետիկ քաղաքական խոսքը, ասմունքը ճառերում է ի՞նչի նշան են։ Անկախության օրը վարչապետը նույնպես սկսեց պոեզիայով։ Ինչու՞։

Փաշինյանը նախկինում էլ է անդրադարձել պոեզիային, նաև՝ իր գրած։ Մի երկու տարի առաջ ես գրեցի, որ դրան արձագանքելու միակ ձևը զուգարանում փսխելն է։ 

Կտրուկ է…

Ես խոսել եմ բանաստեղծությունների մասին և ոչ անձի՝ սիրված կամ չսիրված, հասկացված կամ ոչ այնքան։ Փաշինյանի գրածը մեծագույն աղբ էր։ Հիշում եմ՝ «Գրական թերթը», որ ՀԳՄ պաշտոնաթերթն է և, ըստ էության, պարտավոր է տպագրել Գրողների միության բոլոր անդամներին, երիտասարդներով որոշել էինք հեղափոխել, ու առաջարկ կար՝ վերջին էջում տպել տխմարագույն բաները՝ սև ժապավենով շրջանակված։ «Աղբի տեղը աղբում է» սկզբունքով:

Շատ լավ հարց է, թե ո՞ր դեպքում են խոսում պոեզիայի լեզվով։ 

Երևի, երբ խոտանված է պատասխանատվությունը, ու գործողությունների դաշտը խոպան է, գալիս են բառերը՝ իբրև փոխարինող բանի, որ ի սկզբանե էր և միայն հետո պիտի որոշարկվի ու նյութականանա:

Պատերազմից հետո անընդհատ փորձում ես ինքն քեզ հավաքել (ինչը շատ բարդ պրոցես է) ու աշխատել, բայց անապահովության զգացումը քեզ թևաթափ է անում։ Եվ մնում է միայն բառեր ասել։ Ոչ թե որովհետև դա ամենահեշտն է, այլ նաև միակ հենման կետն է։

Այդպես էր նաև Հայաստանի անկախության օրը, երբ ամենուր հնչեցվում էին փառաբանական ծնծղաներ։ էյֆորիկ սերը կորցրածի հանդեպ ամենատխուր ու վատ բանն է։ Երբ վերջերս մահացավ պապիկս, մտովի հիշում էի սգո այն արարողությունները, որոնց ականատեսն եմ եղել, ու թե ինչպես էին մեծահասակ կանայք մահացածի համար լացախառն երգեր ասում՝ գովելով նրա ապրածը, արտաքինը, մարդկային հրաշալի որակները, փառաբանելով հանգուցյալին։

Երբ փառաբանում ես, ուրեմն մահացա՞ծ է։

Բնականաբար։ Կենդանի բանը չես փառաբանում, քննադատում ես։ Չես վախենում ցավեցնել, կսմթել, քանի որ կենդանի բանը դիմադրելու ու վերականգվելու ուժ ունի։ Իսկ երբ սկսում է անկասելի հիացումը, պարտությունը ներխուժում է բառային տիրույթ, ու դրանով ամեն բան ավարտվում է։

Անկախ երկրում ապրելու դեպքում իրավունք ունես քննադատության։ Իսկ երբ երկիրը հոսում է ձեռքերիդ միջից, քեզ մնում է միայն ասել՝ իմ պուպուշ, քնքուշ հայրենիք, ինչ խեղճ ես, իմ վիրավոր:

Ինքդ քեզ խղճալը ինքդ քեզ սիրելու հետ որևէ կապ չունի։ Մենք պարբերաբար շփոթում ենք սերը խղճահարության հետ: Սերը միշտ փոփոխություն է բերում, թեկուզ ցավոտ, բայց այն կոմֆորտից դուրս իրավիճակի մասին է և թույլ է տալիս աճել, զարգանալ ու փոփոխվել։ 

Իսկ խղճում ես էն դեպքում, երբ ուզում ես հարմարավետ տարածքում մնալ, առաջին հայացքից՝ միշտ ապահով, բայց որևէ անձնային աճ, որակական փոփոխություն չգրանցող։

Ինձ համար ամենախնդրահարույց կերպարը Փոքր Մհերն է, որը խորհրդանիշն է նեղացկոտության ու անգործության: Փակվել աշխարհից ու սպասել, որ աշխարհը ավելի լավը կդառնա։ Մինչդեռ կարելի էր աշխարհը սեփական ջանքով փոխել: Գոնե քո շուրջ եղած աշխարհը: 

Բայց չէ, մեր էպոսի ամենասիրված հերոսը նախընտրում է մտնել քարայրը, ոնց որ քաղաքական գործիչներն են նախընտրում թաքնվել բառերի ետևում ու սպասել, որ ինչ-որ մի այլ աշխարհից կգան ու կզորեն իրենց հարցերը լուծել: 

Երբ Մհերը դուրս գա, որովհետև մասուրը ընկույզի չափ դարձած կլինի, ինքն այլևս անելիք ու լինելու իմաստ չի ունենա էս երկրի վրա, ոնց որ այլոց կողմից լուծված հարցերի դեպքում մենք չենք ունենա անելիք, տեղ ու լեզու: 

Իսկ ի՞նչն է դրդում լսարանին հետևել ու արձագանքել այն լրատվամիջոցներին, որոնք իբրև թե քաջ ու ազատ խոսք են բերում, բայց պղտոր նպատակներ ունեն։

Միշտ եղել է դեղին մամուլը՝ սկանդալներով ու բամբասանքներով։ Դրա մեջ մտնելը հեշտ է, մտածելու ջանք չկա, իսկ բամբասանքը նաև ժամանակատար է։ Մարդիկ սկսում են խոսել, արտահայտվել, պարպում են ներսի էներգիան ու վերջ… արտաքուստ երջանիկ են։ 

Գումարած դրան՝ օրն էլ վերջացավ, կարելի է գնալ քնելու՝ լիցքաթափված ու կարևոր մի բան արածի գոհությամբ՝ գրել ես ստատուս, ստացել լայքեր ու մեկնաբանումներ, եղել ես կյանքի կիզակետում: Դու ապրել ես մի լրիվ օր՝ ի տես բոլորի: Ի տես բոլորի, հետևապես մի քանի անգամ շատ ապրած, ամեն լայքի հետ էգոդ շոյված, դարդերդ՝ մի խազ պակասած: 

Իսկ հետո բացվում է հաջորդ օրը՝ նոր բամբասանքն էլ հետը։

Ամեն օր մեդիան մեզ կերակրում է առնվազն մեկ կարևոր նյութով։ Միշտ կա գոնե մեկ թեմա, որը քննարկում են բոլորը։ Մի քանիսը սկսում են այդ մասին խոսել, ու մնացած բոլորը կուտը ուտելով՝ մտնում են խաղի մեջ։

Բոլորս էլ երևի այդ հարցը տալիս ենք ինքներս մեզ՝ ուտե՞լ, թե՞ չուտել այդ կուտը, խոսե՞լ, թե՞ չխոսել դրա մասին։ Այսինքն կրկին աղմուկին աղմուկ ավելացնելու հարցն է ծագում։ 

Լռելն ավելի բա՞րդ է, քան խոսելը։

Երբեմն, այո։

Երբ ուսումնասիրում էի լռությունն ու դրա տարբեր կերպավորումները, հանդիպեցի մի շատ հետաքրքիր փաստի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական զորքերում կային տուգանային գումարտակներ՝ կազմված հանցագործներից ու մարդասպաններից։

Մարտի նետվելուց առաջ զինվորները սովորաբար գոռում են՝ «ուռա՜», «առա՜ջ», «կեցցե ինչ-որ մի բանը»: Դա միասնական կոչ է, որ բարձրացնում է մարտական ոգին՝ միավորելով հազարներին ու մեկտեղելով բոլորի ուժը: 

Ու շատ կարևոր է էմոցիաները չզսպել, վերջին տարբերակ հայհոյել և այլն: Բայց ահա պատերազմի ժամանակ էս զինվորներին արգելվում էր գոռալ կամ ձայն հանել: Նրանք պարտավոր էին մարտի նետվել լուռ ու անծպտուն: Խոսքով չպարպվող կատաղությունը նկատելի արդյունքներ էր գրանցում ու փաստացի նրանք շատ ավելի լավ էին կռվում։ 

Բացատրությունն այն է, որ երբ լռում ես, կարծես քո անձնական պատերազմն ես մղում։ Եվ մարդը հայտնվելով մեծ պատերազմի առաջ միայնակ, գործի է դնում իր ամբողջ (անգամ չեղած) խիզախությունը։

Լռությունը շատ կարևոր է նաև տեքստում։ Այսինքն, այն, թե որտեղ ես դադար տալիս, որտեղ ես տողդ կտրում և ո՛ր բառը լռում:

Հայերի միավորումը լինում է արագ ու էյֆորիկ, բայց հետո մենք նույնքան արագ էլ փլվում ենք։ Հաճախ ենք մեր խոսքում ասում «մենք»՝ կարծես այդպիսով շատացնելով մեզ ու ես-ի համար դեր չթողնելով: Ես-ի անունից խոսելն ավելի մեծ պատասխանատվություն է, որը ոչ բոլորն են պատրաստ կրելու։ 

Օրինակ, մենք ունենք մեծ սփյուռք, ինչը նշանակում է, որ ունենք մեզնից տարբեր ուրիշներ։ Բայց համառորեն ուզում ենք, որ բոլորն իրար նման լինեն, չտարբերվեն, որ լինի մեկ ազգ, մեկ մշակույթ։ Բայց իրականում հո՞ այդպես չէ։

Իսկ ի՞նչ ես մտածում ֆեմինիտիվների մասին, երբ մասնագիտությունը նույնպես ստանում է սեռ։

Ես ինքս շատ երկար ժամանակ եմ ընդդիմացել, երբ ինձ ասում էին՝ բանաստեղծուհի։ Իգական վերջածանցները կարծես նշան էին, որ կնոջն ուզում են փոքրացնել, ստորացնել, նվազեցնել դերն ու նվաստացնել։ Օրինակ՝ պատգամավորուհի, տնօրինուհի, լրագրողուհի և այլն։

Հասմիկ Սիմոնյան

Մեր խոսույթում բառերն իսկույն ստանում են արհամարհական երանգ, երբ հայտնվում են իգական վերջածանցները, իսկ երբ ուզում են շեշտել, որ դիմացինն առաջին հերթին կին է, տողատակային նշանակությունն այն է, որ տվյալ անձը բավարար որակավորում չունեցող մասնագետ է։

Ու, փաստորեն, երբ կինը հրաժարվում է -ուհի ասելուց, ակամայից փորձում է  հավասարվել տղամարդուն՝ համարելով, որ տղամարդ լինելն է որակի նշան և դրանով իսկ երկրորդում է ու շարունակում կնոջ հանդեպ խտրական վերաբերմունքը:

Ես երկար ժամանակ կարծում էի՝ հայերենը անսեռ լեզու է։ 

Անգամ հպարտանում էի այդ փաստով, մեր էպոսն էի մեջբերում. «Առյուծն առյուծ է, կապ չունի՝ էգ, թե որձ»։ Բայց այժմյան հայացքը թույլ է տալիս ինձ նկատել, որ երբ լեզվում չկա սեռերի այդ բաժանումը, գործ անողը միայն «նա»-ն է (ոչ «նե»-ն )։ Այդ «նա»-ն թերևս նշանակում է տղամարդ։ Եվ կինը բացակայում է լեզվից, ինչպես որ բացակայում է ապրելու և գործելու տարածքներից:

Հեղինակուհի, օրինակ։ Լավ չի։

Անհարմարությունը, դժգոհությունը բառերից (և ոչ միայն) լավ է։ Մտածելու տեղ է տալիս։ Դժգոհությունից վախենալ չարժի։ Ավելի շուտ վախենալ է պետք, երբ դառնում ես ընդամենը կրկնող՝ առանց սեփական լեզվի ու պատմության խորքը նայելու։ 

Հիմա փորձելու ու քրքրելու ժամանակն է։ Պետք է ճկուն լինենք ու ձևակերպելու համար ինքներս մեզ փորձենք ճանաչել նախ՝ բառերով, որ երկար ժամանակ քարացած են եղել գրքերում, եղել են գերեզմանի պես լուռ և կամ կնոջ պես չխոսկան: 

Այժմ մեզ շրջապատող բառերը ակտիվ հղումներ են, և մենք կարող ենք քլիք անել ու ճանաչել: Եթե ուզենանք: Արդյո՞ք ուզում ենք, արդյոք կխիզախե՞նք, թե՞ ձեռքով կանենք ու կասենք՝ ախպոր պես, շառից-փորձանքից հեռու։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *